Շաբաթ երեկոյան Վենետիկում (Իտալիա) մեկնարկել է ավանդական դիմակահանդեսը (կառնավալ), որը շարունակվելու է մինչև փետրվարի 21-ը:

Ինչպես հաղորդում է ռուսական «ՌԻԱ նովոստի» գործակալությունը, ուրախ ու շքեղ այդ տոնախմբությունը, ավանդույթի համաձան, սկսվել է քաղաքի Սան Մարկո կոչվող կենտրոնական հրապարակում, որտեղ կառնավալի առնչությամբ կարմիր գինու շատրվան է տեղադրվել:

Քաղաքում նաև հորթուկի` ինը մեր բարձրությամբ փայտե արձան է կանգնեցվել, որն այրվելու է դիմակահանդեսի վերջին օրը:

Դիմակահանդեսն այս տարի անցկացվում է «Կյանքը թատրոն է» կարգախոսի ներքո, ինչը նշանակում է, որ Վենետիկի բոլոր հրապարակաները, փողոցները, կամուրջներն ու ջրանցքներն առաջիկա օրերին իսկական թատերական հրապարակի են վերածվելու, որտեղ տարբեր տեսակի ներկայացումներ են բեմադրվելու, երաժշտական համարներ են ցուցադրվելու:

Դիմակահանդեսի ամենագեղեցիկ արարողություններից մեկն անցկացվելու է փետրվարի 12-ին. այդ օրը Սան Մարկոյի հրապարակ է իջնելու «հրեշտակը» (հրեշտակի դերը կատարում են Վենետիկի բնակչուհիները): Իսկ ավանդական դարձած լավագույն դիմակ մրցույթի հաղթողը որոշվելու է փետրվարի 19-ին: Դիմակահանդեսն ավարտվելու է Մեծ ջրանցքով անցնող զարդարված գոնդոլների (մակույկ) «շքերթով»:

Վենետիկյան դիմակահանդեսի ավանդույթը թերևս սկիզբ է առնում Սատուրնին (Հռոմեական դիցաբանության մեջ գյուղատնտեսության աստվածը) նվիրված հեթանոսկան տոնակատարություններից, որոնց ժամանակ «չեղյալ էին հայտարարվում» սոցիալական բոլոր պայմանականությունները, «կյանքի օրենքները» և յուրաքանչյուրը, դիմակներ կրելով, կարող էր ուրախանալ այնպես, ինչպես ցանկանում էր: Վենետիկի հանրապետության անկումից հետո՝ 19-րդ դարում, Վենետիկը դադարեցրեց դիմակահանդեսների կազմակերպումը: Այդ գունեղ ավանդույթը վերականգնվեց 1970-ական թթ. միայն:

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2491 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: