Գծանկարը՝ գրաֆիկայի մոջոցներով հարթության վրա ստեղծված պատկեր է, նաև հիմքն է նկարչական արվեստի բոլոր տեսակների համար։ Գծանկարը կարող է հանդես գալ ինչպես վերջնական ստեղծագործություն, այնպես էլ տեխնիկական բազա՝ հիմք հանդիսանալով գեղարվեստական ստեղծագործությոյնների համար։ Այդ իսկ պատճառով գծանկարը խորապես ուսումնասիրվում է նկարիչների, քանդակագործների և ճարտարապետնրի կողմից: Գծանկարը որպես ինքնուրույն ստեղծագործություն դիտվում է եվրոպական արվեստում որպես գրաֆիկայի առանձին տեսակ:

Գրաֆիկական արտահայտչամիջոցների տարբեր համադրումներով հնարավոր է հասնել պլաստիկական կերպավորման, տոնային և լուսաստվերային էֆեկտների: Գծանկարն ստեղծվում է մեկ կամ մի քանի գույնով` հիմնականում թղթի (հնում՝ պապիրուսի, միջնադարում՝ մագաղաթի) վրա՝ մատիտով, ածխով, կավճով, գրչով, վրձնով և այլն: Օգտագործում են հեղուկ ներկանյութեր՝ տուշ, մելան, ջրաներկ, գուաշ և այլն: Գծանկարը՝ որպես օժանդակ նյութ (էսքիզ, էտյուդ), օգտագործվում է գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության և այլ բնագավառներում: Այն մեծ նշանակություն ունի նաև պատկերազարդման, պլակատի, ծաղրանկարի ժանրերում:

Գծանկարը սկզբնավորվել է վաղ անցյալում, բարձր զարգացման հասել անտիկ արվեստում, միջին դարերում Արևելքում՝ Չինաստանում, Հնդկաստանում, Ճապոնիայում: Ռեալիստական գծանկարի գիտականորեն հիմնավորված մեթոդն ստեղծվել է Վերածննդի շրջանում (Լեոնարդո դա Վինչի, Ռաֆայել, Միքելանջելո, Ալբրեխտ Դյուրեր և ուրիշներ): XVII–XVIII դարերում գծանկարի խոշոր վարպետներից էին Պիտեր Պաուել Ռուբենսը, Նիկոլա Պուսսենը, Ուիլյամ Հոգարդը, Ռեմբրանդը, XIX–XX դարերում՝ Ժան Օգյուստ Դոմինիկ Էնգրը, Էժեն Դելակրուան, Կարլ Բրյուլլովը, Ալեքսանդր Իվանովը, Իվան Կրամսկոյը, Իլյա Ռեպինը, Օնորե Դոմիեն, Էդգար Դեգան, Պաբլո Պիկասսոն և ուրիշներ: Հայաստանի տարածքում գծանկարի նախօրինակները ժայռապատկերներն են:

Զարգացած գծանկարի նմուշներ են ուրարտական շրջանի, միջին դարերի

որմնանկարչության, մանրանկարչության, քանդակագործության առանձին կոթողներ: Կերպարվեստի պատմության նոր շրջանում այն վերելք է ապրել Հովնաթանյանների, ապա` Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Մարտիրոս Սարյանի արվեստի շնորհիվ: Ավելի ուշ շրջանում գծանկարի արվեստը նոր մակարդակի են հասցրել Երվանդ Քոչարը, Գաբրիել Գյուրջյանը, Գրիգոր Խանջյանը, Միքայել Արուտչյանը, Գառզուն, Մինաս Ավետիսյանը, Ռուդոլֆ Խաչատրյանը, Ռուբեն Ադալյանը և ուրիշներ:

Գծանկարը զարգացում ապրեց Իտալիայում և հատկապես Հոլանդիայում` հանձինս Ռեմբրանդտի, որի ստեղծագործություններում այն առանձնահատուկ տեղ է գրավում: Մեծ հոլանդացին ընդլայնեց գծանկարի հնարավորությունները` այն դարձնելով ավելի գեղանկարչական, տալով հոգեբանական ուղղվածություն, որը հատուկ էր նրա գեղանկարներին ու փորագրապատկերներին: Իզուր չէ, որ Ռեմբրանդտին համարում են գծանկարի անգերազանցելի վարպետ:

Մեզ են հասել մեծ նկարչի ձեռքով արված ավելի քան հազար հին հարյուր գծանկարներ: Դրանք նրա ապրած երջանիկ ու դժբախտ կյանքի ինքնատիպ վավերագրերն են, երկխոսություն սեփական <<ես>>-ի հետ, անկեղծ ու անմիջական զրույց հարազատների ու մերձավորների, աշակերտների ու արվեստակից ընկերների հետ, խորհրդածություններ ու մտորումներ: Ռեմբրանդտյան գծանկարների զարգացումը հետաքրքիր շարունակություն գտավ համաշխարհային կերպարվեստի խոշորագույն դեմքերից մեկի` Գոյայի արվեստում:

Ահա թե ինչպես է բնորոշել գծանկարները Միքելանջելոն.

<<… Գծանկարը, որն այլ կերպ անվանում են ուրվանկարի արվեստ, և գեղանկարչության, և քանդակագործության, և ճարտարապետության բարձրագույն կետն է… Նա, ով շատ բանի է հասել տիրապետելով գծանկարին, ես կասեի` տեր է մի մեծ գանձի, որովհետև հավասարապես թե վրձնով, թե բանականությամբ կարող է կերտել ցանկացած աշտարակից ավելի բարձր կերպարներ և դեմ չի առնի պատի, որը կխանգարեր նրա երևակայությանը>>:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2738 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: