ՄՈՒԿ ԵՎ ՈՒՂՏ
Մի մուկ հպարտացավ: Կորավ նրա իմաստությունը, և նրա սիրտը լցվեց հպարտությամբ: Մուկը գնաց ուղտի մոտ և ասաց ուղտին. <Ինձ հրաման տուր քո կճղակի մեջ բուն դնեմ և այնտեղ բնակվեմ>: Եվ ուղտն ասաց. <Քեզ վնաս կլինի, որովհետև հանկարծ կոխ կտամ քեզ և կմեռնես>: Մուկն ասաց. <Քո սմբակը կակուղ է և ինձ վնաս չի լինի>: Ուղտն ասաց. <Քո արյունը քո գլուխը>: Եվ մուկն ուղտի կճղակի մեջ շինեց իր բունը: Մի անգամ ուղտը ծանր բեռան տակ քայլեց և հանկարծակի կոխ տվեց մուկին: Եվ մուկը ճչաց, և նրա փորից դուրս եկավ ճրագուն, որովհետև մուկը գեր էր: Այդ տեսնելով ուղտն ասաց. <Ահա եղբայր, հենց այդ էր նեղում քեզ, որ դուրս ելավ քո փորից>:

ԱՐՎԵՍՏ ԿՆՈՋ
Մի մարդ շրջում էր երկրե երկիր, և կինն ինչ հնար որ աներ, նա գրում էր թղթի վրա: Եվ նա երեք մեծ բեռներ շինեց և դեռևս գնում էր և թղթի վրա գրում կնոջ հնարը, որով կինը խաբում էր մարդուն: Եվ նա մտավ մի քաղաք, և քաղաքի դռան մոտ կար մի խիստ հնարագետ կին, և այդ կինը մարդուն ասաց. <Բարի եկար>: Եվ կինը մեծարեց նրան և տուն տարավ, կարծելով, թե այն շատ ունի և կերպաս և ոսկի և արծաթ: Երբ երեկո եղավ, կինն ասաց այն մարդուն. <Բեռներդ քո ի՞նչ է, գուցե իմ պետքերի համար մի բան առնեմ>: Եվ նա ասաց. <Ոչինչ չունեմ ծախու>: Եվ կինն ասաց. <Ապա այդ, որ ունես, ի՞նչ է>: Եվ նա ասաց. <Կնոջ հնար է, ինչ կին, որ հնար է արել, շրջել եմ և գրել և բարձել և եկել եմ այստեղ,որ ուրիշ հնար գրեմ>: Եվ կինն ասաց. <Բարի եկար>: Եվ այն ժամանակ կինը կամեցավ բեռներն այրել և հնարն իմանալ: Տան մեջ կար մի փուռ, որ կտաներ երեք բեռ թուղթ, և կինը բարկ վառեց փուռը և ձուկ տապակեց և դրեց հյուրի առաջ: Եվ ինքը վեր կացավ, դռները պինդ փակեց և խիստ բարձր ձայնով ճչաց հավար կանչելով, և եկան դրացիները սուսերներով, թրերով և բախեցին տան դուռը: Եվ կինն ասաց այն մարդուն. <Եթե կամենում ես, որ քեզ սպանել չտամ, թղթերը տուր այրեմ փռի մեջ, իսկ եթե ոչ՝ կասեմ, որ այս մարդը բռնաբարեց ինձ և քեզ սպանել կտամ>: Եվ մարդը բեռները տվեց նրան, և կինը երեք բեռն այրեց փռի մեջ և տան դռները բաց անելով ասաց. <Քանի տարի էր իմ հորեղբոր որդին գնացել էր և ահա եկավ, և ես նրան ձուկ տվի ուտելու և փուշը բկի մեջ մնաց և զոռով ազատվեց մահից>: Եվ եկան տեսան, որ ձուկը նրա առջևն էր և գնացին:

ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ՋՈՐԻ
Գայլն և աղվեսն և ջորին եղբայր եղան և գնացին. երբ սովեցին և որսի չհանդիպեցին, ասացին. <Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է>: Այսպես ասացին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Եվ գայլին հարցրին, թե որ տարվա գայլն ես, և նա ասաց. թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ: Եվ աղվեսն առաջ եկավ և ասաց. <Օ, դու տասը ազգով ինձանից փոքր ես, և ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց>: Եվ ջորին եկավ և ասաց. <Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա. եկեք, կարդացեք տեսեք քանի տարեկան եմ>: Եվ ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին. <Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա>: Եվ գայլը հավատաց և գնաց կարդալու: Եվ ջորին ասաց. <Առաջ արի, որովհետև գիրս մանր է>: Եվ նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին և ջախջախեց, և գայլը գնաց կաղկանձալով: Եվ աղվեսն ասաց գայլին. <Արի մի տող էլ կա, այն էլ կարդա>: Գայլն ասաց. <Ես ինչ գիտեի գիրը. մենք ազգե ազգ մսագործ ենք և մսագործի որդի>:

ԳՈՂ ՔԱՀԱՆԱ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ
Մի քահանա գողացավ այրի կնոջ կովը և ախոռը կապեց: Եվ կինն իմացավ և քահանային ասաց. <Տեր հայր, հասավ իմ մահվան ժամը, գնանք ախոռ, որ խոստովանեմ մեղքերս>: Եվ այն ժամանակ քահանան կովը տարավ ներսի տուն, այնտեղից ժամատուն և այնտեղից եկեղեցի: Եվ կինն ասաց. <Տեր հայր, վերջին խոստովանությունը մահից առաջ պետք է անել եկեղեցում>: Եվ քահանան կովը բեմ բարձրացրեց և վարագույրը քաշեց նրա վրա: Երբ նրանք եկեղեցի մտան և նստեցին այն ժամանակ կինը բարձրացրեց վարագույրը և կովին ասաց. <Ով գարշելի, ես քեզ կով գիտեի և այժմ քեզ ո՞վ արեց պատարագիչ, ասա ինձ>:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1081 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: