Հայոց մշակութային համակարգի կարևոր ու ավանդական բնագավառների թվում առանձնակի է գորգագործական մշակույթը: Պատմական Հայաստանի հնագույն բնակատեղիների պեղումներից հայտնաբերված գործվածքի ու դրա գործելու միջոցների նմուշները վկայում են, որ Հայկական լեռնաշխարհում ոստայնանկությունը՝ այդ թվում նաև գորգագործական մշակույթը հայտնի է եղել մ.թ.ա. IV-III հազարամյակներից: Հետագայում, անընդհատ զարգանալով, միջնադարում, մասնավորապես VIII-XIV դ. դ., այն արդեն նկատելի տեղ էր զբաղեցնում հայոց տնտեսական զբաղմունքների համալիրում: Դրա մասին վկայող գրավոր սկզբնաղբյուրներից պարզվում է նաև, որ այդ դարաշրջանում Հայաստանում գորգագործության հանրահայտ կենտրոնների համբավ են վայելել Բարձր Հայքը, Այրարատը, Սյունիքը, Արցախը, Վասպուրականը, որոնք, իբրև այդպիսիք էլ մնացին մինչև XX դ. սկզբները, իսկ Արցախն ու Սյունիքը մինչև մեր ժամանակները: Սկզբնաղբյուրներից պարզվում է նաև, որ Արաբական խալիֆաթի ողջ տարածքում հայկական գորգը մեծ հեղինակություն վայելող մշակութային արժեք է եղել և համարվել էր հարստության, հանրույթում անհատի ունեցած դիրքի կարևորության չափանիշ: Ժամանակակիցների վկայությամբ, այդ ամենը բացատրվում էր հայոց գորգերի գունային հարուստ երանգների ներդաշնակությամբ ու գեղազարդման մանրամասների ինքնատիպությամբ, հումքի լավագույն հատկություններով և անկասկած, գործման բարձր մակարդակով: Արաբական աղբյուրները վկայում են նաև, որ հայկական գորգերին, մեծ հռչակ էին հաղորդում մանավանդ հանրահայտ «որդան կարմիր» ներկանյութից ստացված կարմրավուն երանգները: Հայոց գորգերին բնորոշող մի առանձնահատկությունն էլ հորինվածքների ու առանձին նախշերի ոճավորվածությունն է: Դրանք փաստորեն խորհրդանշաններ են, ու իմաստավորում են հայոց ավանդական, հնամենի ծիսապաշտամունքային պատկերացումների մի շարք՝ կապված կյանքի ու բնության հավերրժության ու, առհասարակ, աշխարհընկալման համակարգի հետ: Այդպիսով, ակնհայտ է, որ գորգը՝ մեր ժամանակներում արդեն առօրէական դարձած այդ գունազարդ գործվածքը, իրականում հայոց պատմամշակութային ժառանգության մի կարևոր բաղադրամաս է, որի դերն ու նշանակությունր սակայն, առայժմ լիարժեքորեն ուսումնասիրված ու, մանավանդ, արժևորված չէ: Դժբախտաբար, հայոց գորգագործական մշակույթը կարևորող համապարփակ ուսումնասիրությունների բացակայությունից բացի, դեռևս չկան նաև հայոց բնորոշ գորգերի տիպաբանումներ: Ու թեև գորգարվեստի ուսումնասիրման պատմությունն արդեն անցել է բավականին երկար ուղի, հիմնականում վերոհիշյալ պատճառներով է, որ արևելյան գորգերի համակարգում հայկական գորգերը տակավին գիտականորեն կարևորված չեն:

Հայոց գորգագործության ուսումնասիրության պատմությունը.

     Հայոց գորգերի ուսումնասիրման, դրանց առանձնահատկությունների բացահայտման և, առհասարակ, համաշխարհային մշակույթի համակարգում դրանց արժևորման կարևոր նախապայմաններից մեկը, անտարակույս, տիպաբանման սկզբունքների մշակումն ու հենց տիպաբանումն է, ըստ այդմ, հարկ է նշել, որ առկա են բազմաթիվ օբյեկտիվ դժվարություններ: Ձևավորվելով որոշակի էթնիկական միջավայրում, որոշակի պահանջների բավարարման անհրաժեշտությամբ, գորգը հազարամյակների ընթացքում տվյալ էթնիկական միավորի հետ ենթարկվել է տեղաշարժերի ու փոխազդեցությունների, տեղայնացվել է այլևայլ էթնիկական միջավայրերում, ստացել գործածական նոր ոլորտներ: Այդ կերպ, ձևավորվել են նաև գորգի գեղազարդման նորանոր համակարգեր ու տարբերակներ, տեխնիկա-տեխնոլոգիական առանձնահատկություններ: Հետևաբար, որևէ տարածաշրջանի բնորոշ գորգերի ծագումնաբանության ու տիպաբանման հարցերին անդրադառնալուն, ըստ էության, պետք է նախորդի պատմազգագրական սկզբնաղբյուրների համապարփակ հետազոտություն: Սկզբնաղբյուրների պատմահամեմատական ուսումնասիրմամբ, ըստ իս, հնարավոր է փոքրիշատե պատկերացում կազմել վաղագույն գորգագործությամբ հայտնի պատմազգագրական մարզերի էթնիկական հանրույթների մշակութային առանձնահատկությունների ու դրանց հետագա շարժընթացի մասին: Միաժամանակ, այդ աղբյուրները պատկերացում են տալիս գորգերի վաղ տիպերի գեղազարդման համակարգերի մասին: Գորգերի առանձին տիպերի ծագման տարածաշրջանների բացահայտման, դրանց գեղազարդման համակարգի պատմա-համեմատական ուսումնասիրման, իմաստային բովանդակության մեկնաբանման միջոցով էլ, այս կամ այն չափով հնարավոր է հիմնավորել գորգերի առանձին տիպերը որևէ էթնիկական միավորին վերագրելը: Անդրադառնալով Հայաստանում գորգագործական մշակույթի ծագումնաբանության խնդրին, անհրաժեշտ է ներկայացնել իրավիճակը բնութագրող մի քանի հանգուցային վկայություններ: Հայտնի է, որ մինչև մեր ժամանակները պահպանված հնագույն գորգերի նմուշները մեծավ մասամբ առնչվում են Հայկական լեռնաշխարհի, պատմական Հայաստանի կամ առհասարակ հայկական մշակութային բնատարածքի հետ: Պատմական Հայաստանի տարածքում եղած պեղումնավայրերից հայտնաբերվել են մթա. IV-III հազ. թվագրվող գորգագործության աշխատանքային գործիքներ և մթա. II-I հազ. վերաբերող գորգի ու կարպետի պատառիկներ: Խնդրո առարկայի առումով, հատկապես կարևորվում են մթա. V դ. վերաբերող նշանավոր «Պազիրիկ» գորգը, որն ունի ասորա-բաբելական և վաղ հայկական մշակույթին բնորոշ գեղազարդման համակարգ ու, բացի այդ էլ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի քիմիկոս-ներկաբանները բացահայտել են, որ այդ գորգի թելերի կարմիր գույնը ստացված է Արարատյան դաշտի «որդան կարմիր» ներկանյութից: Հավելենք, որ այդ գորգը գործված է զույգ կամ «հայկական» հանգույցներով, մինչդեռ նույն դամբարանից հայտնաբերված մյուս գորգերը պարսկական հանգույցով են: Այս ամենը մեզ հնարավորություն է ընձեռում եզրակացնելու, որ այդ գորգը կրում է Հայկական լեռնաշխարհի հնագույն մշակութային կենտրոններին բնորոշ ավանդույթներ, որոնք, անտարակույս, անմիջականորեն առնչվում են վաղ հայկական գորգագործական մշակույթին: Հայտնի է նաև, որ VII-XIII դդ. գորագործությունը Հայաստանում կարևոր նշանակություն ունեցող տնտեսական զբաղմունք է եղել: IX-XII դդ. արաբ մի շարք մատենագիներ՝ Աբու-լ Քասիմը, Աս- Սաալիբին, Իբն Ռուստեն, Ալի ալ-Մասուդին, Մաքրիզին, Աբու Բեքր ալ-Մուքադասին և այլք, բազմիցս նշում են այդ դարաշրջանում հայկական գորգերի բարձր վարկանիշ ու մեծ պահանջարկ ունենալու հանգամանքը: Ինչպես նշվեց վերը, դրանք հարստության, հասարակության մեջ անհատի գրաված դիրքի չափանիշ էին համարվում արաբական խալիֆաթի վենախավի շրջանում: Այդ դարաշրջանի սկզբնաղբյուրներում հիշատակվում է նաև, որ հայկական գորգերը դարձել էին ընդօրինակման առարկա և, առհասարակ, արաբական խալիֆաթում հայտնի էին հենց «հայկական գորգ» անվամբ: Այդպիսով, թեև ակնհայտ է, որ այսքանով արդեն հայոց գորգերը բնորոշվում են գեղարվեստական ու տեխնիկա-տեխնոլոգիական որոշակի առանձնահատկություններով, այնուամենայնիվ, արդի գորգագիտության ասպարեզում գոյություն ունեցող գորգերի տիպերի ու խմբերի անվանումների համակարգում բացակայում են հայոց, Հայաստանին վերաբերողները: Խնդրի ամբողղղջական պատկերը ներկայացնելու համար, բացի վերոհիշյալ պատճառներից, հարկ է անդրադառնալլ նաև մի շարք այլ գործոնների: Բանն այն է, որ սելջուկ-թուրքմենների, ապա` նրանց հաջորդած մոնղոլ-թաթարների ու միջինասիական այլ վաչկատուն ցեղերի ավերիչ արշավանքներով , XIV դ. հետո հայ ժողովուրդն ավելի քան վեց հարյուրամյակ կորցնում է պետական անկախությունը: Մինչ այդ էլ եղած և այդ պայմաններում զանգվածային բնույթ ստացած արտագաղթերով զգալիորեն նվազում է բնիկ հայ՝ հատկապես քաղաքային բնակչության թվաքանակը: Փոքր Ասիայի արևմտյան տարածքներում, Անդրկովկասի հյուսիս- արևելյան շրջաններում, Բալկաններում ու Տրանսիլվանիայում, Ղրիմում ու Լեհաստանում ձևավորվում են հայկական գաղթօջախներ, ուր ստեղծված նոր պայմաններին ու միջավայրին հարմարվելով, հայերը շարունակում են զբաղվել մշակույթի ավանդական մի շարք բնագավառներով՝ մասնավորապես գորգագործությամբ, ոսկերչությամբ, զինագործությամբ և այլն:

Այդ ամենին զուգահեռ, Հայաստան են մուտք գործում և բնակություն հաստատում միջինասիական վաչկատուն տարբեր ցեղեր: Զգալի փոփոխություն է կրում Հայաստանի ժողովրդագրական պատկերը: Այդ պայմաններում, տնտեսության ու առհասարակ մշակույթի համընդհանուր անկման հետ, բնականաբար, անկում է ապրում նաև գորգագործությունը: Մասնավորապես, հայոց աշխարհիկ ու հոգևոր վերնախավի հետ, վերանում են նաև գործատները, ըստ այդմ՝ գորգի խոշոր արհեստանոցներն ու դրանց հետ՝ գորգի ապրանքային արտադրությունը: Այդպիսով, գորգի շուկայից դուրս են մնում «հայկական» կոչված գորգերը: Հայաստանում գորգագործության ավանդույթները այս կամ այն չափով շարունակում են հարատևել հիմնականում Արցախում, Սյունիքում, Գուգարքում, Տավուշում, մասամբ նաև Բարձր Հայքի ու Վասպուրականի մի շարք գավառներում: Միաժամանակ, այդ ավանդույթներն շարունակվում են նաև զարգանալ Փոքր Ասիայի արևմտյան, Իրանի հյուսիս-արևմտյան և Անդրկովկասի հյուսիս- արևելան տարածքներում, որտեղ հոծ խմբերով բնակություն էին հաստատել Այրարատից, Բարձր Հայքից, Սյունիքից, Արցախից ու Վասպուրականից, այսինքն հայոց գորգագործության ավանդական կենտրոններից արտագաղթած հայերը: Այդ լայնածավալ պատմամշակութային գործընթացի արդյունքում հայոց գորգարվեստի ավանդույթները հիմնավորվեցին և հետագայում՝ հատկապես XVIII-XIX դդ., բուռն զարգացում ապրեցին վերը հիշատակված շրջաններում: Այդ ամենի համար զարգացման բնորոշ օրինակ կարող է ծառայի Ուրմիա լճից հարավ ու Իսֆահանից հյուսիս-արևմուտք ընկած տարածքների գորգագործական կենտրոնների նկարագիրը: Պարզվում թր դրանցում բավականին տարածում ունեն «արմանի բաֆ» տեխնոլոգիայով բնորոշվող գորգեր, որոնց գեղազարդման համակարգի հիմնական տարրը հայտնի է նաև Կովկասում: Իրանցի մասնագետները սա բացատրում են նրանով, որ այդ գորգագործների նախնիները 17- րդ դ. Կովկասից և Հայաստանից Իրան ներգաղթած հայերն են, ուստի և այդ կենտրոններում` մասնավորապես Մալահերում ու մերձակա բնակավայրերում գործված բոլոր գորգերը «Հերաթի» նախշով են: Դրա հետ միասին, հայոց գորգը իբրև ռազմավարի ու թալանի առարկա, դարձել էր Հայաստանում հիմնավորված վաչկատունների սեփականություն և, այդպիսով, նաև հետագա ընդօրինակումների առարկա: Արդյունքում, հայկական ավանդական գորգերին բնորոշ գեղազարդման համակարգերը տարածում գտան նաև եկվորների մեջ, ուստի հետագայում, բնականաբար, ենթարկվեցին համապատասխան գեղարվեստական ու տեխնիկա-տեխնոլոգիական ազդեցությունների: Միաժամանակ, հայտնի է, որ հայոց պետականության անկումով, տարածաշրջանի վարչա-քաղաքական ասպարեզից դուրս են մղվում «Հայաստան» և առհասարակ հայոց ազգատեղանվանաբանական /էթնո-տոպոնիմային/ ներկայությունը մատնանշող բառեզրերը: Հանրահայտ է նաև, որ հայոց մեջ կենսապահովման հիմնական ճյուղերը երկրագործությունն ու անասնապահությունն էին, մյուս զբաղմունքները, ըստ այդմ` նաև գորգագործությունը, հիմնականում կրում էին օժանդակ բնույթ: Մասնավորապես, XIV-XV դդ. հետո գորգագործությունը միայն տնայնագործական բնույթի էր` նպատակամղված հիմնականում սեփական կարիքների կամ էլ կոնկրետ պատվերի բավարարմանը: Այն կենտրոնացված չէր որոշակի շինություններում, չուներ կազմակերպված բնույթ և նախատեսնված չէր շուկայի համար, ուստի, գորգերի զանգվածային առևտուր չէր րվում, և նշված տեղանուններն էլ անհայտ էին մնում գորգի մեծածախ առևտրով զբաղվողներին: Այդ տարածքներից, ժամանակի ընթացքում, եվրոպացի կաթոլիկ միսիոներների ու տեղացի մանր վաճառականների ձեռք բերած, ինչպես նաև ավարի ու թալանի միջոցով վաչկատունների մոտ կուտակված հայկական գորգերն անհրաժեշտության դեպքում վաճառահանվում էին առևտրական ուղիներում կամ դրանց մերձակայքում գտնվող խոշոր քաղաքներում՝ Թավրիզում, Շամախիում, Դերբենտում, Կարինում,Կեսարիայում, հետագայում նաև Ղազախում ու Թիֆլիսում: Ակնհայտ է, որ այս դեպքում ևս շրջանառությունից դուրս էին մնում հայոց գորգագործական կենտրոնների տեղանունները:

Կովկասում և Փոքր Ասիայում ապրանքային գորգագործությունը ծավալվում է միայն XIX դ. երկրորդ կեսից հետո: Այդ ժամանակաշրջանում է, որ Անդրկովկասի հյուսիս-արևելյան շրջաններում (հիմնականում Շամախի-Ղուբա- Դերբենտ տարածաշրջան) և Փոքր Ասիայի արևելյան տարածքներում (Սպարտա, Ուշակ, Կեսարիա, Սեբաստիա և այլն) սկսվում է մեծավ մասամբ հայկական ավանդական գորգերի հիմամբ ստեղծված վերամշակումների, ինչպես նաև նոր գծանկարներով գորգերի արտադրությունը, որոնք էլ շուկայում հայտնվում են այդ տարածքների ու դրանցում գտնվող բնակավայրերի կամ մերձակա առևտրի խոշոր կենտրոնների անվանումներով: Ահա հիմնականում այս պատճառներով էլ հայոց գորգերին վերաբերող անվանումներն աստիճանաբար մատնվեցին մոռացության: Բնական է, որ այսքան գործոնների պարագայում գորգի համաշխարհային առևտրում, ինչպես նաև գորգարվեստի եվրոպացի ուսումնասիրողների կողմից օգտագործված բառեզրերի համակարգում տեղ չէին ունենա հայոց վերաբերողները: Այդ ամենը նկատի ունենալով էլ մենք հրատապ ենք համարում գորգերի և կարպետների տիպաբանումն ու, մանավանդ, կոնկրետ տիպերի անվանումների սկզբունքների ընտրության հարցը: Ձեռնարկելով հայոց գորգերի տիպաբանման գործը, հարկ է նկատի ունենալ, որ առհասարակ, ամեն մի տիպաբանություն ինքնին պայմանական է, և սովորաբար ուսումնասիրողներն այն ընդունում են փոխադարձ պայմանավորվածությամբ: Հետևաբար, այստեղ հնարավոր են տարաբնույթ սկզբունքներ: Հայտնի է, որ իբրև տիպերի ու ենթատիպերի անվանումներ, հիմնականում կիրարկվում են պատմաշխարհագրական և էթնիկական բնորոշիչներ: Մի շարք ուսումնասիրողներ էլ, դրա հետ մեկտեղ կարևորում են գորգերի տվյալ խմբին բնորոշ հիմնական հորինվածքը կամ պատկերը, կենտրոնական դաշտի երկրաչափական ձևը, գործման տեխնիկա-տեխնոլոգիական առանձնահատկությունները, ինչպես նաև հորինվածքի կամ նախշի սիմվոլիկ՝ իմաստային նշանակությունը: Գորգերի առանձին տիպեր էլ պայմանականորեն կոչվում են Վերածննդի մի շարք նկարիչների անուններով, որոնց կտավներում տեղ են գտել տվյալ ժամանակաշրջանին վերաբերող գորգերրի պատկերներ: Այդ սկզբունքով են տարբերակված գորգերի «Լոտտո»,«Մեմլինգ», «Գիրլյանդաո», «Հոլբայն» տիպերը: Տիպաբանության իր համակարգում գերմանացի արվեստաբան, գորգագետ Ֆոլկմար Գանցհորնը, վերը նշված տարբերակներին փորձել է համադրել նաև տիպաբանության ժամանակագրական սկզբունքը: Այնուամենայնիվ, տիպերի անվանումների պայմանականությունները հաշվի առնելով հանդերձ, ըստ իս, եղած բոլոր տարբերակումներն էլ զերծ չեն էական թերություններից: Այդուհանդերձ, այս կամ այն չափով ընդունելի այդ տարբերակումների հետ միասին, կան այնպիսիք, որոնք առհասարակ զուրկ են գիտական որևէ հիմնավորումից: Այս առումով տիպական են ուսումնասիրողների մեջ արմատավորված գորգերի ընդհանրացված այն անվանումները, որոնք մատնանշում են էթնոսի կամ էթնիկական խմբի վարած կենսաձևը կամ դավանած կրոնական համակարգը: Այդպիսիք են, մասնավորապես, «քոչվորական գորգ», և «մուսուլմանական գորգ» հասկացությունները, որոնք գիտական շրջանառության ներդրվեցին 1890-ական թթ. XX դ. սկզբներին` Բեռլինի Կայսերական թանգարանի մշակութաբան-արևելագետներ Ֆ. Կարաբաչեկի ու Վ. Բոդեի կողմից: Հետագայում, այս բառեզրերը միտումնավոր կերպով նպատակամղվեցին իսլամական և, մասնավորապես, թուրք-սելջուկյան մշակույթի նշանակության ուռճացմանն ու դրա դերի չափազանցմանը, ինչպես գորգարվեստի բնագավառում, այնպես էլ Հարավ-արևմտյան Ասիայի ժողովուրդների մշակութային համակարգում առհասարակ: 1920- ական թթ. գերմանացի և ամերիկացի թուրքամետ արևելագետները (Ա.Պոոպ, Կ. Էրդման և այլք) և, իհարկե, թուրք մշակութաբանները (Օքտայ Ասլանապա, Շերարե Եդկին, Բալքիս Բալփինար, Նեյաթ Դիարբեքիրլի և այլն), վերը հիշատակվածների հետ միասին, իբրև առհասարակ արևելյան գորգերի ընդհանրացված անվանում, լայն շրջանառության մեջ են դրել նաև «սելջուկյան» գորգ հասկացությունը: Փաստորեն, այդ տեսության հետևորդները զարգացնելով պանթուրքիզմի գաղափարախոսությունը, սելջուկ- թուրքմենական և մոնղոլական վաչկատուն ցեղերի տարածաշրջան ներթափանցումը ներկայացնում են իբրև պատմական Հայաստանում և Փոքր Ասիայում տնտեսության ու մշակույթի զարգացման, իսկ որոշ արհեստների՝ մասնավորապես գորգագործության առումով` նաև սկզբնավորման գործոն: Այս առնչությամբ չծավալվելով հանդերձ, հարկ է վերոհիշյալ կարծիքը պաշտպանողներին ներկայացնել արևելյան գործվածքն ու առհասարակ մշակույթը հետազոտած Ն.Սոբոլեվի տեսակետը: Նա նշում է, որ թուրքական ցեղերը Ասիայի խորքերից առաջանալով, XIV դ. վերջնականապես հաստատվում են Փոքր Ասիայում ու դառնում տեղաբնիկ նախորդ ժողովուրդների մշակույթի ժառանգորդը:

Բայց, ուսումնասիրողի կարծիքով, նրանք լինելով ռազմատենչ, ավարառու ու պատերազմասեր, այն չեն զարգացրել ու հարստացրել իրենց բնորոշ մշակութային առանձնահատկություններով: Նմանատիպ ուսումնասիրողների տեսակետները հաշվի չառնելու ու վերը բերված տեսությունները լայն շրջանառության մեջ դնելու միջոցով պանթուրքիզմի գաղափարախոսության մեջ, այդպիսով, որպես որոշակի կարևորություն ներկայացնող մի բաղադրատարր, ներառվում է նաև մշակութային դաշտը: Ըստ իս, այդ նույն մտայնությանն է նպատակամղված նաև գորգերի տիպերի «աֆշար», «շահսևան», «թարաքյամա», «բելուջ»,«բախտիար»,«կարաման» և նմանատիպ այլ անվանումներ:

Ակնհայտորեն, այդ ամենն ավելի շուտ հետապնդում է քաղաքական նպատակներ և, ընդհանուր առմամբ, զուրկ լինելով գիտական հիմնավորումներից, խեղաթյուրում է պատմական ճշմարտությունն ու, այդպիսով, տեղիք տալիս թյուրիմացությունների: Գիտական ու առևտրի ասպարեզում գորգերի ու կարպետների տիպերի գոյություն ունեցող անվանումների համակարգում կիրարկված և մեր կողմից վերը հիշատակված բոլոր սկզբունքներն էլ, անշուշտ, պարունակում են նաև միանգամայն ընդունելի դրույթներ: Ըստ իս, տիպերի անվանումների միասնական համակագ ստեղծելու համար անհրաժեշտ է համադրել բոլոր ընդունելի հնարավորությունները: Սակայն, ցավոք, շրջանառության մեջ եղած տիպաբանություններում դրանք համադրված չեն, իսկ համադրումներն էլ արված են առանց անհրաժեշտ հիմնավորումների, որի հետևանքով էլ դարձել են հակասական մեկնաբանությունների պատճառ: Անհրաժեշտ է նաև շեշտել, որ եղած բոլոր տիպաբանություններն էլ, ըստ էության, ամբողջական և համապարփակ չեն:

Այսպիսով, ակնհայտ է, որ գորգերի տիպաբանության միասնական համակարգի ստեղծումը, կարևոր անհարաժեշտություն լինելով հանդերձ, պահանջում է պատմա-մշակութային տվյալների համալիր ու պատմահամեմատական սկզբունքների վրա խարսխված ուսումնասիրություն, որով հնարավոր կլինի խուսափել և կամ նվազագույնի հասցնել այս բնույթի աշխատանքներին բնորոշ սխալները: Մեր պատկերացումներով, տիպերի անվանումները և հատկապես դրանց տարածաշրջանները պետք է հիմնավորվեն բազմաբնույթ գրավոր ու պատկերային աղբյուրներով, ըստ այդ`մ նաև դաշտային-ազգագրական հետազոտությունների արդյունքներով: Ձեռնարկելով հայոց գորգերի ու կարպետների տիպաբանումը, մենք հատկապես կարևորել ենք գորգագործական կենտրոններում հավաքած առավել հավաստի դաշտային ազգագրական կոնկրետ տվյալների և մեր ձեռքի տակ եղած գրավոր ու պատկերային աղբյուրների համադրումը: Միաժամանակ, հաշվի են առնված Հայաստանի թանգարաններում, մասնավորապես Հայաստանի ազգագրության պետական թանգարանում պահվող հարյուրավոր նմուշների ծագումնաբանությանը վերաբերող կոնկրետ,փաստագրված տվյալներ: Դրանք են, որ ուսումնասիրողին հնարավորություն են ընձեռում պարզելու տվյալ տարածաշրջանում գորգագործության ծագման ու հետագա ընթացքի շարժընթացը, ներկայացնելու բնորոշ գորգերի տեսականին ու ծագումնաբանական պատկերը: Այդպիսով, գիտականորեն հիմնավորված մի այդպիսի տիպաբանություն համաշխարհային գորգարվեստի համակարգում հայոց այս ավանդական ու ինքնատիպ մշակութային ժառանգության արժևորման և այն ըստ պատշաճին ներկայացնելու կարևորագույն նախադրյալ է:

Անշուշտ, մենք չենք հավակնում տիպաբանության անթերի ու վերջնական մի համակարգ ստեղծելուն, բայց միաժամանակ համոզված ենք, որ ներկայացվող տիպաբանությունը հիմնավորված լինելով պատմամշակութային ու դաշտային ազգագրական հետազոտութիուններով, նպատակամղված է տիպերի հստակ դասակարգմանն ու դրանց դյուրին տարանջատմանը, ինչպես նաև գորգերի առանձին տիպերի էթնիկ պատկանելության վիճարկելի հարցերի շրջանցմանը:

Արված քննական վերլուծումները թույլ են տալիս եզրակացնելու, որ, այնուամենայնիվ, գորգերի տիպաբանության ասպարեզում առավել նպատակահարմարն ու ընդունելին դրանց գեղազարդման հիմնական հորինվածքների և տվյալ տիպին բնորոշ տարածաշրջանների անվանումների կիրարկումն է:

Այդուհանդերձ, հաշվի ենք առել աշխարհագրական անվանումների հետ կապված բոլոր բարդությունները և նաև այն, որ դրանք հնարավորություն են ընձեռում, ցանկության դեպքում, անելու նաև կամայական մեկնաբանություններ: Մասնավորապես, այս կապակցությամբ հանրահայտ են հատկապես թուրք և ադրբեջանցի մասնագետները (օրինակ՝ ոչ անհայտ Լյաթիֆ Քերիմովը), որոնք միտումնավոր ձևով որոշակի տեղանուններ հարմարեցնում են գորգերի այս կամ այն տիպին, տեղայնացնում և, այդպիսով, այն ներկայացնում իբրև ադրբեջանցիների մշակութային ժառանգություն: Հիմնականում այդ կերպ է, որ խեղաթյուրվում են գորգերի ծագումնաբանության և էթնիկ պատկանելության հետ կապված հարցերը:

Հայոց գորգերի տիպաբանությունը.

Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, ստորև ներկայացվող տիպերի անվանական համակարգում, տիպն աշխարհագրական անվանումով տարբերակել ենք միայն զանազան աղբյուրների համադրությանբ առավելագույնս հիմնավորված լինելու պարագայում: Այդպիսի մոտեցումը, ըստ իս, հնարավորություն է տալիս խուսափելու ծագումնաբանական բնույթի լուրջ սխալներից, մանավանդ որ անվանումների համակարգում, ինչպես վերը նշվեց, կարևորել ենք նաև տվյալ տիպին բնորոշ գլխավոր հորինվածքը: Առաջարկվող համակարգում տեղ են գտել նաև Վերածննդի նկարիչների անուններին, ինչպես նաև տվյալ գորգի գործառնական բնույթին ու գեղազարդման համակարգի թեմատիկային առնչվող բառեզրեր, որոնք արժանացել են մասնագետների համընդհանուր ճանաչմանը: Նման դեպքերում առհասարակ բացառվում են տվյալ տիպի ծագումնաբանությանն ու տարածման արեալներին վերաբերող կանխակալ տեսակետները, քանի որ միևնույն տիպում, բնականաբար, կարող են ընդգրկվել էթնիկական տարբեր միավորների վերաբերող, բայց միևնույն հորինվածքներով գեղազարդված և միևնույն գործառնական նշանակությունն ունեցող գորգեր ու կարպետներ: Այս պարագայում էլ կարևորվում է տվյալ հորինվածքի անվանման հստակ և հասկանալի բառեզրի ընտրությունը, որը ցանկալի է որ լինի հնարավորինս հակիրճ, հասկանալի և պատկերացում տա տվյալ հորինվածքի ձևի ու կերպի մասին: Այսքանից ելնելով էլ, ստորև ներկայացվող տիպաբանության համակարգում որպես տիպերի անվանումներ, ընդունված են .

ա. այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը,որին առավել բնորոշ է տվյալ տիպը,

բ. գորգադաշտի երկրաչափական ձևի անվանումը,

գ. գեղազարդման համակարգի թեմատիկ ուղղվածության կամ հիմնական հորինվածքի անունը:

Տիպերն իրենց հերթին ընդգրկված են առանձին խմբերում: Այս դեպքում կարևորված են տիպերի թեմատիկ, հորինվածքային, ինչպես նաև դրանց մատուցման աղերսները: Ըստ այդմ առանձնացված են ներքոհիշյալ խմբերը.

  1. Բուսածաղկային
  2. Խաչազարդով կամ խաչաձև հորինվածքով
  3. Բազմանիստ խոշոր հորինվածքով
  4. Շեղանկյունազարդով
  5. Աստղազարդով
  6. Խորանավոր
  7. Մեկ ընդհանուր զարդաշրջանակում ամփոփված հորինվածքներով:
  8. Նախշաշերտով
  9. Վիշապապատկերով
  10. Ջրաբերդ
  11. Թեմատիկ-Պատկերային:

Վերոհիշյալ խմբերում ընդգրկված տիպերի հորինվածքային հիմնական բնորոշիչներից զատ, հնարավորնս փորձել ենք ներկայացնել նաև դրանց տարածաշրջանները: Հաշվի առնելով, որ տարածաշրջանների անունները բազմիցս ենթարկվել են տարաբնույթ փոփոխությունների, տիպը տարածաշրջանով անվանելու դեպքում նախապատվությունը տվել ենք հիմնականում Մեծ Հայքի վաղ միջնադարյան տեղանուններին: Հարկ է շեշտել, որ Արևմտյան Հայաստանի երբեմնի գորգագործական կենտրոններին վերաբերող պատմազգագրական սկզբնաղբյուրների սակավության պատճառով սույն աշխատանքում նկատելիորեն թերի է արտահայտված դրանց բնորոշ գորգերի տեսականին:

Այդուհանդերձ, առաջարկվող տիպաբանությունը, համապարփակ է և ունի նկատելի առավելություններ եղածների նկատմամբ, քանի որ.

ա. այն համընդհանուր է գորգագործական բոլոր կենտրոնների համար և չունի ժա-մանակագրական սահմանափակում,

բ. հիմնականում չշոշափելով ծագումնաբանական հարցեր, լուրջ տարաձայնությունների առիթ չի դառնա,

գ. ուսումնասիրողներին հնարավորություններ է ընձեռում, առանց այս հայեցակետը խախտելու, տիպերի համակարգում աելու լրացումներ ու շտկումներ, ինչպես նաև ստեղծելու ենթատիպերի համակարգ:

Բուսածաղկային.

Այս խմբում առաջարկվում է ներառել այն գորգերն, որոնց գեղազարդման համակարգում առանցքային նշանակություն ունեն բուսածաղկային բնույթի նախշերը՝ ծառանախշերն ու ծաղկանախշերն ու դրանցով կազմված հորինվածքները: Ներառված են նաև այն տիպերը, որոնց գեղազարդման համակարգի հիմնական հորինվածքը վարդակ է՝ բուսանախշ հորինվածք, որը բազմաթերթ է, և ունենում է շրջանաձև ուրվագիծ: Կարող է լինի իրական կամ երկրաչափականացված տեսքի: Հարկ է ընդգծել, որ հայոց գորգարվեստում հատկապես նշանակալից է այս խմբին դասվող «Կենաց ծառ» նախշը, որն աչքի է ընկնում տարբերակների արտակարգ հարստությամբ ու, մանավանդ, տարածվածությամբ: Ընդ որում, այս խմբին պատկանող գորգերի գեղազարդման համակարգում այն ունենում է ինչպես հիմնական այնպես էլ երկրորդական տարրի նշանակություն: Ընդհանուր առմամբ, բուսածաղկային հորինվածքները լինում են իրական կամ երկրաչափականացված: Մեծավ մասամբ համադրվում են զարդերի ու պատկերների հետ: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բուսածաղկային հորինվածքներից մեկի՝ վարդակով ու դրա տարբերակներով գեղազարդված գորգերի տիպերը իրենց հերթին բավականին մեծ թիվ են կազմում, նպատակահարմար ենք գտել դրանց առանձնացնել այս խմբից ու ներկայացնել առանձին խմբով:

1. «Նշանախշ» – Նշաձև նախշերով ու դրանց ոճավորումներով: Կենտրոնում լինում է ծաղիկ կամ «կենաց ծառ»: Լինում են վանդակում կամ առանց դրան՝ կանոնավոր շարքերի տեսքով ու ծածկում են ողջ գորգադաշտը: Ունի համահայաստանյան տարածում:

2. «Կենաց ծառ» – Բնորոշվում է ծառանման հավասարաչափ նախշերով ու հորինվածքներով: Լինում են իրական կամ երկրաչափականացված տեսքով: Դրանց գագաթներին կամ երկու կողմերում կարող են լինեն խաչ, կենդանապատկեր կամ որևէ զարդ: Այս տ իպի կազմում եղած մի տարբերակի գորգերն էլ բնորոշվում են «կենաց» ծառի ճյուղին փաթաթված օձապատկերով: Լինում են վանդակում կամ առանց դրան, որոշ տարբերակներում՝ նաև սափորում կամ ծաղկամանում: Հիմնականում ներկայացվում են, կանոնավոր շարքերի տեսքով ու ծածկում են ողջ գորգադաշտը: Բացառություն են կազմում խոշոր՝ մասնավորապես օձապատկերի հետ համադրված հորինվածքներով բնորոշվող տարբերակները, որոնք գեղազարդվուն են մեկ կամ մի քանի այդօրինակ հորինվածքով: Հաշվի առնելով այդ ամենը, նպատակահարմար ենք համարում առաջադրված «Կենաց ծառ» տերմինի կիրարկումը: Ունի համահայաստանյան տարածում:

3. «Արմավենյակ» – Հիմնական հորինվածքը ծառաձև, նոճիանման սլացիկ նախշ է: Լինում է վանդակում կամ առանց դրան: Սովորաբար, գեղազարդման համակարգը լրացվում է զարդանածշերով ու կենդանապատկերներով: Առավել բնորոշ է Վասպուրականի արևմտյան և հյուսիս-արևմտյան գավառների, պարսկահայոց, մասամբ նաև Սյունիքի, Արցախի, գորգագործական կենտրոններին:

4.«Ուտիք» – Բնորոշվում է տափաշշի ուրվածով ու սլաքաձև գագաթով վանդակում ամփոփված «Կենաց ծառ» նախշով: Այն պատկերվում է դաշտի եզրամասերում:Դաշտի կենտրոնում լինում է մեծավ մասամբ բուսանախշերով ու կենդանապատկերներով գեղազարդված շեղանկյունաձև ուրվագծով մեկ շրջանակ: Հիմնականում բնորոշ է Ուտիքի, Արցախի, ինչպես նաև Զանգեզուրի, Վայքի, Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառների ու Պարսկաստանի հյուսիս-արևմտյան գորգագործական կենտրոններին: Մեզ հայտնի բոլոր տարբերակները առավելապես բնորոշ են պատմական Հայաստանի Ուտիք նահանգի գորգագործական կենտրոններին՝ մասնավորապես ներկայիս Շամխոր-Քարհատ տարածաշրջանին: Այդ հանգամանքից ելնելով էլ, իբրև այս տիպի անվանում, նպատակակահարմար է գտնվել «Ուտիք» տեղանունը:

5.«Ծաղկանախշ» – Վարդերի և այլ ծաղիկների փնջերով գեղազարդված: Գորգագործական որոշ կենտրոններում հիմնական հորինվածքը կարող է լրացված լինի կենդանակերպ ու թռչնակերպ իրական պատկերներով: Ծաղկային նախշերի գերակշիռ պարագան ի նկատի ունենալով, հարմար ենք գտնում կիրարկում առաջարկել վերոհիշյալ անվանումը: Ունի համահայաստանյան տարածում:

6.«Լիլահան» – Բնորոշվում է գորգադաշտը ծածկող ճյուղատարած խոշոր ծաղկանախշերով ու դրանցից կազմված հորինվածքներով:Դրանք լինում են նաև խաչաձև՝ ողջ դաշտն ընդգրկող:Որոշ տարբերակների բնորոշ է դաշտի կենտրոնում խոշոր վարդակի առկայությունը: Տարածված է պատմական Հայաստանի գորգագործական բոլոր կենտրոններում, սակայն, առավել հատուկ է Վասպուրականի արևելյան գավառների և պարսկահայոց՝՝ մասնավորապես Նոր Ջուղայի մերձակա գորգագործական կենտրոններին (Շուրիշկան, Փերիա,Չարմահալ և այլն), Ուրմիա լճի ավազան-Համադան ընդգրկող բնակավայրերին և դրանց թվում՝ հատկապես Լիլահան քաղաքին: Դրանով ենք հիմնավորում այս տիպի գորգերին «Լիլահան» անվանելու առաջարկը:

7.«Պարտեզային» – Քառակուսի կամ շեղանկյունաձև հավասարաչափ վանդակների բաժանված դաշտով: Սովորաբար գեղազարդվում են բուսանախշերով ու կենդանապատկերներով և ունենում են տարբեր հիմնագույն: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով, գեղազարդման այդպիսի համակարգ ուներ «Խոսրովի այգի» կոչված նշանավոր գորգը (6-րդ դար): Դրանք մասնագիտական շրջաններում հայտնի են «պարտեզ» կամ «պարտեզային» անվանումով: Առավելապես բնորոշ է Վասպուրականի և պարսկահայոց՝ մասնավորապես Նոր Ջուղայի մերձակա տարածքներին, Համադանի ու Ուրմիա լճի ավազանում եղած գորգագործական կենտրոններոին:

8. «Սավոնիր» – Գեղազարդման համակարգում հիմնականը բուսածաղկային՝ առավելապես ծաղկաշղթաներից կազմված, խոշոր, շրջանաձև ուվագծով հորինվածքներ են: Դրանք սովորաբար լրացվում են նաև կենդանակերպ ու թռչնակերպ իրական պատկերներով: Այդ ոճը բնորոշ է 18-19-րդ դարի արևմտաևրոպական գործվածքին:19-րդ դ. երկրորդ կեսից այն լայն տարածում գտավ Անդրկովկասի գորգագործական կենտրոններում, հատկապես Լոռիում, Արցախում, Ղուբա-Դերբենտ տարածաշրջանում: Անվանումը կապված է XVII դ.սկզբից Փարիզի մերձակայքում գործող գորգագործական նույնանուն մանուֆակտուրայի հետ:

9. «Բերդաձոր» – Բնորոշվում են ծաղկանախշ, անկանոն հորինվածքներով որոնք, սովորաբար, լրացվում են նաև «Խնձորեսկ» գորգերին բնորոշ վիշապապատկերները հիշեցնող կենդանակերպ ոճավորումներով: Համեմատաբար քիչ է տարածված: Այս տիպի գորգերին բնորոշ է նաև միայն մեկ նեղ գոտի ունենալը: Հիմնականում հայտնի է Արցախում, մասնավորապես Վարանդա, Դիզակ և Քաշաթաղ գավառների մասամբ, նաև Ատրպատականի Ահար քաղաքի ո դրա մերձակայքի գորգագործական կենտրոններում :Մեր կողմից կատարված դաշտային հետազոտությունների ու թանգարաններում պահվող նմուշների ուսումնասիրումից բացահայտվել է, որ այս տիպը առավել բնորոշ էր գորգագործության ավանդական կենտրոն Արցախի Քաշաթաղ գավառի Բերդաձոր գյուղին և դրա մերձակա տարածաշրջանի բնակավայրերին: Այս իմաստով էլ հիմնավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը:

10. «Կուսապատ» – Գեղազարդման հիմնական տարրը խաչաձև առանցքով քառաթերթ վարդակն է, որի կենտրոնում լինում է քառակուսի կամ շեղանկյուն զարդ:Հայտնի է, որ դա «Ջրաբերդ» տիպի գորգերի հիմնական հորինվածքի բաղադրամասերից է: Լինում է վանդակում և առանց դրան, պատկերվում մեկ և ավելին շարքով: Տարածված է հիմնականում Ջրաբերդի, Գարդմանի, Տավուշի գորգագործական կենտրոններում: Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններն ու թանգարաններում եղած այդ տիպի գորգերին վերաբերող փաստագրված տեղեկությունները թույլ են տվել եզրակացնելու, որ դրանք առավելապես տիպիկ են Արցախի Ջրաբերդ գավառի և հատկապես այդ տարածաշրջանում գորգագործությամբ ավանդաբար հայտնի Կուսապատ գյուղի և մերձակա բնակավայրերի գորգագործներին: Դրանից ելնելով էլ, իբրև այդ տիպի գորգերի անվանում, կիրարկման ենք առաջադրում «Կուսապատ» տերմինը:

12.«Ամարաս»- Գեղազարդման համակարգում հիմնականը ութ թերթանի վարդակ է: Դրա ուղղաձիգ ու հորիզոնական թերթերը խոշոր են՝ միանման ու հավասարաչափ: Միջանկյալ չորս թերթերը նույնպես հավասարաչափ ու միանման են,բայց ավելի փոքր: Այս վարդյակն իր մեջ ամփոփում է զարդի շուրջ պատկերված դարձյալ ութ թերթանի, երկրաչափականացված մեկ այլ՝ շատ ավելի փոքր վարդակ: Սովորաբար երիզվում է ատամներով: Լինում է վանդակում կամ առանց դրան: Գորգագործական որոշ կենտրոններում այս տիպի գորգերի գեղազարդման համակարգը լրացվում է գորգադաշտի եզրերում պատկերված թռչնակերպ խոշոր ոճավորումներով: Ունի տարբերակներ:Առավելապես բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգոգործական կենտրոններին: Հայտնի է «Ղարաբաղ»,«Լամպա Ղարաբաղ», «Լամպա» և այլ անվանումներով: Իր բոլոր տարբերակներով էլ ավանդական է Արցախի Դիզակ և Վարանդա գավառներում՝ մասնավորապես Ամարասի հովտի ու մերձակայքի գյուղերում: Վերոհիշյալով էլ հիմնավորվում ենք այս տիպին «Ամարաս» անվանելը:

13. «Աղբակ» – Բնորոշվում է բազմաթերթ շրջանաձև վարդակով: Դասական նմուշների գեղազարդման համակարգում, որպես կանոն, պատկերվում են նաև ոճավորված զույգ թռչնագլուխներից կազմված հորինվածքներ: Պատկերվում են կանոնավոր շարքերով և ծածկում են ողջ գորգադաշտը: Հայտնի է Աղձնիքի հարավային շրջաններում (Տիգրանակերտի և Սղերդի գավառներ), Վասպուրականի,Պարսկահայքի, Սյունիքի գորգագործական կենտրոններում, Անդրկովկասի հյուսիս-արևելքում: Մեր կատարած ուսումնասիրություններից պարզվել է, որ գորգի գեղազարդման այս ավանդույթը Անդրկովկաս մուտք է գործել հիմնականում 1828-30-ական թթ., Խոյ-Սալմաստից և Պարսկահայքից Արևելյան Հայաստան վերաբնակեցված ավելի քան վաթսուն հազար հայ ընտանիքների հետ միասին: Նշված հանգամանքից ելնելով էլ նպատակահարմար է այս տիպի գորգերի համար կիրարկել միջնադարյան Հայաստանի գորգագործության նշանավոր կենտրոններից մեկի Վասպուրականի Աղբակ՝ Արծրունյաց տոհմական գավառի անունը, որը ներառում էր ներկայիս Խոյ-Սալմաստ տարածաշրջանը:

Խաչազարդով կամ խաչաձև հորինվածքով.

Խմբի բնորոշիչ զարդը խաչն է, որը հայոց գորգարվետում ունի առանձնակի տեղ ու ներկայանում է բազմաբնույթ տարբերակների տեսքով: Համադրվում է այլ զարդաձևերով,նախշերով, հորինվածքներով ու պատկերներով: Լինում է մեկը կամ մի քանիսը, վանդակում ու առանց դրան: Խմբում ներառված են նաև «ծաղկած» կամ ծաղկանախշած խաչերով գեղազարդվածները: Այս վերջիններս բնորոշվում են խաչաթևերը լրացնող կամ եզրափակող կոկոնաձև,վարսանդաձև կամ վարդակաձև բուսածաղկային նախշերով: Սրանց առհասարակ հատուկ է բարդ կառուցվածքն ու բաղադրամասերի բազմազանությունը:

1. «Խաչերով»- Գեղազարդման հիմնական տարրը խաչի իրական պատկերն է՝ ներկայացված կանոնավոր շարքերի տեսքով: Այս տիպի տարբերակներից մեկում խաչի թևերը ունեն սլաքաձև ծայր: Լինում են վանդակում և առանց դրան: Տիպի վաղագույն նմուշների պատկերներ հայտնի են 11-12-րդ դարերի հայկական մանրանկարներից: Ունի համահայաստանյան տարածում:

2. «Կեռխաչ» – Բնորոշվում է «կեռխաչ» նախշով: Լինում է մեկ և ավելին, պատկերվում մեկ և ավելին կանոնավոր շարքի տեսքով, համադրվում վարդակներով ու պատկերներով: Այս հորինվածքով գեղազարվարդված գորգի մեզ հայտնի վաղ նմուշը պատկերված է 14-րդ դարի երկրորդ կեսով թվագրված, Վասպուրականի գրչության կենտրոններից մեկում կատարված մանրանկարում: Բնորոշ է Ուտիքի,Գուգարքի, Արցախի, Սյունիքի գորգագործական կենտրոններին:

3. «Ծաղկած խաչ» – Գեղազարդման հիմնական տարրը ծաղկած խաչն է՝ վարսանդաձև, կոկոնաձև կամ վարդակաձև չորս նախշից կազմված մեկ ամբողջական հորինվածք, որը մասնագիտական շրջաններում հայտնի է հենց «Ծաղկած խաչ» անվանումով: Լինում է մեկ կամ մի քանի հատ: Դասական նմուշներից է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում պահվող 17-րդ դարի առաջին քառորդով թվագրվող գորգը: «Ծաղկած խաչ» տիպի գորգերը Ֆ.Գանցհորնը առանձնացրել է մի խմբում: Ունի համահայաստանյան տարածում:

4.«Լոռի-Փամբակ» – Բնորոշվում է խաչաձև հորինվածքով: Դրա հորիզոնական թևերը ավարտվում են կոկոնաձև նախշով: Ուղղաձիգները՝ դիմահայաց դիրքով պատկերված կենդանակերպ երկուական ոճավորումով են ու դրանց միջնամասում էլ լինում է եռանկյունաձև ելուստ: Հորինվածքի կենտրոնում սովորաբար լինում է զարդ, որը կրկնվում է նաև ուղղաձիգ թևերի կենտրոնում: Այս ամբողջությունը ունենում է միևնույն հիմնագույն, լինում է բազմանիստ շրջանակում, կամ առանց դրան: Բնորոշ է Գուգարքի,Արցախի, Սյունիքի, ինչպես նաև Վանանդի ու Ջավախքի գորգագործական կենտրոններին: Բայց առավելապես բնորոշ է Լոռուն ու Փամբակին: Այդ իսկ պատճառով էլ հիմնավորված ենք համարում ուսումնասիրողների կողմից այս տիպի գորգերին տրված «Լոռի- Փամբակ» անունը:

5. «Լոռի» – Բնորոշվում է խաչաձև բարդ հորինվածքով, որը կազմված է քառակող կամ բազմակող շրջանակում ամփոփված զարդից և այդ շրջանակի կողերի կենտրոններից սկզբնավորվող, ուղղաձիգ, հավասարաչափ երկարությամբ մեկական զարդանախշերից: Կառուցվածքով «Լոռի -Փամբակ» հորինվածքի երկրաչափականացված տարբերակ է: Այս տիպի գորգերի գեղզարդման համակարգում, բացի հիմնական հորինվածքից, լինում են նաև աստիճանավոր եզրերով ու շեղանկյունաձև ուվագծով շրջանակում ամփոփված զարդեր կամ ծաղկանախշեր: Բնորոշ է «Լոռի- Փամբակ» տիպի տարածման շրջաններին: Իր բոլոր տարբերակներով հանդերձ, առավելապես հայտնի է Լոռվա գորգագործական կենտրոններում, որի պատճառով էլ նպատակահարմար է գտնվել «Լոռի» անվանումը:

6. «Հաղպատ»- Բնորոշվում է քառակուսի զարդից ու դրա յուրաքանչյուր գագաթից սկզբնավորած մեկական «կենաց» ծառ նախշից կազմված խաչաձև հորինվածքով: Նախշերը լինում են հավասարաչափ, ընդգծված ճյուղերով ու սլաքաձև գագաթով:Այդ ամբողջությունը «ծաղկած խաչ» է, ու սովորաբար ամփոփվում է ուղղանկյուն շրջանակում, որի յուրաքանչյուր կողի կենտրոնական մասում կենաց ծառի գագաթը ընդգծվում է եռանկյունաձև ելուստի տեսքով: Շրջանակում՝ «կենաց» ծառերին մեկընդմեջ լինում է կեռիկներով երիզված զարդ: Նշված հորինվածքը հայոց գեղազարդման արվեստի համակարգում հայտնի է վաղ ժամանակներից: Միջնադարում բնորոշ էր հատկապես Շիրակի ու Լոռվա մշակութային կենտրոններին, այդ թվում՝ հատկապես Հաղպատի մանրանկարչության դպրոցին: Լոռվա գորգագործության այդ հանրահայտ կենտրոնում ու դրա մերձակա բնակավայրերում այս տիպի գորգեր գործելու ավանդույթի գոյության փաստը, և վերը նշվածը ի նկատի ունենալով էլ, կիրարկման է առաջադրվում «Հաղպատ» անունը: Տարածված է Ուտիքի, Արցախի, Սյունիքի, Գուգարքի, ինչպես նաև Շիրակի, Ջավախքի, Վանանդի ու Բագրևանդի գորգագործական կենտրոններում:Մասնագիտական շրջաններում հայտնի է «Աղստաֆա» անունով:

7.«Մեծ խաչ» – Գեղազարդման համակարգում հիմնականը խաչաձև զարդանախշ է: Խաչի թևերի ծայրերը ունենում են ուղիղ կամ սլաքաձև կտրվածք: Լինում է մեկը կամ մի քանիսը՝ շրջանակում կամ առանց դրան:Խաչի թևերն ու կենտրոնական մասը սովորաբար գեղազարդվում են վարդակով, զարդով ու ոճավորվածպատկերով: Մասնագիտական շրջաններում հայտնի է «Ղազախ», «Ղարաբաղ» «Շիրվան» և այլ անուններով: Աղբյուրագիտական պրպտումներից պարզվել է, որ նշված տիպի գորգերի վաղ ավանդույթները արտահայտված են Անիի մերձակա գրչության կենտրոններում կատարված մանրանկարներում: Այդպիսի հորինվածքներով է գեղազարդված նաև Անիի եկեղեցիներից մեկի 1371 թվականին պատրաստված դուռը, որը այժմ պահվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժում: Ունի համահայաստանյան տարածում

Բազմանիստ խոշոր հորինվածքներով.

Հայոց գորգերի գեղազարդման համակարգում հատկապես մեծ տեղ ունեն երկրաչափական՝ բազմանիստ, քառակուսի, ուղղանկյուն ձևերի հորինվածքները: Սրանք աչքի են ընկնում առանձին տարրերի բազմազանությամբ, ինչպես նաև ոճավորված կենդանապատկերների ու երկրաչափականացված բուսածաղկային նախշերի ներկայությամբ: Այդօրինակ հորինվածքներին բնորոշ է նաև գաղափարա-իմաստային որոշակի բովանդակություն, որով էլ դրանք նույնպես մեծ հետաքրքրություն են ներկայացնում ուսումնասիրողների շրջանում: Հորինվածքային ու իմաստային տարաբնույթ արտահայտություններուվ հանդերձ, դրանք աղերսվում են երկրաչափական ձևերի ընդհանրություններով՝ խոշոր ու բազմանիստ շրջանակների առկայությամբ: Այդ պարագան նկատի ունենալով է որ հարմար ենք գտել մի խմբում այդ բոլորին ընդգրկելը: Միաժամանակ, հարկ է նշել, որ առանձին խմբով ենք ներկայացնում շեղանկյունազարդերով գեղազարդված գորգերի տիպերը, որը ի թիվս այլ պատճառների, հիմնավորված է դրանց բազմազանությամբ ու ձևա-իմաստային առավել սերտ աղերսների առկայությամբ:

«Փառակա» – Գեղազարդման հիմնական հորինվածքը բաղկացած է խոյեղջյուր պատկերներ ամփոփող, ներսից ու դրսից կեռիկներով երիզված հատած անկյուններով ուղղանկյուն վանդակից ու այդ ամբողջությունը պարփակող մի խոշոր ութակող շրջանակից, որը ներսի շրջանակին եղած կեռիկների ուղղությամբ նույնպես երիզվում է նույնքան ուղղաձիգ կեռիկներով: Լինում է մեկ և ավելին, և սովորաբար պատկերվում են քառակուսի շրջանակով ընդգծված մակերեսի վրա:Այս տիպի գորգերի դաշտի անկյուններում սովորաբար լինում են նաև ուղղանկյուն շրջանակում ամփոփված աստղազարդեր: Տիպը, ըստ հավաքված դաշտային ազգագրական նյութերի, առավելապես բնորորոշ էր Գողթան, Երնջակ ու Զանգեզուր գավառների գորգագործական կենտրոններին և հատկապես՝ ուշ միջնադարյան Հայաստանի գորգագործության հայտնի կենտրոն Փառակա գյուղին: Այս հանգամանքից ելնելով էլ, իբրև տիպի անվանում, առաջարկվում է «Փառակա» տեղանունը: Տարածված է նաև Արցախում, Ուտիքում, Գուգարքում:

«Մեղրի»- Բնորոշվում է անկյունները հատած քառակուսի մակերեսով, որի կենտրոնում լինում է միևնույն ձևի՝ բայց շատ ավելի փոքր շրջանակում ամփոփված զարդանախշ:Մակերեսի մնացած ողջ տարածքը գեղազարդված է լինում կենդանակերպ ոճավորումներով, կենաց ծառի տարբերակների նախշերով: Այդ բոլորից սովորաբար լինում է չորսական հատ, ներկայացված կենտրոնի փոքր զարդանախշի շուրջ բոլորը, սիմետրիկ դիրքով: Մատուցման ներդաշնակության ու իմաստային միևնույն սիմվոլիկ նշանակության շնորհիվ դրանք կազմում են մի կուռ ամբողջություն: Արտաքին շրջանակը սովորաբար երիզվում է կեռիկներով: Ընդհանուր առմամբ, գեղազարդման համակարգի տարրերը ծայրահեղ արխաիկ են, և խորհրդանշում են բնության և կյանքի հավերժության գաղափարը: Բնորոշ է Սյունիքին ու Արցախին մասամբ նաև Վասպուրականի արևելյան ու հյուսիս-արևելյան գավառների, Բագրևանդի, Կոգովիտի գորգագործական կենտրոններին: Մեր ուսումնասիրություններով, այս տիպը առավելապես բնորոշ է Զանգեզուրի՝ մասնավորապես Կապան- Մեղրի- Ագուլիսն ներառող տարածաշրջանի գորգագործական կենտրոններին, որով էլ պայմանավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը:

«Մեմլինգ»-Գեղազարդման համակարգում առանցքայինը քառակող ուրվագծով, աստիճանաձև եզրերով խոշոր շրջանակ է: Սովորաբար, եզրերը լրացվում են այս տիպի բնորոշ ծնկաձև կեռիկներով: Կենտրոնում լինում է աստղազարդ: Լինում է մեկ և ավելին:Պատկերվում են մեկ կամ մի քանի շարքով: Անվանումը կապված է 15-րդ դարի գերմանացի նկարիչ Հանս Մեմլինգի հետ, որի կտավներում պատկերված են այս հորինվածքով գեղազարդված գորգեր: Ունի համահայաստանյան տարածում:

«Կոգովիտ»- Բնորոշվում է գորգադաշտի մի շայրից մյուսը ձգվող, երկայնաձիգ բազմանիստ հորինվածքով: Դրա երկու հակադիր ծայրերը լինում են կոնաձև, եզրերը՝ ուղիղ ու կեռիկազարդ: Դրանք գեղազարդվում են երկրաչափականացված վարդակներով, աստղազարդերով, կենդանակերպ ոճավորումներով: Լինում է մեկ կամ ավելին: Հիմնականում բնորոշ է Մասիսներին մերձակա գորգագործական կենտրոններին, Գեղարքունիքին ու Սոդքին: Հայտնի է, որ գորգերի այս տիպը Սևանի ավազանում արմատավորվեց 1870-80-ական թթ., Մեծ Հայքի Այրարատ նահանգի պատմական Կոգովիտ գավառի հայ բնակչության մի մասը վերաբնակվեց Գեղարքունիքում: Այս պարագան ի նկատի ունենալով էլ, կիրարկման է առաջադրվում «Կոգովիտ» տեղանունը:

«Տավուշ»- Բնորոշվում մի հորինվածքով, որի կենտրոնում լինում է քառակուսաձև զարդ: Ուղղաձիգ առանցքի ուղղությամբ, երկու կողմից այն լրացվում է երկրաչափականացված երկու «կենաց ծառ» նախշով: Հորիզոնական կողմերը գեղազարդվում են «խոյեղջյուր» պատկերներով: Այս ամբողջությունը ունենում մի հիմնագույն, ընդգծվում է հորինվածքի ուրվագծին համապատասխանող բազմակող շրջանակով, ու «կենաց ծառերի» հատվածում ունենում է եռանկյունաձև ելուստ: Շրջանակի լայն կողմերը երիզված են լինում կեռիկներով, իսկ նեղերը՝ «օձագալար» և «խոյեղջյուր» պատկերներով: Լինում է մեկ և ավելին: Այս հորինվածքը, իբրև գորգի գեղազարդման համակագի լրացուցիչ՝ երկրորդական տարր, ունի համահայաստանյան տարածում: Որպես հիմնական հորինվածք՝ առավելապես բնորոշ է Տավուշի գորգագործական կենտրոններին, որով էլ հիմնավորվում է մեր կողմից առաջարկվող անվանման կիրարկումը: Հայտնի է «Ֆահրալո» անունով (գյուղ պատմական Գարդման գավառում):

«Գանձակ» – Բնորոշվում է իրար կցված բազմանիստ շրջանակներով ու դաշտի երկու ծայրում դրանք եզրափակող անկանոն, ատամնազարդ հորինվածքով: Այն նմանվում ու հիշեցնում է սավառնող թռչնի պոչի: Բազմանիստներն ունենում են շեղանկյունաձև ուրվագիծ, գեղազարդվում են հիմնականում զարդով ու զարդանախշով: Լինում են մեկ և ավելին ու սովորաբար պատկերվում են մեկ շարքով: Հիմնականում բնորոշ է Ուտիքի, մասամբ նաև Արցախի, Սյունիքի ինչպես նաև Շաքի-Շամախի տարածաշրջանի գորգագործական կենտրոններին: Հայտնի է «Շահնազարլու», «Գյանջա» և այլ անվանումներով: Նկատի ունենալով, որ այս տիպի գորգերը իրենց տարատեսակներով հանդերձ առավելապես բնորոշ են Ուտիքի գորգագործական կենտրոններին, նպատակահարմար ենք գտնում այն կոչել պատմական Հայաստանի այդ նահանգի կենտրոն Գանձակ քաղաքի անունով:

«Դիզակ»-Գեղազարդման համակարգը բնորոշվում է հարթ եզրերով, բազմանիստ ուրվագծով շրջանակում ամփոփված, խաչաձև առանցքով դասավորված զարդերով ու վարդակներով կազմված խոշոր հորինվածքով: Շրջանակները լայն ու չնդհատվող գունաժապավենի են նմանվում ու սովորաբար գեղազարդված են լինում մանր զարդերով: Բնորոշ է հիմնականում Արցախի, Ուտիքի, Սյունիքի, մասամբ նաև Գողթան գավառի, Շամախու,Շաքիի գորգագործական կենտրոններին: Մեր ունեցած դաշտային ազգագրական նյութերի համաձայն, այս տիպի գորգերը հատկապես հատուկ են Արցախի Դիզակ գավառի գորգագործական կենտրոններին, մասնավորապես Մեծ Թաղեր, Շեխեր, Տող, Տումի, Խծաբերդ գյուղերին: Այսքանը ի նկատի ունենալով էլ նպատակահարմար ենք համարում կիրարկման առաջադրել «Դիզակ» տեղանունը:

«Վարանդա» -Բնորոշվում է խաչաձև, բուսածաղկային բնույթի խոշոր հորինվածքով: Այն լրացվում է չորս անկյուններից սկզբնավորված թիակաձև մեկական զարդանախշով: Ունի երկրաչափականացված տարբերակներ, որոնք հիմնական հորինվածքի կենտրոնում ունենում են զարդ կամ «Կուսապատ» գորգերին բնորոշ վարդակ: Հիմնական հորինվածքը այդ դեպքերում ունենում է թիթեռի կամ թիակաձև տեսք: Այս վերջին տարբերակով գեղազարդված գորգերի գեղազարդման համակարգի բաղկացուցիչ մասն են կազմում նաև հիմնական հորինվածքի երկու ծայրերում պատկերվող երկուական հավասարակող ութանիստ, որոնցից յուրաքանչյուրում պատկերվում է կենդանակերպ չորս ոճավորում: Տարածված է Լոռվա, Տավուշի, Գարդմանի, Սոդքի, Վարանդայի, Գողթանի և Անդրկովկասի հյուսիս-արևելյան ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում: Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններից ու թանգարանային նմուշներին վերաբերող տվյալներից պարզվել է որ այս տիպը իր բոլոր տարբերակներով առավելապես բնորոշ է Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին, ինչից ելնելով էլ՝ կիրարկման է առաջադրվում Վարանդա տեղանունը:

 «Ջրաբերդ» խումբ.

Խմբում ներառված են «Ջրաբերդ» հորինվածքով ու դրա տարբերակներով գեղազարդված գորգերը: Հիմնական հորինվածքը թեև անմիջական կապ ունի դասական վիշապագորգերի հետ ու կազմում է դրանց կարևոր տարրեից մեկը, սակայն նկատի ունենալով, որ առանձին ներկայացվելուց այն դադարում է կապ ունենալ վիշապագորգերի հետ, նպատակահարմար ենք համարում այդօրինակ գորգերը միավորել մի ամփոփ խմբում ու այն կոչել հիմնական հորինվածքի անունով:

«Ջրաբերդ»: Բնորոշվում է ծաղկած խաչ հիշեցնող նախշով, որը ամբողջովին երիզված է կեռիկաձև պատկերներով ու դրանցից սկզբնավորած երկար և ուղիղ, կոկոններով ավարտվող ցողուններով: Վերջիններս նմանվում են նաև արևի ճառագայթների: Այդ ամբողջությունը լինում է մեկ կամ մի քանիսը, մեկ կամ երկու շարքով: Հայտնի են XVII-XVIII դդ. թվագրվող նմուշներ: Իր տարածման աևեալներով հիմնականում համապատասխանում է «Ջրաբերդ» վիշապագարգերիի տարածման արեալներին:

«Ջրաբերդ-Դիզակ»- Բնորոշվում է բարդ՝ գծայնացված կենդանապատկերներից կազմված հորինվածքով, որի կենտրոնում լինում է երկայնաձիգ ութանիստ զարդ: Դրա ուղղաձիգ գագաթներին մեկական խոյեղջյուր պատկեր է, իսկ վերջինիս երկու կողմերին՝ մեկական թռչնակերպ ոճավորում: Երիզվում է նույնատիպ՝ հորիզոնական ուղղվածությամբ պատկերներով: Արտաքուստ հիշեցնում է «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքը: Գեղազարդման համակարգի բաղադրամասերից է նաև «Կենաց ծառ» զարդանախշը, որը սովորաբար պատկերվում է հիմնական հորինվածքի եզրերին:Հիմնականում բնորոշ է Զանգեզուրի և Արցախի Դիզակ գավառի գորգագործական կենտրոններին:

«Ջրաբերդ-Վարանդա»- Բնորոշվում է խաչաձև, բուսածաղկային բնույթի խոշոր հորինվածքով: Այն լրացվում է չորս անկյուններից սկզբնավորված թիակաձև մեկական զարդանախշով: Այդ ամբողջությունը «Ջրաբերդ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքի համեմատաբար պարզ տարբերակ է: Գորգի այս տիպն ունի մի քանի տարբերակ` այդ թվում «Գյոլլու չիչի» կամ «Զեյխուր» կոչվածը: Տարածված է Լոռվա, Տավուշի, Գարդմանի, Սոդքի, Վարանդայի, Գողթանի և Անդրկովկասի հյուսիս-արևելյան ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում: Մեր կողմից կատարված դաշտային ազգագրական հետազոտություններից ու թանգարանային նմուշներին վերաբերող տվյալներից պարզվել է, որ «Ջրաբերդ» խմբի այս տիպը իր բոլոր տարբերակներով առավելապես բնորոշ է Արցախի Վարանդա գավառի գորգագործական կենտրոններին, ինչից ելնելով էլ՝ կիրարկման է առաջադրվում «Ջրաբերդ-Վարանդա» անվանումը:

Թեմատիկ պատկերային.

Այս խմբում ներառված են այն գորգերը, որոնց գեղազարդման համակարգում հիմնականն ու առանցքայինը կենդանիների՝ ըստ այդմ նաև թռչունների ու ձկների իրական կամ ոճավորված պատկերներն են, կամ դրանցով կազմված հորինվածքները: Սովորաբար համադրվում են բուսանախշերի ու մասնավորապես «կենաց ծառ»-ի հետ:

«Ձկնավոր» – Բնորոշվում է ձկնապատկերներից կազմված հորինվածքով: Ձկնապատկերները լինում են , ուղղաձիգ դիրքով, զույգ առ զույգ ու կանոնավոր շարքերով: Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում մեծ տեղ են ունենում նաև երկրաչափական մանր զարդերը, ինչպես նաև «Գլաձոր» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքը: Հիմնականում բնորոշ է Վասպուրականի արևելյան գավառների, Զանգեզուրի, Վայքի, ինչպես նաև պարսկահայոց գորգագործական կենտրոններին: Առանձնապես կարևորվում ենք Վասպուրականի պատմական Սալմաստ գավառր, որտեղից էլ 1829-30 թթ. կատարված զանգվածային տեղաշարժից հետո, ըստ իս, այս տիպի գորգերը վերաբնակիչ հայերի հետ լայն տարածում գտան նաև Զանգեզուրում և Վայքում: Այսքանով էլ հիմնավորում ենք առաջարկված տերմինի կիրարկումը:

«Հորադիզ» – Գեղազարդման հիմնական տարրը ձկնապատկերներ են, որոնցում հստակեվ ներկայացված են խռիկներն ու թեփուկները: Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով: Մեր ունեցած տվյալների համաձայն բնորոշ են Բարգուշատի, Վարանդայի, Դիզակի, Ղարադաղի, Ուրմիա լճի ավազանի գորգագործական կենտրոններին:

«Փամբակ» – Հիմնական հորինվածքը կազմված է քառակուսի զարդի երկու կողմում ներկայացված հանդիպակած զույգ կենդանապատկերից և դրանք միացնող սլաքաձև ելուստի գագաթից սկզբնավորվող խոյեղջյուր պատկերից: Կառուցվածքով «Լոռի-Փամբակ» խաչաձև հորինվածքի ուղղաձիգ առանցքի տարբերակ է: Հայոց գորգերի հնամենի տիպերից է: Հիմնականում հայտնի է Լոռվա և հատկապես Փամբակի գորգագործական կենտրոններում, որի պատճառով էլ նպատակահարմար ենք համարում առաջարկված տերմինի կիրարկումը:

«Ծնող զույգ» – Տիպում ներառված են ծնող զույգի և կամ մեկ մի քանի կենդանապատկերով գեղազարդված գորգերը: Այս տիպի գորգերի որոշ տարբերակների գեղազարդման համակարգի հիմնական տարրերից է նաև «կենաց ծառ» զարդանախշը: Դա ներկայացվում է դիմահայաց զույգ կենդանապատկերի կենտրոնում ու խորհրդանշում է կյանքի ու բնության հավերժության գաղափարը: Առավելապես բնորոշ է Արցախի, Սյունիքի, Պարսկահայքի գորգագործական կենտրոններին:

«Մայր Հայաստան» – Պատմական Հայաստանի քաղաքների ավերակները սգացող կնոջ պատկերով: Հիմնականում բնորոշ է Բարձր Հայքի, Վանանդի, Շիրակի, Ջավախքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին: Ունի համահայաստանյան տարածում: Հայտնի է նաև «Անիի ավերակները»,«Ողբ Հայաստանի» և այլ անվանումներով:

«Կենդանապատկերով»՝ տարբերակվում է ոճավորված իրական կենդանապատկերներով ու թռչնապատկերներով: Բնորոշ է հիմնականում Գուգարքի, Արցախի, Սյունիքի, Պարսկահայքի գորգագործական կենտրոններին:

Շեղանկյունազարդով.

Հայոց բնորոշ գորգերի գեղազարդման արվեստում առանձնակի տեղ է գրավում այս հորինվածքը: Շեղանկյունազարդը ներկայացված է տարաբնույթ նախշերի, պատկերների ու զարդերի համադրությամբ: Երիզվում է կեռիկներով, սղոցի ատամնանաշարի նմանվող նախշով ու լինում է նաև առանց դրանց: Հորինվածքը մեծավ մասամբ կազմված է լինում մեկմեկում ամփոփված ու համակենտրոն մի քանի շեղանկյունազարդից, որոնք իրենց հերթին լինում են նաև քառակուսի վանդակով շրջանակած: Շեղանկյունազարդեր ստեղծվում են նաև գունաժապավեններուվ: Խմբում ներառված տիպերի գեղազարդման համակարգում լինում են մեկ կամ մի քանի շեղանկյունազարդ հորինվածք, պատկերվում են մեկ կամ մի քանի շարքով:

«Բանանց» – Բնորոշվում է նեղ կենտրոնական դաշտով ու դրա գեղազարդման հիմնական տարրը հանդիացող շեղանկյունազարդով: Վերջիններս լինում են նաև քառակուսի շրջանակում ամփոփված: Այս տիպի գորգերին բնորոշ է նաև չափազանց լայն գոտին: Հատուկ է հիմնականում Գարդմանի, Տավուշի, Ջրաբերդի, մասամբ նաև Զանգեզուրի գորգագործական կենտրոններին: Մեր ուսումնասիրություններից պարզվել է, որ այն հատկապես տարածված է Գարդմանում: Ի նկատի ունենալով այս հանգամանքը, իբրև տիպի անուն առաջադրվում է այդ գավառի և առհասարակ պատմական Հայաստանի գորգագործության հանրահայտ կենտրոն Բանանց գյուղի անունը:

«Բագրևանդ» – Բնորոշվում է մեկմեկում ամփոփված համակենտրոն, կեռիկներով երիզված շեղանկյունազարդերով: Լինում է շրջանակում, կամ առանց դրան: Պատկերվում են մեկ կամ երկու շարքով: Տիպը ունի համահայաստանյան տարածում, սակայն առավելապես բնորոշ է պատմական Հայաստանի Բագրևանդ, ինչպես նաև Բասեն, Ճակատք գավառների գորգագործական կենտրոններին: Այս ամենն էլ հաշվի առնելով, նպատակահարմար ենք գտնում տիպին պատկանող գորգերըի համար կիրարկել «Բագրևանդ» տեղանունը:

«Քաշաթաղ» – Բնորոշվում Է շեղանկյունաձև խոշոր շրջանակում ամփոփված խաչաձև հորինվածքով: Դրա դրա կենտրոնում լինում է զարդ ու դրա նիստերի ուղղությամբ ձգվող գունաշերտեր, որոնցով տարանջատվում են խաչի թևերը: Այս վերջիններիս հորիզոնականները ներկայացնում են երկրաչափականացված «կենաց» ծառ, իսկ ուղղահայացները մեկական աստղազարդ: Բնորոշ է հիմնականում Դիզակի, Վարանդայի. Զանգեզուրի գորգագործական կենտրոններին: Դաշտային ազգագրական նյութերից ու Հայաստանի թանգարաններում պահվող նմուշներին վերաբերող տվյալներից պարզվում է, որ այս տիպի գորգերը առավելապես հատուկ էին Դիզակի ու Զանգեզուրի միջանկյալ տարածքին՝ Սյունիքի պատմական Քաշաթաղ գավառին: Մասնավոր հավաքածույի կազմում պահվող այդօրինակ մի գորգ, որը մեզ հայտնիներից հնագույնն է, ունի հայերեն արձանագրություն, ըստ որի այն գործել են 1824 թվականին, այդ գավառի նախկինում ամբողջովին հայաբնակ Մինքենդ գյուղում: Այդքանից ելնելով էլ կիրարկման է առաջադրվում «Քաշաթաղ» անվանումը:

«Ճարտար» – Գեղազարդման համակարգում առանցքայինը դաշտի երկայնքով ձգվող երկու զիգզակ, ատամնազարդ կամ սղոցատիպ երիզված գունաժապավեններով ստեղծված շեղանկյունատիպ վանդակներն են: Դրանցում սովորաբար պատկերվում են վարդակներ, նախշեր ու կենդանապատկերներ: Այս վերջիններս մեծավ մասամբ ունենում են երկրորդական նշանակություն: Տիպին պատկանողները հիմնականում ուղեգորգեր են: Բնորոշ է Արցախի, Սյունիքի, Ուտիքի ինչպես նաև Ջավախքի, Վասպուրականի հյուսիս-արևմտյան գավառների ու Ատրպատականի գորգագործական կենտրոններին: Իր տարբերակներով առավելապես հատուկ է Արցախի գորգագործության խոշոր ու ավանդական կենտրոններից մեկին՝ Ճարտար գյուղին, որի անունով էլ անվանակոչվում է գորգերի այս տիպը:

«Գլաձոր» – Բնորոշվում է շեղանկյունաձև զարդից, դրա գագաթներին եղած մեկական ծաղկանախշից և կողային մեկական պատկերից կազմված հորինվածքով: Այն պատկերվում է կանոնավոր շարքերի տեսքով: Գորգի այս տիպը հայտնի է «Ֆերահան», «Սենեհ», «Հերաթ» և այլ անվանումներով: Ունի համահայաստանյան տարածում: Այդ հորինվածքը բնորոշ էր Արցախի ու Սյունիքի մանրանկարչության կենտրոններին և հատկապես Գլաձորի մանրանկարչության դպրոցին, որտեղ 13-14-րդ դարերում, Թորոս Տարոնացու և Մոմիկի կատարած մանրանկարներում, պատկերված են նմանատիպ գորգապատկերներ: Պարսկաստանի գորգագործական կենտրոններում այս տիպի տարածում ունենալը կարելի է բացատրել 1604 թվականին Շահ Աբաս առաջինի կատարած արևելահայոց զանգվածային բռնագաղթով, երբ տաասնյակ հազարավոր հայ ընտանիքներ բնակություն հաստատեցին հիմնականում Ֆերահանի, Շիրազի, Իսֆահանի, Լուրիստանի տարածաշրջաններում և զարգացրին ու տեղայնացրին հայոց գորգարվեստին բնորոշ այս և այլ մի շարք ավանդույթներ: Հիմնական հորինվածքում լինում են առանձին տարրերի ձևափոխություններ, բայց դրա առանցքը հանդիսացող շեղանկյունազարդը մնում է անփոփոխ: Այս հանգամանքի պատճառով էլ առաջին հայացքից բուսածաղկային կամ կենդանապատկերային տպավորություն թողնող այս տիպի գորգերը ընդգրկել ենք շեղանկյունազարդով բնորոշվող խմբում:

«Բարգուշատ» – Տարբերակվում է խաչաձև առանցքով բարդ բուսանախշ հորինվածքով ու ձկնակերպ ոճավորումներով: Որոշ տարբերակներում դրանց հետ միասին ներկայացվում են նաև բազմաթերթ բարդ վարդակներ: Հիմնականում բնորոշ է Արցախի հարավային, Զանգեզուրի, Վասպուրական հյուսիս-արևելյան գավառների, Ղարադաղի, Ուրմիա լիճ-Համադան տարածաշրջանի գորգագործական կենտրոններին, Նոր Ջուղային ու մերձակայքին:

Աստղազարդով.

Խմբում ընդգրկված բոլոր տիպերը բնորոշվում են գեղազարդման համակարգում աստղազարդի՝ որպես հիմնական տարրի ներկայությամբ: Դրանք սովորաբար լրացվում են բուսա-ծաղկային նախշերով, ոճավորված կենդանապատկերներով, և կամ լինում են միայն պարզ աստղազարդերի տեսքով, առանց որևէ լրացուցիչ հարդարանքի: Սովորաբար վեց թևանի են: Պատկերվում են վանդակում կամ առանց դրա, կանոնավոր շարքով:Առանձնակի բարդությամբ ու գեղազարդման համակարգի արտակարգ հարստությամբ նշանավոր են այս խմբին դասվող «Աստղազարդ» տիպի գորգերը:

«Աստղավոր» – Բնորոշվում է գորգադաշտի կենտրոնում պատկերված մեկ խոշոր աստղազարդով, որի միջթևային իջվածքները մեկ ընդ մեջ երիզված են կեռիկներով ու լրացված են «կենաց ծառ» նախշով: Դաշտի եզրային մասերը գեղազարդվում են դրա հատվածներով: Մասնագիտական շրջանակներում հայտնի է «Աստղ Ղազախ» (Star Kazak) անունով: Այս տիպի ծագումնաբանությունը դեռևս ուսումնասիրված չէ: Հայտնի նմուշները վերագրվում են Գարդմանին, Տավուշին, Լոռուն: Ենթադրում ենք, որ այն բնորոշ էր նաև Սյունիքի հարավային գորգագործական կենտրոններին, Գողթան գավառին, Վասպուրականի հյուսիս-արևելյան և Բարձր Հայքի արևելյան գավառներին, Բագրևանդին, Ճակատքին ու մերձակա գորգագործական կենտրոններին:

«Որոտան» – Բնորոշվում է վեց թևանի աստղազարդով, որի թևերը ավարտվում են մեկական դիմահայաց կեռիկաձև ելուստով: Թևերի միջնամասում, մեկընդմեջ, լինում է մեկական սլաքաձև նախշ:Այդ ամբողջությունը ունենում է եզրագծված հիմնագույն: Լավագույն նմուշներից է հայատառ արձանագրությամբ, 1815 թ. գործված գորգը, որը պահվում է Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում: Պատկերվում են վանդակում կամ առանց դրան, մեկ կամ մի քանի շարքով: Հայտնի է «Զեյվա» անունով,որը Սյունիքի ամրոցներից մեկին՝ Որոտանի կիրճում կառուցված Որոտնաբերդին մուսուլմանական, եկվոր ցեղերի կողմից տրված «Զեվու» անվանման աղավաղված ձևն է: Կարևորելով այս հանգամանքը և տիպի գորգերի Սյունիքում առանձնակի տարածում ունենալու փաստը, «Զեյվա»-ի փոխարեն կիրարկման է առաջադրվում այդ բնակավայրի պատմական «Որոտան» անունը:

«Փայլող աստղ» – Գեղազարդման համակարգում հիմնականը պարզ աստղանախշեր են, որոնցով էլ ծածկվում է ողջ գորգադաշտը: Լինում են վանդակում ու առանց դրան: Պատկերվում են կանոնավոր շարքերի տեսքով: Գեղազարդման համակարգի հիմնական զարդի անվանումը հիմք ընդունելով էլ առաջարկվում է սույն տերմինի կիրարկման գաղափարը:

Խորանավոր.

Ներառված են խորանաձև կամ գմբեթաձև կտրվածքով ու սյունազարդ հորինվածքով բնորոշվող գորգերը: Սրանք հայոց գորգարվետում առանձնակի են հնագույն ավանդույթներով: Այս խմբին է պատկանում նշանավոր «Եռախորան» գորգը: Հիմնական հորինվածքները՝ ըստ այդմ՝ նաև խորանները, լինում են մեկ և ավելին: Խմբի գորգերը մեծավ մասամբ առնչվում են եկեղեցու, ինչպես նաև կրոնական արարողակարգի ու ծիսակարգի հետ: Դրանով պայմանավորված էլ, դրանց գեղազարդման համակարգում կարևորված են եկեղեցական առարկաների՝ ջահի կամ կանթեղի պատկերները, ինչպես նաև բուսածաղկային նախշերն ու հորինվածքները, մասնավորապես՝ «կենաց ծառ»-ը:

«Գանձասար» -Բնորոշվում է գորգադաշտի մեկ կամ երկու ծայրում եղած «կենաց» ծառ զարդանախշի մեկական շարքով: Զարդանախշը լինում է երկայնաձիգ, հավասարաչափ ճյուղերով և ավարտվում է կոկոնով: Դաշտի կենտրոնական մասը սովորաբար գեղազարդվում է երկու և ավելին սյունաձև հորինվածքներով: Դասական նմուշներից է 1731 թվականին, Աղվանից Ներսես կաթողիկոսի պատվերով Արցախի Ջրաբերդ գավառի սուրբ Չարեքի անապատում գործված, այժմ Երուսաղեմի սուրբ Հակոբ եկեղեցում պահվող հայատառ արձանագրությամբ գորգը:Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, «Գանձասար» բառը առաջարկվում է որպես այդ տիպի գորգերի անվանում: Լայնորեն տարածված է նաև Բարձր Հայքի ու Փոքր Ասիայի գորգագործական կետրոններում: Հայտնի է «Լադիկ» և այլ անվանումներով:

«Սյունազարդ» – Բնորոշվում է դաշտի երկայնքով ձգված սյուներով, որոնց միջոցով գորգադաշտը բաժանվում է խորանների: Խորանները լինում են մեկ և ավելին:Սյուները լինում են խոյակով և հիմքով: Խորանագագաթների և դաշտի վերին ծայրի միջև ընկած մակերեսը գեղազարդվում է զարդանախշերով ու հորինվածքներով, ինչպես նաև կենդանապատկերներով: Բնորոշ օրինակ է ուսումնասիրողների կողմից(Վ,Թեմուրճյան, Մ. Ղազարյան) «Եռախորան» անվանակոչված նշանավոր գորգը: Այն մինչև մեր ժամանակները պահպանված հնագույն գորգերից մեկն է, և ունի հայատառ արձանագրություն՝ ըստ որի գործվել է 1202 թվականին, պատմական Հայաստանի Գարդման գավառի գորգագործության ավանդական կենտրոններից մեկում՝ Բանանց գյուղում: Գործել են Արցախի, Ուտիքի և Արևմտյան Հայաստանի գորգագործական մի շարք տարածաշրջաններում:

«Աղոթագորգ» – Դաշտի վերին մասը լինում է գմբեթաձև կամ կոնաձև: Որոշ տարբերակներ բնորոշվում են այդ նույն մասում նմանատիպ ուրվագծի գունաժապավենով: Վերջինս լինում է նաև դաշտի երկու ծայրերում: Սովորաբար, գունաժապավեննի երկու կողմերում պատկերվում է մեկական ձեռքի դաստակ: Դաշտի ազատ մնացած տարածքը կարող է լինի գեղազարդված ինչպես մանր նախշերով, այնպես էլ խոշոր հորինվածքներով: Օգտագործում են հիմնականում մուսուլմանները՝ աղոթքի ժամանակ ծնրադրելու համար: Բնորոշ է գորգագործական բոլոր կենտրոններին: Հայտնի են միջնադարյան Հայաստանում գործված աղոթքի գորգերը, որոնք լայն պահանջարկ էին վայելում Արաբական խալիֆաթի ժամանակաշրջանում:

Մեկ ընդհանուր զարդաշրջանակում ամփոփված հորինվածքներով.

Հայոց բնորոշ գորգերի թվում զգալի մաս են կազմում մեկ ընդհանուր շրջանակում ամփոփված հորինվածքներով գեղազարդվածները: Շրջանակը կարող է ներառի ողջ գորգադաշտը՝ սկսած ներքին եզրագոտուց անմիջապես հետո, կամ ողջ գորգադաշտը՝ առանց անկյունների: Առավել տիպական է գորգադաշտի կենտրոնական հատվածը ընդրկող շրջանակը: Այս դեպքում գորգադաշտի եզրամասերը մնում են դրանից դուրս ու գեղազարդվում են գորգի գեղազարդման համակարգում երկրորդական կամ լրացուցիչ դեր խաղացող այլ զարդանախշերով, հորինվածքներով կամ պատկերներով: Զարդաշրջանակում ամփոփված հորինվածքները լինում են միատեսակ ու բազմատեսակ՝ շեղանկյունազարդ, բուսածաղկային, բազմանիստ և այլն: Բոլոր դեպքերում էլ դրանց գեղազարդման համակարգում բնորոշիչը ընդհանուր զարդաշրջանակ ունենալն է, որով էլ նպատակարմար է գտնված դրանց այս խմբում առանձնացնելը:

«Վահան» – Բնորոշվում է երկայնաձիգ ու խաչաձև մի շրջանակով, որը նմանվում է վահանի: Դրա կենտրոնում լինում է ուղղանկյունաձև զարդ, որի երկու կողմերին՝ հորինվածքի երկայնքով լինում է մեկական ելուստ ու դրանից սկզբնավորված ոճավորված կենաց ծառ: Ինքը շրջանակը լայն գունաժապավենով է, ու սովորաբար գեղազարդվում է զարդերով ու ոճավորված պատկերներով: Դասական են համարվում վահանի արտաքին ելուստներին «կենաց ծառ» գծայնացված ու սլացիկ զարդանախշերով գեղազարդվածները: Բնորոշ է հիմնականում Գարդմանին, Արցախին, Սյունիքին, Տավուշին, Բասենին, Բագրևանդին, Վանանդին, Ջավախքին: Մեկ հորինվածքով տարբերակը առավելապես բնորոշ է Արևելյան Հայաստանի գորգագործական կենտրոններին: Առաջարկված անվանումը կապված է հորինվածքային ամբողջությունը ամփոփող գունաժապավեն-շրջանակի ձևի հետ:

«Երկայնաձիգ ուղղանկյունաձև շրջանակով» – Բնորոշվում է ողջ դաշտն ընդգրկող երկայնաձիգ, ուղղանկյունաձև շրջանակով:Դրա նեղ կողերին լինում է գմբեթաձև ելուստ: Երկայնակի կողերը ուղղաձիգ են: Այս տիպին ենք դասում նաև միայն մեկ կողմում ելուստ ունեցող գորգերը: Շրջանակում լինում են բուսածաղկային հորինվածքներ, զարդեր: Դրանցից յուրաքանչիուրը իր հերթին լինում է վանդակում կամ առանց դրան: Ընդհանուր առմամբ, ունի համահայաստանյան տարածում: Առավել բնորոշ է Վանանդի, Ջավախքի, Բագրևանդի ու Բասենի գորգագործական կենտրոններին՝ մասնավորապես Կաղզվանին: Այս հանգամանքով էլ պայմանավորված է առաջարկված տերմինի կիրարկման գաղափարը:

«Տաշիր» – Իբրև զարդաշրջանակ, այս տիպի գորգերում ներկայանում է ներքին գոտին: Դաշտը սովորաբար լինում է առանց հորինվածքների: Որոշ գորգագործական կենտրոններում էլ այն գեղազարդվում է միայն մեկ կամ մի քանի «կենաց ծառ» նախշով, ինչպես նաև աստղաձև զարդով կամ վարդակով: Դաշտի հիմնագույնը սովորաբար մատուցվում է մասնակի երանգափոխումներով, որով էլ ստեղծվում է գունային որոշակի էֆեկտ: Հիմնականում բնորոշ են Տաշիրի, Տավուշի, Գարդմանի,Ջրաբերդի գորգագործական կենտրոններին: Դաշտային ազգագրական ուսումնասիրություններն ու Հայաստանի թանգարաններում պահվող նմուշներին վերաբերող նյութերը հնարավորություն են տալիս եզրակացնելու, որ այս տիպի դասական՝ առանց որևէ զարդի,նախշի կամ պատկերի գորգադաշտով նմուշները հիմնականում վերաբերում են Արցախի Ջրաբերդ գավառի Աբովյան իշխանների աթոռանիստ հինավուրց Թալիշ գյուղին ու դրա մերձակա գորգագործական կենտրոններին: Ուսումնասիրողների մեծ մասը, ըստ իս, միանգամայն հիմնավորված, այդ անվանումով էլ տարբերակում է խնդրո առարկա գորգերը:

«Ոսկանապատ» – Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը մի խոշոր շրջանակով: Վերջինս լինում է երկարավուն և ունենում է գմբեթաձև գագաթներ: Երկարավուն կողերում՝ հավասար հեռավորությամբ ունենում է ներս ուղղված՝ դիմահայաց, հավասարաչափ կտրվածքներ: Առաջացած ուղղանկյուն վանդակներում սովորաբար պատկերվում են «Տավուշ» կամ «Մեմլինգ» տիպի գորգերին բնորոշ հիմնական հորինվածքներ: Շրջանակը սովորաբար գեղազարդվում է «կենաց Ծառ» նախշի պարզ տարատեսակներով կամ «օձագալար» պատկերներով: Տարածված է Սյունիքի, Արցախի, Ուտիքի գորգագործական կենտրոններում: Հատկապես բնորոշ է Գարդման ու Ջրաբերդ գավառների գորգագործական կենտրոններին և մասնավորապես գորգագործության հարուստ ավանդույթներով Ոսկանապատ գյուղին, որի անունով էլ առաջարկվում է անվանակոչել այս տիպը:

«Վայոց ձոր» – Բնորոշվում է, կենտրոնական դաշտը ընդգծող բազմանիստ շրջանակով: Դրա երկարավուն կողերը ատամնավոր են, խոշոր ու հավասարաչափ, իսկ մյուսները՝ սղոցատիպ ատամնաշարով: Այդ շրջանակով պարփակված ուղղանկյուն մակերեսը գեղազարդվում է այլ գորգատիպերի բնորոշ երկրաչափական խոշոր հորինվածքներով և վարդակներով: Տարածված է Սյունիքի, Արցախի, Գուգարքի մասնավորապես՝ Տավուշի, Գարդմանի,Վայքի ինչպես նաև Երնջակի, Գողթան գավառի ու Վասպուրականի արևելյան գորգագործական կենտրոններում:Հատկապես բնորոշ է Նախիջևան-Վայք տարածաշրջանին՝ Խաչիկ, Շոռոթ, Նորաշեն, Աստապատ, Ազնաբերդ գյուղերին: Մեր տվյալներով, Վայոց ձորին է վերաբերում 1767թվականին գործված այս տիպի մի գորգ, որը այժմ պահվում է Հայաստանի պատմության պետական թանգարանում: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ տիպի համար առաջարկվում է «Վայոց ձոր» անունը:

«Իջևան» – Բնորոշվում են գորգադաշտի անկյունների ընդգծվածությամբ ու մեծավ մասամբ դրանք դեղին հիմնագույնի լինեով: Դաշտի կենտրոնական հատվածում լինում են մեկմեկում ամփոփված խոշոր բազմանիստներ, որոնց մակերեսի գեղազարդման համակարգի հիմնական տարր «Գլաձոր» հորինվածքն է: Լինում են նաև բուսածաղկային հորինվածքներով ու զարդերով գեղազարդվածներ: Տարածված է հատկապես Տավուշի և Լոռվա գորգագործական կենտրոններում: Սկսել են գործել 1901-1905 թթ., Իջևանում:Համարվում է տեղի նշանավոր գորգագործուհի Նունուֆար Էդիլյանի ստեղծագործությունը: Հայտնի է նաև «Դեղնաքյունջ» ու «Քարվանսարա» անուններով, ըստ որում վերջինս Իջևանի նախկին անվանումներից է:

Գունաշերտերով.

Այս խմբում ներառել ենք հավասարաչափ, բազմագույն գունաշերտերով գորգեր: Գունաշերտերը ծածկում են ողջ գորգադաշտն ու լինում են շեղակի, ուղղաձիգ, կամ հասկաձև դասավորվածությամբ:Դրանք հիմնականում գեղազարդվում են բուսածաղկային նախշերով ու երկրաչափական զարդերով: Լայնորեն հայտնի ու տարածված է ուղղաձիգ գունաշերտերում գալարանախշի պատկերման ավանդույթը: Այդ դեպքում դրանք մեծավ մասամբ լրացվում են նշանախշով, ինչպես նաև: կենդանակերպ ոճավորումներով: Խմբին պատկանող գորգերը իրենց բոլոր տիպերով ու տարբերակներով հանդերձ ունեն համահայաստանյան տարածում:

«Շեղակի» – Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ծածկող շեղակի, հավասարաչափ գունաշերտերով, որոնք գեղազարդվում են նախշերով, զարդանախշերով ու կենդանապատկերներով: Ունի համահայաստանյան տարածում, բայց առավել բնորոշ է Բարձր Հայքի ու Տայքի հյուսիս- արևելյան գավառների, Վանանդի ու Ջավախքի գորգագործական կենտրոններին: Դաշտային ազգագրական հետազոտություններից պարզվել է, որ այս տիպի գորգերը առավելապես բնորոշ են Ջավախքին, որի պատճառով էլ կիրարկման է ներկայացված «Ջավախք» տեղանունը:

«Ուղաձիգ» – Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ծածկող ուղղաձիգ, հավասարաչափ գունաշերտերով: Սովորաբար դրանք գեղազարդվում են գալարավուն գծանախշով և այն լրացնող նշանախշերով ու ոճավորված կենդանապատկերներով: Ունի համահայաստանյան տարածում: Մեր կողմից կատարված հետազոտություններն ու թանգարաններում եղած նմուշներին վերաբերող տվյալները վկայում են, որ պատմական Հայաստանի հարավ-արևմտյան գորգագործական կենտրոններում, մասնավորապես Խարբերդի գավառում և մերձակայքում տարածված էին այս տիպի մեզ հայտնի բոլոր տարբերակները: Դրանից ելնելով է, որ կիրարկման է առաջադրվում «Խարբերդ» տեղանունը:

«Հասկաձև» – Բնորոշվում է ամբողջ գորգադաշտը ընդգրկող հասկաձև` շեղակի գունաշերտերի երկու հավասար շարքով: Գունաշերտերը սովորաբար գեղազարդվում են նախշերով, զարդանախշերով, կենդանապատկերներով: Ունի համահայաստանյան տարածում: Առավելապես բնորոշ է Վանանդի ու Շիրակի, մասամբ նաև Սևանի ավազանի գորգագործական կենտրոններին:

Վիշապագորգեր.

Այս խմբում ընդգրկվածների գեղազարդման համակարգում առանցքայինը առասպելական վիշապի ոճավորված ու երկրաչափականացված պատկերն է: Այն աչքի է ընկնում պատկերագրման ձևի ու մատուցման բազմազանությամբ, որով էլ պայմանավորված է նաև տիպերի ու դրանց տարբերակների բազմազանությունը: Վիշապագորգերի գեղազարդման ավանդույթների ակունքները հայոց գորգարվեստում ու առհասարակ մշակութային համակարգում հայտնի են մթա III-II հազ: Ուսումնասիրողների մի մասի կարծիքով էլ այդ ավանդույթը Հայաստան ներմուծվել է սելջուկ-թուրքմենական արշավանքների ու տարածաշրջանում դրանց հաստատվելու շնորհիվ: Վիշապագորգերի մեզ հայտնի բոլոր տարբերակները հայտնի են պատմական Հայաստանի գորգագործաության ավանդական կենտրոններում՝ Սյունիքում ու Արցախում, որն ըստ իս, հիմք է տալիս դրանց համարելու խնդրո առարկա գորգերի նախատիպերի ստեղծման հավանական բնօրրաններից մեկը:
«Գուհար» – Բնորոշվում է մի կետից սկզբնավորող վիշապի երկու ոճավորումից կազմված հորինվածքով: Այն քնարաձև տեսքի է՝ վիշապի ոճավորումները պատկերվում են ուղղաձիգ, ասիմետրիկ դիրքով, ունենում են հստակորեն ընդգծված իրան, գլուխ ու նաև եղջյուրներ: Լինում է մեկ և ավելին, պատկերվում են մեկ կամ մի քանի շարքերով: Բնորոշ է Արցախին, Սյունիքին, Ուտիքին, ինչպես նաև Վասպուրականի և Անդրկովկասի հյուսիս -արևելյան ու Պարսկաստանի հյուսիս-արևմտյան գորգագործական կենտրոններին: Այս տիպի դասական ու մինչև մեր ժամանակները պահպանված վաղագույն նմուշը 1680 թ. գործված, հայատառ արձանագրությամբ, /Ես Գուհարս մեղօք լի, ես նորհաս ձեռամբ զսա գործեսցի, օվ կարդա մեկ բերան օղորմի թող ասի, թվին ՌՃ/, նշանավոր «Գուհար» գորգն է, որը այդպես է անվանակոչված գործողի՝ գորգագործուհի Գուհարի պատվին: Հաշվի առնելով այս ամենն, իբրև այս տիպի գորգերի տարբերակիչ, նպատակահարմար ենք գտնում կիրարկել «Գուհար» անունը:

«Սիսական» – Գեղազարդման առանցքը կազմում է երկգլուխ վիշապի երկու ոճավորված պատկերներից կազմված հորինվածքը: Վիշապապատկերները լինում են աղեղնաձև, ողնաշարի ու գլուխների հստակ ընդգծվածությամբ ու պատկերվում են ասիմետրիկ դիրքով, որի արդյունքում դրանց միջնամասում ձևավորվում է բազմանիստ շրջանակ: Սովորաբար այդ շրջանակում ներկայացվում է կեռիկազարդ հորինվածք: Բնորոշ է մեծավ մասամբ Զանգեզուրի, Սիսականի, Արցախի մի շարք գավառների գորգագործական կենտրոններին: Այս տիպի գորգեր մասամբ գործել են նաև Ղարադաղում ու Վասպուրականի հյուսիս -արևելյան գորգագործական կենտրոններում: Գորգերի գեղազարդման այս համակարգը տարածված է նաև Տրանսիլվանիայում: Իր բոլոր տարատեսակներով հայտնի է Սիսականում, որով էլ պատճառաբանված է առաջակված տերմինի կիրարկումը:

«Գարդման» – Գեղազարդման առանցքը կազմում է վիշապի երկու ոճավորումից կազմված հորինվածքը: Վիշապի ոճավորումները լինում են աղեղնաձև, պատկերվում են դեմ-դիմաց՝ կոր ծայրերը մեկ-մեկու ուղղված դիրքով: Դրանք իրարից բացազատվում են տարաբնույթ պատկերներով գեղազարդված մակերեսով՝ երիզված ատամնազարդ եզրերով, երկայնաձիգ ձևավոր շրջանակով: Այս տիպի 17-18-րդ դդ. վերաբերող նմուշների վրա այդ մակերեսը գեղազարդված է կենաց ծառի սլացիկ, նոճիանման հորինվածքով: Պատկանում է վիշապագորգերի «Գուհար» ենթախմբին: Հիմնականում տարածված է Գարդմանում:

«Մասյացոտն» – Բնորոշվում է քառակուսի կամ շեղանկյուն զարդի չորս գագագաթներից սկզբնավորած մեկական կենաց ծառ նախշով, որոնցից յուրաքանչյուրի երկու կողմում պատկերվում է վիշապի երկու՝ դիմահայաց ոճավորում: Ունենում է շեղանկյունաձև ուրվագիծ ու յուրաքանչյուր գագաթից սկզբնավորող վիշապի երկու ոճավորված պատկեր: Լինում է մեկ և ավելին՝ շրջանակում կամ առանց դրան: Այս տիպի գորգերի գեղազարդման համակարգի բաղադրատարրերից են շրջանակի գագաթներին պատկերվող վիշապի երկրաչափականացված տարբերակի երկուական պատկերներ: Հայոց գորգարվեստը ուսումնասիրողները հիմնականում օգտագործում են «Միքայել» տերմինը, որը շրջանառության մեջ է դրվել 1920 -ական թվականներին,հայագետ, արվեստաբան Արմենակ Սակզյանի կողմից և կապված է նմանատիպ մի գորգի վրա եղած նվիրատվական հայատառ արձանագրությունում հիշատակված ոմն Միքայելի անվան հետ: Կիրարկվում են նաև «Ղարաբաղ», «Կասմ Ուշակ» տերմինները: Բնորոշ է Արցախի, Ուտիքի, Սյունիքի, Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառների ինչպես նաև Բագրևանդի ու Կոգովիտի գորգագործական կենտրոններին, որոնք հիմնականում տեղաբախշված են Մասիս սարի շուրջ բոլորը: Ավելացնենք, որ հայոց հնագույն առասպելաշարում հենց այդ տարածքներն էլ հիշատակվում են որպես վիշապազունների բնակավայրեր: Վերոհիշյալները հաշվի առնելով էլ կիրարկման է ներկայացվում ժամանակակից Խոյ – Մակու մասամբ նաև Բայազետ տարածքը ներառող Պատմական Հայաստանի Մասյացոտն գավառի անունը:

«Փյունիկ» – Գեղազարդման առանցքը կազմում է ոճավորված զույգ վիշապապատկերով և «կենաց» ծառ նախշով, կամ դրա տարբերակով կազմված բարդ հորինվածքը: Լինում է մեկ և ավելին: Վիշապի ոճավորման այս տարբերակը առավել հնամենի է: Այն աղեսվում է Բեռլինի Իսլամական արվեստի թանգարանում պահվող 13-14-րդ դդ. թվագրվող վիշապի և առասպելական փյունիկի պայքարը ներկայացնող գորգին պատկերված վիշապի ոճավորումին: Համեմատաբար քիչ տարածված տիպ է: Հիմնականում բնորոշ է Արցախին, Սյունիքին, ինչպես նաև Անդրկովկասի հյուսիս-արևելյան գորգագործական կենտրոններին: Հայտնի է «Ղուբա» և «Բիջով» անուններով: Այս վերջինս կապված է Շամախի քաղաքի մերձակայքում գտնվող Բիջով՝ նախկինում հայաբնակ գյուղի անվան հետ: Առաջարկված տերմինի կիրարկումը հիմնավորում ենք գորգի գեղազարդման համակարգի հիմնական հորինվածքի արտահայտած կյանքի ու բնության հավերժության գաղափարով՝ որի խորհրդանշաններից մեկն էլ առասպելական փյունիկն է: Հաշվի է առնված նաև այս տիպի գորգերի վերը հիշատակված վաղ տարբերակի գեղազարդման համակարգում փյունիկի ներկայությունը:

«Ջրաբերդ» – Բնորոշվում է ծաղկած խաչ հիշեցնող նախշով, որը ամբողջովին երիզված է կեռիկաձև պատկերներով ու դրանցից սկզբնավորած երկար և ուղիղ, կոկոններով ավարտվող ցողուններով: Վերջիններս նմանվում են նաև արևի ճառագայթների: Այս տիպի գորգերի մի տարբերակ է պատկանում է վիշապագորգերի խմբին: Դրա գեղազարդման համակարգում խաչաձև ու ճառագայթազարդ հորինվածքը լրացվում է վարից ու վերից այն երիզող «Գուհար» տիպին բնորոշ մեկական վիշապապատկերով: Այդ ամբողջությունը լինում է մեկ կամ մի քանիսը, մեկ կամ երկու շարքով: Հայտնի են XVII-XVIII դդ. թվագրվող նմուշներ: Բնորոշ է Արցախի, Սյունիքի, Ուտիքի, Գուգարքի, Վասպուրականի արևելյան, Ղարադաղի ու Շաքի- Դերբենտի տարածաշրջանների, ինչպես նաև Փոքր Ասիայի արևմտյան մասերի գորգագործական կենտրոններին: Հայտնի է «Չարաբերդ», «Չալաբերդ», «Չելեբի», «Ղազախ», «Ղարաբաղ», «Արծվագորգ» և այլ անվանումներով: Հաշվի առնելով առաջին երկու տեղանունների Արցախի պատմական «Ջրաբերդ» գավառի ու համանուն ամրոցի անվանման տարբերակ լինելու փաստը, և այն, որ այդ տարածաշրջանին բնորոշ են տիպի բոլոր տարբերակները, հիմնավորված ենք համարում առաջարկված տերմինի կիրարկումը:

«Խնձորեսկ» – Բնորոշվում է քառակուսի զարդի մեջ ամփոփված արևի ու հավերժության որևէ խորհրդանշանից և այն բոլորող վիշապի ութ ոճավորումներից կազմված հորինվածքով: Հորինվածքի բաղկացուցիչ մաս են նաև զարդի անկյուններից սկզբնավորված նախշերը: Զարդի ուղղաձիգ առանցքի ուղղությամբ լինում է մեկական «Կենաց ծառ»:Ներկայացվում է բազմանիստ վանդակում կամ առանց դրան, պատկերվում մեկ կամ երկու շարքով: Կան նաև մեկ հորինվածքով գեղազարդվածներ: «Խնձորեսկ» տերմինը միջազգայնացված և ընդունված է ուսումնասիրողների գերակշիռ մասի կողմից:Հաշվի առնելով այդ հանգամանքը, և Խնձորեսկ գյուղը գորգագործության, և մասնավորապես, գորգերի այս տիպի ավանդական կենտրոն լինելու փաստը, միանգամայն հիմնավորված ու նպատակահարմար ենք համարում տերմինի հետագա կիրարկումը: Հիմնականում բնորոշ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի գորգագործական կենտրոններին:

«Գետաշեն» – Բնորոշվում է երկայնաձիգ, զիգզակ երկու գունաժապավենով կազմված շեղանկյունաձև կամ բազմանիստ շրջանակներում պատկերված գծայնացված ու ոճավորված ութ վիշապապատկերով ու դրանց հետ մի ամբողջություն կազմող բուսածաղկային նախշերով: Կենտրոնում լինում է զարդ, որի շուրջ բոլորն էլ, զույգ առ զույգ՝ մեկմեկու դիմահայաց պատկերվում են վիշապի ոճավորւմները: Որոշ կենտրոններում, մասնավորապես Գետաշենում ու մերձակա գորգագործական կենտրոններում գորգադաշտի անկյուններում պատկերվում է մեկական թամբած ձի: Հատուկ է Արցախի, Սյունիքի, Գուգարքի, Վասպուրականի հյուսիս-արևելյան գավառների գորգագործական կենտրոններին: Հատկապես հանրահայտ են գորգագործության ճանաչված կենտրոն Արցախի Ջրաբերդ գավառի Գետաշեն գյուղում գործված նմուշները, որն էլ թույլ է տալիս մեզ տիպը անվանակոչել հայկական այդ գյուղի անունով:

«Վայք» – Գեղազարդման հիմնական տարրը բազմանիստ շրջանակի շուրջ ամփո փված վիշապի պարզունակ՝«Տ»-աձև ութ ոճավորումներ են:Դրանք իրարից տարանջատված են շրջանակից սկզբնավորող հավասարաչափ, զարդանախշված, գունաժապավեններով: Շրջանակի կենտրոնում սովորաբար լինում է «Կուսապատ» տիպի գորգերին բնորոշ վարդակ: Լինում է մեկ և ավելին: Վիշապի ոճավորումները այս տիպի գորգերի գեղազարդման համակարգում հնամենի են ու հարում են պատկերագրման ժայռապատկերային ոճին: սերտորեն աղեսվում է «Խնձորեսկ» տիպին: Բնորոշ է Սյունիքի, Արցախի ինչպես նաև Վասպուրականի հյուսիսային գորգագործական կենտրոններին:Առավել տարածված է Վայքում, որտեղ այն հայտնի է մի շարք տարբերակներով: Դրանցով էլ պայմանավորված է «Վայք» տերմինի կիրարկման առաջարկը:

Օգտագործված հիմնական հասկացությունների համառոտ բացատրություններ.

  • Արմավենակ (նոճի, կիպարիս) – նախշ՝ սլացիկ կենաց ծառ, համադրվում է նաև բուսածացկային այլ նախշերով: Լինում է նաև երկրաչափականացված:
  • Գեղազարդման համակարգ – Մակերեսի գեղազարդման կանոնակարգված ամբողջություն:
  • Գունաշերտ – Եզրագոտիներն իրարից բացազատող գունավոր մակերեսի նեղ, հավասար լայնությամբ շերտ: Գեղազարդված գունաշերտեր լինում են նաև գորգադաշտում:
  • Դաշտ՝ գորգի – Մեկ կամ մի քանի եզրագոտիներով երիզված գեղազարդված մակերես, գորգադաշտ:Լինում են գորգադաշտը երիզող ներքին,արտաքին, կենտրոնակն գոտիներ:
  • Դասական վիշապապատկեր – առասպելական վիշապի պատկերագրման ձև՝ բնորոշ 15-18-րդ դդ. կովկասյան վիշապագորգերին: Լինում են ուղղաձիգ դիրքով, ընդգծված եղջյուրակիր գլխով ու պոչով:
  • Եզրագոտի – Առարկայի մակերեսն ամբողջությամբ երիզող, գեղազարդված շրջանակ: Լինում է ներքին, կենտրոնական և արտաքին:
  • Երկրաչափականացում – նախշի ու պատկերի բնական ձևերի /թեք,գալարուն, ալիքաձև և այլն/ ուղղագծում, պարզեցում:
  • Զարդ – բնության չորս տարերի կարգավորված համակարգ խորհրդանշող երկրաչափական ձևեր՝ քառակուսի, եռանկյունի ու միայն դրանցից կազմված միացություններ:
  • Զարդանախշ – Նախշով կամ նախշերով լրացված զարդ:
  • Հիմնական հորինվածք – Գորգի գեղազա հորինվածք- րդման համակարգի առանցքը կազմող հորինվածք՝ որով բնորոշվում է տվյալ գորգը:
  • Հորինվածք – նախշից, զարդից,զարդանախշից,պատկերից կազմված կամ նախշերից, զարդերից, զարդանախշերից, պատկերներից կազմված մի ամբողջություն:
  • Նախշ – բուսական աշխարհը ներկայացնող գեղազարդման տարր՝ ճյուղ, տերև, ծաղիկ և այլն:
  • Վարդակ – բացված՝ բազմաթերթ, շրջանաձև կամ ձվաձև ուրվագծով ամբողջություն:Լինում է նաև երկրաչափականացված:
  • Պատկեր – կենդանի օրգանիզմի գծային կամ գունային ռեալիստական կամ ոճավորված վերարտադրություն:
  • Օձագալար – պատկեր՝ բնորոշվում է հայերեն մեծատառ «Տ»-ի նմանությամբ: Ներկայացնում է ոճավորված օձապատկեր: Հայտնի է բազմաթիվ տարբերակների տեսքով: Դրանցից մեկը «Վայք» տիպի հիմնական հորինվածքն է:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1812 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: