Առակը խրատական բնույթի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն է: Առաջացել է ժողովրդական բանահյուսության մեջ, հետո սկսել է մշակվել առակագիր գրողների կողմից:

Առակներում հանդես են գալիս ինչպես մարդիկ, այնպես էլ կենդանիներ, բույսեր…: Նրանց միջոցով ծաղրվում են մարդկային վատ սովորույթները, գովաբանվում առաքինությունները: Այլաբանորեն գործածվելով` շատ կենդանիներ վերածվել են խորհրդանիշների, օրինակ առյուծը` քաջության, հզորության, աղվեսը` խորմանկության, էշը` հիմարության….

Ամենահին առկագիրը եղել է հույն Եզոպոսը: Նշանավոր առակգիրներ են Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, ֆրանսիացի Լաֆոնտենը, ռուս Իվան Կռիլով… Սակայն այսօր Ձեզ կներկայացնենք ոչ այնքան շատ հայտնի որպես առակագիրների առակները:

ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ

Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդուռ, Էլ չթողեց տուն-կտուր, Ջահել ահել գեղովի, Ջոջերին ջոկ տեղովի Կանչեց, բերեց ժողովի Թե ի՞նչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն: Եկան գյուղի ջոջերը, Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խոսեց իր հերթին. -Լսե´ք, մկներ ցեղակից, Չունեմ որդի, կողակից, Ես մի անտեր ծերուկ եմ, Բայց պատվավոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի, Պետք է մեռնեմ անոթի… Սովն է չոքել դռանը, Ախ, մռռանը, մռռանը, Վեր է ընկել մառանը, Ինչքան ասես նազ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Ուտի, քեֆը չաղ անի, Էսպես զուլում ու կրակ, Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թե ազնիվ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը, Ցավն էլ ունի իր դեղը… Ա´յ, բերել եմ ես մի զանգ, Ծափ, ծլնգոց, Մեջը զնգոց. Կատվի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրորա, Որ ինչքան էլ շորորա, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի: Է´, զանգը ո՞վ կախ անի. -Ալո, դու´: -Ալո՞ն տանի: -Բալո, դու´: -Բալո՞ն կախե: -Չալո, դու´: -Չալոն կաղ է: -Մստո, դու´: -Մստոն կարճ է: -Փոստո, դու´: -Էդ էլ խի՞ղճ է: -Համբո, դու´: -Ես տկար եմ: -Չամբո, դու´: -Ասենք` տարա, Բա որ կատուն գա ինձ վրա՞: -Բտոն, Խտոն թող մեկից Բռնեն կատվի քամակից: -Ի՞նչ է խոսում չոր գանգը, Լավ է դու տար էդ զանգը, -Ի՞նչ է խոսում չոր գանգը, Լավ է դու տար էդ զանգը, Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ Ֆստան,- Ճստաց Բտոն ճստճստան: -Լռի´ր, հանդուգն, Կոտորվե´ք դուք, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թե՞զանգ կախեմ,- -Գոչեց ջոջը, Քաշեց պոչը: Աթաբեկ Խնկոյան (Խնկո Ապեր).

Աղավնին ու ագռավը

Ապշել էր մանուկ աղավնին բարի, Որ, իբր ագռավն հինգ հարյուր տարի, Կամ թե երեք դար Կապրի անդադար, Ու գեթ մի դարի կյանքի ծարավից՝ Ուզեց իմանալ գաղտնիքն ագռավից. ― Այդ ինչի՞ց է, որ՝ Ես էլ թևավոր, Բայց դու մեզանից երկար ես ապրում, Դու, որ չարժեիր իմ ոտի փոշին. ― Արի գաղտնիքը քեզ ցույց տամ իսկույն,― Ասաց ագռավը և իջավ լեշին՝ Կտուցը խրեց հոտած լեշի մեջ․․․ Բայց իսկույն սոսկաց աղավնին իմ խեղճ. ― Թող կյանքս, ասավ, մի վայրկյան լինի, Լավ է քիչ ապրեմ, իբրև աղավնի, Քան թե դարերով, բայց իբրև ագռավ,― Ասաց աղավնին ու երկինք թռավ: Հովհաննես Շիրազ.

Աղավնիներն ու անգղը

Եվ անգղն ասավ աղավնիներին. ― Երանի ասեմ ձեր փոքրիկ փորին, Բավ է ցորենի մի երկու հատիկ, Որ ձեղ ողջ օրը պահե երջանիկ. Մինչ ես օրերով մնում եմ սոված, Ես, որ անգղն եմ բոլորիդ գոված, Դուք եք բախտավոր ու վայ իմ օրին, Որ նախանձում եմ ձեր փոքրիկ փորինֈ Բայց աղավնիներն ասացին նրան. ― Իրավ ես ասում, ով թրաբերան, Բայց լավ իմանաս՝ Սոված կմնաս, Քանի միս ուտես, մնաս գիշատիչ, Քեզ նմաններին սովն էլ է դեռ քիչ: Հովհաննես Շիրազ.

*******

Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող ժայռի գագաթին` ինքն իր հետ խոսելով.
– Այլևս չեմ կարող… այլևս չեմ կարող ապրել մեղքերի բեռից և ծանրությունից ու այսքան անհաջողություններից…
Ժայռի գագաթին կանգնած նա տեսնում է Հիսուսին, որը փոքրիկ քարեր էր գցում ծովի մեջ: Հետաքրքրությունից դրդված նա հարցնում է.
– Տեր Հիսուս, նախքան ինձ այս ժայռից ցած գցելը, կուզենայի իմանալ, թե ինչո՞ւ ես քարեր նետում ծովի մեջ:
Հիսուսը պատասխանում է.
– Ցանկանում եմ ծովը լցնել քարերով և ժայռին հավասարեցնել, որպեսզի չկարողանաս նետվել այդտեղից:
– Բայց, Տեր, գիտենք, որ Դու ամենակարող ես և իմաստություն պարգևողն ես, Քեզ համար անկարելի ոչինչ չկա, մի քանի րոպեում Դու կարող ես ծովը ցամաքեցնել ու ժայռին հավասարեցնել, իսկ այսպես անելով, հազար տարի էլ անցնի, փոքրիկ քարերով ծովի երեսը նույնիսկ չի ծածկվի…», – ասում է զարմացած մարդը:
Հիսուսը պատասխանում է.- Ահա այսպես էլ Աստծու սերը, ներողամտությունը, ողորմությունն ու փրկությունն են, որոնք այնքան մեծ են ու անսահման, որ մեղքերդ չեն կարող ծածկել դրանք: Գնա՛, զղջա՛ և ապաշխարի՛ր ու մեղքերիդ ծանրությունիդ կազատվես:
Մարդը, անդրադառնալով իր սխալին, լսում է Հիսուսին ու գլուխը կախ հեռանում ժայռի գագաթից: Հովհաննես Մանուկյան:

******

Մի անգամ երկու մարդ գրազ եկան: Նրանցից մեկն ասում էր, որ եթե հացի վրա կարագ քսեն, ապա վայր ընկնելիս հացը միշտ ընկնում է կարագ քսած կողմով ներքև: Մյուսը պնդում էր, որ հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմի վրա: Նա, ով պնդում էր, թե հացը կարող է նաև դատարկ կողմով ընկնել գետնին, իր խոսքերն ապացուցելու համար հացի վրա կարագ քսեց և հացը վայր գցեց հատակին: Հացն ընկավ դատարկ կողմի վրա:
– Տեսնո՞ւմ ես՝ ես ճիշտ էի,-ասաց նա: – Հացը կարող է ընկնել նաև դատարկ կողմով:
– Դա ոչինչ չի նշանակում, – առարկեց մյուսը: – Դու հացի սխալ կողմի վրա քսեցիր կարագը:
Մարդիկ, չնայած ակնհայտ ապացույցներին, չեն սիրում խոստովանել իրենց սխալները:

Առակ տղայի և ծառի մասին

Վաղուց, շատ վաղուց մի մեծ խնձորի ծառ էր աճում: Փոքրիկ տղան սիրում էր խաղալ դրա շուրջն ամեն օր: Նա բարձրանում էր ծառը, ուտում խնձորները և քնում ծառի ստվերում: Նա սիրում էր ծառը, իսկ ծառ սիրում էր խաղալ նրա հետ: Բայց ժամանակն անցնում էր և փոքրիկ տղան մեծանում էր: Նա այլևս չէր խաղում ծառի շուրջն ամեն օր:

Մի օր փոքրիկ տղան ետ է գալիս ծառի մոտ` փոքր ինչ տխուր:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նրան ծառը:

– Ես այլևս երեխա չեմ, ես չեմ խաղում ծառերի շուրջն արդեն, – պատասխանում է տղան, – ինձ խաղալիքներ են պետք, բայց ես փող չունեմ դրանք գնելու համար:
– Ներիր, բայց ես նույնպես փող չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես պոկել իմ բոլոր խնձորները և վաճառել դրանք: Այդպես դու փող կունենաս:

Տղան ոգևորված էր: Նա պոկում է ծառի վրայի բոլոր խնձորները և երջանիկ հեռանում: Եվ երկար ժամանակ նա այլևս չի վերադառնում: Ծառը տխուր էր:

Մի օր, տղան վերադառնում է ծառի մոտ` արդեն տղամարդ դարձած: Ծառը հուզված էր:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:
– Ես ժամանակ չունեմ խաղալու, ես պետք է աշխատեմ և ընտանիք պահեմ, ինձ նոր տուն է անհրաժեշտ, դու կարո՞ղ ես ինձ օգնել:
– Ներիր, բայց ես տուն չունեմ, – պատասխանում է ծառը, – բայց դու կարող ես կտրել իմ բոլոր ճյուղերը և տուն կառուցել քեզ համար:

Եվ տղամարդը կտրում է ծառի բոլոր ճյուղերը և երջանիկ հեռանում: Ծառն ուրախ էր նրան երջանիկ տեսնելու համար, բայց տղամարդն այլևս չի վերադառնում: Ծառը կրկին տխուր էր և միայնակ:

Կրկին անցնում են տարիներ: Ամառային շոգ մի օր տղամարդը վերադառնում է ծառի մոտ և ծառը ուրախությունից ցնծում է:
– Արի և խաղա ինձ հետ, – ասում է նա:

– Ես արդեն մեծ եմ, – պատասխանում է տղամարդը, – ես ուզում եմ նավարկության մեկնել և մի փոքր հանգստանալ, դու կարո՞ղ ես ինձ նավակ նվիրել:
– Օգտագործիր իմ բունը` նավակ կառուցելու համար, – ասում է ծառը, – դու կարող ես լողալ ինչքան ուզես և երջանիկ լինել:

Եվ մարդը կտրում է ծառի բունը` նավակ կառուցելու համար: Նա մեկնում է նավարկության և երկար ժամանակ չի վերադառնում:

Վերջապես, շատ տարիներ անց, մարդը կրկին վերադառնում է:
– Ներիր տղաս, բայց ես այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – ասում է ծառը, – իմ խնձորները վերջացել են:
– Դա ոչինչ, – պատասխանում է մարդը, – ես այլևս ատամ չունեմ խնձոր ուտելու համար:
– Ես ճյուղեր էլ չունեմ, որպեսզի դու դրանց վրա բարձրանաս:
– Ես արդեն շատ մեծ եմ դրա համար, – պատասխանում է մարդը:

– Ես իրոք այլևս ոչինչ չունեմ քեզ համար, – արցունքոտ աչքերով ասում է ծառը, – միակ բանը, որ մնացել են` իմ չորացող արմատներն են:
– Իսկ ինձ ավելին պետք էլ չէ, – պատասխանում է մարդը, – միայն մի լավ տեղ հանգստանալու համար: Ես հոգնել եմ այսքան տարիներ անց:

– Շատ լավ, – ասում է ծառը, – իմ հին արմատներն ամենալավ տեղն են հենվելու և հանգստանալու համար, արի, նստիր ինձ մոտ և հանգստացիր: Մարդը մոտենում, նստում է ծառի տակ, իսկ ծառի աչքերին երջանկության արցունքներ են երևում:

Սա պատմություն է բոլորի համար: Ծառը նման է մեր ծնողներին: Երբ մենք փոքր ենք, մենք սիրում ենք խաղալ, վազել նրանց շուրջ: Բայց երբ մեծանում ենք, մենք թողնում ենք նրանց և գալիս ենք միայն այն ժամանակ, երբ ինչ-որ բանի կարիք ունենք կամ դժբախտության մեջ ենք: Բայց անկախ ամեն ինչից, մեր ծնողները միշտ տեղում են և պատրաստ տալու մեզ այն, ինչ նրանք ունեն, միայն թե մեզ երջանիկ տեսնեն:

Հ.Գ. Նվիրվում է բոլոր ծնողներին, ովքեր պահում, պահպանում, մեծացնում են մեզ, դնում ճիշտ ճանապարհի վրա և ամեն ինչ անում մեզ համար:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 301 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: