Անգլիացի բանաստեղծ և նկարիչ Ուիլյամ Բլեյքը (անգլերեն` William Blake) ծնվել է 1757 թվականի նոյեմբերի 28-ին: Նա իր ժամանակշրջանի ամենատաղանդավոր և յուրօրինակ անհատականություններից էր, հանճարեղ ինքնուս նկարիչ, փորագրիչ, բանաստեղծ և փիլիսոփա: Հեղինակել և նկարազարդել է մի շարք բանաստեղծական ժողովածուներ՝ «մարգարեական պոեմներ», «Հոբի գրքի»: Նրա ստեղծագործական ժառանգությունն իր առանձնահատկություններն ունի. պոեմների լեզուն հակասում է գրական անգլերենի օրենքներին, գեղանկարչությունը՝ ժամանակի գեղագիտական կանոններին, փիլիսոփայական հայացքները շատ ուրույն են և երբեմն անհասկանալի:Սակայն իր ամբողջության մեջ նրա ստեղծագործական վաստակը հոյակապ է և անզուգական:

Բլեյքի ստեղծագործությունների մեջ ցայտուն արտահայտվել են XVIII դարի վերջի և XIX դարի սկզբի անգլիական ռոմանտիզմի հիմնական միտումները. հակումը երազատեսական ֆանտասիտիկայի, ալեգորիկ և միստիկ խորհրդանշանների հանդեպ, գծապատկերների համարյա կամայական խաղը, յուրօրինակ կոպոմոզիցիոն լուծումները: Բլեյքը ժխտում է ավանդական կոմպոզիցիան և հեռանկարը, իսկ նրա ոճը արտացոլում է իր առանձնահատուկ և միստիկ մտապատկերումները, որոնց մեջ միախառնված էին իրականությունն ու երևակայությունը:

Նրա ներշնչման մշտական աղբյուրը Աստվածաշունչն էր, բայց մերժելով եկեղացական կանոններն ու աստվածաբանական դոգմաները, Բլեյքը փորձում էր մեկնաբանել Աստվածաշունչն այնպես, ինչպես ինքն էր զգում և հասկանում: Հիսուսի անձի իր ընկալումները Բլեյքը արտահայտեց The Everlasting Gospel ստեղծագործության մեջ:

Բլեյքը միջոցներ չուներ իր բանաստեղծությունների առաջին շարքը (“Անգիտության երգեր”, 1789) տպագրելու համար, և, կարիքից դրդված, փորձեց վերականգնել տպագրության միջնադարյան ձևը` մետաղյա շերտի վրա տեքստի ու նկարի համատեղ փորագրումը: Որոշ ժամանակ անց Բլեյքն պղնձի վրա փորագրման նոր մեթոդ հայտնագործեց. ներկով պատվում էին ոչ թե փորագրված փոսիկները, այլ ուռուցիկ հատվածները: Փորագրման այս տեսակը թույլ էր տալիս ստեղծել ավելի նրբագեղ և ճկուն գծապատկերներ, որոնք ավելի համահունչ էին Բլեյքի գրական ստեղծագործությունների երաժշտական ռիթմին: Փորագրման այս մեթոդով Բլեյքը նկարազարդեց իր պոմների մեծ մասը՝ “Անմեղության և փորձի երգերը”, “Դրախտի և դժոխքի պսակադրությունը”, “Երուսաղեմ” և այլն:

Նա այդպես էլ չընդունեց յուղաներկը` իր նկարներում օգտագործելով միայն ջրաներկն ու տեմպերան: Նկարազարդեց նաև Շեքսպիրի և Ջոն Միլթոնի ստեղծագործությունները: Կյանքի վերջում Բլեյքը ստացավ “Հոբի գրքի” և Դանթեի “Աստվածային կատակերգության” նկարազարդման պատվերները: “Հոբի գիրքն” հաջողությամբ ավարտին հասցնելով  (այս նկարներին մենք դեռ կանդրադառնանք)` Բլեյքը, ցավոք, չհասցրեց ավարտել “Աստվածային կատակերգության” նկարազարդումները: Մահացավ 1827 թվականին ծայր աղքատության մեջ և թաղվեց աղքատների ընդհանուր գերեզմանում:

Միայն տասնամյակներ անց նախառաֆայելիտները սկսեցին խոսել Բլեյքի ստեղծագործական ժառանգության մասին, և միայն XX դարում Բլեյքն արժանացավ համընդհանուր ճանաչման: Լոնդոնում, Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Անգլիայի արքաների, քաղաքական գործիչների և նշանավոր մարդկանց պանթեոնում, նշանավոր բանաստեծների արձանների շարքում տեղադրվեց Բլեյքի կիսանդրին:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 847 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: