ԿԱՐԱՊԸ, ԽԵՑԳԵՏԻՆԸ ԵՎ ԳԱՅԼԱՁՈՒԿԸ

Ինչքան կուզեն` իրենց տանջեն,
Երբ ընկերներն համերաշխ չեն
Օգուտ չունեն բռնած գործից.
Այ, մի առակ կյանքի փորձից,
Թեև անցուկ,
Բայց ոչ մոռցուկ:
Մի կարապ, մի խեցգետին, մի գայլաձուկ
Բարձած սայլը տեղից քաշել ուզեցին
Եվ երեքով եկան սայլին լծվեցին,
Ինչ են անում,
Ինչ չեն անում,
Սայլը տեղից չի էլ շարժվում,-
Շատ թեթև է բեռը թվում,
Բայց կարապը վեր է թևում,
Խեցգետինը քաշում է ետ,
Գայլաձուկն էլ հո դեպի գետ.
Ով է արդար, ով մեղավոր,
Մենք չդատենք: Բանն այն է, որ
Մինչև այսօր
Թե սայլ, թե բեռ
Նույն տեղն են դեռ:

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց.
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը,
Փռեց իրա
Թևերը.
Բացեց գորգը
Սպիտակ,
Դաշտերն առավ
Ձյունի տակ:
Անցան պայծառ օրերը,
Էլ ո՞ րն ասեմ,
Էլ ո՞ րը,
Երբ ամեն մի
Թփի տակ
Թե սեղան կար,
Թե օթյակ:
Եկան օրեր
Ցրտաշունչ,
Ճպուռն ընկավ
Լուռ ու մունջ.
Քաղցած փորին
Էլ ի՜նչ երգ,
Ցուրտը տարավ
Ոտ ու ձեռք:
Զընգր-զընգր
Դողալով,
Ծանր-ծանր
Սողալով
Նա մրջյունին
Ասում էր.
– Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
– Ի՜նչ խաբար է,
Սանիկս,
Զարմանում եմ,
Ջանիկս,
Չաշխատեցի՞ր
Ամառը,
Ասա՛, ինչ էր
Պատճառը:
– Էդպես բանի,
Սանամե՛ր,
Էլ ժամանակ
Ո՞ վ ուներ.
Էն խոտերում
Բուրավետ
Երգում էինք
Մերոնց հետ…
– Ուրեմն դու՞ …
– Այո՛, ես
Ողջ ամառը
Դեն ու դես
Երգում էի
Մշտապես:
– Երգո՞ւ մ էիր…
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3196 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: