Ռուս նկարիչ, ռուսական կերպարվեստում քննադատական ռեալիզմի սկզբնավորող Պավել Անդրեևիչ Ֆեդոտովը (ռուս.՝ Павел Андреевич Федотов) ծնվել է 1815 թվականի հունիսի 22-ին ՝ Մոսկվայում:

Լինելով սպա՝ 1834 թվականից հաճախել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի գծանկարչության դասարանները, իսկ պաշտոնաթող լինելուց հետո (1844)՝ ամբողջապես նվիրվել արվեստին։ Սկզբնական շրջանի գործերը զինվորական կենցաղի ու ռեժիմի թեմաներով մատիտով ծաղրանկարներ, ուրվանկարներ, սեպիայով կոմպոզիցիաներ են։

Հասուն շրջանում (մինչև 1840-ական թթ․ վերջը) Ֆեդոտովն անցել է յուղաներկ աշխատանքների, ստեղծել ժամանակի բնորոշ տիպերի, պետերբուրգյան կենցաղի տգեղ ու ծիծաղելի տեսարանների մի ողջ պատկերասրահ՝ ցուցադրելով նիկոլաևյան Ռուսաստանի մռայլ դիմագիծը («Նորաթուխ ասպետը», 1846, «Չմահավան հարսնացուն», 1847, «Մայորի խնամախոսությունը», 1848, բոլորը՝ Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա)։ Նրա լավագույն դիմանկարները («Ե․ Գ․ Ֆլուգ», մոտ 1850, «Ն․ Պ․ Ժդանովիչ», 1849) հատկանշվում են գեղանկարչական ամբողջականությամբ։

Դժբախտ կնոջ տառապանքին, մարդու անկման ու կործանմանն են նվիրված նկարչի ուշ շրջանի գործերը («Այրի կինը», «Անկո՛ր, նորից անկոր», երկուսն էլ՝ 1851-52, Տրետյակովյան պատկերասրահ)։

Պավել Ֆոդոտովը կյանքի վերջին տարիներին տառապել է հոգեկան ծանր հիվանդությամբ, մահացել է խելացնորների հիվանդանոցում՝ 1852 թվականի նոյեմբերի 14-ին, թաղված է Սանկտ Պետերբուրգում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 352 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: