ishxanԴիալիզը բուժում չէ. ասում են բժիշկները եւ խորհուրդ տալիս Ղալամանյանների ընտանիքին, որ իրենց որդուն բուժման ուղարկեն արտասահման։ 22-ամյա Իշխանն արդեն 2 տարի՝ շաբաթը երեք անգամ, դիալիզ է ստանում, որ ապրի։ Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո զորակոչվել է բանակ։

«14 օր էր մնացել, որ պիտի զորացրվեր, բայց իմացանք, որ անգիտակից վիճակով նրան տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ։ Երկու օր հոսպիտալում բուժում ստանալուց հետո տեղափոխեցինք Երեւան, եւ պարզ դարձավ, որ նրա երիկամները չեն գործում»,-ասում է Իշխանի հայրը՝ Սաղաթելը։

Սիսիան քաղաքում չկա դիալիզի սարք, որպեսզի տղան բուժօգնություն ստանա, եւ ստիպված են եղել տեղափոխվել Երեւան, բնակվում են վարձով՝  ծայրահեղ ծանր պայմաններում։ «Տուն-տեղ, ամեն ինչ թողել, եկել ենք Երեւան»,-ասում է Սաղաթելը։

8 անձից բաղկացած ընտանիքի միակ աշխատողը հայրն է, նրա վաստակած գումարով միայն կարողանում են տղային հիվանդանոց տանելու ծախսերը հոգալ։ «Ամեն շաբաթ մեզ 24 հազար դրամ է հարկավոր, որպեսզի գնանք հիվանդանոց, 35 հազար դրամ թոշակ է ստանում, բայց դա բավարար գումար չի, որպեսզի նրա առողջության հետ կապված խնդիրները հոգանք»,-ասաց ընտանիքի մայրը՝ Անուշ Հովհաննիսյանը, հավելելով, որ այստեղ որպես շինարար ամուսնուն չեն ճանաչում, եւ աշխատանք մեծ դժվարությամբ է գտնում։

Տիկնոջ խոսքով, ծայրը ծայրին հազիվ են հասցնում, միայն տղայի բուժման վրա են գումարները ծախսում, բայց տղայի առողջական վիճակը չի լավանում։ «Մեզ շատ ա խեղճացնում էս տան վարձը, եթե չլիներ, մենք գոնե գումար հետ կգցեինք ու մեր տղուն արտասահման բուժման կուղարկեինք»,- լացակումած ասում է տիկինը։

Իշխանի ապաքինման միակ շանսը երիկամի փոխպատվաստումն է, որի համար, սակայն, նրա ընտանիքը բավարար գումար չունի: «Այստեղ իրականացվող դիալիզը կարծես քիչ-քիչ քայքայում է մարդուն, մինչդեռ մի շարք զարգացած երկրներում դիալիզ ստացող հիվանդները կարողանում են նաեւ հնարավորինս լիարժեք կյանքով ապրել ` աշխատել, ամուսնանալ եւ ընտանիք ստեղծել»,- հայտնում է Իշխանի հայրը: Օգնություն ստանալու նպատակով բազմիցս դիմել են պաշտոնատար անձանց։ «Դիմել ենք պաշտպանության նախարարին, բայց վերջինս տեղեկացրել է, որ բուժման բոլոր ծախսերը կհոգան միայն Հայաստանի տարածքում, իրենք չեն կարող արտասահման բուժման ուղարկել, իսկ Գագիկ Ծառուկյանին ուղղված նամակներն էլ երեւի տեղ չեն հասել»,-ասաց Սաղաթելը։

Իշխանը գտնվում է ծայրահեղ ծանր հոգեվիճակում։ Տղայի հոգեվիճակի վրա հատկապես ծանր ազդեցություն է թողել այն հանգամանքը, որ երկու տարի ծառայելուց հետո զինգրքույկի մեջ գրել են՝ ոչ պիտանի: «Մեծ ցավ եմ ապրում՝ 2 տարի պահել եմ Ջաբրայիլի շրջանի առաջին գծի սահմանները, ու էսօր գրել են ոչ պիտանի»,-ասաց Իշխանը՝ հավելելով, որ այլեւս ապրել չի ուզում եւ խնդրում է ծնողներից, որ իր ապաքինման համար իշխանություններից ոչինչ չուզեն։ Իշխանի փոխարեն ընկերներն են պայքարում, նախօրեին նրանք իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել Ազգային ժողովի մոտ եւ պահանջում էին, որ անհապաղ իրենց ընկերոջն ուղարկեն արտասահման բուժման։

Աննա Մաթեւոսյան

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 523 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: