Արդեն շատ վաղուց կարտոֆիլը մեր բոլորիս սննդակարգի անբաժան ու սիրելի մասն է կազմում: Բայց գիտեք արդյոք, որ բացի համային հատկություններից, այն նաև բազմաթիվ այլ օգտակար հատկություններ ունի.

Կարտոֆիլի կշռի մոտ 20-25%-ը կազմում են ածխաջրերը (կարտոֆիլային կրախմալը), մոտ 2%-ը` սպիտակուցները, 0,3%-ը` ճարպերը: Այն հարուստ է կալիումով, ֆոսֆորով, պարունակում է բավականաչափ մագնիում, կալցիում և երկաթ: Կարտոֆիլի բաղադրության մեջ հայտնաբերվել են նաև մի շարք վիտամիններ`C, B, B2, B6, B PP, D, K, E, ֆոլիաթթու, կարոտին և տարբեր օրգանական թթուներ:

Կալիումի շնորհիվ կարտոֆիլը նպաստում է օրգանիզմից հեղուկի և կերակրի աղի արտամղմանը, ինչը զգալիորեն նպաստում է նյութափոխանակության բարելավմանը: Կալիումով հատկապես հարուստ է կեղևով շոգեխաշած կարտոֆիլը: Եփելու այս տարբերակը թույլ է տալիս լավագույն ձևով պահպանել կարտոֆիլի (և ոչ միայն) օգտակարությունը: Շատ դեպքերում շոգեխաշած կարտոֆիլը բժիշկների կողմից ցուցվում է նրանց, ովքեր ունեն հիպերտոնիա, աթերոսկլերոզ, սրտային անբավարարություն:

Միևնույն ժամանակ, կարտոֆիլը շատ կարևոր դեր է խաղում բարձր թթվայնությամբ ուղեկցվող գաստրիտի, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների դեմ պայքարում: Նրանում եղած կրախմալը ծածկող, հակաբորբոքային ազդեցություն է ունենում այս հիվանդությունների դեպքում: Շոգեխաշած կարտոֆիլը հակացուցված չէ նույնիսկ ծանր թունավորումների դեպքում:

Չնայած այս ամենին` կարտոֆիլի չափից ավելի օգտագործումը ցանկալի չէ, քանի որ նրանում եղած կրախմալը մաքուր վիճակում չի յուրացվում մեր օրգանիզմի կողմից: Բացի այդ, կարտոֆիլը 2-3անգամ ավելի կալորիական է, քան մյուս բանջարեղենային կուլտուրաները, քանի որ մեծ քանակությամբ ածխաջրեր է պարունակում: Հենց դա է պատճառը, որ գիրության հակում ունեցողները փորձում են սահմանափակել կարտոֆիլի օգտագործումն իրենց սննդակարգում: Ցանկացած դեպքում, դիետոլոգները խորհուրդ են տալիս շաբաթական 3-4 անգամից ավել կարտոֆիլ չօգտագործել: Բոլորս էլ գիտենք, որ չափն անցնելը ցանկացած պարագայում վատ է:



Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3120 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: