ԱՂՎԵՍԸ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼԸ

Աղվեսը մի գրած թուղթ գտավ, տարավ գայլին և ասաց.

— Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ՝ ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար։

Եվ այդպես խաբեց գայլին, և միասին գնացին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին։ Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին։ Եվ արյունաթաթավ գայլը հազիվ ազատվելով՝ հասավ աղվեսին։

Եվ աղվեսն ասաց։

— Ինչո՞ւ թուղթը ցույց չտվիր:

Եվ գայլն ասաց.

— Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր։

ԵՂԵԳՆԸ ԵՎ ԾԱՌԵՐԸ

Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում ևհովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կայինկոտրտված և փշրված, և միայն մի եղեգ կար՝ կանգուն,անարատ: Եվ թագավորն ասաց.

— Ո՜վ եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն եսմնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են։

Եվ եղեգն ասաց.

— Ո՞վ թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերըհպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, ևհողմը նրանց փշրեց, իսկ ես խոնարհվեցի հողմի կամքով ևահա կանգուն եմ։

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐԸ

Մի մարդ ուներ չար կին, և կինը կռվեց նրա հետ և ասաց.

— Կարծում ես, թե քո երեք որդիները քեզնի՞ց են։ Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են։

Եվ նա հարցրեց, թե ո՞րն է իմը և կինը չասաց։ Եվ երբ հայրը մեռնում էր, ասաց.

— Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն։ Եվ եղբայրները կռվում էին իրար հետ, մեկն ասում էր, ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ։ Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ։ Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա։ Ով

հորը խփեր նետով, և նետը հակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին։

Եվ երկու որդիները խփեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը:

Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվեցին հայրենի կայքը։

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ (XII-XIII ԴԴ.)

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1823 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: