224Երբ նա հանդիպեց Արմենիսային, կինը միանգամից սիրտը մտավ իր խոհեմությամբ, հպարտ կեցվածքի և անհասանելիության շնորհիվ: Տղայի ջանքերը, որոնք օրուգիշեր միտված էին կնոջ հետ ծանոթություն հաստատելուն, անտես մնացին: Ո՛չ բարձրաձայն խոսակցությունը, որին ակամա ունկնդիրն էր Արմենիսան, ո՛չ վրդովյալ շարժուձևերը, ո՛չ կնոջն ուղղված համառ ու բոցավառ նայվածքը չկարողացան Արմենիսայի մարմարե արձանի վայելուչ անտարբերությունը հաղթել:

  «Արմենիսան շնորհալի ու հրապուրիչ էակ էր, ատողներ ու պաշտողներ միայն կային շուրջը. Անտարբեր մարդկանց հանդիպած չէր»:

  Ոչինչ կնոջն չէր գրավում, զարմանալու սովորություն չուներ: Տղան ինչպե՞ս կարող էր հաճելի դառնալ նրան. դժվարին հանելուկ, որը լուծողին խոստացված էր այս հեշտաբույր ու գեղանի կինը:

  Բայց տղան էլ չհասկացավ,  թե ինչպես Արմենիսան սիրահարվեց իրեն: Կինը մի օր հարցրեց, թե կաթոլիկ է արդյոք, և տղան «այո» Ասաց։

Այդ «այո»-ն սուտ էր, որը միացրեց նրանց և գաղտնի պահեց տղայի կրոնը, ինչպես չքավորությունն են թաքցնում՝ հարստության շվաքի տակ:

  Բայց ամեն սուտ վերջիվերջո բացահայտվում է: Կնոջը կորցնելու վախը ստիպեց տղային սուտ խոսել և դարձավ նրանց ժամանակավոր բաժանման պատճառը:

  Բաժանումը երկար չտևեց: Արմենիսան ներեց տղային, անգամ կրոնափոխ եղավ և ընդունեց լուսավորչականություն, քանի որ միևնույն Աստծուն էին պաշտում, կրոնի տեսակետով հիմնական տարբերություններ չկային, լոկ նախապաշարումներն էին տարբեր:

  Բայց սերը հօդս ցնդեց, երբ կինը հրաժարվեց իր կրոնից, որը վարագույրի նման դարձրել էր նրան անթափանց և խորհրդավոր: Կնոջ անձնվիրությունը կարծես թե սպառեց խանդաղտանքը, վճարեց տղայի սիրո փոխարեն՝ պարտավոր չմնալով: Իր նախապաշարումները կորցնելով՝ կինը իր հմայքը և խորհրդավորությունը ևս կորցրեց: Արտասովոր ու ցանկալի Արմենիսան դարձավ սովորական, անհրապույր ու անհետաքրքիր տղայի համար:

  Զոհրաբը այս նովելով փորձում է հասկացնել, որ կինը գրավիչ է, երբ տարբերվում է մյուսներից: Կինը տարբերվելով վերածվում է հանելուկի, որին լուծել և բացահայտել ցանկանում են բոլորը:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1323 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: