Հայ նշանավոր գրող Նար-Դոսը (Հովհաննիսյան Միքայել Զաքարի) ծնվել է 1867 թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում և մահացել 1933 թ.-ի հուլիսի 17-ին` նույն քաղաքում: Գրողի հայրը բրդավաճառ է եղել: Սկզբնական կրթությունը Նար-Դոսը ստացել է Սբ. Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիա, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։

Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906-ին եղել է <Նոր դար>-ի պատասխանատու քարտուղարը։ 1904-ին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել <Աղբյուր-Տարազ> պարբերականում, 1913-18-ին՝ <Սուրհանդակ> թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։

1931-ի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։

Նար-Դոսի ստեղծագործական կյանքն սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ.։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-88-ին լույս են տեսել <Արաքս> հանդեսում և <Սոխակ Հայաստան>-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ <Մայինի գանգատը> (չի պահպանվել), <Մեղր և ճանճեր> (1886), <Եղբայր> (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ <Նոր դար> թերթում հրատարակվել է նրա <Ճշմարիտ բարեկամը>, որին հաջորդել են <Նունե> (1886), <Բարերար և որդեգիր> (1888) վիպակները, <Քնքուշ լարեր> (1887), <Զազունյան> (1890) վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսն առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։ Այստեղ գրողի նախասիրությունը քաղաքային կյանքն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը (<Սաքուլն ուխտ գնաց>, 1889, <Ինչպես բժշկեցին>, 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։ Այդ շրջանի գործերից է <Աննա Սարոյան> վիպակը։ Երկում պատկերված է ընտանիք, որի անդամները տան գլխավորի՝ հոր սնանկանալուց ու մահից հետո չեն դիմանում կյանքի փորձություններին և ի վերջո կործանվում են։ Վիպակի հերոսուհին՝ Աննան, արտահայտում է սոցիալական մի ամբողջ խավի ողբերգությունը։

1891-ից սկսվում է Նար-Դոսի ստեղծագործության մի նոր շրջան, որին բնորոշ է հոգեբանական վերլուծության խորությունը։ Այս շրջանի գործերի էությունը մարդու և մարդկայինի հարցն է՝ բարոյական և սոցիալական տեսանկյուններից։ Մարդու մասին իր բարձր ըմբռնումը գրողը հակադրում է սեփականատիրական աշխարհի դաժան օրենքներին։ <Սպանված աղավնի> (1898) վիպակում Նար-Դոսը պատկերել է հայ կնոջ ողբերգությունը։ Սառան (գլխավոր հերոսուհին), սակայն, կործանվում է ոչ թե համակերպվելով, ինչպես հեղինակի մյուս հերոսուհիները, այլ իր մարդկային արժանապատվության բարձր գիտակցությամբ բողոքելով բոլոր նրանց անունից, ովքեր դատապարտված են այդ հասարակության մեջ։

Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է <Պայքար> (1911) վեպը։ Գրողը շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մանր ու մեծ դրամաները, մարդկային հոգու անտեսանելի ծալքերն ու նրա օրհասական պայքարը։ Նար-Դոսն այս վեպում հակադրվում է մինչ այդ եղած գրական սխեմաներին և առաջադրում միանգամայն տարբեր ու նոր տարբերակներ։ Այստեղ միահյուսված են հոգեբանական ու երգիծական սկզբունքները, առկա է ժամանակակից կյանքի խիստ քննադատություն։

1880-ական թթ. հայ մտավորականության կենցաղն ու հասարակական պատկերը շատ ավելի լայն ու խորն է տրված <Մահը> վեպում (1912)։ Գրողը ժողովրդի գործին կյանքը նվիրաբերելու իդեալական ձգտումները հակադրում է եսամոլությանը և շահամոլությանը։ <Մահը> բազմասյուժե ստեղծագործություն է՝ լի կոնֆլիկտային բարդ իրադարձություններով։ Վեպը ոչ միայն հեղինակի, այլ հայ քննադատական ռեալիզմի բարձրագույն նվաճումներից է։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1383 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: