ՄԱՐՈՆ
I
Մեր գյուղն էն է, որ հըպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տըված ճակատին՝
Միտք է անում տըխրադեմ.
Ի՛նչ է ուզում՝ չըգիտեմ…
Պաս չենք էնտեղ մենք ուտում,
Ու ջերմեռանդ աղոթում,
Ժամ ենք գնում ամեն օր.
Բայց միշտ ցավեր նորանոր,
Միշտ մի աղետ, մի վընաս
Գալիս են մեզ անպակաս:
Ահա պատմեմ ձեզ մի դեպք,
Մի պատմություն, որ երբեք
Հիշատակով տըխրալի
Սըրտիս հանգիստ չի տալի:
II
Մեր գյուղից վեր մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Մեծ անտառից նա զատված,
Մարդու կացնից ազատված՝
Կանգնած է դեռ ու շոգին
Հով է տալիս մըշակին:
Գիժ, լեռնային մի վըտակ
Խոխոջում է նըրա տակ,
Խաղում կանաչ մարգերին:
Էն առվակում կես օրին,
Երբ որ շոգից նեղանում,
Գընում էինք լողանում:
Տըկլոր, աշխույժ խըմբակով,
Աղաղակով, աղմուկով
Խաղում էինք, վազվըզում
Գույն-գույն մանրիկ ավազում:
Կամ հետևում հև ի հև
Թիթեռնիկին ոսկեթև,
Ու միշտ հոգնած ժամանակ,
Էն մենավոր ծառի տակ
Նըստում տըխուր մի քարի,
Գերեզմանին Մարոյի…
Մարո՜, անբա՛խտ, վաղամե՛ռ,
Դու մանկության իմ ընկեր,
Ո՛րքան ենք մենք խաղացել,
Իրար սիրել ու ծեծե՛լ…
III
Ժիր էր Մարոն, դուրեկան,
Նոր էր իննը տարեկան,
Նըրանց տանը երբ մի օր
Եկան երկու եկավոր:
Ու Մարոյի մայրիկը
Երբ որ բերավ, դրավ լիքը
Խոնչեն նըրանց առաջին,
— Շնորհակալ ենք մենք, ասին,
Տաշտներըդ լի հաց լինի,
Դուռներըդ միշտ բաց լինի.
Հաց չենք ուզում ձեզանից,
Հող տըվեք մեզ ձեր տանից…
Էն ժամանակ Մարոյի
Հայրիկն առավ արաղի
Լիքը բաժակն ու ասաց.
— Կամքըդ լինի, տեր աստված…
Նըշանեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:
IV
Չոբան Կարոն սարերի
Մի հովիվ էր վիթխարի.
Բոյ-բուսաթին նայելիս
Մարդու զարզանդ էր գալիս.
Բայց զոքանչը անսահման
Սիրում, փարում էր նըրան:
Շատ էր սիրում և Մարոն.
— Լավն է, ասում էր, Կարոն,
Բերում է ինձ ամեն օր
Կանփետ, չամիչ ու խընձոր…
V
Մին էլ Կարոն աղմուկով
Եկավ զուռնով-թըմբուկով,
Ու Մարոյին զուգեցին,
Երեսին քող ձըգեցին,
Հինա դըրին ձեռքերը…
Եկավ խաչով տերտերը,
Տարավ ժամում կանգնեցրեց.
— Տե՞ր ես, որդյա՜կ, հարցըրեց:
— Տեր եմ, ասավ մեր Կարոն,
Լուռ կանգնած էր միշտ Մարոն…
Հայրն էլ եկավ ու ծեսին
Էսպես օրհնեց իր փեսին.
— Ջաղացիդ միշտ հերթ լինի,
Մեջքըդ ամուր բերդ լինի…
Իսկ երբ հնչեց «տարան հա՛» — ն,
Նըրան փեսի տուն տարան:
Պըսակեցին Մարոյին,
Տըվին չոբան Կարոյին:
VI
Թե գըրբացի չար ջանքով,
Գիր ու կապով, բըժժանքով
Մանուկ սիրտը կըտրեցին,
Կամ թե նըրա հանդերձին
Էն անհոգի չար ջադուն
Քըսեց գիլի ճըրագուն…
Էդ չիմացավ ոչ ոք պարզ,
Միայն փոքրիկ նորահարս
Մարոն ատեց իր մարդուն.
Փախավ, եկավ ետ հոր տուն:
Եկավ լացեց նա վըշտոտ,
— Ես չեմ գնալ նըրա մոտ.
Ես սիրում եմ մայրիկին,
Ես չեմ ուզում լինեմ կին…
VII
Հայրիկն էնժամ բարկացավ,
Ծեծեց նըրան ու ասավ.
— Դուրս իմ տանից, սևերե՜ս,
Ետ չնայես դեպի մեզ,
Ոտ չըդնես էլ տունըս,
Մըրոտեցիր անունս…
Լալով, ծածկած իր դեմքը,
Թողեց Մարոն հոր շեմքը:
VIII
Ու հալածված իր հորից,
Փախած չոբան Կարոյից,
Սոված, պատռած շորերով,
Կորչում էր նա օրերով:
Կուչ էր գալիս խըղճալի
Օջախի շուրջ օտարի
Կամ թափառում մեն-մենակ
Մեր հանդերում շարունակ:
IX
Շատ ամիսներ անց կացան…
Դիմաց սարից մի չոբան
Ձեն էր տալիս մի օր մեզ,
Թե՝ իմացե՜ք, որ էսպես
Կարմիր շորով մի խիզան
Ընկավ ձորը, մի կածան…
Դուրս թափվեցինք մենք գյուղից,
Հեռու կանգնած, երկյուղից,
Տեսանք՝ ահեղ էն ձորում
Ոնց էր լալիս ու գոռում
Մարոյի հայրն ալևոր,
Մայրը ճըչում սըգավոր:
Շատ լաց եղավ և Կարոն…
Մեռա՛վ, գընաց մեր Մարոն:
X
Սակայն անբախտ նըրա դին
Պապի կողքին չըդըրին:
Գյուղից հեռու մինչ էսօր
Կա ուռենի մի սըգվոր:
Էն մենավոր ծառի տակ
Փոս փորեցին մի խորին,
Առանց ժամ ու պատարագ
Մեջը դըրին Մարոյին,
Էն սև քարն էլ տաշեցին,
Բերին վըրեն քաշեցին:
XI
Շատ եմ տեսել, երբ սըգվոր
Մայրը մենակ, սևաշոր,
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին…
— Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՛ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՛ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՛ն,
Տուն արի՜, տո՛ւն, Մարո ջա՛ն,
Խո՞ր ես քընել, Մարո ջա՛ն,
Չե՜ս զարթնում էլ, Մարո ջա՛ն…
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայլփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ:
ԼՈՌԵՑԻ ՍԱՔՈՆ
I
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ:
Նըրանց ոտքերում՝ գազազած գալի՝
Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի,
Խելագար թըռչում քարերի գըլխով,
Փըրփուր է թըքում անզուսպ երախով,
Թրքում ու զարկում ժեռուտ ափերին,
Փընտրում է ծաղկած ափերը հին-հին,
Ու գոռում գիժ-գիժ.
— Վա՛շ-վի՛շշ, վա՛շ-վի՛շշ…
Մութ անձավներից, հազար ձևերով,
Քաջքերն անհանգիստ՝ հըտպիտ ձայներով
Դևի հառաչքին արձագանք տալի,
Ծաղրում են նըրա գոռոցն ահռելի
Ու կըրկնում գիժ-գիժ.
— Վա՛շ-վի՛շշ, վա՛շ-վի՛շշ…
Գիշերը լուսնի երկչոտ շողերը
Հենց որ մըտնում են էն խավար ձորը՝
Ալիքների հետ խաղում դողալով,
Անհայտ ու մըռայլ մի կյանքի գալով`
Ոգի է առնում ամեն բան էնտեղ,
Շընչում է, ապրում և մութն և ահեղ:
Էս տախտի վըրա աղոթում մի վանք,
Էն ժայռի գըլխին հըսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կըռինչն է տարածվում մերթ-մերթ,
Իսկ քարի գըլխից, լուռ մարդու նըման,
Նայում է ձորին մի հին խաչարձան:
II
Էն ձորի միջին ահա մի տընակ:
Էնտեղ այս գիշեր Սաքոն է մենակ:
Հովիվ է Սաքոն, ունի մի ընկեր.
Սատանի նըման՝ նա էլ էս գիշեր
Գընացել է տուն: Սարերի չոբա՛ն —
Գյուղիցը հեռու, հազար ու մի բան,
Ով գիտի՝ պարկում շընալի՞ր չըկար,
Ա՜ղ էր հարկավոր ոչխարի համար,
Ուզեց զոքանչի ձըվաձե՞ղ ուտել,
Թե՞ նըշանածին շատ էր կարոտել —
Ոչխարը թողել՝ գընացել է տուն:
Այնինչ` համկալը հենց առավոտը
Դեպի սարերը քըշեց իր հոտը:
Ու Սաքոն անքուն,
Թաց տըրեխները հանել է, քերել,
Գուլպան բուխարու վըրա կախ արել
Ու թինկը տըվել,
Մեն-մենակ թըթվել:
III
Թեկուզ և մենակ լինի փարախում,
Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում:
Հապա մի նայիր հըսկա հասակին,
Ո՛նց է մեկնըվել: Ասես ահագին
Կաղնըքի լինի անտառում ընկած:
Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
Ձեն արավ, կանչեց զալում շըներին
Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
Էնժամ կիմանաս, թե ընչի համար
Թե՜ գող, թե՜ գազան, հենց դատարկ վախից,
Հեռու են փախչում նըրա փարախից:
Ու իրեն նըման իրեն ընկերներ
Ապրում են սիրով երեխուց ի վեր:
Աստծու գիշերը գալիս են հանդեն,
Փետ են հավաքում, վառում են օդեն,
Շըհուն ու պըկուն խառնում են իրար,
Ածում են, խաղում, խընդում միալար…
IV
Բայց խուլ ու խավար օդում էս գիշեր
Մենակ է Սաքոն ու չունի ընկեր:
Բուխարու կողքին լուռ թինկը տըված
Մըտածում է նա… ու մին էլ, հանկարծ,
Որտեղից որտեղ, էն ձորի միջին
Միտն եկան տատի զըրույցները հին…
Միտն եկան ու մեր Սաքոն ակամա
Սկսավ մըտածել չարքերի վըրա,
Թե ինչպես ուրախ խըմռով, միասին,
Ծառը ոտներով, գիշերվան կիսին,
Թուրքերի կանանց կերպարանք առած,
Երևում են միշտ միայնակ մարդկանց…
Կամ ինչպես քաջքերն այրերի մըթնից,
Երբ նայում է մարդ քարափի գըլխից
Կամ թե ուշացած անցնում է ձորով,
Խաբում են, կանչում ծանոթ ձայներով,
Ու մարդկանց նըման խընջույք են սարքում,
Զուռնա են ածում, թըմբակ են զարկում…
Ու տատի խոսքերն անցյալի հեռվից
Ուրվաձայն, երկչոտ հընչեցին նորից.
— Կասեն՝ Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի՜ մեզ մոտ հարսանիք.
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Սիրուն-ջահել հարսն-աղջիկ:
— Ինձ մոտ արի՝ ձվաձեղ անեմ…
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ…
Ես քու հոքիրն… ես քու նանն եմ…
Ես էլ ազիզ բարեկամ…
— Սաքո՛, Սաքո՛, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե՛ս, ինչ լավն ա…
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի,
Տարա-նի-նա՛… տարա-նի-նա՛…
Ու խոլ պատկերներ տըգեղ, այլանդակ,
Անհեթեթ շարքով, խուռներամ, անկարգ,
Ծանրաշարժ եկան Սաքոյի դիմաց
Երևութք եղան, անցնում են կամաց,
Խավար ու դանդաղ, ըստվերների պես,
Չար ժըպիտներով ժանտ ու սևերես…
V
Սրընթաց պախրա՞, թե գայլ գիշատիչ
Շեշտակի անցավ փարախի մոտով,
Այծյա՞մը հանկարծ մոտակա ժայռից
Անդունդը մի քար գըլորեց ոտով,
Գիշերվան հովից տերև՞ն դողում,
Երկչոտ մուկի՞կը վազեց պուճախում,
Թե՞ ոչխարների թույլ մընչոցն էր այն, —
Սաքոյին թըվաց, թե մի ոտնաձայն
Եկավ ու կանգնեց փարախի վըրա,
Կանգնեց ու լըռեց…
Ականջ դըրավ նա…
VI
— Ո՞վ հող թափեց բուխուրակից…
Էն ո՞վ նայեց լիսածակից…
Էս ո՞վ կըտրից անցավ թեթև,
Շունչ է քաշում դըռան ետև…
— Ո՞վ ես, էհե՛յ… ի՞նչ ես անում.
Ի՞նչ ես լըռում, ձեն չես հանում…
Պատասխան չըկա. Լըռության միջում
Ձորագետն է միայն մըրափած վըշշում:
— Հա՛, իմացա, Գեվոն կըլինի.
Իմ շան ահից ո՞վ սիրտ կանի…
Վախեցնում է … հա՜, հա՜, հա՜, հա՜…
— Գեվո ՛ ՛….
Ձեն-ձուն չըկա:
Միայն ահավոր լռության միջում
Ձորագետն է խուլ, մըրափած վըշշում:
Եվ ո՞վ կըլինի զարթուն այս ժամին.
Քընած է աշխարհ, քընած է քամին.
Անքուն չարքերը չեն միայն քընած,
Վըխտում են ուրախ՝ ձորերը բըռնած,
Խավարում կազմած դիվական հանդես,
Վազում, վազվըզում ըստվերների պես,
Մինչև որ մենակ մի մարդ կըգըտնեն,
Ճիչով-քըրքիջով… փարախը մըտնեն…
Աչքերը հանգչող կըրակին հառած՝
Ծանըր է շընչում հովիվն ահ առած,
Ու վայրի հոգին լեռնական մարդու
Ալեկոծում է կասկածն ահարկու:
— Չէ ՜, քամին էր էն… էն գիլի շըվաք…
Էն աստղեր էին աչքերի տեղակ,
Որ լիսածակից ներս էին ընկել…
Ուզում է վերև մըտիկ տա մեկ էլ՝
Ու սիրտ չի անում:
Ականջ է դընում…
Գալիս են կըրկին թեթև, կամացուկ
Դըռան ետևից փըսփըսում ծածուկ.
— Էստեղ է նա,
Հա ՜, հա ՜, հա ՜, հա ՜.
Տե ՜ս-տե ՜ս, տե ՜ս-տե ՜ս.
Նայիր էսպե ՛ս,
Մըտիկ արա՛,
Հա ՜, հա ՜, հա ՜, հա ՜…
Սաքոն շարժվեց փըշաքաղած,
Դեպի շեմքը նայեց, դողաց…
Շըրը՜խկ… հանկարծ դուռը բացվեց,
Թուրք կանանցով տունը լըցվեց,
Տունը լըցվեց թուրք կանանցով,
ճիչ-գոռոցով, հըռհըռոցով…
VII
Ահռելի ձոր է: Մի կըտոր լուսիկ
Նայում է գաղտուկ, թաքչում ամպերում:
Էն մութ, ահավոր գիշերվա կիսին
Վազում է Սաքոն Լոռու ձորերում:
Չարքերը ընկած նըրա ետևից,
Հերարձակ խըմբով, ճիչ-աղաղակով՝
Հասնում են մեջքին, բըռնում են թևից,
Զարկում են, զարկո ՛ւմ օձի մըտրակով…
Քաջքերն էլ այրից զուռնա-դըհոլով
Ճըչում են, կանչում ծանոթ ձայներով.
— Սաքո ՛, Սաքո՛, մեզ մոտ արի,
Արի մեզ մոտ հարսանիք,
Տե՛ս՝ ինչ ուրախ պար ենք գալի՝
Սիրո ՛ւն, ջահել հարսն-աղջիկ:
— Ինձ մոտ արի՝ ձվաձեղ անեմ…
Ինձ մոտ արի՝ բըլիթ տամ…
Ես քա հոքիրն… ես քու նանն եմ…
Ես էլ ազիզ բարեկամ…
— Սաքո ՛, Սաքո՛, մեզ մոտ արի,
Էս աղջիկը, տե ՛ս, ինչ լավն ա…
Տե՛ս, ինչ ուրախ պար ենք գալի.
Տարա-նի-նա ՛… տարա-նի-նա ՛ ՛…
Այնինչ Դեբեդից աչքեր են թըռչում,
Ալիքներն ելնում, ալիքներն ուռչում,
Խավարի միջին ծըփում են կայտառ՝
— Բըռնեցե ՛ք, փախա ՛վ Սաքոն խելագար…
ՄԵՀՐԻ
I
«Սիրելի Մեհրի, չէ ՜, ամեն երկրում
Մարդիկ այսպիսի նեղություն չեն կրում.
Այս ի՞նչ երկիր է. տեր չըկա կարգին,
Ամեն ավազակ տեր է մեր գլխին…
Դողալով մնում է մարդ ամեն վայրկյան,
Թե ահա իսկույն, ուր որ են, կըգան,
Կնոջս տանից կառնեն-կըտանեն,
Որդիս կըխլեն կամ ինձ կըսպանեն…
Հալալ հաց չունենք թուրքիցն անկշտում,
Դառն աշխատում ենք ու դատարկ նստում.
Գետինը ձգած սերմը չենք վերցնում…
Այս ընչի՞ կյանք է, դե քեզ եմ հարցնում»:
— Ես գիտեմ, Մհե, ինձ ո՞ւր ես ասում,
Այսպես է, հոգիս, դուն ի՞նչ ես ուզում…
«Մեզանից հեռու, ասում են, որ մի
Աշխարհք կա, Մեհրի, բարեկարգ ու լի.
Այնտեղ չէ իշխում գազանի կիրքը,
Այնտեղ չէ հարգվում կեղծավոր դիրքը,
Եվ մարդիկ այնտեղ իրար հետ սիրով
Ապրում են հանգիստ, թուրքից ապահով.
Իսկ փողըն այնտեղ հողի պես լի է,
Ես էլ կըգնամ, շատ կարելի է»…
— 0 ՛, այս ցավերիցն ես դուն հեռանում,
Ապա ե՞ս, Մհե, ինձ ի՞նչ ես անում…
«Քեզ… քեզ կըհանձնեմ տիրոջ խնամքին,
Իսկ ես հնազանդ նրա սուրբ կամքին,
Կըգնամ, հոգի ՜ս, աշխատանք կանեմ,
Գուցե շուտով գամ ու քեզ էլ տանեմ»…
— Այստեղ աշխատի ՜ր, մի ՜ գնալ, Մհե,
Ինձնից հեռանալ չեմ թողուլ, չէ ՜, չէ ՜,
Լավ է միասին մեր ցավը քաշենք,
Քան իրար կարոտ, սիրտներս մաշենք…
«Սիրելի Մեհրի, ինձ հետ հավասար
Դուն քարշ ես եկել, ընկել քարեքար,
Միշտ պակաս օրով, կիսակուշտ փորով,
Շատ անգամ տկլոր, բոբիկ ոտներով:
Ի՞նչ ենք աշխատել, ցո ՜ւյց տուր ինձ, հոգիս,
Ի՞նչ, ի՞նչ ես տեսնում տանս կամ հագիս.
Բայց ուրիշ բան է, թե այնտեղ գնամ,
Տես ինչպես պիտի շուտ հարստանամ»:
— Այն հարստությանն ես ի՞նչ եմ անում.
Ա՛խ, Մհե, Մհե, դու չես իմանում,
Ինչն է ինձ տանջում, թե որ իմանաս…
Այն օտար երկրում որ հիվանդանաս,
Գոնե, ո՞վ պիտի քեզ սառը ջուր տա,
Պատռածդ կարի, կեղտդ լվանա…
Ազիզ օր կըգա, դուն անտուն, մենակ,
Կուչ կըգաս սրա-նրա պատի տակ…
Լցվեց, հեկեկաց Մեհրին դառնագին.
Սիրտ տվեց Մհեն, — Բան չըկա, ա ՜յ կին»…
II
Մի աշնանային ցուրտ իրիկուն է.
Ծխոտ ու փլեկ հին գլխատուն է.
Ածխակոթերը մլում են տխուր.
Օջախի շուրջը նստոտած են լուռ.
Ծեր սկեսար կողքին հարսն է կուչ եկած,
Մհեն նստած է երկուսի դիմաց:
Հազիվ են նկատվում նրանց դեմքերը.
Տխուր են մարդ ու կին, տխուր է ծերը,
Հոնքերի տակից փայլում էր թախիծ,
Եվ ահաբեկված մի գաղտնի վախից,
Բերանն անատամ, դողդոջուն ձայնով
Այսպես բաց արավ՝ իրան պահելով.
— Ո՞ւր ես կամենում գնալ, իմ Մհե,
Այնտեղ ի՞նչ կա, ի՞նչ, նպատակդ ի՞նչ է,
Ինչո՞ւ ես թողնում քո հոր օջախը,
Ալևոր հորդ, քո օղլուշաղը:
Ես ծերացել եմ, առաջվանը չեմ,
Որ ամեն ցավի ետևից թռչեմ.
Արդեն հասել են մահվանս օրերը,
Դուն էլ գնում ես, ո՞վ է մեր տերը:
Կաց այստեղ, որդի, հորըդ ականջ դիր,
Ձեռքդ չեն բռնում, այստեղ աշխատիր:
«Այստեղ ի՞նչ կա, հայր, որ ինչ աշխատեմ,
Հենց թեկուզ, ասենք, մնամ, աշխատեմ.
Ի՞նչը կըպրծնի անօրեն թուրքից, —
Մարդու հացն անգամ խլում են ձեռքից»:
— Ոչ ոք չի դիպչել քո արդար հացին,
Տուր փարեն՝ պրծիր չարեն, ասացին
Մեր լուսահոգի խելոք պապերը:
Կատարի ՜ր, որդի, նրանց պատվերը,
Սոված չես մնալ, բախտավոր կըլնես,
Թուրքն էլ քաղցր աչքով միշտ կնայե քեզ:
«Աշխատանք չըկա, հայրիկ, աշխատանք,
Եղած չեղածն էլ որ թուրքերին տանք,
Իսկ մե՞նք ինչ անենք, սոված կոտորվե՞նք.
Մինչև ե՞րբ պիտի այսպես չարչարվենք»:
— Մեր ցավն է, որդի, մենք պիտի տանենք,
Դուն ո՞նց ես ուզում, ուրիշ ի՞նչ անենք.
Եթե ձեռքիցդ մի բան է գալիս,
Դե արա ՜, ո՞ւմ ես էլ մտիկ տալիս,
Թե չէ, ինչո՞ւ ես կորչում հողեց հող,
Ո՞ վ է քեզ համար այնտեղ կտրել փող:
«Չգիտես, հայրիկ, այդ ինչ ես ասում,
Այն երկրում փողը թիով են դիզում.
Դուն չես հավատում Մկոյի խոսքին,
Որ այնտեղ խանով են չափում ոսկին»:
— Խանով ոսկին քեզ համար չեն չափում,
Ցնորքներ են, որդի, քեզ շլացնում, խաբում.
Դարձի ՜ր այդ ճամփից, լսի ՜ր ծեր հորդ,
Պանդխտության մեջ կըսևացնես օրդ:
«Ես չեմ ուզում, հայր, օրեր սևացնել,
Այլ մեր սև օրին մի ճար հասցնել.
Ես պիտի գնամ, և երբ որ աստծով
Կըվերադառնամ ջեբս լի ոսկով,
Կըգովես որդուդ, թե ինչպես ճարեց
Այդ հարստությանն, քեզ մխիթարեց»:
— Դու գիտես, որդի, գնա՛, տեր ընդ քեզ,
Բայց տե ՜ս, մտիցդ երբեք չըձգես
Պապիդ օջախը, քո հայրենիքդ,
Ծերունի հորդ, ջահել կնիկդ.
Թե սրանց, Մհե, դուն կըմոռանաս,
Իմացի ՜ր, թեկուզ թագավոր դառնաս,
Օր չես քաշելու քո արած մեղքից:
Բարի ճանապարհ, թող քեզ ուղեկից
Լինի այն հրեշտակն, որ երբեմն տարավ
Տովբիթի որդուն դեպի Մարաստան.
Իսկ ես հայրական սրտով վիրավոր
Քեզ համար աղոթք կանեմ ամեն օր —
Է ՛հ, գնա ՜, որդի, գնաս-գաս բարով…
Վերջացրեց խոսքը ծերունին զորով…
III
Տանջվում էր, տանջվում խղճալի Մեհրին.
Խառնվում էին նրա վշտերին
Եվ սնունդ էին տալիս անհամար
Կասկածանքները տխուր ու համառ:
Սարսափում էր նա, երբ ամեն վայրկյան
Մտաբերում էր ժամըն անջատման
Մի օր էլ մնաց, մի օրը վերջին,
Որ ճամփա դնե Մեհրին Մհեին:
Եվ արտասվելով խեղճ կինը կարեց
Մի սիրուն ղայլուխ ու վրեն շարեց
Գույնզգույն հուլունքներ վզի շարանից,
Մարդուն հիշատակ տվեց իրանից:
IV
«Դե ՜հ, մնաք բարով, ծերունի հայրիկ,
Նազելի Մեհրի, սիրուն հայրենիք,
Սրտակից տղերք, ընկեր-հարևան,
Մոտիկ բարեկամ, արյան-ազգական»…
Ասաց սրտաբեկ երիտասարդը,
Եվ, անիծելով իրան չար բախտը,
Ճանապարհ ընկավ. այնինչ ջրատար
Մեհրին ետևից նայում էր երկար:
Մհեի հայրն էլ, զառամ ծերանին,
Դողալով հենված յուր գավազանին,
Բերանը, բացած, ձեռքը ճակատին
Նայում էր ապշած Մհեի ճամփին:
Դեռ երևում էր սև կետի նման,
Այն էլ չքացավ, և ամենայն բան
Վերջացավ պրծավ. ծերուկն ու Մեհրին
Ապշած ու քշված կանգնած մնացին:
Մհեին ճամփա դնելու համար
Հավաքվածները, իբրև մխիթար,
Մեհրուն ու ծերին հուսադրական
Խոսքեր խոսեցին, կամաց հեռացան:
Բայց երկա՛ր, երկար, մի ձայն թույլ, չնչին,
Այսպես խոսում էր նրանց ականջին. —
***
«Սիրելի Մեհրի, մնացիր բարով,
Աչքերդ լցրած, տխուր երգերով
Չըհիշես էլ ինձ, մոռացիր, հոգիս,
Չըկանգնես երկար, չընայես ճամփիս.
Թե աչքդ մնա, կըխաբե նա քեզ,
Թե հանկարծ շեմքում ոտնաձայն լսես,
Հանգի՜ստ, սիրելիս, գիշերվան ժամին
Գիտե միշտ խաբել խաբուսիկ քամին:
Գուցե թե գիշերն անքուն աչքերով
Ուզես իմանալ վիճակս աստղերով,
Եվ հանկարծ մինը ծոր տա ու թռչի,
Մութ հորիզոնի սահմանում կորչի,
Խռոված հոգով և հազար ու մին
Մտածմունքներով մտնես անկողին,
Մի տխուր երազ կըգա կազդե քեզ,
Որ քո Մհեին էլ տեսնելու չես»…
***
«Իսկ դուն, ո ՛վ անբախտ և չարատանջ մարդ,
Դո ՛ւն, իմ ծերունի հայրիկ ալեզարդ,
Երբ որ կըխնդրես արդեն չորացած
Քո բազուկներդ երկինք տարածած
Ու չես գտնիլ ծերության նեցուկ,
Որքան արտասուք կըթափես ծածուկ
Ո ՛հ, ինչպես պիտի քո ճերմակ միրքի
Վրայից հոսեն հորդ արտասուքի
Աղի շիթերը, թրջեն վշտակոծ
Մազոտ, մերկ կուրծքդ, և ինչպես սև օձ,
Կըթունավորեն օրերդ ծերության
Գաղտնի կասկածներն Մհեիդ մահվան:
Քո որդու ձեռքի հողին անարժան
Կըխփես, հայրիկ, աչքերդ հավիտյան.
Անմխիթարանք և որդուդ կարոտ.
Բայց և քո տխուր գերեզմանի մոտ
Չի կանգնելու քո Մհեն երբեք…
Դուք այնտե ՛ղ, այնտեղ իրար կըգրկեք»…
V
«Վարդիթեր քույրիկ, գիշերս երազում
Դռնիցն ականջիս մի ձայն է հասնում,
Տնքում է երկա՛ր և ծանր հառաչում,
Հանկարծ մի կամաց Մեհրի է կանչում:
Դուրս եկա, տեսնեմ՝ Մհեն էր կանգնած
Մի սև ձի հեծած, թռավ ու գնաց.
Ետնուց կանչեցի՝ Մհե ՛, կաց, արի ՜.
Հենց այս կանչելումն աչքս բաց արի:
Էլ ետ չնայեց, սև ձիուն հեծած,
Սև շորեր հագած, սև ճամփով գնաց.
Քամու նման էր այն սև ձին վազում.
Ի՞նչ է, Վարդիթեր, սև ձին երազում»:
— Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի:
«Երեք օր առաջ Շողերի գարին
Թեև մոտիկ էր ցույց տալիս բարին,
Բայց չար հարամին (նա այսպես ասաց)
Ճամփա չէ տալիս առաջը կտրած»:
— Մեհրի, տեր աստված բարին հառաջի,
Գրավ խոստացիր սրբի ու խաչի:
«Իսկ այս առավոտ մի ագռավ եկավ
Երդկին վեր եկավ, սիրտս դող ընկավ,
Երբ բերան բացեց, գլուխն ուտե իրան,
Բոթաձայն կռվեց ճիշտ երեք բերան»:
— Մեհրի, տեր աստված բարին կատարի,
Տիրամոր առաջ մի ջուխտ մոմ վառի:
VI
Ճամփա է տանում դեպի Հայաստան.
Այն ճամփու վրա կա մի գերեզման,
Որ միշտ հայացքով լուռ, ողորմելի,
Անցվորից խնդրում է մի ողորմի:
Չունի այն քարը չարաշուք դրած
Ոչ տապանագիր, ոչ անուն գրած,
Որ մարդ իմանա, թե այս վայրենի,
Ամայի վայրում ո՞վ պիտի լինի
Հանգստանալիս անտաշ քարի տակ:
Արդյոք խստակյաց մի սուրբ նահատակ,
Փախած աղմուկից մեղքոտ աշխարհի,
Եկավ և այստեղ, այս ճանապարհի
Վերա հաստատեց իրան օթևան,
Իբրև աստծուց կարգած պահապան.
Թե չար մարդիկը, դեռ կիսաճամփի,
Կտրեցին թելը ճամփորդի կյանքի.
Գուցե մարդկանցից քշված, հալածված
Ավազակը վես յուր գլուխը ցած
Դրեց այստեղ, և այս ճամփու տակին
Ավանդեց իրան մեղավոր հոգին…
VII
Մի օր մի քանի հայ անցվորական
Քրտնքամխած այն ճամփով եկան,
Կանգ առան այնտեղ ու շունչ քաշեցին,
Փոշոտած դեմքից փոշին սրբեցին:
Դեպ այն շիրիմը նրանցից մեկը
Երկչոտությունով մեկնեց յուր ձեռքը,
Եվ այսպես հորդոր կարդաց մյուսներին՝
— Եղբայրք, ողորմի տվեք Մհեին.
Սրանից առաջ մի քանի տարի
Եկանք տեսանք, որ այս ճանապարհի
Վերա հավաքված գիշակեր թռչուն,
Գիշատող գազան, մի լեշ են ուտում,
Քշեցինք նրանց, — տեսնենք մի դիակ
Ի ՛նչպես սոսկալի, ի՜նչպես այլանդակ
Շատ տգեղ էին և զարհուրելի
Սիպտակ շարքերը բաց ատամների.
Դատարկ աչքերի փոսից էլ, կարծես,
Տխուր հայացքով նայում էր նա մեզ:
Դեմքին ու լեշին երկար նայեցինք.
Վերջը շորերից միայն ճանաչեցինք,
Եվ պատառոտած նրա դիակը
Քարշ տվինք հասցրինք այն ծառի տակը,
Թաղեցինք այնտեղ և փախանք թաքուն,
— «Աստված ողորմի Մհեի հոգուն.
Մի բերան ամենքն ասացին սրտով
Եվ ահակալած հեռացան փութով:
VIII
Գնում է ճամփան մտնում մի ավան,
Տխուր, կիսավեր հայի բնակարան,
Եվ այդ ավանի նույնիսկ առաջին
Տան շեմքում կանգնած դեռահաս մի կին,
Երեսը ծածկած բարակ քուշուշկով,
Առաջի ճամփին նայում է ուշքով.
Այդ ճամփով մի օր նրա սիրելին
Գնաց հեռու տեղ, չդարձավ կրկին:
IX
Տարիներ անցան, և աչքը ճամփին
Մնաց նայելիս նորահարս Մեհրին.
Ձեռքերը ծոցին, աչքերը լցված
Նայում էր, խոսում նա տարակուսած.
«Ա՜խ, մի ծիտ դառնամ, թոչեմ ու գնամ,
Գտնեմ Մհեիս, տեսնեմ մի անգամ.
Բայց ո՞վ կըտա ինձ թռչելու թևեր…
Երնեկ իմանամ, երնեկ մինն ասեր,
Թե այս րոպեին նա ինչ է անում:
Գո՞րծ ունի արդյոք, հաջո՞ղ է գնում,
Արդյոք մի անգամ ինձ մի՞տն է բերում,
Գիտե՞, թե օրերն ինչպես եմ համրում.
Ով գիտե, գուցե այնտեղ մի սիրուն
Խանում կին սիրեց, մոռացավ Մեհրուն,
Կամ, գուցե, հիվանդ տնքում է հիմա,
Չորս կողմը նայում՝ յուր Մեհրին չըկա.
Թե չար թշնամին, ձեռքը չորանա,
Սուրը բարձրացրեց Մհեիս վերա.
Չըլինի թե վաղուց, Մեհրի ու աշխարք
Մոռացած, թողած, նա սև հողի տակ…
Ա՛խ, ինչո՞ւ է, ինչո՞ւ այսքան տանջանքը,
Միթե սա՞ է, տեր, քո տված կյանքը.
Միթե ա՞յս էր ինձ համար պատրաստած,
Ի՞նչ արի քո դեմ, անարդար աստված:
X
Գնաց ու գնաց, չըդարձավ կրկին.
Բայց, ահա, մի օր նկատեց Մեհրին,
Որ հեռվից մի բան սևին է տալիս.
«Ղարիբությունից ոքմին է գալիս»,
Մտքումըն ասաց Մեհրին և ծովծով
Աչքերի արցունքը սրբեց գոգնոցով:
Սիրտը սկսեց արագ բաբախել,
Վաղուց էր, խեղճ կինն այդպես չէր եղել,
«Օ ՛, տառապածի ողորմած աստված»,
Մրմնջաց Մեհրին աչքերը լցված,
Ուրախությունից արցունքը հետին
Ցավերը պիտի ողջ թափեր գետին:
Արդեն եկավորն եկավ մոտեցավ,
Քանի մոտեցավ, այնքան շատացավ.
Եվ ահա, մի խումբ թուրք ավազակներ,
Գյուղը քանդեցին, արին տակն ու վեր.
Լեղապատառ տուն ընկած Մեհրուն
Տանից հանեցին, նստեցրին ձիուն.
Նրա ալևոր սկեսարն ընկավ
Թուրքերի սրից և իսկույն հանգավ.
Ծերի անեծքի հետ ի միասին
Տարան թուրքերըն յուր խոնարհ հարսին:
XI
Ճամփա է տանում դեպի Հայաստան.
Այն ճամփու վրա կա մի գերեզման,
Գերեզմանի մոտ մի ծառ է կանգնած.
Այն հովանու տակ ահա մի հոգնած
Ձիավոր իջավ, և նորա թարքին,
Իրան փաթաթված, նստած էր մի կին.
Եվ տղամարդը զենքերում կորած,
Կանաչ խոտերում երբ ձիուն թողաց,
Դարձավ դեպի այն վաստակած կինը,
Ցույց տալով մատով մոտիկ շիրիմը.
— Մեհրի, ճանաչի ՜ր իգիթ Օսմանին.
Նայիր առաջիդ այդ գերեզմանին.
Այդտեղ թաղած է, մի քանի տարի
Առաջ, իմ ձեռքով մեռած գյավուրի
Հոտած մարմինը. երբ որ նրան ես
Թալանում էի, հայհոյում էր մեզ:
Շատ համարձակ էր այն լիրբ գյավուրը,
Բայց երբ Օսմանի կտրուկ կեռ թուրը
Նրա գլուխը ուսերից պոկեց,
Էլ բան չըխոսեց և խելոք պառկեց:
Գրպանում, ծոցում ոչինչ չըգտա,
Աղքատի մինն էր, միայն այս առա.
Ասաց, գրպանից հանեց ղայլուխը,
Մեհրու արյունը տվեց գլուխը.
— Ես պիտի քնեմ, Մեհրի, դու մնա,
Լավ նայի ՜ր, որ ձին հեռու չըգնա.
Մինչև հովն ընկնի, այնպես վեր կենանք,
Աստըծուն կանչենք, մեր ճամփեն գնանք:
XII
Մեհրին քարացած, որպես շանթահար
Այն գերեզմանին նայում էր երկար
Ուշքը վերացած, ոչինչ չէր տեսնում.
Ուրիշ երկրում էր ականջին հասնում
Անլուռ աղմուկը մոտիկ առվակի,
Արձագանքն իրանց պատող ծմակի.
Այնինչ աչքերը փայփայում էին
Զվարթ երեսով առողջ Մհեին:
Նայում էր Մեհրին, նայում էր միայն,
Եվ ահա բարակ, ողորմուկ մի ձայն
Հասավ ականջին այն գերեզմանից. —
«Առ իմ արյունը, Մեհրի, Օսմանից»:
Սարսափեց, դողաց և միանգամից,
Ինչպես որ հանկարծ զարթնում են քնից,
Սթափվեց Մեհրին, նայեց դես ու դեն,
Ինչպես նայում է վախեցած երեն,
Եվ մի միտք նրա դեմքըն այլայլեց. —
Խոշոր աչքերում վրեժը փայլեց,
Վայրենի ձևով, զգույշ ու կամաց
Մի քանի քայլով թուրքին մոտ գնաց,
Ձեոքերը փռած, քնած էր թուրքը,
Ծանր ու երկար շնչում էր կուրծքը.
Կամաց խանչալը պատենից քաշեց,
Օսմանը հանկարծ բազուկը շարժեց,
Թեթև թռիչքով ետ թռավ Մեհրին,
Խանչալը պահեց գոգնոցի տակին
Եվ անշարժ մնաց, մինչև որ դարձյալ
Օսմանը սկսեց հանգիստ խռըմփալ:
Փայլեց պողպատը վառ արևի տակ.
Եվ Մեհրին, ինչպես հոգեհան հրեշտակ,
Խանչալը ձեռքին մնաց խոր քնած
Իգիթի գլխին մի րոպե կանգնած.
Դարձյալ դես ու դեն խենթի պես նայեց,
Զգույշ կորացավ, շունչն իրան պահեց,
Խանչալի ծայրը դնելով կրծքին
Յուր բոլոր ուժով հարեց դաստակին:
Օսմանը գոռաց, վեր թռավ տեղից,
Մեհրին սարսափած փախս առավ վախից.
Վագրի թռիչքով ցատկեց Օսմանը,
Հասավ ու բռնեց թիկունքի ծամը.
Եվ դարձավ Մեհրին ահից կատաղած,
Դարձյալ թուրքի դեմ խանչալը շողաց,
Մռնչաց ուժգին. մազերը թողաց,
Կրակոտ աչքերն արյունը կոխած,
Կիսաշունչ թուրքը թուրը պտտեց.
Ծղրտաց Մեհրին, աչքերը մթնեց.
Վայր իջավ թուրը, նրա հետ Մեհրին
Մի թույլ ճիչ հանեց, խանչալը ձեռին,
Կուրծքը պատառած, արյունաթաթավ,
Մհեի շիրմի վերա վայր ընկավ.
Վայր ընկավ մեռավ, նաև Օսմանը,
Եվ երեք դարձավ մի գերեզմանը:
Դեռ իրար կողքի հանգչում են այնտեղ
Չար սպանողն ու սպանվողն անմեղ.
Եվ ամեն տարի գարունը գալով
Հավասար պճնում է նրանց դալարով:ՀԱՌԱՉԱՆՔ
Հատվածներ
ՆԱԽԵՐԳԱՆՔ
Լեռնե ՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Ու ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:
Ձե՛զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տըխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:
Քեզ մոտ եմ գալիս, իմ հի՛ն տրտմություն,
Վեհափառ դայակ մանուկ օրերիս,
Այնժամ էլ չէիր ինձ հանգիստ տալիս՝
Սըրտիս ականջին խոսելով թաքուն…
Ո՛վ, որ կանչում ես գիշեր ու ցերեկ
Հազար ցավերով, հազար ձևերով, —
Ոգևորության հըզոր թևերով
Քեզ մոտ եմ գալիս, հայրենի՛ք իմ հեգ:
Գալիս եմ, բայց ոչ ուրախ երգերով
Քո ծաղիկներին ծաղիկ ավելցնեմ,
Այլ դառն հեծության հառաչանքներով
Էդ անդընդախոր ձորերըդ լըցնեմ:
Ձորե՛ր, ա՛յ ձորեր, սև, լայնաբերան,
Սըրտիս էս խորունկ վերքերի նըման.
Աստծու հարվածի հետքերն եք դուք էլ,
Ձեզ մոտ եմ գալիս, ուզում եմ երգել:
Դուք էլ խոսեցե՛ք, դուք Էլ պատմեցե ՛ք
Ձեր անդունդներով եկեք չափվեցե՛ք,
Դուք է՞լ եք, տեսնեմ, էնքան մեծ ու խոր,
Ինչքան իմ հոգու թախիծն ահավոր…
ՀԱՏՎԱԾ I
Մի քանի տարի սըրանից առաջ,
Երբ որ հայրենիք էի ես գնում,
Այն մըթին ձորում, ուր որ քաղցրավաչ
Մեղեդու ձայնով Դեբեդն է վազում,
Ժայռերի գլխին, ուր բազկատարած
Աղոթք են անում Հաղպատ-Սանահին,
Գիշերը հասավ, ու ես դադարած
«Ղոնաղ» մնացի ծեր այգեպանին:
Նա տրտնջալով ծերության ընդդեմ
Քըթքթում էր յուր ծառերի տակին.
«Բարի օր, պապի», ու խոժոռադեմ
Ծերը ետ նայեց ձեռքը ճակատին:
Մի կասկածավոր ու խիստ հայացքով
Զննելուց հետո հոնքերը կիտեց,
Սաստիկ սառնությամբ պատասխան տալով
Դեպի յուր դափեն ինձ առաջնորդեց:
Նրա ետևից անխոս գընացի,
Փընթփնթացնում էր նա իմ առաջին —
«Մեր բանը պրծավ, երբ էս ձորերի
Մըտերը սրանք էլ եկան սովրեցին:
Սա էր մնացել, սա էլ անպատճառ
Մեր գլխին մի նոր կրակ է բերում, —
Նոր դրած բեգյար, կամ իզուր մի շառ,
Թե չէ ինչ ունի էս խուլ ձորերում:
Եկած կըլինի, որ խաբար տանի,
Թե խելքը գլխին դեռ քանի գյուղ կա,
Ով յուր դռանը անասուն ունի,
Կամ որի կնգա աչքերում յուղ կա:
Կամ հին գերեզման քանդող կըլինի,
Կամ թե կըհամրի ծմակի ծառերը,
Կամ նրա համար, թե օրը քանի՞
Ձու են ածում մեր գյուղի հավերը…
Ո՞վ գիտի, հիմա ով վեր է կենում
Գլխին էս տեսակ գդակ է դնում…»
Լռեց ծերունին ծանըր տնքալով
Ու առաջ գնաց թին դիմհար տալով:
Իսկ երբ որ հասանք աղքատիկ դափին՝
Ինձ հըրավիրեց, և յուր ունեցած
Շորի կտորը փռեց իմ տակին,
Ինքը առաջիս մնաց լուռ կանգնած:
Ճերմակ գլուխը ապա բարձրացրեց,
Հոնքերի տակից ազդու նայելով,
Որոտող ձայնով այսպես հարցըրեց
Զզվանք ու զայրույթն հազիվ պահելով:
— Աղա ՜, հարցնելը ամոթ չըլինի,
Հրամանքդ ի՞նչ մարդ ես, կամ ո՞րտեղից ուր…
Եվ չըսպասելով մի պատասխանի՝
Ինքը շարունակ խոսեց կցկտուր.
— Ով էլ որ լինիս՝ բարով ես եկել,
Անփորձանք լինի քո ճանապարհը,
Աստված կյանք տա ձեզ, որ հարցնեք դուք էլ,
Թե ինչ ցավ ունի խեղճ ռանչպարը:
Աղքատ մարդիկ ենք, մեր ձորերի մեջ
Անց ենք կացնում մեր սև-սև օրերը.
Թե որքան ենք զուրկ, որքան ենք մենք խեղճ,
Էդ հաստատ գիտե ինքը — միայն տերը:
Բայց դու էլ խելոք մի մարդ ես գիտուն,
Քո բարի աչքով տեսնում ես էլի,
Տկլոր ու սոված էսպես տարին բուն
Քարի-հողի հետ կռիվ ենք տալի:
Թե որ ձեռներս էլ մի բան է ընկնում,
Չենք կարողանում բերան հասցընենք…
Էսքան տանջվելով քրտինք ենք անում,
Էլ էն սևերեսն, էլ էն սովածն ենք…
— Ի՞նչիցն է, պապի, այսքան ճոխ երկրում,
Ինչպես ասում ես, դժվար եք ապրում,
Վարձատրություն չե՞ք ստանում հողից,
Թե՞ նեղություն է գալիս մի տեղից:
«Մեր նեղությունը… քեզ ինչպե՞ս հայտնեմ,
Թող հաստատ լինի մեր թագավորը.
Ես ընչի տեր եմ, խոսեմ նրա դեմ,
Բայց աստված կտրի մեր քաշած օրը…
Ի՞նչ անես, ախպե ՜ր, ումի՞ց խռովես,
Պետք է համբերել, թե լավ թե օսալ…
Բայց դու չասացիր հրամանքդ ով ես,
Ուզում եմ քեզ հետ լիասիրտ խոսալ»:
— Ես քաղաքումը կարդում եմ, պապի:
«Հա ՛, տիրացու ես, բա ինչո՞ւ չասիր…»
Կանչեց ծերունին ու իրեն դափի
Դռնից հեռացավ. «մի քիչ սպասիր»:
ՀԱՏՎԱԾ II
Մթնեց: Ծերանին լուռ չարչարանքով
Մի քանի կոճղեր դըրեց կըրակին,
Նորիզ բարևեզ իր երկրի կարգով
Ու բարի մաղթեց ջահել ղոնաղին:
Ու նըստոտեցինք իրար դեմ ու դեմ
Սաստությամբ վառվող կրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում ձորերի շունչը:
Գիշերվան անքուն հավքերն են տըխուր
Ծըվում, ծըկլթում խավարի միջում,
«Որբն» է եղբորը կանչում ցավալուր,
Բուն է իր դաժան վայը կռընչում:
Ու ողջ միասին մի խորունկ թախիծ,
Մի մութ զարզանդ են գիշերին տալի…
Ահա տարածվեց հեռու ծըմակից
Եվ ձիգ ոռնոցը սովատանջ գիլի:
* * *
Ծանըր տընքալով թեք ընկավ ծերը,
Երկար կոթավոր չիբուխը լըցրեց.
Գիշերվա նըման կիտած նոթերը
Խուլ որոտալով էսպես հարցըրեց.
— Ի՞նչ կա քաղաքում, դե ՜ պատմիր տեսնեմ,
Իմանամ, ես էլ ուրիշին ասեմ.
Մեռնող-ապրողից, թանգ ու էժանից,
Կամ նոր դուրս եկած գազեթից, բանից…
Երեք թագավոր, ասում են, իբրև,
Խելքս չի կտրում, որ էսպես լինի,
Խորհուրդ են արել, որ այսուհետև
Իր թախտից զըրկվի, ով կռիվ անի:
Ո՞վ է իմացել էսպես հրաշք բան:
Էլ ի՞նչ թագավոր կամ էլ ի՞նչ իշխան,
Որ կռիվ չանի, ուրշին չըտիրի,
Մարդ չըկոտորի, երկիր չավերի…
— Է՛հ, աստված սիրես, թող դրանց, պապի,.
Ես շատ եմ զըզվել քաղքից, գազեթից,
Ի՞նչպես եք ապրում, դու ձեզնից պատմի,
Ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից:
— Ի՞նչ ես կորցըրել — ընչի ման գալի,
Խոսեց ծերունին դառը խնդալով,
Բա մեռած հո չենք, ապրում ենք, էլի,
Ամեն մեռնողի երանի տալով:
Մեր ապրուստն ի՞նչ է. — մի կտոր չոր հաց,
Էն էլ հըրեն հա՛ — երկընքից կախված:
Մի մարդ որ նըրա երեսը պահի՝
Նըրա ապրուստը ի՞նչ պետք է լինի…
Ես քեզ օրինակ: Էս խոր ձորերում
Էս է չորս քսան տարիս լըրացավ,
Ոչ մի խնդություն տեսա իմ օրում,
Ոչ էլ մի անգամ աչքըս լիացավ:
Ամռողջ ամառը առանց տաքիլեթ
Պըտիտ եմ գալի էս ձորի միջին,
Կըռիվս եմ տալի հազար ցավի հետ
Ու չեմ կարենում — չեմ հասնում վերջին:
Վազներից էնքան օգուտ չի գալի,
Ինչ նրանց համար ես փող եմ տալի.
Գըլուխը քարը, գոնե փող լիներ,
Էլ ինչո՞ւ էսքան մարդ գանգատ կաներ:
Ջախ եմ հավաքում, կրակ եմ վառում,
Սրա համար էլ փող եմ վըճարում:
Էս դափեն ի՞նչ է — մի երկու լատան,
Հինգ ու վեց անգամ տարան դատաստան:
Ասում են՝ գեջ ես կտրել դու մերին:
Իրանցն ասում են ու քեզ չեն լսում,
Մինչև չըտեսնես մեծին, պիսերին.
Հիմի տես նրանք ինչքան են ուզում:
Գողն էլ մի կըռնից, գելն էլ մյուս կըռնից,
Աչքըդ թեքեցիր — բանիդ տերը չես.
Քաշում են տանից, քաշում են դըռնից,
Ու չես իմանում որ կողմը թըռչես:
Թե տանուտերին գանգատ եմ գնում,
Բան չեմ վաստակում բացի դուշմանից.
Գողերի հետքը իր տունն է տանում,
Համեցե ՜ք դիվան ուզիր սըրանից:
Նստեցնում է քեզ մի երկու բաժակ
Տաք ջուր խմեցնում կամ մի թաս օղի.
— Դու գնա, պա ՜պի, միամիտ քընիր,
Ես աչքի լուսը կըհանեմ գողի…
Դարձել է աշխարքն, ա՜խպեր, առ ու փախ,
Սերը դարձել սուր ու ջուրը — արին,
Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ,
Վայը եկել է տարել տըկարին:
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան.
Տղեք են՝ փախած տանից, դիվանից,
Եկան ու ծեքին էլ ետ հեռացան:
Ո՞վ է մեղավոր… Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր:
Հենց էն եմ տեսնում — մութն, անգետ մարդիկ,
Էլ մենք ենք մեջտեղ տանջվում ամեն օր…
Մեր բանն էլ, ախպեր, էսպես է եկած,
Մենք լեզու չունենք — ուժեղը աստված:
Մեր հին ադաթից ընկել ենք, զըրկվել,
Նորն էլ չըգիտենք թե ինչ է եկել:
Էստեղ մեզ մոտիկ թավադներ ունենք,
Ամենքս, իմացիր, տասը տեր ունենք.
Փորներն ողողած, փոխկները թողած,
Կըռները կանթած՝ կըտերը կանգնած:
Մեկին մեր գյուղում մի թիզ հող ունի,
Թըքես մի ծերից մյուս ծերը կընկնի.
Ոչ ինքն է վարում, ոչ տալիս մեկին,
Բուռն է հավաքել գյուղացու հոգին:
Գնում է ուրշի ապրանքը տանում,
Թաքուն հավաքում իր հանդն է անում,
Աղմուկով քըշում իր հանդի միջից,
Շտրափ է առնում անմեղ տիրոջից:
Պարում է ձմեռն հարսանիքներում,
Կամ մեծավորի թեփշի է լիզում,
Մինչև մի քանի շահի է ճարում,
Էն էլ տանում է լափում Թիփլիզում:
Մի օր սա եկավ, թե չոբան Չատին
Ոչխարը թաքուն իմ հանդն է քաշել.
Չատին էլ կուլ չի գընաց թավադին.
— Թող գա մի տեսնենք — էդ ո՞վ է տեսել:
Աղաչանք արի, պաղատանք արի.
— Ա՜յ տղա, ասի, ետ քա՜շվի, հեռի ՜,
Բեր ձեռը վեր կալ, անեծք չար բանին…
Բայց ի՞նչ հասկացնես բըռի չոբանին:
— Չէ՛ որ չէ՛, ասավ, էն լեռ սարի պես
Գընաց դիք կանգնեց գեղի մեյդանում.
Էս դատաստանը, էս թավադն, էս ես,
Թող գա մի տեսնենք ինձ ինչ է անում:
Եկան իրարու, խոսք խոսքի հասավ,
Չատին մի քանի կոշտ խոսքեր ասավ.
Դե մարդիկ երբ որ կռիվ են անում,
Մեջտեղ փըլավ չեն իրար բաժանում:
Մեր տանուտերն էլ, աստված է օրհնել,
Էսպես մի բան էր պակաս նըրան էլ.
Մեկի պոչը միշտ մեկէլի տակին,
Եկավ տաքացած, ճիպոտը ձեռքին:
Եկավ էս Չատնիս հաչիցը կապեց,
Ինչքան որ գիտես՝ քո ասած թակեց,
Թե՝ պետք է կորցնեմ քեզ էնքան հեռու,
Որ էլ չըտեսնես արևը Լոռու:
Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խընդիրքով,
Ինչքան օր տվինք, ավել խընդրեցինք —
Բանը վերջացնի գեղական կարգով:
Ախպե ՜ր, ասացինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ըշտրափըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք:
Սա ոտը դրեց վերի թարեքին.
— Էսքա՛ն ու էսքան բերեք, որ ներենք…
— Էս է ունեցածն աստըծու տակին,
Էլ չըկա, ա ՜խպեր, ո՞րտեղից բերենք:
Ինչ արինք՝ չարինք, չեկավ հավատի,
Գընաց ավելի բարձըր գանգատվեց,
Թե՝ ինքըս թավադ, թավադի որդի,
Ու չոբան Չատին ինձ ուշունց տըվեց…
Վերևից մի մարդ եկավ քննություն,
Միրուքը հաչա, աստղը ճակատին,
Եկավ, վեր եկավ, մըտավ քյոխվի տուն,
— Ո՞րտեղ է, ասավ, էն չոբան Չատին…
Չատին էլ եկավ անճոռնի ու մեծ,
Էն փետի նըման մեջտեղը տընկվեց.
Ոչ օրենք գիտի, ոչ կարգն ու լեզուն,
Բերանը կապած սարի անասուն:
Քննությունն արին, բըռնեցին գյադին,
Թե` ի՞նչպես ուշունց կըտաս թավադին.
Բաց արին տեսան գըրած զակոնում,
Թե չոբան Չատին Սիբիր է գընում:
Մեր մեջ մի քանի ծեր մարդ ընտրեցինք,
Գնացինք թավադի ոտը խնդիրքով,
Ինչ ուզեց տըվինք, հետն էլ խընդրեցինք՝
Բանը վերջացնի գեղական կարգով:
Ա ՜խպեր, ասեցինք, ի՞նչ արիք իրար,
Խոսք եք կռվացրել, արին հո չարիք.
Համ ծեծել տըվիր, համ ուզածըդ առ,
Արի վերջացրու, բոլ էլավ, հերիք:
— Հո ՜ գիտեք, ասավ, ես էլ խըղճի տեր,
Չեմ ուզում ընկնեմ արինն էդ տըղի,
Դըրա խիզանը մենակ էս գիշեր
Պետք է որ գըցի տեղը էս աղի…
Մարդը խիղճ ունի՝ էսպես է ասում.
Սըրանից ավել էլ ի՞նչ եք ուզում.
Բայց տըղամարդը, որ նամուս ունի,
Լավ է իմանում ինչ պատասխանի…
Երեկ իրիկուն էդ կողքիդ սընից
Կախ էին արած երեք հըրացան:
Քանի ՛-քանի մարդ կորավ իր տանից,
Քանի ՛-քանի մարդ դառավ մարդասպան…
Ո՞վ է մեղավոր: Միտք եմ անում, միտք,
Ու չեմ հասկանում ով է մեղավոր.
Բայց իմ կարճ խելքով էնքանն եմ տեսնում —
Ապրիլ չի լինիլ էսպես ամեն օր:
Մինը իր կամքին՝ ինչ ասես՝ անի,
Մյուսը խոսելու իրավունք չունի.
Ես չասեմ, դու հո կարդացող մարդ ես,
Էն ո՞ր աստվածն է կարգ դըրել էսպես…
Երկուսն էլ հայ են, ունեն մի հավատ,
Էլ ընչի մուժիկ, կամ էլ ի՞նչ թավադ.
Նրա արինը կարմի՞ր է մերից,
Թե՞ ավել հունար դուրս կըգա ձեռից:
Թե չէ՝ թավադ ես՝ ինչ ուզես անես,
Ես չըկարենամ քեզ մի խոսք ասե՞լ…
Է ՛հ, մի ՜ խոսեցնի, աստված կըսիրես,
Թե չէ մի ղաչաղ կըդառնամ ես էլ…
Լըռեց ծերունին: Իրար դեմ ու դեմ
Թիկնած էինք թեժ կըրակի շուրջը,
Մեր առջև ձորն էր թըշշում խավարչտին,
Մեր դեմը խաղում գիշերվան շունչը:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2920 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Պոեզիա