1858 թվականի փետրվարի 27-ին է մահացել հայ ճարտարապետ, հասարակական գործիչ Նիկողայոս Պալյանը:

Պալյանները XVIII-XIX դարերի ճարտարապետների, արվեստագետների և ազգային-հասարակական գործիչների գերդաստան են, որոնք ապրել են Կոստանդնուպոլսում: Հիմնվելով բյուզանդական ու հայկական ճարտարապետության ավանդույթների, արևմտյան ճարտարապետության նորարարությունների վրա՝ նրանք եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և նախանշել նրա զարգացման ուղիները:

Պալյանների հռչակն ու ազդեցությունն իր բարձրակետին է հասել 19-րդ դարում՝ Գրիգոր ամիրա Պալյանի գլխավորությամբ: Նրան են հաջորդել Պալյան ընտանիքի շառավիղները՝ Կարապետ ամիրա Պալյանը (Գրիգորի որդին), Նիկողոս Պալյանը (Կարապետի որդին), Սարգիս Պալյանը (Կարապետի որդին), Հակոբ Պալյանը (Կարապետի որդին), Սիմոն Պալյանը (Կարապետի որդին), Լևոն Պալյանը (Նիկողոսի որդին):

Ճարտարապետների hաջորդական չորս սերունդ տված այս ընտանիքի անդամներն իրենց ստեղծած եզակի կառույցներով ոչ միայն անջնջելի հետք են թողել Օսմանյան վերջին շրջանի արքունի և հանրային ճարտարապետական շինությունների վրա, այլև որակական նոր և ավելի բարձր աստիճանի են հասցրել ճարտարապետությունն ու շինարարական արվեստն ընդհանրապես:

Պալյանները, շատ լավ տիրապետելով տեղական ճարտարապետության և շինարվեստի հիմունքներին, մյուս կողմից յուրացնելով արևմտյան ճարտարապետական տարբեր ոճեր, ստեղծեցին ոճական այլազանությունները համադրող սքանչելի կառույցներ:

Պալյանների արվեստը նոր ուղի հարթեց օսմանյան ճարտարապետության ինքնության և իրականության մեջ: Հիմնվելով բյուզանդական ճարտարապետության ավանդույթների և Միմար (ճարտարապետ) Սինանի կառուցողական նորությունների վրա, ինչպես նաև օգտագործելով հայկական ազգային ճարտարապետության տարրերը՝ Պալյանները դրեցին դեպի արևմտականացում ձգտող օսմանյան արդի ճարտարապետության հիմքը:

Նիկողոս Պալյանը (1826-1858 թթ.) Կարապետ Պալյանի որդին է: 1845 թ. ավարտել է Փարիզի Սեն Բարբ բարձրագույն վարժարանի ճարտարապետության բաժինը: Կոստանդնուպոլսում սուլթանի պատվերով Չրաղանի հին պալատում հոր հետ կառուցել է գեղակերտ գրադարանը: Նշանակվել է պալատական ճարտարապետ:

Ն. Պալյանը սեփական միջոցներով հիմնել է մասնավոր արվեստանոց, կրթել մի շարք հայ որմնանկարիչների, քանդակագործների, քարգործ վարպետների, բազմաթիվ բարեփոխումներ է արել թուրքական շինարվեստում: Նշանավոր կառույցներից են նաև Դոլմաբահչեի պալատի թագադրության սրահը, պալատական թատրոնը, արքայական դռները և Դիվանխանեն (1844-54 թթ.), Սկյուտարի Գոշուելուի Աթիլե սուլթանի պալատը (1853 թ.), Օրթագյուղի (թաղամաս՝ Կոստանդնուպոլսում, 1853/55 թթ.), Չրաղանի և Դոլմաբահչեի (1852-54 թթ.) մզկիթները, նախագծել է Չրաղանի նոր պալատը (1857 թ.) և այլն:

Ն. Պալյանը մասնակցել է 1863 թ.-ին պաշտոնապես վավերացված Ազգային սահմանադրության ստեղծմանը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 942 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: