«ԱՂՎԵՍԱԳԻՐՔ»

ԳԱՐՈՒ ՀԱՇԻՎԸ Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»: Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ՈՐԴԻ Մի այրի կին ուներ տասը այծ և մի որդի: Եվ ամեն օր որդին այծերին տանում էր արոտ և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ և փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. «Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմռանը մեզ Թացան լինի»: Իսկ մի օր, երբ որդին այծերին արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, և անձրև եկավ, և հեղեղ եկավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով և դատարկ և ձեռքին միայն փայտը: Մայրն ասաց. «Որդի ուր են այծերը և ինչու դու այսօր արևով եկար»: Որդին ասաց. «Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին և փոխ տալիս հարևաններին, հավաքվեց և հեղեղ դարձավ և եկավ մեր այծերը տարավ լցրեց գետը»:

ՄԻԱՅՆԱԿՅԱՑ ԵՎ ԳԱՄՓՌ ՇՈՒՆ Մի միայնակյաց բնակվում էր մի գյուղի մոտ և գյուղում նա սիրեց մի աղջիկ և բազում ժամանակ նրա հետ շնանում էր պոռնկությամբ: Եվ գյուղի տանուտերն ուներ մի գամփռ շուն, որ խիստ պահող շուն էր և ամբողջ գյուղը պահում էր: Մի գիշեր միայնակյացը եկավ, որ շնանա այն կնոջ հետ և գյուղի եզրին նրան հանդիպեց տանուտերի շունը և գամփռեց նրա վրա և նրան կծեց և արյունը ճապաղ արեց և շատ վերքեր արեց և նեղելով նրան քշեց: Եվ միայնակյացը լալով և արյունաթաթախ մտավ խուցը և դուռը փակեց, զղջաց և չոքեց աղոթքի, լաց եղավ և կուրծքը ծեծելով ասաց. «Աստված, բազում ժամանակ է, որ շնացա և չվախեցա քո դատաստանից և ոչ դառն դժոխքից զարհուրեցի, բայց այս գիշեր զարհուրեցի մի գամփռ շնից և չկարողացա շնություն անել»:

ԱՅԾԵՐ ԵՎ ԳԱՅԼԵՐ Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին և ասացին, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն, այլ ոչ թե խաղաղություն: Եվ հավաքվեցին գայլերը և ուրախացան մեծ ուրախությամբ և նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհանամք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն. նաև իմացնում ենք ձերդ իմաստության,որ հովիվն ու շներն են պատճառ և սկիզբ մեր խռովության և կռվի. և եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով լինի խաղաղություն»: Եվ այս լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. «Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են,որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից»: Եվ այծերը վտարեցին շներին և հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Եվ այծերը ցրվեցին լեռները և դաշտերը և սկսեցին ուրախ լինել և ցնծալ և խաղալ,որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր և խնդում էին և վազվզում էին փառք տալով, որ հասան բարի ժամանակի: Եվ գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս ընկան այծերի վրա և կերան:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ Մի ոմն թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի ներկերով, որոնց նման ոչ մի տեղ չէր եղել: Եվ ընտրեց երկու նկարիչների և մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Եվ երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ, որ տեսնի նրանց գործը և տեսավ, որ մեկը նկարել է գեղեցիկ պատկեր և շատ հավանեց: Իսկ մյուսը բնավ ոչինչ չէր նկարել. նա պատը շատ գեղեցիկ սարքել էր և կոկել հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չէր նկարել, այլ միայն կոկել էր, զարմացավ և ասավ. «Դու ինչ՞ես արել»: Նա ասաց. «Ես ցույց կտամ իմ գործը»: Եվ ապա վեր քաշեց միջի վարագույրը և երբ լույսը ծագեց և լուսավորեց կոկած պատը, այն ժամանակ մթնեց նկարազարդ պատը, որովհետև հայելու մեջ երևում էին այն բոլոր պատկերները, որ նկարված էին մյուս պատի վրա: Եվ թագավորն ասաց. «Այս մյուսից գեղեցիկ է»:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ Մի առյուծ կորյուն ծնեց, և հավաքվեցին կենդանիները կորյունին տեսնելու և ուրախանալու: Աղվեսն եկավ և հանդեսի ժամանակ, բազմության մեջ առյուծին նախատեց բարձրաձայն և անարգեց,թե այդ է քո զորությունը, որ ծնում ես միայն մի կորյուն և ոչ բազմաթիվ: Առյուծը հանդարտաբար պատասխանեց և ասաց. «Այո, ես ծնում եմ մի կորյուն, բայց առյուծ եմ ծնում և ոչ քեզ մնան աղվես»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԴԱՏԱՎՈՐ Մի մարդ ուներ չար կին և կինը կռվեց նրա հետ և ասաց. «Կարծում ես թե քո երեք որդիները քեզնից են : Մեկն է քեզնից, իսկ երկուսը՝ բիճ են»: Եվ նա հարցրեց թե, ո՞րն է իմը, և կինը չասաց: Եվ երբ հայրը մեռնում էր՝ ասաց. «Իմ ամբողջ կայքը թող լինի իմ հարազատ որդուն»: Եվ եղբայրները կռվում էին իրար հետ. մեկն ասում էր, թե ես եմ հարազատ որդին և մյուսը՝ թե ես եմ: Եվ գնացին մի իմաստուն դատավորի մոտ: Եվ դատավորը հրամայեց նրանց հորը հանել գերեզմանից և նետ արձակել նրա վրա: Ով հորը զարկեր նետով, և նետը ծակեր հոր մարմինը, նա էր հարազատ որդին: Եվ երկու որդիները զարկեցին հորը, իսկ ճշմարիտ որդին դանակը քաշեց, որ սպանի եղբայրներին և լաց եղավ դառն արտասուքով և թաղեց հոր մարմինը: Եվ իմացան, որ նա էր հարազատ որդին և նրան տվին հայրենի կայքը:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ Առյուծն և գայլն և աղվեսն եղբայր եղան և որսի ելան և գտան մի խոյ, մի ոչխար, որ է մաքի և մի գառ: Ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Եվ գայլն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին»: Եվ առյուծն բարկանալով, ապտակ զարկեց գայլի ծնոտին, և դուրս թռան գայլի աչքերը, և նա նստեց և դառն լաց եղավ: Եվ դարձյալ ասաց առյուծն աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Եվ աղվեսն ասաց. «Ով թագավոր, աստված արդեն բաժանել է՝ խոյը քեզ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին և գառը քեզ ընթրիքին»: Եվ առյուծն ասաց. «Ով խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել»: Եվ աղվեսն ասաց. «Ինձ սովորեցրեցին գայլի աչքերը, որ դուրս թռան»:

ԳԻՆԻ Մի թագավոր մի որդի ուներ և հրաման արեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Եվ մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն և երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի տղան խիստ գինով էր և հարբած դուրս եկավ, ընկավ աղբանոցը և մեռավ: Եվ թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա՝ փակեք և կարասները կոտրատեք: Եվ այդպես արին: Եվ մի այրի կին մի որդի ուներ և այրի կինը պահեց յուր հնձանը և գինին և ամեն առավոտ և երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Եվ այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին, և թագավորն առավոտյան հրամայեց, թե ով որ սպանել է իմ առյուծին, եթե գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եվ եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպես սպանեցիր առյուծին: Եվ նա ասաց. թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Եվ մայրն ասաց. թե նրան գինով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Եվ թագավորը հրաման արձակեց. թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք:

ԻՄԱՍՏՈՒՆ ԱՎԱԳ ԷՇ Շատ էշեր գնում էին արքունի գործով և նրանց մեջ կար մի ավագ էշ՝ իմաստուն և մեծ, քան մյուսները: Եվ ամենքը նրան պատվում էին, որպես հայր և առաջնորդ: Եվ ահա բարձրանում էին մի սար, և նա խառանչեց և գոռաց սաստիկ ահագին և հետևի կողմից մեծամեծ ճայթյուն արձակեց: «Ով պատվական հայր, քո առջևի ձայնից բոլորս ունենք, իսկ ի՞նչ էր այն ահագին ճայթյունը, որ քո հետևի կողմից ելավ. աղաչում ենք ասա մեզ»: Եվ նա ասաց. «Ով իմ որդիներ, ձեր առաջ սուտ չեմ երդվի և ճշմարիտ կասեմ, որ առջևի ձայնի զորությունից բնավ չեմ կարող իմանալ, թե ուրիշ ինչ ճայթյուն է ելնում իմ հետևի կողմից»:

ՄԻԱՄԻՏ ԳՈՂԵՐ Երկու գող բարձրացան մի մեծատան կտուր և կամեցան երդով վայր իջնել և գողություն անել: Եվ լուսնկա էր: Եվ մեծատուն մարդն իմացավ, որ գողերը երդիկի մոտ են: Եվ կինը մարդուն ասաց, թե այս ամեն գանձերը և ոսկին և կերպասը քեզ որտեղի՞ց են: Եվ մեծատուն մարդն ասաց. «Գնում էի գողության, մեծատուն մարդկանց երդիկով իջնում էի, և լուսնկա էր, ինչպես այժմ, և լուսնի շողերը երդիկից ներս էին ընկնում, ինչպես այժմ, և ես գրկում էի շողերի սյունը և վայր էի իջնում և այնպիսի մի բան էի ասում, որ ինչքան գեղեցիկ կերպաս կար այդ տանը, երևում էր ինձ, և կապում էի լուսնի շողերին և վեր բարձրանում: Եվ այս ամենն այդպես եմ վաստակել»: Երբ գողերը այդ բանը լսեցին, խիստ ուրախացան և հավատացին այդ ցնորամիտ բանին և լուսնի շողերը գրկելով երդից վայր ընկան և ջարդվեցին:

ԵՂԵԳՆ ԵՎ ԾԱՌԵՐ Մի թագավոր զբոսանքի ելավ շրջելու լեռներում և հովիտներում: Եվ տեսավ, որ մեծամեծ ծառեր կային կոտրված և փշրված և միայն մի եղեգ կար՝ կանգուն անարատ: Եվ թագավորն ասաց. «Ով եղեգ, ասա ինձ, թե ինչպես հաստատուն ես մնացել, երբ մեծամեծ ծառերը փշրվել են»: Եվ եղեգն ասաց. «Ով թագավոր, երբ սաստիկ հողմ բարձրացավ, ծառերը հպարտությամբ հակառակ կանգնեցին հողմի դեմ, և հողմը նրանց փշրեց. իսկ ես խոնհարվեցի հողմի կամքով և ահա կանգուն եմ»:

ԻՇԽԱՆ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆ Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Եվ նույն քաղաքում ապրում էր մի այրի կին, և իշխանը հարկ պահանջելով նեղում էր նրան, և այրի կինն աղոթում էր, որ իշխանն ունենա խաղաղ ու երկար կյանք: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար աղոթում է այրին: Եվ իշխանը եկավ և ասաց. «Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում»: Այրի կինն ասաց. «Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Եվ այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի»:

ԻՄԱՍՏՈՒՆ ԶԻՆՎՈՐ Մի ոմն իմաստուն զինվոր պատերազմ էր գնում և նա երկու ոտքով կաղ էր: Եվ զինվորներից մեկը նրան ասաց. «Ով ողորմելի, ու՞ր ես գնում: Քեզ իսկույն կսպանեն, որովհետև փախչել չես կարող»: Եվ նա ասաց. «Ով անմիտ, ես չեմ գնում պատերազմ՝ փախչելու, այլ կանգնելու, և կռվելու, և հաղթելու»:

ԹԱԳԱՎՈՐ ԵՎ ՕՁ Կար մի թագավոր և ուներ նա մի սիրելի օձ, որ նրան ամեն օր բերում էր մի կարմիր դահեկան: Եվ թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա և օձը նետում էր մանկան պարանոցով, և այդպես խաղում էին օձն ու մանուկը: Եվ երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց և կտրեց օձի պոչը և գետին գցեց: Եվ զայրացավ օձը, թույնով զարկեց մանուկին, և մանուկը իսկույն մեռավ, և օձը գնաց օտար երկիր: Եվ երբ թագավորը եկավ և մանուկին օձի թույնից սևացած և մեռած տեսավ և օձի պոչը գետնին ընկած, իմացավ, որ յուր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Եվ սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Եվ անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրանքներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. «Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի և մենք կլինենք առաջվա մնան իրար սիրելի և միասին կապրենք»: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. «Այդպես չէ: Քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի այլ ուրիշ մեծագույն չարիք չծնվի մեր մեջ»:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ԱՂՎԵՍ ԵՎ ԱՐՋ Առյուծն հիվանդացավ, և ամեն կենդանիները եկան նրան տեսության. միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, և աղվեսն դռնամտից լսեց և ներս ընկնելով թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամին չեկար, գարշելի, ասա ինձ, ի՞նչու ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առողջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «Բարի եկար, իմաստուն կենդանի, ինչն է այդ դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծի վրա և իսկույն մորթին ցավը կհանի հիվանդից»: Եվ առյուծը հրամայեց. արջին բռնեցին և սկսեցին հանել մորթին: Իսկ նա վայում էր և արձակում մեծամեծ ոռնոց: Եվ աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:

ԿԱԹ ՄԵՂՈՒ ՊԱՏՃԱՌ ՊԱՏԵՐԱԶՄԻ Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում, և մեղրից մի կաթ կաթեց գետնին, և մի պիծակ նստեց կաթի վրա, և կատուն և վազեց և պիծակին առավ, և նրանից հետո շունը վազեց և կատվին առավ, և խանութի տերը շանը զարկեց և սպանեց: ԵՎ այն գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այդ գյուղից էր: Երբ շան տերը իմացավ, թե խանութպանն սպանել է յուր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ պատերազմ արին, և նրանց միջև կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ՝ մի կաթ մեղրի համար:

ԿՏԱԿ ՎԱՍՆ ԳԱՆՁԻ Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. «Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի»: Եվ հոր մահից հետո որդիները սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:

ՈՒՂՏ ԵՎ ԳԱՅԼ ԵՎ ԱՂՎԵՍ Ուղտը և գայլը և աղվեսը եղբայր եղան և ճանապարհ ընկան և ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց. «Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց»: Գայլն ասաց. «Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ»: Եվ ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի առնեն, հացը բերանն առավ և բարցրացնելով ասաց. «Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները»: Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը, ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:

ԿՌՈՒՆԿ ԹԱԳԱՎՈՐ ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԷՇ Հավաքվեցին թռչունները և ասացին, որի ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Եվ կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր: Էշը եկավ և ասաց. «Այ, եթե ինձ ոտի տեղ անեիք, որ նրա փոխարեն ես բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր»:

ԵԶՆ ԵՎ ՁԻ Եզը և ձին խոսեցին միմյանց հետ: Եզն ասաց. «Դու ո՞վ ես կամ ինչի՞ պետք ես»: Ձին ասաց. «Ես ձի եմ և ինձ թագավորները և իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով և բազմում են ինձ վրա»: Եզն ասաց. «Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում և չարչարվում և հոգնում և ապա դու և քո թագավորն ուտում եք: Եվ բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը և եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր»:

ՀԻՄԱՐ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց. «Այս ի՞նչ է»: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի, և էշը միջից կփախչի: Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով, և նրա ոտքը սայթաքեց,ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ, և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է, և ահա էշը ելել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. «Այ հնդու էշ… վայ ինձ, մի փախչիր, քուռի, քուռի խնայիր ինձ և վերադարձիր»:

ԷՇԻՆ ԹՈՌ ԾՆՎԵՑ Էշին ավետիս տվին՝ թե ցնծա և ուրախ եղիր և մեծ ընծա պարգևիր, որովհետև քեզ թոռ ծնվեց: Եվ էշն ասաց. «Վայ ինձ, բարեկամներ, եթե հարյուր թոռ էլ ծնվի, չեն թեթևացնի ծանրությունն իմ մեջքի բեռան»:

ԱՂՔԱՏ ԵՎ ԱՎԵՏԱՐԱՆ Մի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից: Եվ ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Այն աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված և ահա շուտով կկատարեն իմ կամքը»: Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն և աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Եվ աղքատն ասաց. «Այն գիրն, որ կարդաց նա, սուտ էր»: Եվ առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Եվ քահանան եկեղեցի գալով ավետարանը չգտավ և աղքատին ասաց. «Ու՞ր է ավետարանը.: Եվ աղքատն ասաց քահանային. «Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, և ես տարա ջուրը գցեցի»: Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց. «Ինչու՞ էս ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանը աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչու չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ և ինձ չեք ընդունում, մերկ եմ և ինձ չեք հագցնում, քաղցած եմ և ինձ չեք կերակրում, ծարավ եմ, ջուր չեք տալիս: Միթե աստված այդ բաների պակասությունն ուներ և ամենն իրեն համար ասաց»:

ՀԱՅՐ ԵՎ ՈՐԴԻ Մի մարդ աղջիկ առավ որդու համար, և որդին ամուսնացավ աղջկա հետ և երբ միավորվեց նրա հետ, շատ հիացավ ամուսնության գործի վրա և ուրախացավ և սկսեց հորը խրատել ամուսնության գործի մասին: Եվ հայրն ասաց. «Ով որդյակ, ես ամուսնության գործով ծնեցի քեզ. և այժմ դու՞ ես խրատում ինձ»:

ՄԱՐԴ ԵՎ ԸՆԿՈՒՅԶ ԵՎ ՁՄԵՐՈՒԿ Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես՝ ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն»: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին, և ընկույզը՝ ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակտին և ճակատը պատռեց, և արյունը ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. «Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ»:

ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՋՐԱՂԱՑ Եկեղեցին պարծեցավ յուր սրբությամբ և ասաց, թե «Ես եմ տաճար աստծու և դեպի ինձ են գալիս քահանաները և ժողովուրդը աղոթք մատուցանելու աստծուն և պատարագ, և հաշտվում է աստված աշխարհի հետ և մեղքերին թողություն է լինում»: Այն ժամանակ ջրաղացն ասաց եկեղեցուն, թե. «Ինչ որ դու ասում ես արդար է և ճշմարիտ, բայց դու իմ երախտիքը մի մոռանա, որ գիշեր ցերեկ աշխատում եմ և դատում այն, ինչ որ ուտում են քահանաները և ժողովուրդը և ապա քեզ են գալիս աղոթելու և երկրպագելու աստծուն»:

ԱՄԵՆԱԳԵՏ ՄԱՐԴԸ Մի թագավոր կամեցավ աշտարակ շինել, և աշտարակը քանի ցերեկը շինում էին, գիշերը փուլ էր գալիս: Եվ նա հավաքեց յուր գիտուններին և պատճառը հարցրեց: Նրանք ասացին. «Եթե կամենում ես, որ այլևս չփլչի, դու գտիր մի տգետ մարդ, որից ավելի տգետ մարդ չլինի և նրան կենդանի դիր պատի մեջ և պատը թող շարեն. և այլևս չի փլչի»: Եվ թագավորն ասաց. «Այդ բանի ընտրությունը ևս դուք արեք և գտեք մի տգետ մարդ, որին կենդանի թաղեն պատի մեջ»: Եվ գիտունները նստեցին միասին որոշելու, թե ի՞նչ տեղ կարող են գտնել տգետ մարդ, և մեկն ասաց. «Ձկնորսն է տգետ, քանի որ նրա առն ու տալը մարդու հետ չի, այլ ջրի և ձկների»: Իսկ ոմանք. իշապանը, որ իշու հետ է լինում և իր ողջ կյանք անց է կացնում գրաստի հետ, շրջելով լեռ և անտառ: Ոմանք ծովարարին ասացին, իսկ ոմանք՝ հովվին, որ ամառ-ձմեռ ոչխարների հետ շրջում է լեռներում, չի մտնում գյուղ կամ քաղաք: Եվ հավանություն արին և կամեցան հովվին բերել: Այն ժամանակ գիտուններից մի ոմն ասաց. թե «Մեր թագավորը մի հովիվ ունի, որ ծնվել է սարում ոչխարների մեջ և սնվել է այնտեղ և յուր կյանքում ոչ գյուղ է մտել, ոչ քաղաք»: Եվ ուղարկեցին տասը ձիավոր, որպեսզի մարդուն բերեն: Եվ ձիավորները գնացին գտան հովվին, որ կթում էր ոչխար և ողջունելով ասացին. «Թագավորը քեզ կանչում է»: Հովիվն ասաց. «Ես իմ կյանքում ոչ քաղաք եմ գնացել ոչ էլ՝ գյուղ. ինձ ինչու է կանչում»: Իսկ նրանք խորամանկությամբ ասացին. «Չենք իմանում»: Իսկ հովիվը պատվեց նրանց, գառ մորթեց և պանիր բերեց և ուրախացրեց նրանց և երդմամբ հարցրեց կանչելու պատճառը: Եվ նրանք ասացին, թե այն պատճառով է քեզ կանչում, որովհետև թագավորի գիտունները ասել են, որ մի տգետ մարդու պետք է դնել պատի մեջ, որպեսզի պատը շեն մնա: Այն ժամանակ հովիվը ծիծաղեց և ասաց. «Հիմարը և տգետը այն գիտուններն են, որ այդպիսի ընտրություն են արել»: Եվ մի ոչխար բերելով ասաց. «Ես ձեզ ցույց կտամ իմ տգիտությունը»: Եվ ասաց. «Այս ոչխարը երկու գառ ունի փորում, մինը էգ է և մյուսը՝ որձ, մեկի գլուխը սև է և մյուսինը սպիտակ»: Եվ ոչխարը մորթեց և գառները փորից հանեց և այնպես էր, ինչպես ասաց: Եվ մի այլ ոչխար բերելով ասաց.»Այս ոչխարը մեկ գառ ունի փորում, մարմինը սև է, գլուխը՝ սպիտակ և ինքը որձ»: Եվ մորթեցին տեսան այնպես: Եվ հովիվն ասաց. «Ոչխարի այն երկու հոտը, որ կա ձեր առաջ, ամենին գիտեմ, թե որն է ծնելու և որն է ստերջ և որն է որձ ծնելու և որը՝ էգ և որը սև կամ սպիտակ և որը սև ու սպիտակ պուտերով: Ձեր գիտունները կարո՞ղ այդ իմանալ»: Ձիավորներն ասացին. «Ոչ ամենևին»: Հովիվն ասաց. «Ուրեմն իմացեք, որ ես չեմ այն հիմարն ու տգետը, որին դուք փնտրում եք: Իսկ եթե կամենաք ես ցույց կտամ տգետ մարդու: Թագավորը թող յուր նայիպին բռնի թալանի և ինչ ունի ամենն առնի և քաղաքի հրապարակում նրան կախի և չարաչար տանջի, որպեսզի բոլոր քաղաքացիները տեսնեն. ապա նայիպին թող տանեն թաքցնեն և ասեն, թե նրան սպանեցին: Եվ երեք օր քաղաքում թող կանչեն, թե ի՞նչ մարդ որ կգա և հանձն կառնի նայիպի գործը, նրա ամեն ապրանքն այդ մարդուն կտանք և նրան կնշանակենք թագավորի նայիպ: Այդ մարդը, որ կտեսնի այդ խաղքը և կլսի ինչ որ արին նայիպի գլխին և առաջանալով կասի, թե ես եմ ուզում լինեմ նայիպ, այն մարդն է հիմար և տգետ, նրան բռնեցեք և կենդանի դրեք պատի մեջ, որպեսզի այլևս չփլչի և շեն մնա»: Իսկ նրանք եկան և թագավորին պատմեցին, և թագավորն արեց այնպես, ինչպես հովիվն ասել էր և մինչդեռ քաղաքում կանչում էին, թե ով գա և հանձն առնի նայիպի գործը և իշխանությունը, նա կստանա նրա ապրանքը և հողը, այն ժամանակ մոտ վազեց մի ջրմի և թոնի մարդ և ասաց, թե ես հանձն կառնեմ այդ գործը: Եվ նրան հարցրին թե տե՞սար ինչ արին նայիպի գլխին, նա ասաց. «Այո, տեսա»: Եվ իսկույն առան նրան և տարան, կենդանի դրին պատի մեջ, և պատը հաստատուն մնաց:

ԱՂՎԵՍ ԵՎ ՈՐՍՈՐԴ Որսորդը շներով տառապում և նեղում էր աղվեսին: Եվ աղվեսը դարձավ և ասաց. «Աղաչում եմ քեզ, ասա թե ինչի՞ համար ես ինձ նեղում»: Եվ որսորդն ասաց. «Որպեսզի հանեմ քո մորթին»: Աղվեսը կանգնեց և ասաց. «Տեր աստված, փառք քեզ, որ սրա ուզածն այս է: Իսկ ես կարծում էի, թե ինձ ուզում է նշանակել մեր գավառի հավարած կամ թռչնոցի վանահայր»:

ԻՇԽԱՆԱՎՈՐ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ Կար մի աշխարհակալ իշխանավոր, և նա ուներ մի խիստ գեղեցիկ տղա: Եվ իշխանավորն ասաց. թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն և ունենամ գեղեցիկ թոռներ՝ ժառանգ իմ գահի: Եվ գնաց բերեց մի գեղեցիկ հարս և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ, և հարսը մնաց: Եվ ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե «կա՞ իրավունք», և նրանք ասացին, թե «չկա իրավունք, որ հայրն առնի հարսին»: Եվ չկամեցավ լսել նրանց և գտավ մի այլ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուներկու ազգ կա և նրանցից ոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Եվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհի յոթանասուն երկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Եվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ»: Եվ նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. «Որովհետև դու ամեն ազգից դուրս ես, և քո վրա չկա իշխանություն, և ինչ կամենաս կարող ես անել»:

ԱՂՎԵՍ ԵՎ ԹՂԹԱՏԱՐ ԳԱՅԼ Աղվեսը մի գրած թուղթ գտավ և տարավ գայլին և ասաց. «Այսչափ ժամանակ աշխատեցի և բարեխոս մարդիկ մեջ գցեցի և իշխանից քեզ համար թուղթ հանեցի, որ ամեն գյուղ, ուր հանդիպես, քեզ պիտի տա մի ոչխար»: Եվ այդ պես խաբեց գայլին, և միասին մի գյուղ, և աղվեսը նստեց բլուրի վրա և թուղթը տվեց գայլին: Երբ գայլը գյուղի մեջ մտավ, վրա թափվեցին շները և մարդիկ, նրան գզեցին և գանահարեցին: Եվ արյունաթաթախ գայլը հազիվ ազատվելով հասավ աղվեսին: Եվ աղվեսն ասաց. «Ինչու՞ թուղթը ցույց չտվիր»: Եվ գայլն ասաց. «Ցույց տվի, բայց գյուղում հազար շուն կար, որ գիր չգիտեր»:

ԱՅՐԻ ԿԻՆ ԵՎ ԽՈՐԹ ՈՐԴԻ Մի այրի կին ուներ մի կով, և նրա խորթ որդին ուներ մի էշ: Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը և տալիս էշին: Եվ այրի կինն աստծուն աղաչեց, որ աստված էշին մեռցնի: Բայց կովը մեռավ, և այրին լաց եղավ և ասաց. «Ով աստված, մի՞թե չկարեցար էշը կովից տարբերել»:

ՀԱԼԱԼ ՄԱՐԴ Մի երիտասարդ ուխտել էր հարամ բան ամենևին չուտել և մի օր նա գնաց գետի եզրը և տեսավ, որ ջուրը մի խնձոր է բերում: Երիտասարդ առավ խնձորը կերավ անոթի, ապա միտն ընկավ իր ուխտը և խղճմտանքով գնաց գետն ի վեր, գտավ մի այգի և իմացավ, որ խնձորն այդ այգուց էր: Երիտասարդն ասաց այգետիրոջը. «Ողորմիր ինձ և առ խնձորի գինը կամ հալալ արա, որովհետև ես հարամ բան ամենևին չեմ կերել»: Եվ բուրաստանի տերն ասաց. «Կեսը, որ իմս է, հալալ քեզ և կեսը՝ իմ եղբորն է, նրան տեր չեմ: Եվ իմ եղբայրը հեռու է այստեղից վեց օրվա ճանապարհ»: Եվ երիտասարդը ճանապարհ ընկավ և գտավ այն մարդուն, ասաց. «Կամ առ քո խնձորի գինը և կամ հալալ արա ինձ»: Եվ մարդն ասաց. «Ոչ գինը կառնեմ, և ոչ հալալ կանեմ: Թե կուզես, որ հալալ անեմ, ես մի աղջիկ ունեմ՝ որ ոչ ականջ ունի և ոչ էլ լեզու և ոչ ձեռք և ոչ ոտք, նրան կին առ, որ հալալ անեմ»: Երիտասարդն անճարացած առավ այդ աղջկան, և երբ առագաստ մտան, տեսավ, որ աղջիկը ամենևին առողջ էր: Եվ երիտասարդն աներոջն ասաց. «Ինչու՞ էիր ծաղրում քո աղջկան»: Եվ նա ասաց. «Ես ճշմարիտ էի, որովհետև ծնված օրից իմ աղջիկը արեգակի լույսը երդից է տեսել և օտար մարդու ձայն չի լսել և օտարի հետ չի խոսել և ձեռքով մեղք չի շոշափել և ոտքը դռնից դուրս չի դրել: Եվ ես քեզ նման հալալ մարդ էի ուզում, և ահա դու եկար»:

ԱՌՅՈՒԾ ԵՎ ՄԱՐԴ Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին, և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. «Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում»: Եվ նրանք ասացին. «Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը»: Եվ առյուծն ասաց. «Ո՞վ է մարդը, և ի՞նչ է նա, և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից»: Եվ նրանք ասացին. «Կգա, կտեսնի քեզ, և քեզ վայ կլինի»: Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. «Մի՞թե դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին»: Եվ նա ասաց. «Այո, ես եմ»: Առյուծն ասաց. «Արի կռվենք»: Մարդը ասաց. «Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը, և ապա կռվենք»: Առյուծն ասաց. «Երդվիր, որ կգաս, և ես կլսեմ քեզ»: Մարդը երդվեց, և առյուծն ասաց. «Հիմա կապիր ինձ և գնա շուտ դարձիր»: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին: Եվ առյուծը գոչեց. «Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այսպես է վայել»:

ԱՆԶԳԱՄ ԿԻՆ Մի մարդ արտում նստել էր քարի տակ և քնեց մի պահ և զարթնեց և չէր ուզում տուն գնալ: Եվ հանկարծ եկան երկու ճնճղուկ նստեցին քարին և մարդուն հարցրին, թե ինչու՞ նա տրտում է: Եվ որովհետև մարդն ասաց, որ տրտում է, որովհետև աղքատ է: Ճնճղուկներն ասացին.«Կխոստանա՞ս երբեք չասել ոչ ոքի, եթե քեզ ոսկու տեղ ցույց տանք»: Եվ մարդը խոստացավ և երդվեց, և նրանք ասացին.«Այդ քարի տակ յոթ կարաս ոսկի կա թաղած, հանիր և տուն տար և եթե ասես մեկին, թե որտեղից է ոսկին, իսկույն կմեռնես»: Եվ մարդն ուրախացավ, գնաց յուր տուն, բրիչն առավ և գիշերով եկավ գաղտնի հանեց ոսկին և տարավ յուր տուն, սկսեց փարթամանալ և շքեղ տներ շինել, ունեցավ ձիեր և ջորիներ և եզներ և ոչխարի հոտեր և այլ ամենայն ինչ, որ վայել է աշխարհ սիրողին:Եվ մի օր եզն ասաց մյուս եզան, թե «Ես ի՞նչ անեմ, որովհետև ամեն օր անխնա լծում են ինձ»: Էշը, որ նրան մոտիկ էր, ասաց.«Վաղը` սուտ հիվանդ եղիր և հազա: Երբ այդ տեսնեն կխղճան և այլևս քեզ չեն լծի»: Եվ այս լսելով մարդը ծիծաղեց և մշակներին ասաց. թե այսօր չէ վաղը, այսինչ նշան էշը հիվանդ եզան տեղը լծեք: Մշակն առավոտյան էշը տարավ և լծեց մինչև իրիկուն և երբ տուն եկավ, էշն ասաց հիվանդ եզան.«Ողորմելի եզնուկ, դու չգիտես, թե արտում ինչ էին ասում. ասում էին, թե «Այն հիվանդ եզը վաղը մորթենք, որ չսատկի»: Լսիր ինձ և ոտքի կաց և առողջ եղիր, գնա լուծդ քաշիր, որ քեզ չմորթեն: Քեզ համար ավելի լավ է բանել, քան կյանքից զրկվել»: Այսպես ասաց էշը, որպեսզի այլևս նրան չտանեն լծելու, որովհետև այդ օրը շատ էր աշխատել: Եվ այս լսելով մարդը նորից ծիծաղեց: Այն ժամանակ նրա կինն ասաց.«Ով մարդ,մենք աղքատ էինք և հանկարծ հարստացանք և այսչափ ապրանքի և բարիքի տեր եղանք և ժամ առ ժամ կենում և ինքդ քեզ ծիծաղում ես, ինձ ինչու՞ չես ասում, թե որտեղի՞ց է այս ամենը և դու ինչու՞ ես ծիծաղում»: Մարդն ասաց.«Ով դու կին,եթե ասեմ` իսկույն կմեռնեմ, դրա համար չեմ ասում»: Իսկ կինը հանդգնեց և ասաց.«Ճար չկա, պետք է ասես»: Իսկ նա չեր ուզում ասել, բայց կինը նրան խիստ նեղեց և ասաց.«Պետք է ասես ինձ, եթե մեռնես էլ: Եթե ոչ` ես ինձ կսպանեմ»: Եվ մարդն անճարացավ ասաց.«Ով կին, հավատա ինձ, որ առանց տարակուսանքի կմեռնեմ, թե որ ասեմ. երբ թույլ չես տալիս, երեք օր սպասիր, մատաղ անեմ, քահանաներին և աղքատներին կերակրեմ, ապա քեզ ասեմ և մեռնեմ»: Եվ չար կինը հազիվ հանձն առավ երեք օր սպասել: Եվ մարդը մորթեց շատ ոչխարներ և գառներ և կանչեց քահանաներին, կարգավորներին և աղքատներին, և նստեցին ճաշի և մինչդեռ ուտում էին և ըմպում, այն մարդն սպասում էր: Եվ մարդն ուներ շան լակոտ, որ տան մեջ նստել էր լի տրտմությամբ և սգով, նույնիսկ արտասուք էին թափվում նրա աչքերից: Եվ իսկույն հանկարծակի եկավ աքլորը հպարտ և խրոխտալով և ներս մտավ և նրա հետ կային քսան-երեսուն հավ աջից և ձախից: Շան լակոտն սկսեց աքլորին ասել.«Ով լիրբ անաղուհաց,ի՞նչ ես խրոխտացել և տեսակ-տեսակ ձայն ես հանում, չգիտես, որ մեր տերը վաղը յուր գաղտնիքը պիտի կնոջն ասի և մեռնի: Իսկ դու լալու փոխարեն ուրախ ես»: Աքլորն ասաց.«Ձվերս ի վայր թե կմեռնի. ես որ նրա ծառան եմ` քսան-երեսուն կին ունեմ և նրանց զավթ եմ արել, իսկ նա չի՞ կարող մեկին իր հրամանքով պահել»: Շան լակոտն ասաց.«Ի՞նչ անի անզգամ կնոջն»: Աքլորն ասաց.«Երբ ամենքը վեր կենան մատաղից, թող առնի երեք-չորս փայտ, դուռը փակի և կնոջն ասի` արի քեզ ասեմ գաղտնիքը և նրան բռնի մերկացնի և կապի մի սյունից և այնքան ծեծի նրա կողերին և այլ տեղերին, որ ողջ տեղ չմնա, ամենը կապուտկի և ասի, թե չար կին, լավ է որ դու մեռնես,քան թե ես և դռնից հանելով նրան դուրս վարի, ասելով` գնա կորիր ես այլ կին կառնեմ և քեզ չեմ ուզում»: Եվ աքլորից լսելով այդ բարի խրատը,այն մարդը դարձյալ ծիծաղեց: Եվ անզգամ կինը տեսնելով այդ, ամբոխի մեջ մոտեցավ նրան, չամաչելով ոչ մարդկանցից և ոչ քահանաներից և մարդուն ասաց.«Այժմ ինչու՞ ծիծաղեցիր, ասա ինձ և պատմիր, թե ինչպես հարստացար»: Եվ մարդն աղաչեց.«Մի քիչ համբերիր, թող հյուրերը գնան, և ես քեզ ասեմ, այժմ ամոթ է նրանց առաջ բան ասել»: Եվ երբ ամենքը գնացին, ընտանիքը դուրս հանեց և դուռն ամուր փակեց և ըստ աքլորի խրատի, ձեռքն առավ կնոջը, ջարդեց ամեն ոսկորները և դուրս արեց: Իսկ կինը զղջալով նրա ոտքն ընկավ և լալով և աղաչում էր ասելով.«Աստծու սիրուն ինձ բան մի ասա և ամեն օր այսպես ծեծի, միայն ինձ դուրս մի անի և քեզնից մի հեռացրու, որպեսզի աշխարհում խաղք չլինեմ»: Եվ այսպես մահից ազատվեց մարդը աքլորի խրատով:

ԴՐԱԽՏ ԵՎ ԳԵՂՋՈՒԿ ՄԱՐԴ Մի գեղջուկ մարդ աղը շալակին բարձրանում էր դժվար սարով, և տոթ ժամանակ էր: Եվ շատ հոգնեց մարդը և բեռը վայր դնելով սկսեց բամբասել Ադամին և Եվային, թե ինչու՞ նրանք անհամբերությամբ դուրս եկան դրախտից: Եվ իսկույն երևաց հրեշտակը և նրան ասաց.«Եթե քեզ դրախտ տանեմ, դու կհամբերե՞ս»: Եվ գեղջուկն ասաց.«Ե՞րբ լինի այդ»: Եվ հանկարծ քուն իջավ նրա վրա և տեսավ, որ դրախտն է ընկել և շատ ուրախացավ: Եվ ապա տեսավ, որ դրախտի մեջ մարդիկ կտրատում են դեռաբույս ծառերը և չհամբերելով ասաց.«Այդ ի՞նչ մարդիկ եք, որ չոր ծառերը թողած, կոտրատում եք կանաչ ծառերը»: Եվ աչքերը բաց արեց, տեսավ, որ դարձյալ նստել է աղի բեռան մոտ և սկսեց դառն արտասվել: Եվ գեղջուկ մարդը նորից տեսավ հրեշտակին և ասաց.«Այլևս չեմ խոսի»: Եվ նա նորից դրախտ ընկավ և տեսավ, որ մարդիկ կտրած ճյուղերը և փայտը շալակ են կապել և չեն կարողանում շալակել, բայց դեռ դարսում են ճյուղ և փայտ: Եվ չհամբերեց և ասաց.«Ով անխելքներ, թեթևացրեք ձեր բեռը, որ կարողանաք շալակել»: Եվ գեղջուկ մարդը նորից զարթնեց դժվար սարի վրա և սկսեց արտասվել, և հրեշտակը երրորդ անգամ նրան դրախտ տարավ և նա տեսավ մի մեծ քար, որից կապել էին տասներկու լուծ եզ և ամեն մեկը յուր կողմն էր քաշում, և քարը չեր շաժվում: Եվ մարդը դարձյալ չհամբերեց և կանչեց.«Ով հիմարներ, մի կողմի վրա քաշեք և միասին քաշեք, որ քարը տեղից շարժեք»: Եվ գեղջուկ մարդն ասաց ասաց.«Լավ է ես իմ աղը շալակեմ»: Եվ բարձրացավ դժվար սարով:

Կար մի աշխարհակալ իշխանավոր: Նա ուներ մի շատ գեղեցիկ տղա: Իշխանավորն ասաց, թե գեղեցիկ աղջիկ կառնեմ, որ կին լինի իմ որդուն՝ իմ գահը ժառանգող գեղեցիկ թոռներ ունենամ: Գնաց բերեց մի գեղեցիկ հարս, և դեռ թոռ չէր ունեցել, երբ որդին մեռավ ու հարսը մնաց: Նա ինքը կամեցավ հարսին առնել և հարցրեց իմաստուններին, թե կա՞ իրավունք: Նրանք ասացին, թե իրավունք չկա, որ հայրը հարսին առնի: Նա չկամեցավ լսել նրանց, գտավ մի լավ իմաստուն, որ նրա սիրելին էր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. —Աշխարհում յոթանասուներկու ազգ կա, և նրանցից ո՛չ մեկին չի հասնում, իսկ քեզ կհասնի: Եվ իմաստունն ասաց. — Վախենում եմ պատճառն ասել, որովհետև կսպանես ինձ: Նա երդվեց չպատժել նրան, եթե պատճառն ասի: Այն ժամանակ իմաստունն ասաց. —Որովհետև դու ամեն ազգից դուրս ես. քեզ վրա իշխանություն չկա, ինչ կամենաս՝ կարող ես անել:

Մի աղքատ գյուղ եկավ ու մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և անձրևի ժամանակ կաթում էր: Աղքատը անձրևից թրջվել էր: Նա քաղցած էր, հագել էր պատառոտուն զգեստ, դողում էր, հոգնել էր ճանապարհից: Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի՝ ընդունեցիք ինձ, մերկ էի՝ հագցրիք ինձ, քաղցած էի՝ կերակրեցիք ինձ, ծարավ էի՝ հագեցրիք ինձ: Աղքատը լսեց և ուրախացավ. «Այս ինձ համար է ասված, շուտով կկատարեն իմ կամքը»: Քահանան ժամն արձակեց ու գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Աղքատը մտածեց. «Այն գիրը, որ կարդաց, սուտ էր»: Առավ ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ: Քահանան եկեղեցի գալով, ավետարանը չգտավ և աղքատին ասաց. — Ո՞ւր է ավետարանը: Աղքատն ասաց քահանային. — Ի՞նչ ես անում սուտ ավետարանը, ես տարա ջուրը գցեցի: Քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին: Աղքատն ասաց. — Ինչո՞ւ ես ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե ավետարանն աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչո՞ւ չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ, և ինձ չեք ընդունում, մերկ եմ, և ինձ չեք հագցնում, քաղցած եմ՝ չեք կերակրում, ծարավ եմ՝ ջուր չեք տալիս: Մի՞թե աստված այդ բաների պակասությունն ուներ և այդ ամենն իր համար ասաց:

Եզը և ձին խոսեցին իրար հետ: Եզն ասաց. — Դու ով ես, կամ ի՞նչի պետք ես: Ձին ասաց. — Ես ձին եմ, ինձ թագավորները, իշխանները և պարոնները զարդարում են ոսկով և արծաթով ու բազմում են ինձ վրա: Եզն ասաց. — Ամբողջ աշխարհի բարեկեցությունն եմ ես, որովհետև ես եմ վաստակում, չարչարվում և հոգնում, իսկ դու և քո թագավորն ուտում եք: Բոլոր մարդիկ ուտում են իմ վաստակը, եթե չվաստակեմ, դու և քո թագավորն իսկույն կմեռնեք: Եվ դու երախտամոռ մի լինիր:

Հավաքվեցին թռչունները և ասացին, թե ում ձայնը զորավոր է, նրան մեզ թագավոր դնենք, որպեսզի պատերազմի ժամին կանչի մեզ: Կռունկը երկինք բարձրացավ և գոչեց. նրան հավանեցին թռչունները և օծեցին թագավոր: էշը եկավ և ասաց. — Ա՛յ, եթե ինձ ոտի տակ անեիք, որ նրա փոխարեն ե՛ս բարձրանայի, դուք կլսեիք, թե ում ձայնն է զորավոր:

Ուղտը, գայլն ու աղվեսը եղբայրացան և ճանապարհ ընկան: Ճանապարհին գտան մի բլիթ հաց և միմյանց ասացին, թե ով ավագ է, թող նա ուտի: Եվ սկսեցին ասել իրենց տարիքը: Աղվեսն ասաց. — Ես այն աղվեսն եմ, որի անունը Ադամը դրեց: Գայլն ասաց. — Ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ: Ուղտը տեսնելով, որ նրանք իրենից ավագ դուրս եկան և հացը պիտի ուտեն, հացը բերանն առավ և բարձրացնելով՝ ասաց. — Մի՞թե ես երեկվա տղան եմ, որ այսչափ մեծացրել եմ իմ սրունքները: Եվ սկսեց հացն ուտել: Իսկ աղվեսը և գայլը ցատկելով նրա շուրջը, ոչինչ չկարողացան անել և փախան:

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց. — Ո՛վ զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թողել մեր այգում, բայց ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը: Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի: Հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորն էին փորում, որովհետև յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը: Այգին սկսեց աճել ու զորանալ, առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:

Առյուծը հիվանդացավ, և բոլոր կենդանիները եկան նրան տեսության, միայն աղվեսն ուշացավ: Արջը չարախոսեց նրան, իսկ աղվեսը դռան ետևից լսեց և ներս ընկնելով, թավալվեց առյուծի առաջ: Առյուծն ասաց աղվեսին. «Բարի ժամի չեկար, գարշելի, ասա ինձ, ինչո՞ւ ուշացար»: Աղվեսն ասաց. «Մի՛ բարկանար, բարի թագավոր, երդվում եմ քո գլխով, որ քո առոդջության համար այցելեցի շատ բժշկապետների և մեծ չարչարանք քաշեցի, բայց իմացա դեղը քո բժշկության»: Եվ առյուծն ասաց. «բարի եկար, իմաստուն կենդանի, ի՞նչն է քո դեղը»: Աղվեսն ասաց. «Խիստ պիտանի է և դյուրին. բժշկապետներն ասացին, թե կենդանի հանեք արջի մորթին և տաք-տաք գցեք առյուծր վրա, մորթին իսկույն ցավը կհանի հիվանդից»: Առյուծը հրամայեց, բռնեցին արջին և սկսեցին մորթին հանել: Իսկ նա վայում էր և ուժեղ ոռնոց արձակում: Աղվեսն ասաց. «Այդ ամենը քեզ և նրան, ով արքունիք մտնելով կչարախոսի մեկին»:

Կար մի թագավոր և ուներ մի սիրելի օձ, որն ամեն օր նրան բերում էր մի կարմիր դահեկան: Թագավորն ունեցավ մի մանուկ, որին սնուցում էր գահի վրա: Նա օձը նետում էր մանկան պարանոցով, և օձն ու մանուկը այդպես խաղում, էին: Երբ մանուկը մեծացավ, մի անգամ խաղի ժամանակ սուրը հանեց, կտրեց օձի պոչը և գետին գցեց: Օձը զայրացավ, խատեց մանուկին, և մանուկն իսկույն մեռավ: Օձը գնաց օտար երկիր: Երբ թագավորը եկավ ու տեսավ մանուկին օձի թույնից սևացած ու մեռած, օձի պոչը գետնին ընկաց, իմացավ, որ իր մանուկն է թրով կտրել օձի պոչը: Նա սգաց որդուն, տարավ թաղեց գերեզմանում: Անցավ մի առ ժամանակ, և թագավորը խնդրատուներ ուղարկեց այն օձի մոտ և ասաց. — Գիտեմ, որ առաջ իմ որդին է ծռություն արել. նա կտրել է քո պոչը, ապա դու կծել ես նրան: Ինչ որ եղավ՝ եղավ, և իզուր գնացիր: Արի, և մենք առաջվա նման կսիրենք իրար ու միասին կապրենք: Իսկ օձը պատասխան տվեց և ասաց. — Այդպես չէ. քանի որ ես պիտի նայեմ իմ պոչի վրա, իսկ դու քո որդու գերեզմանին, ուրեմն մեր միջից թշնամությունը չի վերանա: Լավն այն է, որ դու և ես իրարից հեռանանք, որպեսզի ուրիշ մեծ չարիքներ չծնվեն մեր մեջ:

Մի թագավոր մի որդի ուներ: Նա հրամայեց նայիպներին, թե ամեն օր ձեզնից մեկը թող տանի իմ որդուն և պատվի: Եվ տանում էին: Մի օր մի նայիպ պատվելու էր տարել թագավորի որդուն: Երեկոյան նրան տարավ թագավորի տունը և ինքը գնաց: Թագավորի որդին խիստ գինով էր: Նա հարբած դուրս եկավ ընկավ աղբանոցը և մեռավ: Թագավորը հրամայեց, թե իմ իշխանության ներքո ինչքան այգի կա փակեք և կարասները կոտրատեք: Այդպես արին: Մի այրի կին մի որդի ուներ: Նա պահեց իր հնձանն ու գինին: Ամեն առավոտ ու երեկո հացի վրա երկու թաս գինի էր տալիս որդուն: Այրի կնոջ որդին մի գիշեր դուրս եկավ, սպանեց թագավորի առյուծին: Թագավորն առավոտյան հրամայեց՝ եթե իմ առյուծին սպանողը գա և ինձ պատմի՝ նրան չեմ պատժի: Եկան այրի կինը և նրա որդին: Թագավորը նրան հարցրեց, թե ինչպե՞ս սպանեցիր առյուծին: Նա ասաց, թե գիշերով դուրս եկա, հանդիպեցի առյուծին և սպանեցի: Մայրն ասաց, թե նրան գիշերով է սնուցել և պատմեց, թե ինչպես է գինով սնուցել: Թագավորը հրաման արձակեց, թե այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք, ոչ թե աղբանոցում մեռնեք:

Առյուծը, գայլը և աղվեսը եղբայրացան ու որսի ելան: Գտան մի խոյ, մի մաքի և մի գառ: ճաշի ժամին առյուծն ասաց գայլին, թե բաժանիր մեր մեջ այդ որսը: Գայլն ասաց. — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ, մաքին ինձ և գառն աղվեսին: Առյուծը բարկանալով ապտակ զարկեց գայլի ծնոտին: Գայլի աչքերը դուրս թռան, և նա նստեց ու դառն լաց եղավ: Առյուծն ասաց աղվեսին, թե բաժանիր ոչխարները մեր մեջ: Աղվեսն ասաց. — Ո՛վ թագավոր, աստված արդեն բաժանել է. խոյը քեզ՝ ճաշին, մաքին քեզ՝ հրամենքին, գառը քեզ՝ ընթրիքին: Եվ առյուծն ասաց. — Ո՛վ խորամանկ աղվես, քեզ ո՞վ սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել: Աղվեսն ասաց. — Ինձ սովորեցրին գայլի աչքերը, որ դուրս թռան:

Հավաքվեցին այծերը միասին և պատգամ ուղարկեցին գայլերի ազգին ու ասան, թե ինչու մեր մեջ լինի անհաշտ խռովություն և ոչ թե խաղաղություն: Հավաքվեցին գայլերը և շատ ուրախացան, նամակով պատգամ ուղարկեցին այծերի ազգին, նաև անթիվ ընծաներ: Եվ գրեցին այծերին. «Լսեցինք ձեր բարի խորհուրդը և գոհ ենք աստծուց, որովհետև մեզ համար մեծ խնդություն է և խաղաղություն, նաև իմացնում ենք ձերդ իմաստության, որ հովիվն ու շներն են պատճառը և սկիզբ մեր խռովության և կռվի: Եվ եթե նրանց վերացնենք մեջտեղից, շուտով խաղաղություն կլինի»: Լսեցին այծերը, հաստատեցին և ասացին. — Իրավացի են գայլերը, որ մեզ սպանում են, որովհետև շները և հովիվը նրանց հալածում են մեզնից: եվ այծերը վտարեցին շներին ու հովվին և երդվեցին, որ հարյուր տարի մնան անխախտելի սիրով: Այծերը ցրվեցին լեռներն ու դաշտերը և սկսեցին ուրախ լինել, ցնծալ ու խաղալ, որովհետև արածում էին լավ արոտներում, ուտում էին համեղ խոտեր, խմում էին պաղ ջրեր, խնդում էին ու վազվզում, փառք տալով, որ հասան լավ ժամանակի: Գայլերը համբերեցին հարյուր օր, ապա հավաքվեցին դաս-դաս, ընկան այծերի վրա և կերան:

Մի այրի կին ուներ տաս այծ և մի որդի: Ամեն օր որդին այծերը տանում էր արոտ, և մայրն ամեն օր մի շերեփ ջուր էր լցնում կաթի մեջ ու փոխ էր տալիս հարևաններին: Եվ որդին մորն ասաց, թե ինչու ես այդպես ջուր լցնում կաթի մեջ ու փոխ տալիս հարևաններին: Մայրն ասաց. — Որդի, մեր կաթը քիչ է, նրա համար եմ անում, որ մեր կաթը մի քիչ ավելի լինի, որ ձմեռը մեզ թացան լինի: Իսկ մի օր, երբ որդին այծերն արոտ էր տարել, երկնքում ծնվեց մի փոքր ամպ, անձրև եկավ, հեղեղ եղավ և այծերը սրբեց լցրեց գետը: Որդին տուն եկավ արևով ու դատարկ, ձեռքին միայն փայտը: — Որդի՛, ո՞ւր են այծերը, և ինչո՞ւ դու այսօր արևով եկար: Որդին ասաց. — Մայրիկ, այն մի շերեփ ջուրը, որ խառնում էիր կաթին ու փոխ տալիս հարևաններին, հավաքվեց, հեղեղ դարձավ ու եկավ մեր այծերը տարավ, լցրեց գետը:

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. “Տեր աստված, ինչ որ ստեղծել ես` ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նման չեն”: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց և արյունը ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց. “Տեր աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ:”

Մի հիմար և միամիտ մարդ ուներ մի դահեկան և առնելով դահեկանը գնաց քաղաք մի էշ գնելու և շրջեց քաղաքում և շուկայում և չգտավ մի դահեկանի էշ, ապա կրկին եկավ շուկա և տեսավ մի մեծ ձմերուկ և հիացմամբ հարցրեց.”Այս ի՞նչ է”: Եվ վաճառականներն իմացան, որ նա հիմար է և ասացին, թե հնդու էշի ձու է և կհանի հնդու մեծ էշ: Եվ ուրախանալով մարդը, տվեց դահեկանը և առավ հնդու էշի ձուն: Եվ վաճառականները նրան պատվիրեցին, թե ձեռքիդ զգույշ տար, թե չէ կկոտրվի և էշը միջից կփախչի: Եվ ձմերուկը ձեռքին մարդն սկսեց գնալ զառիվայր ճանապարհով և նրա ոտքը սայթաքեց, ձմերուկը ձեռքից դուրս պրծավ և գլորվեց խիտ անտառի մեջ և անտառից մի նապաստակ վազեց և սկսեց փախչել, իսկ մարդը կարծեց, թե ձուն կոտրվել է և ահա էշը եղել և փախչում է: Եվ հետևից վազելով կանչում էր նապաստակին և ձայն էր տալիս. “Այ հնդու էշ…վայ ինձ մի փախչիր. քուռի, քուռի խնայիր ինձ և վերադարձիր”:

Մի զորավոր առյուծ նստել էր ճանապարհին և տեսակ-տեսակ գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. “Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում”: Եվ նրանք ասացին. “Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը”: Եվ առյուծն ասաց. “Ո՞վ է մարդը և ին՞չ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից”: Եվ նրանք ասացին. “Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի”: Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց.” Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին”: Եվ նա ասաց. ” Այո, ես եմ”: Առյուծն ասաց. “Արի կռվենք”: Մարդն ասաց. “Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը` տանն են: Եկ նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք”: Առյուծն ասաց. “Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ”: Մարդն երդվեց և առյուծն ասաց. “Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր”: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին: Եվ առյուծը գոչեց.”Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վարվել”:

Մի մարդ կալից գրաստով գարի էր կրում տուն: Եվ քուռակը մոր հետ գնում էր և հետ դառնում: Իսկ տանը, ուր կրում էին գարին, մի խոզ կար կապած, որին գիրացնում էին: Եվ գարին անպակաս էր նրանից, որպեսզի ուտի և գիրանա: Եվ քուռակն ասաց մորը. «Ինչու համար այն խոզը առանց աշխատանքի ուտում է գարին, որ մենք կրում ենք մեծ դժվարությամբ և մեզ, որ չարչարվում ենք, օրը մի անգամ են գարի տալիս»: Մայրն ասաց. «Լսիր, որդյակ և մի շաբաթ ևս համբերիր և ապա ես քեզ պատասխան կտամ, և քո աչքերով կտեսնես»: Եվ մի շաբաթ հետո էշը և քուռակը բեռով տուն էին գալիս, քուռակը մորից առաջ էր գնում և լսեց խռնչոցի ահագին ձայն, որովհետև խոզը մորթում էին: Եվ խրտնեց քուռակը և հետ փախավ դեպի մայրը, և մայրն ասաց. «Ինչ եղավ, քեզ, որդյակ, որ սոսկում ես, մի վախենար խոզից, որովհետև նրանից գարու հաշիվն են ուզում»: Եվ դարձյալ եկան կալը՝ գարի կրելու: Եվ երբ բարձած վերադարձան տուն, քուռակը, բարձրացնելով ոտքի սմբակը, մորն ասաց. «Ով մայր, տես, թե ոտքիս չի փակչել գարու մի հատ, որ ինձանից էլ հաշիվ ուզեն, ինչպես խոզից»:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 287 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: