Բատիկը գործվացքի վրա հատուկ ներկերով նկարված պատկերն է : Բատիկ բառն առաջացել է batik ինդոնեզերեն բառից.  Ba-ն թարգմանաբար նշանակում է բամբակյա գործվածք, իսկ tik նշանակում է կետ, կաթիլ, Ambatik` նկարել, կաթիլներով պատել, շտրիխել: Բառարանները Ինդոնեզիան անվանում են բատիկայի հայրենիք, ու համաշխարհային մշակույթում ամրագրվել է հենց ինդոնեզերեն բառը:


Բատիկը օրեցօր ավելի մեծ ճանաչում  գտնող հեքիաթային ու արտասովոր  արվեստ  է: Այն այնքան է մեզ հարազատացել, որ օգտագործում ենք և՜ հագուստի մեջ, և՜ ինտերիերում:
Այն գեղեցկացնում է մեր շրջապատող աշխարհն ու իր գույներով գունավորում մեր առօրյան:
Փորձիր առավոտյան տանից դուրս գալիս մի գունագեղ շարֆիկ կապել , կամ կրել բատիկ եղանակով նկարված որևէ վերնահագուստ կամ աքսեսուար. իսկույն օրդ պայծառանում է :
Կամ երբ մտնում ես տուն, նստում բազմոցին, հենվում մարրոկոյական ոճով նկարազարդված բարձերին, միացնում շքեղ զարդանախշերով պատված լուսամփոփը, վայելում երեկոյի ողջ հմայքը: Քաշում  ես նուրբ սակուրայապատ վարագույրը ու ննջում հեքիաթների գիրկը կանչող ծածկոցի տակ :
Իրոք մի անբացատրելի ուժով են  ներարկված բատիկով պատրաստված բոլոր իրերը. Կարծես շնչում են, կարծես խոսում են…
Սիրելի՜ ընթերցող, ստորև ներկայացնում եմ  բատիկի ծագման լեգենդը:

Անհիշելի ժամանակներում ,կեսօրին, Ճավա կղզու Ալու-Ալու լեռան գագաթին է իջնում Բատար Գուրուն`Ինդոնեզիայի գլխավոր աստվածը` երկնքի գործերից հետո զվարճանալու համար : Եվ տեսավ նա, որ երկիրը ընկղմվել է խավարի ու լռության մեջ, ու բնակիչների համար չկա ուրախություն առանց երկնքի վառ գույների: Ու Բատար Գուրուն որոշեց. <<Ծանոթացնեմ մարդկանց աչքերը զվարթացնող ու հոգին թամացնող արվեստի հետ>>: Մեկնեց նա մի ձեռքը ու  դաշտերի վրա սփռվեցին նուրբ գործվածքներ: Մեկնեց  մյուս ձեռքը, ու անտառների խոորքից դեպի նա սլացան մեղուների պարսերը` հնազանդորեն տանելով իրենց մեղրամոմը: Բատար Գուրուն կայծակով հալեցրեց մեղրամոմն ու առատ կաթիլներով ցայտեցրեց ճերմակ գործվածքի վրա` տիկ-տիկ-տիկ < Բատիկ բառի ծագման պատճառը>: Նա հարվածեց թմբուկին և նրա գլխավերևում  բազմագույն ամպեր կուտակվեցին: Որոտացին ամպերն ու հորդաց ներկերի հեղեղ` կապույտ` ինչպես երկինքը, կանաչ ինչպես տերևները, կարմիր` ինչպես օվկիանոսի կենտրոնում փայլատակող կրակը: Բատար գուրուն կանգնեց լեռան գագաթին ու հիացավ իր աշխատանքի պտուղների գեղեցկությամբ:


Մարդիկ հավաքվեցին ու հիացան վառ գույներով ու հեքիաթային նկարներով` արագասլաց թռչուններով,շքեղ պալատներով, երկնային գեղեցկուհիներով:
Երբ մյուս անգամ Բատար Գուրուն երկնքից իջավ լեռան վրա, տեսավ, թե ինչպես են մարդիկ  այդ արվեստը ծաղկեցնում, թե ինչպես է այն տարածվել բուրգերի երկրից մինչև Դեղին Տիրակալի հողերը, Ծագող արևի երկրից մինչև երկաթյա մեքենաների սահմանները:

Ավանդական ինդոնեզական բատիկան տեղացիները հիմնականում կիրառում են որպես թալիսման: Գործվածքների վրա նկարելու այս եղանակը օգտագործվում էր հնագույն Շումերիայում, Պերուում, Ճապոնիայում, Շրի Լանկայում, Հնդկաչինում, աֆրիկյան երկրներում:
Եվրոպայում բատիկան սկսեց կիրառվել գործվածքների դեկորատիվացման ժամանակ, այսինքն’ 19-րդ դարի երկրորդ կեսին: Հոլանդացիները կազմակերպեցին ոչ մեծ արտադրություն, իսկ գերմանացիները այն դրեցին հոսքի վրա: Ռուսաստանում բատիկան հայտնվել է 20-ական թվականներին: Սակայն Ռուսաստանի նկարիչները չէին հիմնվում որևէ ավանդույթի վրա, քանի որ իրենք չգիտեին աղբյուրների մասին:
Այս անտիկ և զարմանալի արվեստի ճյուղը այժմ զբաղեցնում է իր արժանի տեղը դեկորատիվ արվեստի այլ ձևերի շարքում: Հայաստանում այն նույնպես’ չնայած երիտասարդ, սակայն լայնորեն կիրառելի արվեստի ուղղություն է:

 

p

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3739 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: