Ֆրանսիական արվեստի զարգացման վրա հսկայական ազդեցություն ունեցավ Ժակ Լուի Դավիդը /1748-1825/ ` հեղափոխական դասականության հիմնադիրը: Ծնվել է Փարիզում, 1766-74-ին սովորել է Փարիզի գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում` պատմանկարիչ Ժ. Մ. Վիենի  մոտ, 1775-80-ին` Իտալիայում, ուր մոտիկից ծանոթացել է անտիկ արվեստին: Նա գաղափարական մեծ ձգտումների, փայլուն ստեղծագործական նվաճումների նկարիչ էր, այն ժամանակների երկրի գեղարվեստական կյանքի փայլուն կազմակերպիչը: Լինելով բուրժուական միջավայրի ծնունդ` Դավիդը գտնվում էր հեղափոխության ակտիվ մասնակիցների շարքում: Նա կոնվենտի անդամ էր, Ռոբեսպիերի բարեկամը, քվեարկել էր թագավորի մահապատժի օգտին: Նրա գործունեությունն սկսվել էր մինչև հեղափոխությունը: Լինելով նպատակամետ, հաստատակամ, եռանդուն անձնավորություն` Դավիդը երեք անգամ մրցանակաբաշխության ներկայացրեց իր աշխատանքները և, այնուամենայնիվ, ստացավ Իտալիա ուղևորություն կատարելու իրավունք:

Դավիդ նկարչի վաղ շրջանի ստեղծագործությունները ներշնչված են ակադեմիական դպրոցի ավանդույթներով: Անտիկ աշխարհի և Վերածննդի արվեստի դասական նմուշների ներգործության տակ, Վիենի` անտիկ աշխարհի և <<խստաբարո ոճի>> նվիրյալ հետևորդներից մեկի ղեկավարությամբ, Դավիդի ստեղծագործական դեմքը խիստ փոխվում է: Նա հրաժարվում է դիցաբանական թեմաներից և դիմում հին հռոմեական պատմությանը: Մյուս կողմից` նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում դիմանկարը:

Նախահեղափոխական շրջանում ստեղծած իր պատմական նկարներում Դավիդը փառաբանում էր իրենց անձնական բարօրությունը հասարակական պարտքին զոհաբերող հերոսներին: Այսպիսով, նա կոչ էր անում հերոսության, ինքնահրաժարման` հանուն հայրենիքի, կոչ էր անում անվեհերության և արիության, որոնց իդեալները նա տեսնում էր անտիկ աշխարհում: Դավիդի հերոսներն անվեհեր, խիզախ ստոիկներ են: Նրանք անսասան են մահվան դեմ:

<<Հորացիոսների երդումը>> /1784/  նկարն առավել փայլուն ձևով է մարմնավորում հեղափոխական դասականության սկզբունքները: Այն բացահայտում է մարդկանց քաղաքացիական պարտքի և անձնական զգացմունքների միջև անհաշտ ու ողբերգական հակասությունները: Նկարի սյուժեն վերցված է հին հռոմեական լեգենդից: Ալբա-Լոնգայի դեմ Հռոմի մղած պայքարի ժամանակաշրջանում Հորացիոսների տոհմի երեք հռոմեացի եղբայրներին վիճակված էր մահացու մենամարտ մղել և լուծել թշնամացած քաղաքների միջև գժտության ելքը: Հորացիոսների հակառակորդները մանկության ընկերներ են: Նրանցից մեկը նշանված է Հորացիոսների քրոջ հետ: Ելնելով մահացու մենամարտի` եղբայրները երդվում են իրենց հորը` պաշտպանել հայրենիքը: Աներեր ու վճռական են նրանք իրենց ազնիվ խոյանքում, որն ընդգծվում է նրանց եռանդուն շարժումների միասնությամբ: Հայրը`օրհնում է նրանց`հանուն սխրանքի:

Դավիդի հերոսներն ազատ են հակասություններից և տատանումներից: Նրանց մղումները ենթարկված են կամքին ու բանականությանը: Նրանք մարտի են ելնում` հավատալով արդարության հաղթանակին: Երկրորդ պլանում աջից` արտասվող կանանց խումբն է. սրանք միայն ստվերարկում և լրացնում են առաջնորդող սկզբունքը` անձնական ամեն ինչ պետք է զոհաբերվի քաղաքացիական պարտքի: Ստեղծագործության գաղափարն արտահայտված է առավելագույն ակնառությամբ և լակոնականությամբ: Ճարտարապետական ֆոնի` տոսկանյան  սյունաշարերով եռամաս բաժանումն ընդգծում է կոմպոզիցիայի իմաստային բաժանումը: Սեղմ տարածությունը, խորաքանդակ կառուցվածքը, հանգիստ-համաչափ ռիթմը նպաստում է հերոսական բնույթի խստաբարո արտահայտմանը: Կերպարներ ստեղծելիս գեղարվեստական արտահայտչության գլխավոր միջոցներն են պարզ ու լակոնական շարժումները, խստիվ ընդգծված-եռանդուն նկարը, հստակ լուսաստվերային խաղը, գույնը, որը լրացնում է բնութագրերը, զարմանալի ամբողջականություն են հաղորդում ընդհանուր լուծմանը:

Սրընթաց  զարգացող հեղափոխական իրադարձությունները, ժողովրդական շարժման վերելքը նոր հզոր ազդակներ դարձան Դավիդ նկարչի ստեղծագործության համար: Ընդլայնվում է նրա գործունեության ոլորտը: Նա կատարում է հեղափոխական տոների ձևավորումներ, ստեղծում հանրապետականների կոստյումների էսքիզներ, դառնում երկրի գեղարվեստական կյանքի կազմակերպիչն ու ղեկավարը: Նրան հետևում է ստեղծագործող երիտասարդությունը: Այդ ժամանակ Դավիդը հրաժարվում է անտիկ դիցաբանության, պատմության, այլաբանության թեմաներից և դիմում է արդիականությանը:

Քաղաքացիականության  գաղափարը բացահայտ տեսք է ստանում այդ ժամանակների առաջադեմ մարդկանց կերպարներում: Նկարչի մեծ նախաձեռնություններից մեկը <<Երդում գնդակախաղի դահլիճում>> բազպատկեր կոմպոզիցիան է /նկարն անավարտ է մնացել, նրա մասին կարելի է դատողություններ անել ըստ այն էսքիզի, որը ցուցադրված է Սալոնում 1791թ. և պահպանվում է Լուվրում/: Այն նվիրված է պատմական կարևորություն ներկայացնող իրադարձությանը` 1789թ. հունիսի 20-ի`պատգամավորների ժողովին, որն առաջադրեց նոր սահմանադրության պահանջ, և միևնույն ժամանակ ասես մարմնավորում է ազգի միասնության խորհրդանիշը` ազատություն, հավասարությու, եղբայրություն: Կոմպոզիցիան հագեցած է պաթոսով և հեղափոխական ոգևորությամբ, ընդգրկում է ժամանակակիցների մի շարք պայծառ դիմանակարներ: Այդ զանգվածային տեսարանում բոլոր հավաքվածների շարժումն ուղղված է կենտրոնին, որտեղ բարձունքի վրա կանգնած ժողովի նախագահ Բալյին կարդում է երդման տեքստը: Ժողովրդի հուզված, ոգևորված ներկայացուցիչներն ասես կրկնում են երդումը: Կառուցման տրամաբանությունը, միևնույն շարժումի ռիթմիկ կրկնությունն այդ կոմպոզիցիան մոտեցնում են Դավիդի նախահեղափոխական կլասիցիստական նկարներին: Գործող անձանց դինամիկան և բնույթը նրան հաղորդում են ավելի աշխույժ տեսք, թեև մանրամասների առատությունն իսկ կոմպոզիցիան զրկում է այն ուժից ու ամբողջականությունից, որոնցով օժտված էր <<Հորացիոսների երդումը>>:

Հեղափոխությունն առաջադրեց ոչ միայն խանդավառություն և հերոսություն, այլ նաև ողբերգական հետևանքներ ունեցավ: Դրանց արձագանքը հանդիսացավ մինչև մեր օրերը չպահպանված, բայց փորագրանկարում մեզ հասած Տարդիեի այն կոմպոզիցիան, որը պատկերում է Լեպելետիեի կործանումը, որը քվեարկել էր թագավորին մահապատժի ենթարկելու օգտին և սպանվել ռոյալիստի կողմից: Դիմելով ժամանակակից քաղաքական գործչի կերպարին` Դավիդը ձգտում էր նրան մոտեցնել անտիկ աշխարհի հերոսին: Նա Լեպելետիեի կիսամերկ պատկերը տեղավորում է հեռանկարային դիրքում, որը մեղմացնում է դեմքի անկանոն գծերը, նրան օժտում դասական համամասնություններով, մեծացնում մարմնի ձևերի գեղակերպական արտահայտչությունը:

Դավիդի հերոսական իրատեսությունը մեծագույն արտահայտություն է ստանում <<Մարատի մահը>> նկարում / 1793 /:

Այն ստեղծված է ըստ այն իրավիճակից ստացած անմիջական տպավորության, երբ նկարիչը վերջին անգամ էր տեսել ժողովրդի բարեկամին: Պատմական արժանապատվությունն այստեղ զուգորդվում է կերպարի հուզական հագեցվածության հետ: Դավիդն արարել է մի ստեղծագործություն, որը նման է հիասքանչ և խստապահանջ մոնումենտի: Հիվանդ Մարատը սպանվել է լոգարանում, որ նշանակել է բժիշկը, այն ժամանակ, երբ նա կարդում էր մարդասպանի` Շառլոտա Կորդիեի դավաճանական նամակը: Լոգարանը և խոշորածավալ կախված գործվածքե վարագույրներն ընկալվում են որպես անտիկ շրջանի սարկոֆագ, մի փայտե արկղ` վրան թանաքաման, տապանագիր` <<Մարատին` Դավիդից>> մակագրությամբ:

Դավիդի լավագույն ստեղծագործություններից են հեղափոխական ժամանակների դիմանկարները, այդ թվում <<Ինքնանկարը>>/ 1794/ : Ավանդույթը Դավիդի անվան հետ է կապում <<Կանաչավաճառուհի>> դիմանկարը /1795/ : Կնոջ խորաթափանց հայացքը, զսպվածությունը, գործողության, պայքարի պատրաստությունը նրան հաղորդում են ժողովրդի միջավայրի ծնունդ` կնոջ տիպական հատկանիշներով: Ստեղծված լինելով բնօրինակից` <<Թագուհի Մարիա Անտուանետան մահապատժից առաջ>> սուր- բնութագրական ուրվանկարը, գրեթե երգիծանք է, անխնա թագազերծ է անում ֆրանսիական ժողովրդին ատելի մեծամիտ ավստրուհուն:

Թերմիդորական հեղաշրջումից և Ռոբեսպիերի մահապատժից հետո Դավիդը հարկադրված էր հրաժարվել իր քաղաքական համոզմունքներից, դադարեցնել հասարակական գործունեությունը: Հիասթափվելով հեղափոխության պարտությունից, կորցնելով արդարության համար պայքարի հավատը` նկարիչը դիմում է իդեալական գեղեցկության աշխարհին: Նրա հաշտվողական տրամադրություններն արտահայտություն գտան <<Սաբինուհիները դադարեցնում են ճակատամարտը հռոմեացիների և Սաբինների միջև>> /1799/ նկարում` 19-րդ դարի սկզբի հմուտ, բայց սառը, դասականական արվեստի օրինակում: Ավելի աշխույժ չեն դառնում Դավիդի այն թեմատիկ կտավները,  որոնք ստեղծված են կոնսուլության և կայսրության ժամանակաշրջանում, երբ նա ստանում է կայսրի առաջին գեղանկարչի կոչում: Պատկերելով ժամանակի իրադարձությունները` Դավիդը հարկադրված էր Նապոլեոնին պատկերել վիթխարի թատերադեկորատիվ կոմպոզիցաներում: Նրա <<Բոնապարտի դիմանկարը Սեն- Բեռնար լեռնանցքում>> /1800/ , որտեղ Բոնապարտը պատկերված է ծառս եղած ձիուն նստած, հուզիչ է միայն արտաքուստ: Եվ այնուամենայնիվ առանձին դիմապատկերներ <<Կայսրի և կայսրուհու թագադրումը>> նկարում, <<Տիկին Ռեքամիեի դիմանկարը>>` իր վսեմ բանաստեղծական կառուցվածքով և դասական ոճի մաքրությամբ, չեն բացառում բնօրինակի ճշգրիտ դիտարկումը:

Ճշմարտացի են նաև ուշ շրջանի դիմանկարները/ <<Ծերունու դիմանկար>>/, որոնք Դավիդն ստեղծել է վտարանդության մեջ` Բրյուսելում: Ծերացող նկարիչն այնտեղ բնակություն է հաստատում նապոլեոնյան բանակների ջախջախումից և Բուրբոնների վերականգնումից հետո, որոնք չկարողացան նրան ներել Նապոլեոնին նվիրված լինելու և հատկապես այն պատճառով, որ քվեարկել էր Լյուդովիկոս 16-ի մահապատժի օգտին:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3016 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: