Վարդգես Սուրենյանցը ծնվել է Ախալցխայում 1860թ. փետրվարին: Հայրենի գեղատեսիլ բնության մեջ են անցել նրա մանկության տարիները: Ապագա նկարիչը դեռ յոթ տարեկան էր, երբ հայրը՝ Հակոբ ավագ քահանա Սուրենյանցը, նշանակում է ստանում Սիմֆերոպոլում: Նա ափսոսանքով է թողնում Ախալցխան, ափսոսանքով է թողնում այն քաղաքը, որի ոսկերիչների նուրբ, մանրակրկիտ աշխատանքը, կանանց զմայլեցուցիչ ասեղնագործության նմուշները Փարիզի և Վիեննայի համաշխարհային  արվեստահանդեսներում մի շարք անգամներ արժանացել էին բարձր գնահատականի: Սուրենյանցները՝ որպես արվեստի ընտանիք, Սիմֆերոպոլում ջերմ ընդունելություն են գտնում ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կողմից:

1870թ. Հակոբ Սուրենյանցը Վարդգեսին ուղարկում է Մոսկվա` Լազարյան ճեմարանում ուսանելու, որտեղ ապագա նկարիչը մեծ սիրով է ուսումանասիրում հատկապես լեզուները: 1875թ. Լազարյան ճեմարանի մանկավարժական խորհուրդը, նկատի ունենալով Վարդգես Սուրենյանցի նկարչական ընդունակությունները, որոշում է նրան տալ թոշակ և տեղավորել այն ժամանակ գեղարվեստական կյանքում խոշոր հեղինակություն ունեցող Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: Հետագայում, համաձայն հոր՝ Հ. Սուրենյանցի որոշման, Վարդգես Սուրենյանցը մեկնում է Մյունխեն, որտեղ մեկ տարի ուսանում է տեղի պոլիտեխնիկական բարձրագույն դպրոցի ճարտարապետական ֆակուլտետում: Թողնելով պոլիտեխնիկական կրթությունը՝ Վ. Սուրենյանցն ընդունվում է Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորում է գերմանացի նկարիչ-ժանրիստ Օտտո Զեյցի արվեստանոցում:

1885թ. հաջողությամբ ավարտելով ուսումը Մյունխենում՝ Վ. Սուրենյանցը վերադառնում է Մոսկվա: Այդ օրերին, Կայսերական հնագիտական ընկերության Արևելյան բաժանմունքի հանձնարարությամբ, մի արշավախումբ է ուղևորվում Պարսկաստան, որը ղեկավարում է ռուս նշանավոր իրավագետ, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ալեքսեևիչ Ժուկովսկին: Վ. Սուրենյանցը արշավախմբի հետ որպես նկարիչ մեկնում է Պարսկաստան: Նա տեսնում է Արարատը, Արաքսը, գրեթե ավերակ դարձած Հին Ջուղան, լինում է Թավրիզում,  Զինջանում, Թեհրանում: Պարսկաստան կատարած ճանապարհորդությունից հետո՝ 1889թ., Վ. Սուրենյանցը հրավիրվում է Էջմիածին՝ Գևորգյան ճեմարանում նկարչություն դասավանդելու:

Գեղանկարիչ, գիրք նկարազարդող, թատերական նկարիչ, արվեստի տեսաբան, թարգմանիչ, ճարտարապետ, քանդակագործ՝ այդպիսին էր Վարդգես Սուրենյանցը, այդ բազմաշնորհ արվեստագետը, որի թողած հարուստ ժառանգությունը նոր ավանդ է հայ ժողովրդի մշակույթի պատմության մեջ: Վարդգես Սուրենյանցը հանդես եկավ մի ժամանակաշրջանում, երբ հայ հասարակական միտքը նոր զարթոնք էր ապրում: Խաչատուր Աբովյանի ու Միքայել Նալբանդյանի սերմանած առաջավոր գաղափարներն արդեն պարարտ հող էին ստեղծել հայ մտավորականների նոր սերնդի համար:

 Հայ և այլազգի մասնագետները չափազանց բարձր են գնահատել Սուրենյանցի աշխատանքները: Արվեստաբանները և արվեստագետները հիացել են հատկապես «Ոտնահարված սրբություն», «Հռիփսիմեի վանքը» կտավների վարպետությամբ ու տրամադրությամբ:

Կյանքի վերջի տարիներին նա մեկնում է Բաքու ունևոր Ղուկասյանների պատվերը՝ նկարազարդելու` Յալթայում շինվող իրենց եկեղեցին, այնուհետ մեկնել Ղրիմ: Նա այնտեղ հիվանդացել է և վախճանվել 1921թ. ապրիլի 6-ին: Վարդգես Սուրենյանցին նվիրված հուշերում գրում է բանաստեղծ Երվանդ Շահազիզը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3580 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: