Ֆերդինան Վիկտոր Էժեն Դելակրուաի (1798-1863) ստեղծագործության մեջ, որը համակված էր ազատության համար պայքարի բուռն ոգևորությամբ, ճնշվածների նկատմամբ խոր կարեկցանքով, լույսի և բարո հաղթանակի նկատմամբ հավատով, մարմնավորում գտան ֆրանսիական գեղանկարչության հեղափոխական ռոմանտիզմի առավել բեղմնավոր միտումները: Նա դարձավ ոչ միայն բազմաթիվ նկարների և գրաֆիկական ստեղծագործությունների հեղինակ, այլև մոնումենտալ – դեկորատիվ որմնանկարների համակառույցների ստեղծող: Նա մեծ կոլորիստ էր, առանձնակի ուշարություն էր նվիրում գույնի պրոլեմին և նրա գիտական հիմնավորմանը: Նրա գրական ժառանգությունը, մասնավորապես նրա <<Օրագիրը>>,ուր նա գրառումներ էր կատարում իր ամբողջ կյանքի ընթացքում, ամփոփում է մտքեր արվեստի , նրա զարգացման խնդիրների և օրենքների մասին :

Դելակրուան ծնվել է Շարանտոնում , ոստիկանապետի ընտանիքում: Նրա ուսուցիչն էր Պ.Ն.Գ երենը , որի սառը վարպետությունն անհամեմատ ավելի քիչ ազդեցություն ունեցավ, քան նրա ավագ ընկերոջ` Ժերիկոյի կրքոտ արվեստը: Դելակրուայի իսկական ուսուցիչներն էին անցյալի մեծ վարպետները` Ռուբենսը, Վելասկեսը, Միքելանջելոն:

<<Պետք է տեսնել Ռուբենսին, պետք է ոգևորվել Ռուբենսով, պետքէ ընդօրինակել նրան, քանզի նա է գեղանկարչության աստվածը>>,- ասում էր նկարիչը:

Դելակրուայի առաջին բուռն ելույթը թվագրվում է 1822-թ. Սալոնով, ուր ցուցադրվեց նրա <<Դանթե և Վերգիլիոս>> նկարը: <<Աստվածային կատակերգության>> թեմայով նկարված լինելով` այն առանձնանում էր բախումների դրամատիզմով, պատկերների հուժկու պլատիկայով, գույնի կտրուկ հակադրություններով: Ժամանակակիցների վրա մեծ տպավորություն թողեց Դելակրուայի հաջորդ նկարը` <<Քիոսի կոտորածը>>, որը հանդիսացավ այն ժամանակվա հատապ իրադարձությունների` թուրքական զավթիչների դեմ հունական ժողովրդի հերոսական պայքարի կենդանի և ջերմ արձագանքը: Առանձնահատուկ ողբերգականությամբ ծավալվեցին դեպքերը Քիոսում, որտեղ թուրքական հրոսակները ոչնչացրին իրենց ազգայի անկախության կողմնակիցներ հայտարարած կղզու գրեթե բոլոր բնակիչներին: Հենց այդ արյունոտ հաշվեհարդարն է Դելակրուան պատկերել նկարում, որ տեղծել է զարմանալի ավյունով ու եռանդով: Արտասովոր համարձակ է նկարի կառուցվածքը: Առջևի պլան է դուրս բերված տանջահար արված հույների մի մեծ խումբ` մի ծերունի , որի պաշտպանությունն են աղերսում երեխաները, ամուսնական մի զույգ, խոշտանգված երիտասարդ մի մայր` երեխայի հետ, կիսախելագար մի ծեր կին: Եվ նրանց գլխավերևում` որպես հաղթական կողոպուտի ու բռնության խորհրդանիշ, բարձրացված է ձիու վրա նստած թուրքական սպայի պատկերը: Նրա մռայլ ստվերանկարը հստակորեն առանձնանում է լուսավոր երկնքի և լայն հարթավայրի ֆոնում, որտեղ մինչև բուն հորիզոն երևում է հրդեհների բոցն ու ծուխը: <<Քիոսի կոտորածը>> նկրով Դելակրուան շարունակեց Ժերիկոյի ձեռնարկումները արդիականության` հասարակականորեն նշանակալի մեծ թեմաներով աշխատանքների բնագավառում

Ազատասեր Հունաստանի եռանդալից , անվեհեր մարտիկները դարձան արվեստի հերոսներ: Դելակրուայի առանձնահատուկ վաստակն այն է , որ նա իր ջերմ համակրանքն արտահայտեց տառապյալ, բայց հոգով ոչ ուժասպառ հույն ժողովրդի նկատմամբ: Նկարի ստեղծամանը նախորդեց հսկայական աշխատանք, բազմաթիվ էտյուդներ ստեղծվեցին բնօրինակից: Երբ ամեն իչ արդեն ավարտված էր համարվում, Դելակրուան առաջին անգամ նկատեց Կոնստեբլի բնանկարները: Անգլիացի վարպետի թարմ գեղանկարչության նուրբ ներդաշնակության ազդեցությամն նա գրեթե վերակերտեց նկարը սալոնի բացումից առաջ:Հագեցած, հակադիր գույների փայլով, զարմանք առաջացնելով զգացմունքների դրամատիզմով, <<Քիոսի կոտորածը>> առաջ բերեց բուռն վեճեր, հանդիսացավ հեղափոխական ռոմանտիզմի իսկական մանիֆեստ:

Նրա ստեղծագործության գագաթնակետ հանդիսացավ <<Ժողովրդին առաջնորդող ազատություն>> նկարը (1830)թ., որը Դելակրուային վերջնականապես կապեց 1830թ. հեղափոխական շարժման հետ: Դա XIX դարի եվրոպական արվեստի առավել նշանակալի ստեղծագործություն էր, որը նվիրված էր կեղեքողների դեմ պայքարի ելած ժողովրդի զինված ելույթին:

Դելակրուան գտնում  է հեղափոխական թեմայի առաձնահատուկ և հուժկու լուծումը: Բարիկադի պաշտպանների թվում,նկարի կենտրոնական մասում, նա պատկերում է Ազատությունը` բաց կրծքով, երիտասարդ գեղեցիկ կնոջ տեսքով` կարմիր փռուգիական գլխարկով, ծածանվող մազերով: Վստահորեն մերկ ոտքերով քայլելով հեծանների և քարերի վրա` նա առաջ է ընթանում` ապստամբներին տանելով իր հետևից: Նրա ձեռքում է եռագույն հանրապետական դրոշը, որ ծածանվում է գլխավերևում որպես գալիք հաղթանակների խորհրդանիշ: Նրա առկայությունը էլ ավելի  է ոգևորում նրանց, զենքն ավելի վստահորեն են նրանք սեղմում իրենց ձեռքերում և խիզախորեն մարտի նետվում:

Դրոշի կողքին մի պոքրիկ տղա է` <<հիվանդոտ մարմնով և դեղնած դեմքով, ինչպես մաշված սու>>, իսկական փարիզյան գամեն:Նրա աչքերը փայլում – վառվում են խիզախ կրակով: Աներկյուղ նա քայլում է մահվան դեմհանդիման:Անսխալ, ճշգրտորեն է Դելակրուան կերտել այդ կերպարը` երեսուն տարի առաջ կանխագուշակելով Գավրոշի` Վիկտոր Հյուգոյի <<Թշվառները>> վեպի անմահ հերոսի հայտնվելը:

Հանուն ազատության դեպի առաջ քայլող ապստամբների առաջին շարքերում է վճռական մի երիտասարդ` ձեռքին հին հրացան: Որոշ հետազոտողներ այդ կերպարում նշմարում են նկարչի ինքնանկարը: Նա առավելապես նման է Դելակրուայի ընկերներից մեկին` բարիկադային մարտերի մասնակցին:Բայց դա չէ գլխավորը, որ իրեն կամ ընկերոջը նկարիչը պատկերել է մարտնչողների շարքերում: Կարևորն այն է , որ նա իր մտքերով ու սրտով ամբողջովին  ապստամբների հետ էր, նրանց էր նվիրաբերում իր ոգեշունչ արվեստը: Նկարում Դելակրուային հաջողվել է պատկերել այն համաժողովրդական ոգևորությունը, ազատության համար այն պայքարը, որը հավասարապես ոգևորում էր և Փարիզի  արվարձանների բանվորներին, և քաղաքային չքավորությանը, և ֆրանսիական մտավորականությանը:

Ստեղծելով իրադարձությունների ամենաթեժ օրերին` նկարն ընդունվեց որպես ֆրանսիական գեղարվեստական կյանքի նշանավոր երևույթ: Սակայն մի քանի տարի անց, 1830թ. հեղափոխական իրադարձությունների ճրերին իշխանության գլուխն անցած Լուի Ֆիլիպի կառավարությունը, վախենալով հեղափոխական շարժման աճից, հրամայեց հանել նկարը Լյուքսեմբուրգի թանգարանի ցուցասրահից:

Այդ տարիներին <<Ազատության>> հեղինակը ինքը նույնպես հեռանում է արդիականության սոցիալական մեծ թեմաներից, թեև շրջապատի իրականության կերպարները շարունակում են աչքի ընկնող տեղ գրավել նրա արվեստում: Ամենից առաջ դրանք հրապուրեցին նրան դեպի Արևելք` Ալժիր և Մարոկկո, ուղևորության ժամանակ:Այստեղ նրա առջև էր արտակարգ գունեղության ,ազգային ինքնօրինակության, էկզոտիկայի աշխարհը:Բուռն ցանկությամբ էր Դելակրուան ստեղծում  բնանկարներ, որոնք ներթափանցված էին պայծառ արևի լույսով, տղամարդկանց` քամուց ծածանվող լայն թիկնոցներով,որոնք հիշեցնում են անտիկ ժամանակների հագուստ, արևելյան գեղեցիկ կանանց:Նկարչի եռանդուն դիտողականությունը երևան եկավ առյուծների և վագրերի որսի տեսարաններում, որոնք հագեցած են լարված գործողություններով ու կրքոտությամբ:Տեղական կոլորիտի բնորոշ հատկանիշները, կենցաղի, տիպերի,իրավիճակի առանձնահատկությունն է պատկերված <<Ալժիրցի կանայք հանգստի ժամին>> (1834)թ.` նկարչի լավագույն գեղանկարչական ստեղծագործություններից մեկում, <<Եղբայրական հարսանիք Մարոկկոյում>> նկարում( մոտ 1841)թ. :

Դեպի Արևելք կատարած կարճատև ուղևորությունն իր հետքը թողեց Դելակրուայի հետագա ամբողջ ստեղծագործության վրա, այն մեծացրեց արտասովորի, տարաշխարիկի նկատմամբ նրա ձգտումը, ուժեղացրեց նրա հետաքրքրությունը կոլորիտի հիմնախնդիրների նկատմամբ: Դելակրուան կարևոր դեր կատարեց պատմական նկարի զարգացման գործում` ձգտելով վերստեղծել անցած ժամանակների բուն ոգին` պատմության գործող ուժ դարձնելով ժողովրդին:

ՈՒշ շրջանում նրա արվեստում գերիշխում է պատմական թեման, խոր կիրառություն գտնելով այնպիսի նկարներում, ինչպես <<Տրայանոսի արդարադատությունը>> (1840) կամ <<Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից>>(1840): Նկարիչը հաղորդում է մարդկանց բազմապիսի զգացմունքները, բնավորությունները, բացահայտում պատմանկան իրադարձությունների  իմաստը: Նվաճված  Կոստանդնուպոլիս են մտնում ծանր մտորումներով խաչակիրների առաջնորդները: Նրանց առջև տարածվում է սպիտակ մարմարով կառուցապատված շենքերով արևելյան մայրաքաղաքը: Բայց նվաճողների շրջապատում միայն պարտված և ստորացված, գթություն աղերսող մարդիկ են, սարսափահար ապաստան փնտրող խաղաղ բնակիչներին կողոպտող զինվորներ: Զրահավորված անկոչ օտարականների չարագուշակ պատկերները, ծածանվող փետուրներով նրանց տարօրինակ և սաղավարտները` խորամանկամիտ ստվերները ուրվագծվում են բաց կապտավուն երկնքի և ծխի մեջ աներևույթացող գեղեցիկ քաղաքի ֆոնում: Կոլորիստի ամբողջ վարպետությունը, որ նա ձեռք բերեց գործնականում և ուսումնասիրեց գույնի օրենքները ,բնութագրում է նկարչին  ` ստիպելով հուժկու, գունեղ, խոր  ներդաշնակություններով արտահայտել իրեն հուզող զգացմունքներն ու գաղափարները:

Դելակրուան շատ ուժ ու եռանդ նվիրաբերեց Պատգամավորների պալատի (Բուրբոնների պալատի, Գահադահլիճի և գրադարանի ) վեհասքանչ դեկորատիվ համակառույցների ստեղծման գործին, Սենատում,Լուվրում Ապոլլոնի վերնասրահի, Փարիզում Սեն Սյուլպիս եկեղեցու աղոթարանի աշխատանքներին:Վերջինիս որմնանկարները ,երեևի թե, առավել մեծ ուժով են բացահայտում Դելակրուայ մոնումենտալիստի և կոլորիստի սքանչելի ձիրքը, որը մեծ մարդասիրական կերպարներով հագեցնում էր դրամատիզմով և դինամաիկայով ներթափանցված իր դեկորատիվ ստեղծագործությունները:

Դելակրուա գծանկարչի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ են գրավում Գյոթեի, Բայրոնի, Շեքսպիրի ստեղծագործությունների նկարազարդումները:Գյոթեի ամենաբարձր գնահատականին արժանացան նկարչի` <<Ֆաուստի>> պատկերազարդումները: Չնայած այն բանին, որ կյանքի վերջում նկարիչը հեռացավ իր ժամանակի առաջադիմական ազատագրական գաղափարներից, նրան խորապես խորթ մնաց հետադիմության ճամբարը,մինչև վերջ պահպանեց իր մարդասիրական համոզմունքները:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1794 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: