Դանթեով ավարտվում է ‎ֆեոդալական միջնադարը և միաժամանակ սկսվում է նոր դարաշրջան Արևմտյան Եվրոպայի մշակույթի և գրականության պատմության մեջ, որն ընդունված է անվանել Վերածննդի դարաշրջան:

Վերածնունդն ամենից առաջ սկսվում է Իտալիայում, մասնավորապես 4-րդ դարի երկրորդ քառորդից, իսկ 15-րդ դարի երկրորդ կեսից իրենց վերածնունդն ապրեցին Գերմանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Անգլիան և Իսպանիան:
Բնագիտության բուռն զարգացման հետևանքով Վերածննդի դարաշրջանի մարդկանց հայացքը արմատապես փոխվեց բնության մասին: Երկրի հայտնագործմանը մեծապես նպաստեցին աշխարհագրական մեծ հայտնագործությունները: Աշխարհագրական հայտնագործությունները իրենց հերթին խթան հանդիսացան աշխարհագրության, կենսաբանության, բուսաբանության, երկրաբանության զարգացման համար: Վերածննդի գրականությունը բավականաչափ հարուստ է ուղեգրական բնույթի գործերով, որտեղ հանգամանորեն նկարագրվում են նոր հայտանոգրված երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսական ու կենդանական աշխարհը, բնիկների կյանքը և կենցաղը:
Փոխվում և հարստանում է նաև մարդկանց հայացքը աստղաբաշխության բնագավառում: Կոպեռնիկոսը, Գալիլեյը, Ջորդանո Բրունոն իրենց ուսումնասիրություններով արմատապես հեղաշրջում են կաթոլիկական եկեղեցու կողմից օգտագործված հայացքը տիեզերքի մասին:
Այս բոլորից դժվա չէ հասկանալ, թե ինչու բնությունը այնքան մեծ տեղ է գրավում Վերածննդի դարաշրջանի արվեստի և գրականության մեջ: Բնությունը այդ ժամանակվա մարդկանց աչքերում դադարում է ?արցունքի ու տանջանքի հովիտ? լինելուց: Հենվելով գիտակցության վրա՝ մարդը սկսում է բնության ուժերը օգտագործել իր շահերի համար: Իմացության ծարավը, բնության գաղտնիքների մեջ թափանցելու անդիմադրելի ձգտումը, Վերածննդի դարաշրջանի մարդկանց ամենաբնորոշ գծերից մեկն է:
Եթե դիցաբանական աշխարհըմբռնումը ենթադրում էր մարդու գրեթե լիակատար ենթադրությոնը նրա միանգամայն օտար ու անհասկանալի արտաքին բնությանը, եթե աստվածաբանական աշխարհըմբռնումը ասկետիզմի ու միստիցիզմի իր դաժան ու մռայլ-անշունչ քարոզով պարզապես ոչնչացնում էր մարդուն՝ նրան զրկելով իր մարդկային էությունից, ապա Վերածնունդը առաջին անգամ փորձում է մարդուն ազատագրել արտաքին բնությանը լիակատար ենթարկվածության վերուստ սահմանված ճակատագրական անհրաժեշտությունից, վերադարձնել նրան իր բնական էությունը, բարձրացնելով հասցնել նրան բնության ուժերի և արտաքին հանգամանքների վրա իշխող դրության: Ահա թե ինչու հումանիստական շարժման առաջադրած գլխավոր սկզբունքներից մեկը անհատի բնական ինքորոշման հարցն էր, մարդու ընդունակությունների ու կարողությունների անկաշկանդ դրսևորման ու զարգացման հարցը: Խոսքը պատմականորեն վերաբերում է կղերա-‎ֆեոդալական կապանքներից մարդկային անհատականության ազատագրությանը: Ի հակադրություն միջնադարյան մարդու, որը դասային և կորպորատիվ բազմաթիվ թելերով ամրացված էր իր ?բնական տերերին?, հումանիստները առաջ քաշեցին կղերա-‎ֆեոդալական կաշկանդումներից ազատ, ուժեղ, գործնական ու գործունյա, բազմակողմանիորեն զարգացած անհատի իդեալը, որը ոչ թե ‎ֆեոդալակն միջնադարի մարդու նման հայացքը հառում է երկնքին ու երազում հոգին փրկելու մասին, այլ ապավինելով ինքն իր ուժին՝ ?երանություն? է որոնում և նվաճում այն իրական աշխարհը, որտղ նա ապրում է:
Վերածննդի դարաշրջանը անհատականության և ?անհատի զգացմունքի? զարթոնքի ու բարձրացման մի այնպիսի շրջան էր, որը անկասկած հզոր մեծությունների կարիք էր զգում, որոնք էլ և ի հայտ են գալիս Վերածննդի դարաշրջանում:
Այդպիսի հզոր մարդկանցից են Լեոնարդո դա Վինչին, որը և՛ մեծ նկարիչ էր, մաթեմատիկոս, մեքենագետ, ինժեներ, որին կարևոր հայտնագործությունների համար պարտական են ‎ֆիզիկայի ամենաբազմազան ճյուղերը: Ալբրեխտ Դյուրերը նկարիչ էր, փորագրիչ, քանդակագործ, ճարտարապետ և, բացի դրանից, գտավ ամրաշինության այնպիսի համակարգ, որը բովանդակում էր շատ գաղափարներ, որոնք իրենց զարգացումն ստացան հետագայում: Մաքիավվելին պետական գործիչ էր, պատմաբան, բանաստեղծ և բացի դրանից, նոր ժամանակների առաջին հիշատակարժան ռազմական գրողը:
Վերածննդի դարաշրջանում արմատապես փոխվեց դիցաբանական և միջնադարյան աստվածաբանական հայացքը մարդու մասին: Դրան մեծապես նպաստում են բնական գիտությունների զարգացումը. կազմախոսության սկզբնավորման հետ միասին մարդու մարմինը, որը միջին դարերում համարվում էր ?մեղքի անոթ? և մերժվում ամենայն վճռականությամբ, այժմ հատուկ հետքրքրության և ուսումնասիրության առարկա է դառնում: Հատկանշական է, որ այն ժամանակ այդ գիտությամբ զբաղվում էին ոչ միայն գիտնականներն ու բժիշկները, այլև նկարիչները, քանդակագործները, ճարտարապետներն ու գրողները:
Մարդու անհատականության նկատմամբ հանդես բերած այդ բուռն հետաքրքրությունների արտահայտություններից մեկն էլ այն երևույթն էր, որ արվեստի ու գրականության մեջ մերկ մարմինը դառնում է գլխավոր թեմաներից մեկը, փառաբանվում նրա գեղեցկություններն ու կատարելությունները: Կերպարվեստի պատմության մեջ մերկ մարմնի պատկերման ռեալիստական դպրոցի հիմքն է դրվում, որի ամենափայլուն ներկայացուցիչներն էին Լեոնարդո դա Վինչին և Միքելանջելոն: Արվեստի ու րականության մեջ այդ մարմնապաշտությունը, մարդու մարմնական պահանջների փառաբանությունը ‎ֆեոդալական եկեղեցական կապանքներից ազատագրության ձգտող անհատի ռաբլեական կամ ?դեկամերոնյան? հրճվանքն էր, անհատի բնական ինքնորոշմաբ հրամայական պահանջի արտահայտություններից մեկը:
?Անհատների զգացմունքների բարձրացման? հետ սերտորեն կապված էր նաև այն հետաքրքրությունը, որ հանդես են բերում այդ դարաշրջանի գրողները մարդու հոգեկան կյանքի նկատմամբ: Գրականության ու արվեստի գլխավոր առարկան դառնում է իրական մարդը՝ իր իրական ապրումներով ու զգացմունքներով, իր իրական խոհերով ու հոգեկան անհատականությամբ: Սովորաբար սրա հետ են կապում արվեստի պատմության մեջ դիմանկարի ու մասնավորապես հոգեբանական դիմանկարի առաջացումն ու ծաղկումը:
Որպես օրինակ, կարող ենք դիտարկել Լեոնարդո դա Վինչիի ?Մոնա Լիզա? կտավը: Արտասովոր են պատկերված կերպարի խորությունը և նշանակելիությունը, կերպար, որտեղ անհատականի հատկանիշները զուգորդվում են մեծ ընդհանրացման հետ: Լեոնարդոյի նորարարությունն արտահայտվեց վերածնության նաև դիմանկարային գեղանկարչության զարգացման ոլորտներում: Երիտասարդ կնոջ՝ բարեկերպորեն մշակված, ստվերանկարով ինքնապարփակ, վեհապանծ պատկերն իշխում է հեռավոր, բաց կապույտ մշուշով ծածկված ժայռերում գալարվող գետակներով բնանկարի վրա: Բարդ կիսաֆանտաստիկ բնանկարը նրբորեն ներդշնակվում է պատկերահանվողի բնավորության և բանականության հետ: Թվում է, թե բուն կյանքի անկայուն փոփոխությունն է զգացվում նրա հազիվ նկատելի ժպիտով աշխուժացած դեմքի արտահայտության մեջ, նրա հանդիստ, վստահ, խորաթափանց հայացքում: Պատրիկուհու դեմքը և փափկասուն ձեռքերը պատկերված են զարմանալի զգուշավորությամբ, մեղմությամբ: լուսաստվերի նրբին, ասես անհետացող շղարշը, որ պատել է պատկերը, մեղմացնում է ուրվագծերը և ստվերները. նրանում չկա ոչ մի կտրուկ վրձնախազ կամ անհարթ ուրվագիծ:
Վերածննդի մշակույթի արտահայտություններից են նաև դա Վինչիի հասուն ոճի գեղանկարչական ստեղծագործությունները՝ ?Աստվածամայրը քարանձավում? և ?Խորհրդավոր ընթրիք?:
?Աստվածամայրը քարանձավում? (1483-1494, Փարիզ, Լուվր)՝ Բարձր Վերածննդի առաջին հոյաշեն զոհարանային կոմպոզիցիան է: Նրա պատկերած Մարիամը, Հովհաննեսը, Քրիստոսը և հրեշտակը օժտված են վեհության հատկանիշներով, բանաստեղծական ոգեշնչվածությամբ և կենսական արտահայտչականության հարստությամբ:
Իրական կրքերի և դրամատիկական զգացմունքների աշխարհն է մեզ տեղափոխում Լեոնարդոյի կոթողային որմնանկարներից ամենանշանակալին՝ ?Խորհրդավոր ընթրիքը?, որն ստեղծվել է 1495-1497 թթ. Միլանի Սանտա Մարիա դելլե Գրացիե վանքի համար: Հրաժարվելով ավետարանական միջադիպվածի ավանդական մեկնաբանությունից՝ Լեոնարդոն ներկայացնում է թեմայի, կոմպոզիցիայի նորարարական լուծում, որը խորապես բացահայտում է մարդկային զգացմունքներն ու ապրումները: Նվազագույնի հասցնելով հացկերույթի պարագան, միտումնավոր նվազեցնելով սեղանի չափերը և այն առաջին պլան տեղափոխելով՝ նա ուշադրությունը կենտրոնացնում է եղելության դրամատիկական բարձրակետի, տարբեր խառնվածքի մարդկանց հակադրական բնութագրերի, զգացմունքների բարդ գամմայի դրսևորման վրա, որոնք արտահայտվում են և դիմախաղերով, և ձեռքի շարժումներով: Լեոնարդոն հանճարեղորեն լուծում է գեղանկարչության և ճարտապետության համադրման հիմնահարցը:
Բայց մարդու ներքին աշխարհի պատկերման բնագավառում մեծ նվաճումների հասան հատկապես գրողները: ?Անհատների զգացմունքների բարձրացման? հետ էր կապված սուբյեկտիվ լիրիկայի առաջացումն ու զարգացումը, որի մեջ ամենավառ կերպով արտահայտվել է ‎ֆեոդալական կապանքներից ազատագրվող մարդու ապրումներն ու մտորումները, հրճվանքն ու տարակուսանքները, մարդկային արժանապատվության խոր գիտակցությունը, կյանքի գեղեցկությունները վայելելու անսահման ծարավը: Սակայն մարդկային հոգեկան աշխարհի առավել ուժեղ և ամբողջական նկարագրությանը հանդիպում ենք այդ դարաշրջանի դրամատուրգների մոտ (Շեքսպիր):
Այսպիսով. Վերածնունդը մշակութային մեծ հեղաշրջում էր եվրոպական ժողովուրդների հոգևոր կյանքում: Վերածննդի մշակույթի մասին խոսելիս ամենից առաջ պետք է նշել այն հեղափոխական ներգործուն դերը, որ ունեցել է ավատական միջնադարի դեմ ծավալված պայքարում: Ամեն ինչ անխնա քննադատության առարկա էր դարձել. միջնադարյան հասարակական կյանքը, իշխանության կամայականությունները, տիրող օրենքները, ազնվականության արտոնությունները, կենցաղը, մշակույթը, գիտությունը, արվեստը, գրականությունը, միջնադարյան մտածողության բոլոր ձևերը: Առանձնապես կրքոտ բնույթ ստացավ կրոնա-եկեղեցական հիմնարկությունների քննադատությունը: Սպանիչ ծաղրի էին ենթարկվում հոգևորականության մոլորությունները, դարերով սրբագործված եկեղեցական դոգմաները:
Վերածննդի դարաշրջանը եվրոպական հումանիստական շարժման առաջին խոշոր փուլն էր, կենտրոնական պրոբլեմը մարդկային անհատի ազատագրումն էր միջնադարյան հասարակական, քաղաքական, հոգեկան և բարոյական կապանքներից, նրա բնական իրավունքների պաշտպանությունը:
Վերածնունդը մեծագույն մշակութային շարժում էր: Նրա պատմական խոշոր նշանակությունը կայանում է նրանում, որ ջախջախիչ հարված հասցվեց ու ժխտվեց միջնադարյան կրոնա-եկեղեցական միստիկական կուլտուրան և ստեղծվեց նոր կուլտուրա, աշխարհիկ նոր մտածողություն: Հետազոտության և գեղարվեստական նկարագրության առարկան դարձավ մարդը և նրա առարկայական շրջապատը: Պատկերելով մարդու իսկական դրությունը` Վերածննդի մշակույթի ներկայացուցիչները տալիս էին իրենց տենչերը մարդու մասին, այսինքն` պատկերում էին մարդուն, որը պետք է իր ճակատագրի տերը լինեի, տնօրինի իր կյանքն ու գործը, անկախ լինի երկնային ակնկալիքներից, աստվածային կանխորոշումից, թև ու թռիչք փշրող, ամեն մի ինքնուրույն գործուներություն մեռցնող քմահաճ խաղերից: Նոր էր հետազոտության առարկան, նոր էին մոտեցումն ու աշխարհի իմաստավորման եղանակները: Հակառակ եկեղեցական կրոնա-միստիկական կուլտուրայի` աշխարհիկ մշակույթ, հակառակ վանական ճգնավորության` երկրային վայելքներ ու բնական զգացմունքների անարգել, անկաշկանդ դրսևորում, հակառակ հավատի անքննելի հեղինակության` ազատ բանականություն, ազատ միտք. սրանք էին հումանիստների իդեալները:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3872 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: