Ֆրանսիացի նկարիչ, պատմական նկարիչ և բնապատկերի վարպետ Նիկոլա Պուսենը (ֆր. Nicolas Poussin) ծնվել է 1594 թվականի հունիսի 15-ին: Նա համարվում է Ֆրանսիական կլասիցիզմի հիմնադիրը:

Անտիկ դիցաբանությանից և հին պատմությունից ընտրած սյուժեների շրջանակներում, Աստվածաշնչում, ավետարանական ավանդազրույցներում, անտիկ աշխարհի և Վերածնության շրջանի բնաստեղծական երկրներում Պուսսենը բացահայտում էր ժամանակակից դարաշրջանի թեմաները: Դրանցում նա քաղում էր քաղաքացիական արիության, բարձր բարոյականության, բանաստեղծական զգացմունքների օրինակներ, որոնք անձնավորության դաստիարակության ու կատարելագործման զորեղ միջոցներ էին: Պուսսենը իր ստեղծագործություններում ձգտում էր վեհաշունչ անդորրության, ազնվաբարո զսպվածության, ներդաշնակ համաձայնության և հավասարակշռվածության, բայց նա կյանքը դիտում էր նրա բարդության մեջ և ըմբռնում, որ մարդը կախում ունի բնության և հասարակության ընդհանուր, երբեմն իր հանդեպ թշնամական օրենքներից: Նրա իդեալն այն հերոսն էր, որը կյանքի փորձություններում պահպանում է հոգու անվրդովություն, արժանապատվության զգացումունքը, վստահում է միայն իր ուժերին, ընհունակ է սխրանք գործելու: Պուսսենին ոգեշնչում էր Վերածնության ու անտիկ շրջանի արվեստը:

“Պուսսենի կյանքն արտացոլված է նրա ստեղծագործություններում, որը նույնքան գեղեցիկ ու ազնվաբարո է, որքան և այդ ստեղծագործությունները: Դա շատ գեղեցիկ օրինակ է նրանց համար, ովքեր որոշել են իրենց նվիրել արվեստին”, — Պուսսենի մասին գրել է ֆրանսիական ռոմանտիկների ղեկավար Դելակրուան:

Պուսսենը ծնվել է նորմանդական ոչ մեծ քաղաք Լե Անդելիի մոտերքում: Նկարիչ վարպետի մոտ ուսանելուց և ուղևորության կատարելուց հետո նա բնակություն է հաստատում Հռոմում: 1640 թվականին Լյուդովիկոս 13-րդի պնդմամբ գալիս է Փարիզ, բայց ապրելով այնտեղ երկու տարի` հեռանում է մայրաքաղաքից: Ապարանքը` իր բռնապետությամբ և խարդավանքներով, շողոքորթ ու սին արվեստի նկատմամբ իր մոլորությամբ, խորթ էր հումանիստ նկարչին: Նա վերադարձավ Հռոմ , որտեղ որպես նկարիչ ձևավորվեց, ըստ էության, ինքնուրույնաբար: Մշտապես խորանալով արվեստի մասին խորհրդածումներում` նա ապրում է մեկուսի, փակված. նրան չէին հրապուրում հարստությունը և հաջողությունը:

Պուսսենի վաղ հռոմեական շրջանի աշխատանքները` 1620-ական թվականներ, նշանակալի են կյանքի լիակատարության զգացողությամբ: Եռանդունությամբ ու գործողությամբ լի նրա հերոսներն իրենք են վճռում իրենց ճակատագիրը, որոշում պատմական դիրքերի ընթացքը: Նրա ՚Ճակատամարտՙ կտավում (Մոսկվա, ԿՊԹ) զգացվում է առասպելական պատերազմների հերոսների շունչը: Պատկերների կուտակման մեջ, շարժումների քաոսում ուղի է հարթում կազմակերպման, հստակության, ռիթմիկության սկզբունքը: Բանականությունը և կամքը հաղթում են կրքերի տարերքին:

Պուսսենին գրավում էին պատորալները և վակխանալիաները, որոնք մարմնավորվում էին ներդաշնակ աշխարհի և երջանկության, “ոսկե դարի”` 16-17-րդ դարերի ուտոպիստ –մտածողների լուսեղեն երազանքի պատկերացումները: Գոյության լիակատարության զգացողությունը, կայնքի գեղեցկությունը սիրահարվածությունն են գերում ՚Քնած Վեներանՙ նկարում (1620-ական թվականներ, Դրեզդենի պատկերասրահ): Աստվածուհու ծառի հովանու տակ ազատ տարածված ամեն ինչ արարված է գեղանազությամբ, թարմ, կենսասիրությամբ: Սակայն Վեներայի քունը տագնապալի է, դիրքն` անհանգիստ: Ամառային նախաամպրոպային երեկոյի մռայլ, դեղնականաչ-ոսկեշող, կարմիր, նարնջագույն երանգներն արտահայտում են բնության լարված կյանքի զգացումը: Պուսսենի Վեներան երկրային է, բայց մնում է անհասանելի իդեալ: Աստվածուհու մարմնի պայծառ երանգը, հստակ ստվերանկարը նրան առանձնավնում են բնանկարում, զատում հովիվներից, միաժամանակ շարժումների ռիթմը նրա պատկերը առնչում է բնության բանաստեղծական կերպարին: Հյութեղ, տաք երանգավորման հագեցվածությունը, նկարելու ազատությունը և ընդարձակությունը խոշորահատիկ կտավի վրա, ուշադրությունը լույսի հաղորդման նկատմամբ Պուսսենին մոտեցնում է Տիցիանին:

Պուսսենի “Գեմանիկոսի մահը” կտավը (1627, Հռոմ, Բարբերինիի պալատ) դասականության ծրագրային երկ է: Նրանում զգացվում է այն ժամանակվա Ֆրանսիայում տարածված բռնակալության գաղափարների արձագանքը: Նկարիչը մարդկային արժեքի չափանիշ է հաստատում անձնական արժանիքները, հերոսի ծառայությունները երկրի հանդեպ: Նկարի ողբերգական սյուժեն վերցված է հին հռոմեական պատմաբան Տակիտոսից: Պատկերված է հոգեկան ազնվաբարոյությամբ լի զորապետ Գերմանիկոսին, նրա ընտանիքին և կեգիոնապետ, որին թունավորել էր նախանձ կայսր Տիբերիոսը: Վերևի պայծառ լույսը և կամիր պարեգոտը շեշտում են Գերմանիկոսի թույլ ու գունատ մարմինը, բայց ստոիկաբար քաջարի դեմքը` պահպանելով հոգու անխռով անդորրությունը: Հերոսի կործանումն ընկալվում է որպես հասարակական նշանակություն ունեցող ողբերգություն: Անձնական ապրումները խլացված և արտահայտված են Գերմանիկոսի գլխավերևում կանգնած կանանց և երեխաների ոչ մեծ խմբի լուռ վշտի մեջ: Զորապետի մահճին միաբան ձգտող լեգեոնները պատրաստ են կատարելու սխրանք հանուն արդարության. բուռն ձևով արտահայտելով իրենց զգացմունքները, նրանք հանդես են գալիս որպես կոլեկտիվ կամքի մարմնացում: Կանոնավոր ռիթմը, որը շեշտված է մարտիկների առաջապլան պատկերներով և կոմպոզիցիայի հստակ ճարտարապետական բաժանումներով, կազմակերպական սկզբունք է հաղորդում շարժմանը:

Արտահայտելով մարդկանց տարբեր բնավորություններ և ճակատագրեր, կոմպոզիցիան ստեղծելով ինքնուրույն տարրերից` Պուսսենը դրանք ենթարկում է խստապահանջ ներդաշնակ հաջորդականության, որը, դասականության տեսակետից, իշխող է կյանքում: Պուսսենի նկարներում առարկաների և պատկերների դասավորությունն ստացել է առաջնակարգ նշանակություն, այն կարծես ստեղծում էր ռիթմին, տեմպին և հնչեղությանը ենթարկված առանձին աշխարհ:

“Գերմանիկոսի մահը” կտավում երևան են գալիս դասականության հիմնական հատկանիշները` գործողության պարզությանը, կոմպոզիցիայի արխիտեկտոնիկությունը: Անտիկ շրջանի ռելիեֆների օրինակով Պուսսենը գործող անձանց տեղավորում է ոչ խոր տարածության մեջ` այն մասնատելով մի շարք պլանների: Կոմպոզիցիայի առանձնացվածությունն ուժեղացնում էր գործողության կենտրոնացվածությունը:

Այլ բանալիով է լուծված “Տանկրեդ և Էրմինա” կոմպոզիցիան (1630-ական թթ. Պետրոգրադ. Էրմիտաժ), նրա սյուժեն ոգեշնչված է Տորկվատո Տասսոյի ՚ “Ազատագրված Երուսաղեմ” պոեմով: Նկարիչն այստեղ գովերգում է ամազոնուհի էրմինիայի զգացմունքը, որն անսպասելիորեն սիրահարվում է դեռ վերջերս ատելի թշնամուն` վիրավոր ասպետ Տանկրեդին: Էրմինիայի կերպարը բարդ է, նա քնքուշ, բայց քաջասիրտ է, հուզված և վճռական, նրա դեմքին և` սարսափ կա, և` հույս: Բովանդակությունը բացահայտվում է տարբեր բնավորությունների և վիճակների բախումներով: Իր երկար մազափունջը կտրող մոլեգին Էրմինիային հակադրված են ուժասպառ  Տանկրեդը և սևեռուն հայացքով նրա զինակիրը: Շողշողացող արծաթավուն-կապույտ հագուստները փողփողում են և կրկնում հերոսուհու շարժումները` ուժեղացնելով տագնապային տրամադրությունը : Մայրամուտի կարմիր շողերն ընկալվում են որպես անցած ահեղ դեպքերի, բոցավառ տենչանքի արձագանքը:

Մարդու ներքին աշխարհը շարժման մեջ, ռիթմում արտահայտելու կարողությունը Պուսսենի բնորոշ հատկանիշներից մեկն է: Նա շարժումն անվանում է ՚մարմնի լեզուՙ և հասնում էր բոլոր պատահականությունից նրա զարմանալի մաքրման-զտմանը: Նրա ստեղծագործություններում քիչ նշանակություն չունի երանգավորումը: Սառը կապտապողպատագույն և լարված կարմրաոսկեգույն երանգների հակադրությունը ՚Տանկրեդ և Էրմինիաՙ կտավում ընդգծում է կերպարների խոր ողբերգականությունը:

1630-ական թթ-ին Պուսսենի ստեղծագործության մեջ հաստատուն տեղ գրավեց պարզ բանականությամբ և ուժեղ կամքով մարդու իդեալը: Միևնույն ժամանակ խորանում էր ողբերգակի զգացողությունը, նրա ստեղծագործություններում օրեցօր ավելի հաճախ էին հանդիպում ժամանակակիցներին անհանգստացող երկրային կյանքի արագընթացության պրոբլեմը: “Արկադիայի հովիվները” նկարում, Պուսսենը դիմեց երջանիկ Արկադիա մարզի մասին հին հռոմեական ավանդազրույցին` նրան տալով փիլիսոփայական իմաստ:

Մարմարե շիրիմի վրա հայտնաբերած ”Եվ ես եղա Արկադիայում” կարճ մակագրությունը պատանի հովիվներին տխուր մտորումների հանգեցրեց` կյանքում ամեն ինչ անցողիկ է, ավարտվում է մահով: Վերաբերմունքը մահվան հանդեպ, արթնացած զգացմունքերը և մտքերը նկարիչը քննության է առնում դրանց աստիճանավորության և բարձրակետի , բնավորությունների նուրբ երանգավորման տեսակետից: Ողբերգական լարվածությունը ներդաշնակորեն լուծվում է երիտասարդ կնոջ կերպարում: Տխուր մտորումների մեջ ընկած` նա ասվածի իմաստն ընկալում է որպես կյանքի անխուսափելի օրենք: Այդ ստեղծագործության հիմքում ընկած խոր փիլիսոփայական միտքն արտահայտված է դասականորեն խստապահանջ ձևով, մտահաղացման ամբողջականությամբ:

“Սցիպիոնի մեծահոգությունը” նկարում (1643թ.Մոսկվա, ԿՊԹ) հաղթանակում է բանականությունը, իշխում է զգացմունքների և շարժումների զսպվածությունը: Յուրանքանչյուր պատկեր օժտված է ինքնուրույնությամբ և ազատությամբ, բայց միաժամանակ ամեն ինչ հասցված է ներդաշնակ միասնության: Այժմ մեծ դեր է կատարում ոչ թե գույնը, այլ հստակ նկարագիծը, ուրվագիծը, որն առանձնացնում է նիստերը, եզրափակում է քանդակա-բարեկերպական ձևը: Կոմպոզիցիայի խստապահանջ կազմակերպվածությունը շեշտված է ռիթմիկ համապատասխանություններով և կրկնումներով, մեծ պլանների զուգորդումներով, տեղային գույներով:

1750-1760-ական թթ-ին Պուսսենը ավելի հաճախ էր դիմում բնանակարին: Բնության կյանքը նկարչի բնանկարներում պատկերված է դրամատիկական լարվածությամբ, սակայն դա միշտ ստանում է ներդաշնակ լուծում: Նա սովորաբար ընտրում էր միջին հորիզոնը, երկրի վրա կանգնած մարդու մակարդակը, ձգտում էր դեպի այն վայրերը, ուր մարդու հայացքը կարող էր ընդգրկել ընդարձակ տարածություններ` հարթավայրեր, լեռնային զանգվածներ և ժայռեր, ծովային լայնարձակություններ: Նրա բնանկարներում թափանցիկ օդն ամեն մի առարկայի ծավալին հաղորդում է բյուրեղային մաքրություն:

Պուսսենի կտավներում բնությունը առասպելական հերոսների գործողությունների ասպարեզ է, որոնք մարմնավորում են տարերքի սկզբունքները: “Բնանկարում` Պոլիփեմոս” կտավում սրինգ նվագող Պոլիփեմոսի կերպարը ասես ծնվում է ժայռից և իշխում հովիտների ու ծովերի վրա: Սիրո թովիչ երգը կախարդում է բնությունը: Անդորրության մեջ անշարժացել են հզոր ժայռերը, ծառերը, ամպերը: Խորքում երևում է նախիրը, մաճկալների, հովիվների պատկերները, նրանց հետ ապրում են ֆավները, ջրահարսները և անտառային աստվածները:

Անձնավորության ինքնաճանաչման և հոգևոր կատարելագործման կոչը մարմնավորում ստացավ Պուսսենի “նքնանկարու” (1650. Փարիզ, Լուվր): Պուսսենի հետևորդները չըմբռնեցին գեղեցիկի մասին երազանքով ոգեշնչված նրա ստեղծագործության խորությունը: Բնանկարում Պուսսենի ավանդույթն ապրեց: Մահացել է 1665 թվականի նոյեմբերի 19-ին:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1997 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: