Բարձր Վերածնունդի խոշորագույն ներկայացուցիչ Ռաֆայել Սանտին ծնվել էր 1483թ. Ումբրիայում, նկարիչ Պիետրո Ջովաննի Սանտիի ընտանիքում: Նախնական կրթությունը ստացել էր հոր մոտ, այնուհետև Պերուջինոյի արվեստանոցում: Ռաֆայելն ապրեց ընդամենը 37 տարի, իր մահկանացուն կնքելով 1520թ.:

       Նրա ստեղծագործությունը բաժանվում է 3 շրջանի` վաղ, կամ կայացման շրջան, ֆլորենտական շրջան և հասուն շրջան:

        Վաղ շրջանի աշխատանքներից են <<Սուրբ Սեբաստիան>>, <<Ասպետի երազը>>, <<Երեք գրացիաներ>>,  <<Մարիամի նշանադրությունը>>: Վերջին աշխատանքում Ռաֆայելը լուծում է բարդ հեռանկարային խնդիր, մասնատելով և տրոհելով հարթությունը երեք պլանի: Ետևում երևացող եկեղեցու գմբեթը ասես ամփոփվում է շրջանակի կիսատոնդո կտրվածքով:

         Շուտով նա տեղափոխվում է այնժամյա Իտալիայի արվեստների կենտրոն` Ֆլորենցիա, ուր ստանում է մեծ պատվեր նկարելու <<Տիրամայրը Մանկան հետ>> կոմպոզիցիան: Սրանք թվով 27 են, նկարված տարբեր պատվիրատուների համար, որոնց պայմանական անվանում են <<Ռաֆայելի ֆլորենտական Տիրամայրեր>>: Ռաֆայելի Տիրամայրերը ունեն հստակ կոմպոզիցիոն լուծում և բոլորը կառուցված են բրգաձև սկզբունքով: Սակայն ֆոնի հարցում նրա մոտեցումը երկակի է` կամ մուգ նեյտրալ ֆոն, կամ էլ բնապատկեր:

            Ռաֆայելի այս հորինվածքները շատ ինքնատիպ են, որով իսկ նրան չի կարելի շփոթել ժամանակի այլ նկարիչների հետ: Եթե Լեոնարդոյի նույնանուն աշխատանքներում պատկերվում է խաղային պահը (օր. <<Տիրամայր Բենուա>>, <<Տիրամայր  Լիտտա>>), ապա Ռաֆայելի մոտ շեշտվում է Մայր և Որդի ներքին էմոցիոնալ հուզական կապը, որը արտահայտվում է մի չնչին ձեռքի հպումով, կամ որքը ոտքին հենումով: Հաջորդ առանձնահատկությունը` մանուկ Քրիստոսի դեմքն է` հասուն հայացքով և այդ տարիքին ոչ բնորոշ աչքերի տրագիկ  արտահայտությամբ (օր. <<Տիրամայր Գրանդուկա>>, <<Տիրամայրը մարգագետնում>>, <<Սուրբ ընտանիք>>):

            Հռոմի պապ Հուլիոս II-ի  հրավերով Ռաֆայելը գալիս է Հռոմ, ուր աշխատում է դարի խոշորագույն կառույցի` Սուրբ Պետրոսի տաճարի ճարտարապետական ձևավորումներում: Զուգահեռ նկարազարդում է պապի  առանձնատան` Վատիկանի 6 սենյակները` ստանցաները: Դրանք հսկայական որմնանկարներ են <<Disputa (Զրույց)>>, <<Երաժշտություն>>, <<Պոեզիա>>, <<Փիլիսոփայություն>> վերնագրերով և, առավել հայտնի` <<Աթենքի դպրոցը>>: Այստեղ պատկերված են Սոկրատեսը, Արիստոտելը, Պլատոնը, Դեմոկրիտը, որոնք նկարված են Լեոնարդոյի, Միքելանջելոյի, Բրամանտեի կերպարներով: Այստեղ կգտնենք նաև իր`Ռաֆայելի ինքնադիմանկարը, որմնանկարի աջակողմյան մասում: Ֆիգուրները դասավորված են հորիզոնական երկու շերտով: Ետևում պատկերված է ճշգրիտ հեռանկարով, ասես մաթեմատիկական հաշվարկավ, ճարտարատետական ֆոն: Տպավորություն է, որն դա իրական միջավայր է, այլ ոչ թե որմնանկար: Կամարաձև շրջանակը ամփոփում է հավերժության խորհրդանիշ` հին հունական մեանդրը:

              Ռաֆայելի վրձնին են պատկանում նաև բազմաթիվ դիմանկարներ, որոնցից են <<Պապը երկու կարդինալների հետ>>, <<Դոնյա Վելատա>>, <<Բալտասար Կաստիլիոնե>> աշխատանքները:

             Ռաֆայելի գլուխգործոց է համարվում <<Սիքստինյան Տիրամայրը>>(Գերմանիա, Դրեզդենի ազգային պատկերասրահ), նկարված պապի պատվերով: Կոմպոզիցիան դարձյալ բրգաձև է: Կենտրոնում Մարիամն է` Որդին գրկին: Աջ կողմում` Սուրբ Վարվարան, ձախից` ծնկաչոք Հռոմի պապը, որն, ի հարգանս, հանել է հանդիսավոր տոնական գլխարկը` տիարան: Այն նկարված է ձախ անկյունում, որը հավաքում է կոմպոզիցիան և դիտողի ուշադրությունը կենտրոնացնում հիմնական գործող արձանց` Մարիամի և մանուկ Քրիստոսի վրա: Նկարի ներքևուն, ասես շրջանակին հետված, պատկերված են երկու հրեշտակներ: Նկարի ֆոնը պատված է բազմաթիվ գանգերով` դա մարդկությունն է, որը սպասում է Քրիստոսի գալստին:

                   Առաջին հայացքից թվում է, թե բոլորը նայում են Մարիամին և Քրիստոսին: Սակայն, Սուրբ Վարվարան, պատկառանքից, աչքերը ուղղել է ներքև, հրեշտակները, ճիշտ է նայում են վերև, սակայն ոչ Նրանց, այլ 45 աստիճանի անկյան տակ, իսկ պապի հայացքը չի կանգնում Նրանց վրա, այլ սահում, ձգվում է վերև: Ստացվում է, որ Նրանց նայում ենք միայն մենք` դիտողներս, և Նրանք էլ նայում են միայն մեզ: Այստեղ արդեն մնացած պերսոնաժները դառնում են երկրորդական, և մենք կենտրոնանում ենք միայն Մարիամի և Քրիստոսի կերպարների վրա: Ինչ է կատարվում այստեղ: Մարիամը իր ամպոտ ոտքերով վերևից իջնում է դեպի մեզ, բերելով իր միակ Որդուն: Մի ձեռքով Նա տալիս է Որդուն մեզ, իսկ մյուս ձեռքով` չուզենալով տեսնել ապագա գալիքները` ամուր սեղմում է Քրիստոսին իր կրծքին: Մեր հայացքը շրջում է մի ձեռքից մյուսի ուղղությամբ, մեր կրքերը բորբոքվում են և առավել լարվում գլխաշորի ամփոփ շարժման մեջ, հետո նորից և նորից: Եվ Նրանց հարցական և, առավել ևս Քրիստոսի, տրագիկ հայացքները.<<Ինչի համար>>: Մարիամը բերում է Քրիստոսին մարդկության համար, տվյալ պահին, այդ մարդկությունը ես եմ, բայց արդյոք ես պատրաս եմ ինձ վրա վերցնելու խաչելության ոճրագործության ողջ բեռը, արդյոք ես արժանի եմ: Եվ հանկարծ հասկանում եմ, որ ոչ, ես չեմ կարող ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը: Նկարն այնպիսի ազդեցություն ունի դիտողի վրա, այնպես է ստրկացնում և ենթարկացնում, որ քաջ սկսում ես գիտակցել սեփական անզորությունդ:

Ռաֆայելը երջանիկ նկարիչ էր: Նա, ունենալով շատ պատվերներ և սիրված լինենլով իր արվեստը գնահատողների կողմից, աշխատում էր արագ և ուրախ: Արվեստը երբեք նրա համար ծանր բեռ չի եղել: Ռաֆայելը չսահմանափակվեց միջնադարյան լեգենդները կրկին մեկնաբանելով: Իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Սիքստինյան Տիրամայրը» նա նկարեց մոտավորապես 1515-1519 թվականներին: Այս նկարը պարուրված է շատ գաղտնիքներով: Հետազոտողներից ոմանք գտնում են, որ Մարիամը համարյա զրկված է շղարշից: Գլխին չկա թագը, հագի զգեստը հասարակ կտորից է, ոտքերը բոբիկ են և ընդհանրապես պատկերված է հասարակ կնոջ կերպարանքով: Բայց այդ որոբոբիկ կնոջը դիմավորում են թագուհու, երկնային տիրուհու պես: Հետազոտողների մեկ այլ խումբ գտնում է, որ այս Տիրամոր կերպարում երկրային ոչինչ չկա: Դա աստվածուհի է` մարդկային կերպարանքով: Ամպերի վրա կանգնած Տիրամայրը աշխարհին ներկայացնում է իր աստվածային որդուն: Ոմանք նրա մեջ տեսնում էին միայն կրոնական, մյուսները թաքնված բարոյա-փիլիսոփայական իմաստ, իսկ մեկ այլ դարում տեսնում էին միայն զուտ գեղարվեստականը: Բայց այս երեք տեսակներն իրարից անբաժան են և այս կերպարում հանդես են գալիս միասնական ձևով: Նկարում չկա ոչ երկինք, ոչ երկիր, ոչ սովորական բնակարան: Մարմինների միջև ընկած բաց տարածությունը ծածկված է ամպերի ՝մուգ գույնով ներքևում և ավելի բացով ՝ վերևում: Տիրամոր մի կողմում սուրբ Սիքստի ծերացած մարմինը քարացել է հանդիսավոր խոնարհման մեջ: Մեզ ուղղված նրա ձեռքը ընդգծում է նկարի կարևորագույն իմաստը՝ Աստվածամոր հայտնությունը մարդկանց: Մյուս կողմում խոնարհվել է սուրբ Վեներան և երկու կերպարները կարծես պարփակում են Մարիամին: Տիրամայրը ակնածանքով և մեղմորեն կրծքին է սեղմել  որդուն: Մարդկության պաշտպան Մարիամը մարդկանց ընդառաջ է տանում իր որդուն: Նրա միայնակ ընթացքի մեջ ամբողջությամբ ներկայացված է դրամատիկ և վշտահար զոհաբերությունը՝ դատապարտված է Աստվածամայրը: Իր կտավում Ռաֆայելը ներկայացնում է հիասքանչ տեսիլք և դրանով կարծես կատարել է անհանարինը: Նկարը լուսավորված է թրթռացող լույսով: Այդ լույսը մեկ հազիվ նշմարվում է, մեկ փայլում է, և այդ նախափոթորկային վիճակը անդրադառնում է փոքրիկ Քրիստոսի դեմքին: Նա կարծես տեսնում է մոտեցող փոթորիկը և հեռավոր դժբախտության նկարագիրը: Այս կտավը քրիստոնեության մեջ իդեալի ամենակատարյալ մարմանցումն է: Ռաֆայելը ստեղծեց Աստվածամոր ամենագեղեցիկ կերպարը՝ նրա մեջ միավորելով կրոնական բարձրագույն գաղափարը բարձրագույն մարդկայինի հետ:

               Եթե Ռաֆայելը ստեղծեր միայն <<Սիքստինյան Տիրամայրը>>, այդժամ էլ կարելի էր նրան համարել մարդկության ամենահզոր, մտածող և փիլիսոփա նկարիչներից մեկը:

Դիտեք բոլոր աշխատանքները http://www.raphaelsanzio.org/.

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2536 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: