Ոտաբոբիկ քայլում էր մի աղջիկ: Խենթ ու խելառ մի ոտաբոբիկ աղջիկ: Քայլում է փնտրում… փնտրում է ու էլի քայլում… ոտաբոբիկ մի խենթ աղջիկ: Հագին սպիտակ զգեստ է. ուսերը մի փոքր բաց, բարալիկ մի զգեստ՝ մեջքին նեղլիկ գոտի, մինչ ծնկները հազիվ հասնող մի բարալիկ զգեստ.. ոտաբոբիկ խենթ մի աղջիկ քայլում է ու փնտրում.. ժպտում է աղջիկը.. իսկ մազերի մեջ թիթեռներ են ամրացված… ոտաբոբիկ աղջիկը խենթ…

Թակում է դուռը: Ձայն չկա: Աղջիկը գիտի, որ նա էնտեղ է: Նորից է թակում: Ներս է նայում պատուհանից: Ոտաբոբիկ աղջիկը խենթ: Պատուհանն է թակում: Նայում է շուրջը: Լուռ է: Գեղեցիկ է: Անուշ է: Սիրում է աղջիկը նրա աշխարհը: Կրկին թաթերի վրա կամացուկ մոտենում է դռանը: Չի թակում: Բացում է դուռը: Հետ է նայում: Համոզվում է, որ շուրջը ոչ ոք չկա: Լուռ է: Ներսում կատարյալ խաղաղություն է: Մաքուր, կոկիկ: Ախ այս հո՜տը: Խորքից տաքություն է գալիս: Նա այնտեղ է: Մոտենում է: Լսում է շունչը: Մտքում սա է պտտվում: Նա քնած է: Ոտաբոբիկ: Աղջիկը ձեռքը կամաց սահեցնում է նրա մազերի միջով: Նրա շնչառությունը: Ոտաբոբիկ աղջիկը խենթ: Նա քնած է: Նրա շնչառությունը: Նա ոտաբոբիկ է: Մատների ծայրով դիպչում է նրա ոտքերին: Ոտաբոբի՜կ:

Նա լուռ նստած է իր սենյակում: Նա ոտաբոբիկ է: Ձեռքի վարժ շարժումով շուրթերին է մոտեցնում ծխախոտը: Ժպտում է: Աղջիկը սիրում է նրա այդ շարժումը: Նա գիտի: Ժպտում է: Նայում է պատուհանից դուրս: (սենյակում ժամացույց չկա): Լուռ է: Ոտքի է կանգնում: Ծալում է շապիկի թևքերը: Արևը դեռ դռնից 5-րդ ծառի կատարին է: Պառկում է: Ձեռքը տանում է ձայնարկիչին: Հնչում է սա: Ժպտում է: Կամաց փակում է աչքերը: Մաքրում է կոկորդը ու մեղավոր հայացքով նայում շուրջը` հո լռությունը չխախտե՞ց: Օդը չդողա՞ց հանկարծ: Ինքն իր ձայնից վախեցածի կլորացած աչքերը կրկին փակվուն են: Հետո հնչում է ուրիշ բան: Լսում է աղջկա շունչը: Լռություն է իջնում:

Աղջիկը զգույշ պառկում է նրա կողքին: Հանկարծ չարթնացնի: Ոտաբոբիկ: Երկու ոտաբոբիկ ու մի նեղլիկ անկողին: Նույն հոտը: Նույն շունչը: Նույն բոբիկ ոտքերը: Նույն երջանիկ լռությունը` երկուսի հոգում էլ: Ժամանակից դուրս:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1574 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: