Ընդհանուր բնութագիր.

Դիմապատկերը (ֆր. portrait, հն. portraire-պատկերել) կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկերն է կամ նկարագիրը, որը դրսևորվում է կերպարվեստի տեսակների միջոցով` գեղանկար, գծանկար, քանդակ և վերջին ժամանակներս նաև լուսանկարչական արվեստ: ժանրի առաջնահերթ խնդիրն է պատկերել մարդու բնորոշ դիմագծերը, նմանությունը: Վերարտադրելով մարդուն` տվյալ անձնավորության առանձնահատկությունները, նկարիչը միաժամանակ պատկերվողի դեմքի մեջ բացահայտում է նրա ներաշխարհը, անհատականությունը, ազգային ու հասարակական պատկանելությունը: Դիմանկարի ժանրը ներկայացնում է ժամանակակից մարդկանց և անցյալի նշանավոր մարդկանց կերպարներ: Լավագույն դիմանկարներում, որտեղ կերպարները ընդհանրացված, տիպականացված են, տալիս են որոշակի գաղափար տվյալ դարաշրջանի հասարակական-քաղաքական, այս կամ այն խավի ներկայացուցչի բնորոշ կողմերի մասին: Այսպիսով, դիմանկարչությունը ներկայացնում է ինչպես որոշակի մարդկային անհատականություն, այնպես էլ ընդհանրական կերպարներ: Դիմանկարները մեծ մասամբ լինում են մեկ մարդու պատկեր, իսկ այն կտավներում, ուր պատկերված են երկու և ավելի մարդիկ կոչվում է խմբանկար կամ խմբային դիմանկար: Դիմանկարի ամենատարածված տեսակը ինքնանկարն է, այսինքն` այն դիմապատկերը, որի մեջ նկարիչը պատկերել է ինքն իրեն:
Դիմանկարը մարդկանց պատկերում է տարբեր դիրքերով. այն կարող է լինել միայն գլուխ, մինչև կուրծքը, գոտկատեղը, ամբողջ հասակով կանգնած կամ նստած դիրքով: Այնուամենայնիվ, բոլոր դիմանկարներում անհատական, թե խմբային նկարչի խնդիրը մնում է նույնը` բացահայտել մարդկանց բնորոշ տիպական գծերն ու անհատականությունը: Ուստի առանձին դիմանկարներում, որոնց մեջ խորապես բացահայտված են անհատականություններ, նրանք տալիս են նաև ընդհանուր պատկերացում տվյալ դարաշրջանի մարդկանց, նրանց վարք ու բարքի և հասարակական կյանքի մասին: Այստեղ նաև կարևոր նշանակություն ունի նկարչի անհատական-ստեղծագործական ոճը, որն, անկասկած, իր որոշակի կնիքն է թողնում դիմանկարում: Դա առանձնապես նկատելի է միևնույն անձնավորությանը երկու և ավելի նկարիչների կողմից նկարված դիմանկարներում: Դիմանկարչության մեջ, ինչպես և կերպարվեստի մյուս ժանրերում, որոշակի արտահայտություն են գտնում նկարչի հասարակական-քաղաքական ու գեղագիտական հայացքները:
Դարերի ընթացքում դիմանկարի ժանրն ունեցավ իր բազում ելևէջները` ընդհուպ մինչև ստրուկտուրալ քայքայումը: Սակայն բոլոր պարագաներում դիմանկարի կարևորագույն խնդիրներն են ` նմանությունը, հոգեբանական վերլուծությունը, տարածականությունը: Միշտ չէ, որ այս երեքը առկա են մեկ դիմանկարում, այս առումով դարաշրջանները թելադրում են իրենց պահանջները, սակայն սրանցից գոնե մեկը դիմանկարի մեջ պետք է լինի:

Դիմանկարի ժանրը պատմական զարգացման փուլերում:

Դիմանկարը կերպարվեստի ամենահին ժանրերից է: Ժանրի առաջին նմուշները թվագրվում են 27 հազար տարվա վաղեմության: Ժանրի արդեն կայացած դրսևորուները եղան եգիպտական Ֆայում քաղաքում Ք.ա. 1-ին դ.-ում` հելլենիզմի շրջանում: Իսկ մինչ այդ Հին Եգիպտոսում դիմանկարը լայն տարածում էր գտել` հիմնականում կրելով պաշտամունքային նշանակություն: Այստեղ դիմանկարը կատարվում էր հստակ կանոններով, որոշ գործերում անգամ ռեալիստական բնութագրումներով` Ջոսեր, Նեֆերտիտի: Հին հույների մոտ սկզբնական շրջանում որպես այդպիսին դիմանկարը գոյություն չի ունեցել, այսինքն` դիմանկարի կոնկրետության խնդիրը դեռևս հասունացած չէր, և կերպարները հառնում էին ընդհանրական մարդկանց գծերով: Այստեղ հիմնականում ընդունված էր հասարակական վայրերում կանգնեցնել Օլիմպիական խաղերը փառաբանող իդեալականացված քանդակներ, որոնք իրենցից ներկայացնում էին մարզիկների իդեալականացված ֆիգուրներ` փոխանցելով վեհություն, գեղեցկություն և միայն դրական էմոցիաներ: Անգամ պետականորեն արգելված էր որևէ քաղաքական կամ հասարակական գործչի անձը պատկերող դիմաքանդակի պատվեր, ինչը նրանց կարծիքով առաջացնում էր հասարակական դիրքի առանձնացում: Միայն դասական շրջանում սկսեցին քանդակել փիլիսոփաների, պոետների կամ քաղաքական-հասարակական գործիչների դիմաքանդակներ, իսկ արդեն Մակեդոնացու ժամանակներից ռեալիստական դիմանկարը հաստատեց իր դիրքերը` շնորհիվ ժամանակի տաղանդավոր եղբայրներ Լիսիպի և Լիսիստրատի: Հատկանշական է այն, որ շատ աղբյուրներում նշվել է այս շրջանում գործած գեղանկարիչ Ապելլեսի անունը, ով անգամ դիմանկարներ է պատկերել, սակայն, ցավոք սրտի, նրա գործերից ոչ մեկը չի պահպանվել:

Հին Հռոմում դիմաքանդակն այլ նշանակություն ուներ, քանի որ այն գալիս էր անհատականությունների հանդեպ բոլորի կողմից ցուցաբերվող մեծ հետաքրքրությունից: Ի տարբերություն Հին Հունաստանի իդեալականցման գաղափարախոսությանը, այստեղ գեղագիտական ըմբռնումների հիմքում ընկած էր ռեալիստական կողմնորոշումը: Հռոմեացիներն այն համոզման էին, որ մարդ-անհատին պետք է հարգել հենց այնպիսին, ինչպիսին որ նա կա, առանց իդեալականցման: Հին Հռոմում Ք.ա. 4-1-րդ դդ.-ի դիմաքանդակի արվեստը հեղաշրջում մտցրեց դիմաքանդակի արվեստի մտածողության մեջ: Հռոմեական արվեստում դիմանկարը լայն տարածում է ստանում նաև գեղանկարչության մեջ: Սակայն հռոմեական դիմանկարի զարգացմանը չի կարելի հետամուտ լինել այնպես, ինչպես քանդակային դիմանկարի զարգացմանը: Գեղանկարչական դիմանկարներ շատ չեն պահպանվել: Դրանց մասին որոշակի պատկերացում են տալիս 1-3-րդ դդ. ֆայումյան դիմանկարները, որոնք կոչվել են տվյալ վայրի` Եգիպտոսի արևելյան հռոմեական նահանգի Էլ-Ֆայում օազիսի նեկրոպոլի /մեծ գերեզմանատուն/ անունով, ուր գեղանկարչական դիմանկարը զարգանում էր հելլենիստական-հռոմեական ազդեցությամբ: Սրանք մակերեսային փայտե սալերի վրա կատարված պատկերներ են, որոնք թաղվել են մահացածների հետ և կոչված են եղել հավերժացնելու մահացածի կերպարը: Նմանությունն ապշեցուցիչ է և առավել արտահայտիչ են աչքերը: Հռոմեական դիմաքանդակը, գումարվելով ֆայումյան դիմանկարին, հիմք հանդիսացան ?դիմանկար? հասկացության ծավալմանն ու զարգացմանը կերպարվեստում:

Միջնադարում դիմանկարի դերն ու նշանակությունը նվազում է Եվրոպական արվեստում, տեղի է ունենում ժանրի անկում: Դա կապված է ժամանակաշրջանի համընդհանուր աշխարհընկալումից: Մաջնադարում, կարող ենք ասել, աշխարհիկ մտածելակերպ գոյություն չուներ և ամենուր իշխում էր եկեղեցին: Ուստի միջնադարյան նկարիչը հազվադեպ էր անդրադառնում այս ժանրին, քանի որ ենթարկվում էր եկեղեցական խիստ կանոններին: Շատ, թե քիչ դիմանկարի ժանրը առաջխաղացում է ապրում 10-12-րդ դդ.` գոթական, ռոմանական ոճերի ասպարեզ գալուն համընթաց: Այնուամենայնիվ, դեռևս համարվում էր եկեղեցու գեղարվեստաճարտարապետական անսամբլի մաս, ինչպես նաև պահպանելով դերը դրամների, գրքարվեստի մեջ: Սակայն սա վերաբերում էր եվրոպական արվեստին, իսկ արևելքում` հատկապես Չինաստանում, իրադրությունն այլ էր: Այս ժամանակաշրջանում Չին նկարիչները ստեղծել են բազմաթիվ վառ անհատականացված դիմանկարներ, հիմնականում բարձր հասարակության ներկայացուցիչների, ուր շեշտը դրվում էր ինտելեկտի արտահայտմանը : Դիմանկարի յուրօրինակ նմուշներ են պահպանվել Հնդկաստանում, Ասիական երկրներում, այդ թվում նաև Հայաստանում: Այս շրջանից հատկապես ուշագրավ է Նոր Աշխարհի քաղաքակրթություններից` այժմյան Պերուի տարածաշրջանի հնդկական մոչիկա ցեղի մշակույթը, ուր դիմանկարն ուներ իր ուրույն դերը: Սրանց դիմանկարներն առանձնանում են նրանով, որ այստեղ բացարձակ արտահայտված էր մարդկանց անատոմիական կառուցվածքը:

Դիմանկարի ժանրն իր երկրորդ շունչը ստացավ Վերածննդի դարաշրջանում: Սկզբնական փուլում վերականգնվեց կիսադիմային պատկերը, որը կատարվում էր ռելիեֆային քանդակների սկզբունքներով` առավել ընդգծելով կիսադեմի ուրվագիծը: Իսկ քիչ ավելի ուշ, երբ նվաճված էր մարմնի ծավալային մշակումների գաղտնիքը, դիմանկարը դարձավ դիմային և զարգացավ հիմնականում Բարձր Վերածննդի վարպետների մոտ` Լեոնարդո դա Վինչի, Տիցիան, Ռաֆայել և այլն:

Վերածննդի դիմանկարը իր մեջ կրում էր դարաշրջանի գաղափարախոսության կնիքը և վեհության շունչը: Այդ է պատճառը, որ բոլոր դիմանկարները օժտված են գերագույն ներդաշնակությամբ: Դարաշրջանի մարդակենտրոն գաղափարա- խոսությունը ամենից վառ արտահայտված է դիմանկարչության մեջ:

Այս շրջանի կարևոր ձեռքբերումներից էր յուղաներկի, հաստոցային գեղանկարչության ի հայտ գալը, որը թույլ էր տալիս նկարչին ավելի ազատ ստեղծագործել: <Մոնա Լիզա>-յի դիմանկարը, որը համարվում է աշխարհի ամենաննշանավոր դիմանկարը հենց Վերածննդի արգասիքն է:

16-րդ դարի Եվրոպական գեղանկարչության մեջ մեծ տարածում է գտնում խմբային դիմանկարը,ձևավորվում է նաև պատմական դիմանկարի ժանրը: Դիմանկարչության մեջ այս շրջանի խոշոր ներկայացուցիչն էր ազգությամբ հույն,բայց իսպանացի նկարիչ էլ Գրեկոն:
17-րդ դարում դիմանկարը հասավ իր բարձրակետին, հատկապես Նիդեռլանդներում, ուր գեղանկարչությունը զարգանում էր երկու դպրոցներում` հոլանդական և ֆլամանդական: Այս շրջանում դիմանկարի ժանրը առաջնայինն էր, իսկ տեխնիկան գնալով կատարելագործվում էր` նկարիչներին ընձեռելով լայն հնարավորություններ: 17-րդ դարի վերջին և 18-րդ դ.-ի սկզբներին Եվրոպական մշակույթում տեղի ունեցան մեծ տեղաշարժեր: Թե գիտության, թե արվեստի, թե քաղաքական ոլորտներում մեծ փոփոխությունները նպաստեցին հասարակ ժողովրդի մտածելակերպի առաջընթացին:

Այս շրջանի դիմանկարը կարող ենք ասել դեմոկրատական բնույթ էր կրում, քանի որ բացի բարձր խավի ներկայացուցիչներից կամ կրոնական անհատներից նկարիչները սկսեցին պատկերել հասարակ մարդկանց, իրենց բնորոշ գծերով: Նաև լայն տարածում գտավ ինքնադիմանկարի տեսակը` Վելասկես, Պուսեն, Վան Դեյկ, Ռեմբրանդտ, Ֆրանց Հալս, Սուրբարան և այլոք:

18-րդ դարում դիմանկարը տիրապետող Ռոկոկո ոճին զուգահեռ ձեռք բերեց առավել դեկորատիվ բնույթ: Հիմնական շեշտը դրվում էր ոչ թե անհատի ներաշխարհին, հոգեկան խառնվածքին, ինչն առավել բնորոշ էր նախորդ դարաշրջանին, այլ ատրիբուտներին, հագուստի հնարավորինս ճոխ պատկերմանը, և ստեղծվում էր զուտ վիզուալ պատրանք:

18-րդ դարի երկրորդ կեսում դիմանկարի ժանրում առաջատարի դիրքը գրավում էր Անգլիան` Գեյնսբորո, Ջորջ Ռոմնի,Լոուրենս և այլոք: Իսպանաիայում` պալատական նկարիչ Գոյան, Ռուսաստանում` Լեվիցկին, Բորովիկովսկին:

19-րդ դարում Կլասիցիմի ազդեցության ներքո դիմանկարը դառնում է առավել խիստ,կանոնակարգված, սառը` էնգր,Դելակրուա, Պոլ Դելարոշ և այլոք: Այս ամենը ավարտվում է իմպրեսիոնիստների հակակլասիցիստական պայքարի արդյունքում:

19-ի երկրորդ կեսին նորից գլուխ է բարձրացնում ռեալիստական դիմանկարը ` Կուրբե, <Պերեդվիժնիկներ> և այլն:

Դիմանկարի ժանրի պատմության մեջ վճռորոշ նշանակություն ունեցավ լուսանկարչության ասպարեզ գալը` 19-րդ դարի երկրորդ կես: Լուսանկարչության հանդեպ գնալով մեծանում էր հետաքրքրությունը, իսկ դիմանկարի ժանրը գնալով կորցնում էր իր դիրքերը: Այսպես կոչված ?լուսանկարչական դիմանկար?-ը արվեստաբանների, քննադատների կողմից չի ընդունվում որպես բարձրարժեք ստեղծագործություն, պարզաբանելով, որ առանց բնորդի անմիջական մասնակացության, բնորդին տարբեր դիրքերից առանց մանրամասն ուսումնասիրման ոչ մի իրական բարձրարժեք գեղարվեստական ստեղծագործություն չի կարող լինել: Հիմնականում լուսանկարները իրենցից ներկայացնում են մարդու դիմագծերի, արտաքին տեսքի միայն մեխանիկական արտացոլանքը, առանց բնավորության, խառնվածքի, էմոցիաների փոխանցման:

19-20-րդ դդ. առաջ են գալիս մի շարք ավանգարդ, այսպես կոչված մոդեռն ուղղություններ, հոսանքներ, ինչի արդյունքում հետին պլան են մղվում կերպարվեստի գրեթե բոլոր ժանրերը` Պիկասսո, Մոդիլյանի, Մատիս և այլոք: Շատ նկարիչներ, այնուամենայնիվ, ձգտում են պահել ռեալիստական դիմանկարի ժանրի դերը, սակայն 50-ականներից հետո առավլապես աճում է հետաքրքրությունը աբստրակտ արվեստի նկատմամբ:

60-70-ականները նշանավորվեցին փոփ-արթ նոր ուղղության հաղթանակով: Այս շարջանի <Մոնա Լիզան> դարձավ Էնդի Ուորհոլի <Մերլին Մոնրոյի> դիմապատկերը, որը դարձավ իկոնա: Սակայն սա շատ հեռու էր այն դիմանկարից, որն ընդունված էր նախորդ դարաշրջաններում:

Ժամանակակից մշակույթը և նրա զարգացումն անհնար է պատկերացնել առանց տեխնիկայի, քանի որ ժամանակակից արվեստի տեսակների մեծ մասն այժմ ծառայում են առավել լայն մասսաների համար, ինչը կապված է հեռուստատեսության, ռադիոյի, ինտերնետի և ինֆորմացիոն այլ աղբյուրների հետ:

Այսպիսով, կարող ենք ասել, որ ժամանակակից արվեստում ժանրային գեղանկարչությունը մահացած է, սակայն չպետք է մոռանալ, որ ցանկացած ժամանակաշրջան ունի իր բնորոշ արժեհամակարգը և դրանով էլ զբաղեցնում է իր յուրահատուկ տեղը համաշխարհային արվեստի պատմության մեջ:

Դիմանկարի ժանրը հայ կերպարվեստում:

Հայ կերպարվեստում դիմանկարն ունեցավ իր հետևողական զարգացումը: Եզակի են միջնադարում ստեղծված դիմանկարները` Գագիկ Առաջինի արձանը 9-րդ դ.,13-14-րդ դդ. մանրանկարներում հանդիպող դիմանկարները և այլն: 17-18-րդ դդ. հայկական կերպարվեստում նկատվող միտումները իրենց հետքն են թողել նաև դիմանկարի վրա, որի լավագույն օրինակները հանդիպում ենք ինչպես բուն Հայաստանում ` Հովնաթանյաններ, այնպես էլ Հայստանից դուրս` Մինաս, Հովհաննես Մրքուզ, Բոգդան Սալթանով և այլոք:

Հայ կերպարվեստում ժանրերը սկսեցին ձևավորվել միայն 19-րդ դարից ընդհուպ մինչև 20-րդ դարի սկիզբ: Հայ արվեստն ընթանում էր միջնադարյան զարգացումների ներքո և միայն 19-րդ դարից տեղի ունեցավ կենցաղի և մտածողության աշխարհընկալում: Քանի որ այս շրջանում արևելահայությունը կենտրոնացած էր Թիֆլիսում, հենց այստեղ էլ զարգացում ստացավ ժանրային տարրաբաժանումը: Հայ կերպարվեստում դիմանկարի ժանրի հիմնադիրն էր Հակոբ Հովնաթանյանը: Նա Հովնաթանյանների մեծագույն տոհմի վերջին ներկայացուցիչն էր, որն իր մեջ ամփոփեց տոհմի հանճարը և սկիզբ դրեց հայ կերպարվեստի նոր դարաշրջանին: Նա առաջինն էր, որ ստեղծեց դիմանկար, որ անդրադարձավ հաստոցային չափին, որ ստեղծեց աշխարհիկ բովանդակությամբ պատկեր: Հայ կերպարվեստում դիմանկարի ժանրին շատ նկարիչներ են անդրադարձել, բայց ակնառու դեմքերից է Ստեփանոս Աղաջանյանը: Նրա դիմանկարները և’ սուր տիպաժային են, և’ ընդհանրական: Կերպարներն օժտված են ռեալիզմի լավագույն ավանդույթներով:
20-րդ դարում դիմանկարչության բնագավառը վերելք ապրեց Սարյանի արվեստում: Վերջինիս կերպարները օժտված են խոր հոգեբանականությամբ, ներքին և արտաքին աշխարհների համահունչ համադրությամբ:

Դիմանկարի ժանրում են հանդես եկել նաև Կոջոյանը, Քոչարը, Ջիոտտոն, Նիկողոսյանը և շատ ուրիշներ:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3918 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: