Պարույր Սևակի գրական ժառանգության անբաժանելի մասն են կազմում նրա գրականագիտական ուսումնասիրությունները, հրապարակախոսական ելույթներն ու հոդվածները: Այդ էջերում է, որ բանաստեղծը մատուցել է պոեզիայի արդիական պահանջների ու խնդիրների մասին իր մտքերն ու դատողությունները` սահմանելով այն հավատամք-բանաձևը, որն ուղենիշ պիտի դառնար նաև 1970-80- ականների գրական սերնդի համար: Չմերժելով դասական ավանդները և դրանց ժառանգման անհրաժեշտությունը` գրողը միևնույն ժամանակ կարևորում էր նոր ձևերի, արտահայտչամիջոցների և լեզվամտածողության դավանումը, ինչը պիտի հանգեցներ պոեզիայում որակական աստիճանի փոփոխմանը` հօգուտ գեղարվեստական խոսքի ու մտքի ինքնատիպության:
Գրավոր երկերի հետ մեկտեղ հայտնի են նաև Պ. Սևակի բազմաթիվ բանավոր ելույթներ, որոնք տարբեր տարիներին հնչել են հեռուստա և ռադիոեթերներից: Մի քանիսը վերջին շրջանում հրապարակվեցին: Սակայն մեծ թվով ձայնագրություններ ու հարցազրույցներ այդպես էլ մնում են անհայտ կամ մոռացված: Դրանց որոնման և ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորվում է ոչ միայն բանաստեղծի ստեղծագործական ժառանգության ամբողջականությունն ապահովելու պահանջով, այլ նաև բացակա նյութերի արժևորմամբ, մի էական հանգամանք, ինչն անվիճելիորեն կարող է հաստատվել ստորև հրապարակվող վավերագրով:
1968 թ. հուլիսի 12-ին, երեկոյան ժամը 20.40-ին ռադիոյով եթեր է հեռարձակվել հարցազրույց Պարույր Սևակի հետ: Հաղորդման հեղինակն էր Կ. Քալանթարը: Այն տևել է 20 րոպե: Ձայնագրությունը, ցավոք, դեռ չի գտնվել: Սակայն Հայաստանի ազգային արխիվում` ՀՍՍՀ Մինիստրների Սովետի ռադիոհաղորդումների և հեռուստատեսության Պետական Կոմիտեի գրական հաղորդումների խմբագրությանը վերաբերող թղթապանակներում պահպանվում է այդ զրույցի սղագրությունը (ֆոնդ 191, ցուցակ 5, գործ 495): Շարադրանքը թույլ է տալիս կարծել, որ Սևակը նախապես ծանոթացել է հարցաշարին և ըստ այդմ էլ գրառել է իր պատասխանները: Այնուհետև, մեքենագրված էջերի վրա նա ձեռագիր ուղղումներ է կատարել: Բացի այդ, մի քանի նշումներից կարելի է ենթադրել, որ զրույցի ընթացքում եղել է նաև բանաստեղծի, այսպես կոչված, ազատ խոսքը, ինչը տեղ չի գտել սղագրության մեջ: Հարցերը բացակայում են, թեև պատասխաններից տրամաբանորեն հնարավոր է կռահել դրանց բովանդակությունը:
Ռադիոհաղորդման մտահղացման առիթ են հանդիսացել Սևակի բանասիրական ուսումնասիրությունները: Ինչպես հայտնի է, նա 1967 թ.հունիսի 27-ին պաշտպանել էր թեկնածուական ատենախոսություն` ներկայացնելով «Սայաթ-Նովա» մենագրությունը: Սակայն զրույցը շատ ավելի ընդգրկուն և տարողունակ է դուրս եկել, քան սկզբնական գաղափարն էր:

1. Իսկապես էլ, ես իմ թեկնածուական դիսերտացիայի նյութն ընտրել եմ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, և աշխատանքն սկսվեց այնպիսի ծավալով ու խորությամբ, որ ի պատասխան իմ հայցի, Գրական ինստիտուտի գիտական խորհուրդը որոշեց այդ աշխատության դիմաց ինձ տալ բանասիրական գիտությունների դոկտորի կոչում: Անգլիացի գրող Կիպրիները իր նշանավոր բանաստեղծություններից մեկում ասել է, որ Արևելքը Արևելք է, Արևմուտքը` Արևմուտք, և նրանք երբեք չեն հանդիպելու: Անգլիացի գրողի այս կարծիքը, հիմնականում սխալ լինելով, մի որոշ չափով նաև ճիշտ է: Եթե նկատի ունենանք այնպիսի անհատականությունների, որպիսին է Սայաթ-Նովան: Իսկապես էլ, եվրոպական գրականության մեջ դժվար թե հնարավոր լինի ցույց տալ այնպիսի մի բանաստեղծի, որը միաժամանակ ստեղծագործած լինի երեք լեզուներով և ստեղծագործած այնպես, որ համարվի այդ ժողովուրդների մեծ բանաստեղծ. միաժամանակ չմոռանանք, որ այդ անձը սքանչելի կոմպոզիտոր էր, երգիչ և երաժիշտ, որը ոչ միայն գրում էր, այլ իր գրածը եղանակավորում, երգում ու նվագակցում: Չենք կարող մեզ թույլ չտալ ասելու, որ երևի միայն Արևելքի շքեղ բնությունը կարող է նմանօրինակ «խաղ» խաղալ մեկի հետ: Ահա թե ով է Սայաթ-Նովան: Բայց, միաժամանակ, հարկ եմ համարում նշել մի հանգամանք, որը կարող է առերևույթ թվալ պարադոքսալ: Բանն այն է, որ ես` իբրև բանաստեղծ, իմ գրական առաջին իսկ քայլերից եղել եմ ոխերիմ թշնամի բանաստեղծության այն տեսակին, որ կոչվում է աշուղություն: Այսինքն` այն տեսակին, որի հիմնադիրը հայ, վրացական և ադրբեջանական գրականության մեջ եղել է Սայաթ-Նովան:
Աշուղություն ասելով` նախ պետք է հասկանալ դարեր առաջ ստեղծված, կանոնիզացված բանաստեղծական այնպիսի չափեր, որոնք պարտադրանքի ուժ ունեին, որոնք վաղուց դարձել էին կաղապար կամ կլիշե: Բանաստեղծական իմ խառնվածքով ես դեմ եմ ամեն տեսակ կաղապարվածության ու տրաֆարետի, ուստի և բնական է, որ իմ ողջ գործունեությամբ գիտակցաբար և անգիտակցաբար պետք է պայքարեի ու պայքարել եմ այդ կարգի բանաստեղծության դեմ: Ավելացնեմ ևս մեկ հանգամանք, որպեսզի մոտենամ պարադոքսը բացատրելուն:
Եթե աշուղությունը հասկանալի երևույթ էր XVI-XVIII, մինչև իսկ XIX դարերում, ապա անտանելի անախրոնիզմ է XX դարում, առավել ևս նրա երկրորդ կեսին: Այսպես դատելով` ես թշնամին եմ եղել ոչ թե Սայաթ-Նովային, այլ նրա ուշացած էպիգոններին: Մեր այսօրվա զրույցի ժամանակ ես առիթ կունենամ ևս մի այլ կողմից մոտենալու Սայաթ-Նովայի բանաստեղծական էությանը` կապված առհասարակ բանաստեղծության էության, մաշված բառով ասված` հավերժականության հետ, որտեղ սայաթնովականությունը կունենա ինձ համար ապացույցի մեծ ուժ: Բանն այն է, որ սայաթնովագիտությունը իր գոյության 120 տարիների ընթացքում զարգացել է մեծ մասամբ բանասիրական, աղբյուրագիտական ուղղությամբ: Եվ դա բնական է: Սայաթ-Նովայի` մեզ հասած եռալեզու բանաստեղծությունների ձեռագիր տետրակը գրված է հայերեն ու վրացերեն տառերով, ըստ որում` հաճախ խառը այբուբեններով, հայերեն բանաստեղծությունները` վրացական տառերով, իսկ ադրբեջանականը` հայերեն, դժվար կարդացվող մի ձեռագրով: Սայաթ-Նովայի բառապաշարը լեցուն է ոչ միայն հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն, այսօր արդեն անգործածելի և անհասկանալի բառերով, այլ նաև արաբական, պարսկական և թուրքական այնպիսի բառերով ու արտահայտություններով, որոնց մեկնաբանությունը շատ ու շատ կողմերով այսօր էլ լրիվ պարզաբանված չի, ու եթե ավելացնենք, որ Սայաթ-Նովայի մասին քիչ թե շատ լրիվ գաղափար կազմելու համար հարկավոր է թարգմանել նրա մի լեզվով գրված բանաստեղծությունները մեկ այլ լեզվի, ապա հասկանալի կդառնա, թե ինչու է սայաթնովագիտությունը իր ողջ պատմության ընթացքում զարգացել մեծ մասամբ բանասիրական և աղբյուրագիտական ուղղությամբ: Հասկանալի է, միաժամանակ, որ որքան էլ անհրաժեշտ եղած լինի այդ աղբյուրագիտական և բանասիրական աշխատանքը, որևէ գրողի ճիշտ գնահատությունը հնարավոր պետք է լինի միայն գրականագիտական բարձունքից նայելիս: Անարդար կլիներ ասել, թե մինչև այսօր այդ դիրքերից չի դիտվել բանաստեղծը, բայց և անարդար չի լինի ասել, որ այդ կարգի փորձերը չեն էլ բարձրացել փորձ լինելու աստիճանից: Իմ աշխատանքը նախ և առաջ կրել է հենց այդ գրականագիտական բնույթը: Սայաթ-Նովան ունեցել է ողբերգական կյանք, այդ ողբերգությունը խորանում է նաև նրանով, որ մենք այդ արտակարգ մարդու կյանքի մասին ունենք շատ քիչ տեղեկություններ: Մինչև հիմա էլ հայտնի չէ նույնիսկ այնպիսի մի հասարակ բան, թե երբ է ծնվել նա: Իմ ուսումնասիրության ընթացքում, բնավ էլ նպատակ չունենալով նորից խրվելու բանասիրության մեջ, ես ստիպված եղա իմ աշխատանքի մեկ երրորդը նորից դարձնել բանասիրական և այդտեղ, ինչպես թվում է ինձ, հասա որոշակի արդյունքի, հատկապես Սայաթ-Նովայի ծննդյան թվականը որոշելու ուղղությամբ:
Սայաթ-Նովայի խաղերը լեցուն են բազմաթիվ ծածկագրություններով, որոնց մի աննշան մասն է միայն մինչև հիմա լուծվել: Ինձ թվում է, որ ինձ հաջողվեց վերականգնել նրա այդ կարգի ծածկագրություններից մի ամբողջ շարք և դրանով իսկ ապացուցել, որ Սայաթ-Նովան ծնված պետք է լինի 1722 թվականին: Այդ ծածկագրությունների վերականգնումը միաժամանակ պարզեց, թե ով է եղել Սայաթ-Նովայի առեղծվածային սիրո օբյեկտը, ե՞րբ են նրան երկրորդ անգամ վտարել վրաց արքունիքից և այլն:
Աշուղությունն, իմ հաշիվներով, պիտի որ ծագած լինի 14-րդ դարում: Մինչև Սայաթ-Նովան անդրկովկասյան իրականության մեջ անպայման պետք է եղած լինեն աշուղներ, բայց, դե, նրանցից մեզ համարյա բան չի հասել: Աշուղները, իբրև օրենք, գրել են թուրքերեն լեզվով: Մեզ հայտնի են 400-ից ավել հայ աշուղների անուններ, որոնք բոլորն էլ, ըստ ընդունված անգիր օրենքի, գրել են թուրքերեն: Իբրև այդպիսին, նա մեր դարավոր գրականության հազվադեպ նորարարներից մեկն է: Իր և իր ժամանակակիցների վկայությամբ, նրանից առաջ ոչ ոք չի գրել նաև վրացերեն: Նա առաջինն էր, որ Վրաստանում հիմք դրեց աշուղության և ստեղծեց մի ամբողջ դպրոց: Բայց Սայաթ-Նովայի նորարարությունը սրանով չի վերջանում: Անհրաժեշտ է ասել, որ աշուղները, իբրև ժողովրդական երգիչներ, ավելի շատ քարոզիչ են, քան արվեստագետ, ավելի շատ դաստիարակ, քան բանաստեղծ: Նրանք ոչ այնքան խոսում էին իրենց անձնականի մասին, որքան կատարում էին իրենց ունկնդիրների պահանջը: Բավական է նշել մի հանգամանք, որ ասածս ապացուցված համարվի. բազմաթիվ են այն աշուղները, որոնք ի ծնե եղել են կույր, ուրեմն և՝ գաղափար իսկ չեն ունեցել ոչ բնության, ոչ էլ կանացի գեղեցկության մասին, մարդիկ, որոնք, բնականաբար, չեն կարող ունենալ և չունեն էլ երջանիկ կյանք, բայց նրանց երգերի գերակշիռ մեծամասնությունը այլ բան չէր, քան բնության, կնոջ գեղեցկության գովքը և խնջույքի ու ուրախության երգերը: Սա արդեն ցույց է տալիս, որ նրանք իսկապես ոչ այնքան խոսում են իրենց անունից, որքան կատարում իրենց մասնագիտությունը, այն, ինչ Մայակովսկին կոչում էր սոցիալական պատվեր: Եվ ահա Սայաթ-Նովան այն առաջին աշուղն է, որ շարունակելով իր մասնագիտությունը, կատարելով այդ սոցիալական պատվերը, խոսեց իր անունից, իր անձնականը դարձրեց իր մասնագիտության նյութ և դրանով իսկ մնալով աշուղ՝ դարձավ ճշմարիտ բանաստեղծ:
2. Ինչպես հայտնի է, վերջին տարիներին պոեմի ժանրը առիթ տվեց լուրջ խոսակցությունների: Հիշենք թեկուզ այն բանավեճը, որ մղվեց «Լիտերատուրնայա գազետայի» էջերում, դա անկասկած ժամանակին էր և բնական: Պոեմն` իբրև ժանր, ինչ-որ չափով կապ ունի արձակի հետ: Եթե կարելի է ասել՝ նա մի տեսակ միջանկյալ օղակ է արձակի և պոեզիայի միջև: Համենայն դեպս, համաշխարհային գրականության նշանավոր պոեմների մեծ մասն այդ են ապացուցում: Բայց իմ խորին համոզումով ճշմարիտ պոեզիան ոչ միայն գրական սեռ է այդ բառի пол իմաստով, այլ նաև род իմաստով: Պոեզիայի և պրոզայի տարբերությունը արտաքին չէ, այլ ներքին: Այսինքն պոեզիան պրոզայից տարբերվում է ոչ միայն այն բանով, որ գրվում է ոտանավորով և հանգավորումով, այլ ճշմարիտ պոեզիան պոեզիա է նաև առանց այդ հանգի ու չափի: Ինչպես գիտեք, հիմա մոդա է դարձել, կանայք էլ են շալվար հագնում, բայց դրանից, ինչպես հայտնի է, չի փոխվում նրանց սեռը: Նույնը կարելի է ասել նաև պոեզիայի մասին: Շալվար հագած որևէ օչերկ, որևէ վիպակային սյուժե չի կարող փոխել իր սեռը:
(Գրել «Անլռելի զանգակատան» մասին)
Այդ իմաստով էլ ես պոեզիա չեմ համարում այն ամենը, ինչ հնարավոր է գրել արձակով: Մանավանդ հիմա, երբ մենք ունենք դասական պոեզիայի մի այնպիսի հարստություն, մանավանդ հիմա, երբ ինքը արձակը հասել է մարդկային զգացումների և հոգեբանական նյուանսների արտահայտման այնպիսի նրբության ու խորության, երբ լրջորեն խոսվում է վեպի մահացման մասին, նստել և չափածո դարձնել մի սյուժե, որը ոչնչով չէր տուժի, եթե գրվեր արձակ, ես պարզապես համարում եմ անախրոնիզմ և աշխատանքի վատնում: Անձամբ ես` իբրև ընթերցող, մեծագույն դժվարությամբ եմ կարդում այն բոլոր պոեմները, որոնք պատմողական են և նկարագրական, ու ես` իբրև բանաստեղծ, նմանօրինակ պոեմները համարում եմ պարզապես շալվարավոր կանայք:
Գալով այն հարցին, թե բանաստեղծության ժանրերից որն եմ համարում մնայուն, ապա պետք է ասեմ, որ այս հարցի պատասխանն էլ ակամա կապվում է պոեմի ժանրի հետ: Գրականության պատմությունը ցույց է տալիս, որ ամենից շատ և ամենից շուտ հնանում է կոնկրետ սյուժեն: Սայաթ-Նովայից 600 տարի առաջ ապրում էր մի հայ, որին շատ բաներով կարող ենք համարել մեր նախահայր: Խոսքը Ներսես Շնորհալու մասին է: Նա լինելով հայ կաթողիկոս, միաժամանակ, մեծ բանաստեղծ էր, մեծ երգիչ, կոմպոզիտոր և երաժիշտ: Դարեր շարունակ նրա գլուխգործոցը համարվել է «Ողբ Եդեսիոյ» պոեմը, մի հսկայական գործ, որը գրվել է մեկ հանգով: Պոեմն ունի կոնկրետ սյուժե, գրվել է Եդեսիա հայկական քաղաքի կործանման առթիվ: Շնորհալուց մեզ հասել են նաև բազմաթիվ փոքրիկ բանաստեղծություններ, հոգևոր երգերի տեքստեր, որոնք ոչ իր ժամանակ, ոչ էլ հետագայում երբևէ չեն համարվել ու չեն էլ կարող համարվել գլուխգործոց: Բայց ահա այսօր մենք՝ Շնորհալու մեծ երկրպագուներս, միաբերան կարող ենք հաստատել, որ Շնորհալու գլուխգործոցը կարդում են միայն նրանք, ովքեր պիտի քննություն տան բանասիրական ֆակուլտետում: Ընթերցողի համար բնավ հետաքրքրական չէ, թե որտե՞ղ է այդ Եդեսիա քաղաքը, ե՞րբ է կործանվել, ինչու՞ է կործանվել: Կոնկրետ պատմական սյուժեն, հեռանալով մեզանից, դադարել է մեզ հետաքրքրելուց: Այդպես նաև այն բոլոր պոեմների հետ, որոնք կապված են եղել կոնկրետ պատմական, նկարագրական իրադարձությունների հետ՝ գրված Շնորհալու ժամանակներից մինչև կոլխոզշարժման ժամանակները: Մինչդեռ նույն Շնորհալու փոքրիկ երգերը այսօր բոլորիս աչքին թվում են մի-մի գլուխգործոց, որոնք երգվում են, անգիր արտասանվում, և իրենց թարմությունը, կասկած չունեմ, չեն կորցնելու այսուհետև: Դրանք ներբողներ են լույսի, դրանք հայցեր են, հոգու ճիչեր՝ ուղղված առ Աստված, որոնց այսօր մենք չենք հավատում, բայց չէ՞ որ հավատում ենք ինքներս մեզ: Այստեղ արդեն կարևորը ոչ թե հասցեատերն է, այլ հոգեկան այն ճիչը, որը երբեք չի հնանում ու չի հնանալու, քանի մենք մարդ ենք: Եվ քանի որ խոսքը հասավ հոգու մասին, ապա ես չեմ կարող չասել, որ իմ ըմբռնումով ժամանակակից բանաստեղծությունը բնորոշելու համար այսօր հոգի բառը ես համարում եմ վճռական: Դարեր շարունակ բանաստեղծությունը կապել են սրտին, համեմատել երգի հետ ու երգ էլ կոչել: Եվ ճիշտ են արել, բայց սրտից ու գլխից բացի մենք ունենք ևս մի բան, որ ժամադրավայրն է այդ երկուսի և կոչվում է հոգի կամ ոգի: Արդի բանաստեղծությունը ընդհանուր ուրվագծով (և ճիշտ բանաստեղծությունն առհասարակ և միշտ) վեր է սիրտ կոչվածից և ավելին է երգ կոչվածից: Սիրտ ունենալը քիչ է, սիրելի բարեկամներս, հարկավոր է նաև հոգի ունենալ: Եվ ասածս արտառոց նորություն մի՛ համարեք: Այս «նոր»ությունը շատ լավ հասկացել էին տակավին հին հնդիկներն ու քրիստոնյաները՝ մարդկային անմահությունը հեղյուսելով ոչ թե սրտի տեղափոխության, այլ հոգու այլակերպության վրա:
Մենք (բազմադարյան մարդկությունը) լի և առատ ենք սրտառուչ խոսքերով, ուրեմն և՝ մի քիչ էլ կուշտ ենք: Այժմ արդեն մենք առավել կարիք ունենք այդ հոգու դիալեկտիկային, ավելի, քան սրտալի զեղմանը, որը (այդ սրտի զեղումը) հիմքն է նախնական արվեստի, բայց ոչ երբեք՝ զարգացած արվեստի: Դրանով (սրտալի զեղմամբ) բանաստեղծությունը ոչ թե վերջանում է, այլ սկսվում է միայն, ինչպես որ երաժշտական ստեղծագործության մեջ էլ երգը երկուշաբթին է միայն, և ոչ թե շաբաթը:
Այդ պատճառով էլ արդի բանաստեղծության հիմնական տիպարը, երաժշտական տերմինով ասած, ես համարում եմ ոչ թե երգային մտածողությունը, այլ համանվագայինը (սիմֆոնիզմը): Ոչ թե մենաձայնությունը, այլ բազմաձայնությունը: Եվ սիմֆոնիզմ ու բազմաձայնություն ասելիս` ես չեմ ենթադրում անպատճառ սիմֆոնիա (պոեմ) կամ երգչախումբ (դրամատիկական պոեմ): Սիմֆոնիզմ և բազմաձայնություն՝ նույնիսկ 10-15 տողանոց բանաստեղծության մեջ: Ոչ թե մի երգ, որի եղանակը վերջանում է առաջին իսկ տնով (հետագա տների խոսքերն են փոխվում, իսկ եղանակն ու կրկներգը մնում են նույնը), այլ մի երգ, որի յուրաքանչյուր հաջորդ տունը նախորդ տան եղանակը փոփոխակում ու զարգանում է բոլորովին այլ ձևերով: Իսկ սիմֆոնիկ զարգացած երաժշտությունը ոչ թե բացառում, այլ ենթադրում է նաև այն, ինչ կոչվում է դիսոնանս, որ բանաստեղծության տիտղոսավոր և անտիտղոս գնահատողները հաճախ կոչում են «կոպիտ տեղեր» կամ «արձակայնություն»: Եկեք երաժիշտներին չծիծաղեցնենք մեզ վրա, դիսոնանսը երաժշտության ու երաժշտի թուլությունը չէ կամ անզորությունը, այլ ուժն է ու կարողությունը: Եվ անհամեստություն կհամարվի, եթե ասեմ, որ այսօրվա մարդը առավել բարդ կառուցվածք ունի, քան Դանեմարքայի արքայազնը: Այդ դեպքում արտահայտվեմ ավելի համեստ. մի՞թե մենք ավելի բարդ չենք, քան նույն այդ արքայազնի զրուցակիցները՝ գերեզմանափորը կամ խեղկատակը: Գոնե պիտի ամաչել այդ գերեզմանափորից ու խեղկատակից և 20-րդ դարի բանաստեղծությունը չըմբռնել իբրև խաղիկ-ջանգյուլումների բազմահարկություն: Խորալներ են ղողանջում մեր հոգում, իսկ մեզ ուզում են հաճույք պատճառել ճաշարանային նվագախմբով: Ռեքվիեմների կարիքն է մեզ տանջում, իսկ մեզ խորհուրդ են տալիս գնալ պարային հրապարակ: Սիմֆոնիաների են ծարավի մեր ականջները, իսկ մեր նույն այդ ականջները քաշում են հենց այդ պատճառով և, ականջներից քաշելով, ստիպում լսել հովվական այն շվին, որ ընդամենը երկու ծակ ունի՝ մեկի անունը՝ «հույզ», մյուսի անունը՝ «սիրտ»:
Վաղուց է եկել ժամանակը մտածող-մտավորական- իմացականությամբ լեցուն հերոսի՝ լինի դա քնարական հերոս, թե հերոս վեպ ու վիպակի: Ու եթե այդպես դատենք՝ արժե՞ արդյոք այնքան շատ խոսել ժողովրդական բանահյուսությունից օգտվելու, դա մշակելու-վերամշակելու անհրաժեշտության մասին: Բանահյուսությունն ունի իր անկրկնելի հմայքն ու հարստությունը: Եվ ամեն ազգի գրող էլ, ծնվելով ու մինչև մեռնելը, օգտվում է դրանից` ինչպես օդից: Բայց չմոռանանք նաև, որ բանահյուսությունն այլևս չի զարգանում, որովհետև չի կարողանում (անեկդոտները չհաշված): Ու եթե դեռ զարգացող բանահյուսություն կա, այդ էլ միայն հետամնաց ազգերի մեջ:
Արդ՝ հարաբերականության տեսության աղը ծամած, քվանտային տեսությունը համտեսած, կիբեռնետիկայով կոկորդը ողողած ընթերցողիս և ընթերցողիդ ինչպե՞ս պիտի հոգեպես գոհացնես քո ֆոլկլորային մտածելակերպով: Գրականությունը երգի ու պարի ազգային անսամբլ չէ, ոչ էլ համերգային դահլիճներում օր ու գիշեր ելույթ են ունենում նմանատիպ անսամբլները միայն:
Ինքնին հասկանալի է, որ եթե ես՝ իբրև ընթերցող, չեմ բավարարվում սրտառուչ զեղումներով և պահանջը ունեմ հոգեկան կերակուրի, ուրեմն և՝ չեմ կարող լրջորեն պոեմ համարել այն, ինչ կոչվում է կոնկրետ սյուժետային բանաստեղծություն: Ինձ բնավ չի հետաքրքրում, թե Վորոնեժ կամ մեկ այլ քաղաքում անձրևոտ թե արևոտ մի եղանակի ո՞վ էր քայլում, ու՞մ հանդիպեց և ինչո՞վ վերջացավ նրանց հանդիպումը: Հիշենք, որ պոեզիայի բազմադարյան սիմվոլը եղել է ոչ թե …-ը կամ կրիան, այլ պեգասը, որը միայն ձի չէր, այլև թևավոր ձի: Ուստի և` պոեզիան չի կարող լինել գետնատարած, գետնահուպ, նա պետք է լինի հրեղեն ձի, որը ոտները գետնին չի դիպցնում: Ուստի և` այլևս տարածականը չէ նրա մեծության չափանիշը, այլ մխվածք կամ սլացք. այլևս պետք է լինել ոչ թե երկրաչափ կամ աշխարհագրագետ, այլ երկրաբան կամ օդաչու, ոչ թե փռվել, լճանալ, այլ մտնել տուրբին՝ ջրի պես կամ գազի նման, հետազոտել մութը` լինի դա մթնոլորտ կամ ընդերք, միևնույն է: Այլ կերպ և մասամբ կրկնելով ասածը` պետք է մտնել ոգու ոլորտները, շահագործել հոգու հարստությունը: Այսինքն՝ նորից ու նորից հիշել, որ մեր մասնագիտության սիմվոլը հրեղեն ձին էր:
Այսքան կողմնակից լինելով ձիուն՝ հարկ եմ համարում նշել, որ ես ոխերիմ թշնամին եմ նրա մեկ հատկության: Ինչպես հայտնի է, նա ճանճեր քշելու համար անում է գլխի մի շարժում միայն, վերևից ներքև, որի թարգմանությունը մարդկային լեզվով կոչվում է՝ այո: Բանաստեղծն ամեն բան կարող է լինել, բայց ոչ բոլոր դեպքերում և բոլոր հարցերին այո պատասխանող: Իմ կարծիքով, դա ցինիզմի վատթարագույն տեսակն է:
3. Այո՛, ես կողմնակից եմ մեծ գաղափարներով հագեցած, ինտելեկտուալ կշիռ ունեցող բանաստեղծության, որով հեշտությամբ չպիտի մոռանանք, որ կենդանական աշխարհի ցուցակի մեջ մենք կոչվում ենք հոմո-սափիենս, մեծ բանական կենդանի ենք: Ինչքան էլ պոեզիան լինի հակոտնյա գիտություն, ինչքան էլ դա համարվի մարդու ոչ թե իմացական աշխարհի, այլ զգացմունքային աշխարհի արտահայտություն, այնուհանդերձ չպիտի մոռանանք, որ մեր զգացմունքն էլ բանական է, և մեր ամենաթաքուն, տակավին չըմբռնված հույզերի ու զգացմունքների մեջ մշտապես ներկա է մեր միտքը: Այս չափով էլ բանաստեղծության գաղափարայնությունը, բանաստեղծության մտավոր լիցքն ինձ համար ունի վճռական կշիռ: Վկա՝ համաշխարհային ողջ պոեզիան, այդ թվում նաև այն Սայաթ-Նովան, որով սկսեցինք մեր զրույցը: 200 տարվա ընթացքում մարդկությունը գաղափարապես զարգացել է այնպես, որ Սայաթ-Նովայի արտահայտած և պաշտպանած գաղափարների մի զգալի մասն այսօր մեզ համար հնացած են բացարձակապես, և այդ այն դեպքում, երբ նրա արտահայտած մարդկային հույզերն ու ապրումները, երբ նրա հոգեկան խռովքը լիապես թարգմանում է մեզ՝ XX դարի քաղաքացիներիս:
Ինտելեկտուալ պոեզիայի անունից խոսողները չպիտի մոռանան նաև այս հանգամանքը, որը, ճիշտն ասած, ոչ թե հանգամանք է, այլ արվեստի էությունն է: Ուրեմն, եթե ճիշտ է, որ այն ամենը, ինչ կարելի է գրել վեպով կամ օչերկով, բանաստեղծություն չէ, ապա ճիշտ է, որ պոեզիա չէ այն ամենը, ինչը կարելի է կարդալ այս կամ այն մենագրության, հոդվածի կամ գիտապոպուլյար շարադրանքի մեջ: Մի բան, որ այնքան նկատելի է, այսպես կոչված, ինտելեկտուալ պոեզիայի մեջ: Հիշեցնեմ, որ այն դարը (XVIII), որի ծնունդն էր Սայաթ-Նովան և որը մարդկության լավագույն դարերից մեկն է, բանականության և լուսավորիչների դարը, մեզ կտակելով անգնահատելի ժառանգություն, զարմանալիորեն շատ քիչ բան տվեց բանաստեղծության մեջ: Եկեք չվախենանք հիշելու այնպիսի վիթխարի մարդկանց, որպիսիք են, ասենք, Վոլտերն ու Լոմոնոսովը, իսկական գիգանտներ, որոնց պոեզիան իրենց վիթխարի գործունեության ամենաթույլ տեղն է: Բնական է, որ այսքանից հետո պոեզիայի ժանրերից ամենից մնայունը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային գրականությունը, բանաստեղծությունն է: Ահավասիկ, մի այնպիսի հանճար, ինչպիսին է Ֆիրդուսին՝ իր «Շահնամեով»: Մարդկային տիտանական աշխատանքի մի արդյունք և նրա կողքին՝ իր ժամանակակից Խայամը՝ իր փոքրիկ քառյակներով. մեզ համար` նրանցից հազար տարի հետո ապրողներիս համար, ո՞րն է ավելի մնայուն, կենդանի, ընթերցվող Ֆիրդուսու բազմահատոր «Շահնամե՞ն», թե՞ Խայամի փոքր հատորյակը: Ինչպես տեսնում ենք, պոեզիայի մնայունության մասին դատելիս ապագան զրկված է մեզ օգնելու հնարավորությունից: Ոչ մի մարգարե չի կարող ասել, թե ի՞նչ է լինելու 100 տարի հետո: Այստեղ մեր լավագույն խորհրդատուն կարող է լինել անցյալը, որը, կարծում եմ հազարավոր օրինակներով ապացուցում է զուտ լիրիկական և փիլիսոփայական բանաստեղծության առավելությունը պատմողականի և նկարագրականի հանդեպ:
4. Թվում է, թե այս հարցին պատասխանելը ամենից հեշտն է, որովհետև ես որոշակի նախասիրությունների բանաստեղծ եմ և անկարելի է, որ չունենամ իմ ամենից մոտիկ բանաստեղծները, բայց հարցի դժվարությունը կայանում է նրանում, որ ես դեղձ էլ եմ սիրում, խաղող էլ, մանդարին էլ: Ինձ շատ ու շատ կողմերով մոտիկ է, օրինակ, լիտվական բանաստեղծ Մեժելայտիսը, ռուս նորագույն բանաստեղծներից ամենից շատ հավանում եմ Անդրեյ Վոզնեսենսկուն: Մեժելայտիսի մեջ, օրինակ, ինձ դուր է գալիս նրա անկաշկանդությունն ու փիլիսոփայական այն հայացքը, որով նա նայում է կյանքին ու մարդուն:
Ես այսօր շատ երկար խոսեցի պոեզիայի այն տեսակի մասին, որը կապում եմ հոգի բառի հետ: Ինձ թվում է, որ այդ ուղղությամբ ամենից շատ տառապում և արդյունքի է հասնում Անդրեյ Վոզնեսենսկին:
Քաղաքակրթության ներկա էտապում մենք կանգնած ենք պարադոքսալ վիճակի առջև: Մի կողմից, երկրագունդն այնքան է փոքրացել, որ կարծես թե լինի իսկապես գլոբուս, կրճատվել են տարածությունները: Մոսկվայից Նյու Յորք գնալու և վերադառնալու վրա մենք ծախսում ենք ավելի քիչ ժամանակ, քան կծախսեին մեր հայրերը Մոսկվայից Լենինգրադ գնալու համար: Ռադիոն և հեռուստացույցը մայրցամաքները մոտեցրել են այնքան, որ կարծես թե դարձել են դրկիցներ: Ոչ մի ժամանակ մարդիկ այնքան կապված չեն եղել, որքան հիմա, բայց, մյուս կողմից, քաղաքակրթության նույն բարիքները մեզ գամել են մեր տներին՝ մեզ դարձնելով մի տեսակ մենատնտես: Աշխարհ տեսնելու փոխարեն մենք կարող ենք նայել կինոնկար, ըստ որում, մեր սեփական տանը, մեր սեփական հեռուստացույցի առջև:
Գնացք նստելու ու հարյուրավոր մարդկանց հետ կամա թե ակամա ծանոթանալու փոխարեն` մենք օգտվում ենք ինքնաթիռի ծառայությունից, որի մեջ իրար անուն հարցնելու ժամանակ էլ չենք գտնում: Այս չափով էլ մենք հետզհետե ավելի ենք առանձնանում մեր շրջապատից: Ստացվում է այնպես, որ ոչ մի ժամանակ մենք այնքան միասին չենք եղել և միաժամանակ՝ այնքան առանձնացած: Այսպիսի պայմաններում մեր հոգեկան տվայտանքների և մեր խորունկ խոհերի ու ապրումների լավագույն թարգմանը կարող է լինել մարդկային քաղաքակրթության ամենահին միջոցներից մեկը՝ պոեզիան: Բառերն էլ շատ գործածելուց մաշվում են, հաճախ նույնիսկ զրկվում են իրենց վսեմ նշանակությունից: Այդպիսի բառերից մեկն է՝ խաղաղություն: Բայց իսկապես էլ, մեր դարաշրջանում ավելի քան երբևէ, խաղաղությունը ձեռք է բերում ճակատագրական նշանակություն: Աշխարհի ամենամեծ նվաճողներն էլ անցյալ դարերում իրենց արծարծած պատերազմներով սպառնացել են երկրագնդի այս կամ այն մասին միայն: Մենք հիմա ապրում ենք մի այնպիսի, իսկապես էլ, անհանգիստ դարում, տեխնիկայի զարգացման այնպիսի մի փուլում, երբ պատերազմի վտանգը իսկապես էլ հավասարվում է մարդկության քաղաքակրթության կործանման վտանգին: Այստեղ է, որ մենք՝ բանաստեղծության սպասավորներս, ստանում ենք մի բոլորովին նոր պաշտոն: Իմ խորին համոզումով, բանաստեղծ և դիվանագետ հասկացությունները ոխերիմ թշնամիներ են: Բայց կա դիվանագիտության մի տեսակ, որն այդ յանուսյան բառին տալիս է սրբազան նշանակություն: Խոսքս հոգու դիվանագետների մասին է: Ինձ թվում է, որ մենք` այս անհանգիստ դարի բանաստեղծներս, մեր արվեստով պիտի կոտրենք հենց այդ դարը՝ վարելով հոգեկան մի բանակցություն, որի հիմնական նպատակն է ոչ թե թաքուն պատերազմ վարելը, մի բան, որ հատուկ է, այսպես կոչված, կլասիկ դիվանագիտությանը, այլ այդ պատերազմը հետաձգել այնպիսի մի անորոշ ժամանակով, որ հավիտյան է կոչվում: Հայտնի է, որ աստվածաշնչյան ժամանակներում, ինչպես նաև հին Հունաստանում կային հատուկ ամիսներ, երբ ամենակատաղի պատերազմն անգամ դադարում էր, ինչպես, օրինակ, ուխտագնացության և օլիմպիական խաղերի ժամանակ: Մենք՝ բանաստեղծներս, որ հավերժական ուխտավորներ ենք սիրո և բարության, մենք, որ դարավոր կրողներն ենք օլիմպիական ջահի, պիտի անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի տարին իր 12 ամիսներով դառնա խաղաղության:
Կա՞ ավելի վսեմ ծառայություն, քան ասածս: Չեմ կարող չավելացնել նաև, որ ինձ համար` իբրև մի ժողովրդի զավակի, որ թերևս ամենից շատ վտանգված ժողովուրդն է եղել դարերով, խաղաղությունը բառ չէ, այլ գոյության պայման:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1889 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Պարույր Սևակ