Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց տուն-կտուր,
Ջահել ահել գեղովի,
Ջոջերին ջոկ տեղովի
Կանչեց, բերեց ժողովի
Թե ի՞նչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:
Եկան գյուղի ջոջերը,
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին.
-Լսե´ք, մկներ ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.
Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի…
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,
Վեր է ընկել մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,
Գլխից բռնի, կախ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:
Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը,
Ցավն էլ ունի իր դեղը…
Ա´յ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.
Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
Է´, զանգը ո՞վ կախ անի.
-Ալո, դու´:
-Ալո՞ն տանի:
-Բալո, դու´:
-Բալո՞ն կախե:
-Չալո, դու´:
-Չալոն կաղ է:
-Մստո, դու´:
-Մստոն կարճ է:
-Փոստո, դու´:
-Էդ էլ խի՞ղճ է:
-Համբո, դու´:
-Ես տկար եմ:
-Չամբո, դու´:
-Ասենք` տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:
-Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
-Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ Ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:
-Լռի´ր, հանդուգն,
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,-
-Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1645 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: