430085_534456973284222_616992594_n

Մի բան ասե՞մ: Չէ´, հանկարծ չմտածեք, որ շատախոսելու տրամադրություն ունեմ, պարզապես մի բան պետք է ասեմ, որպեսզի բոլորը իմանան: Առանձնապես վստահ էլ չեմ, որ բոլորը կցանկանան լսել այն, ինչ ես պատրաստվում եմ ասել, բայց այնուամենայնիվ, վստահ եմ, որ կա այնպիսի ինտելեկտուալ անձնավորություն, ով հենց հիմա կարդում է ինձ, և այդ պատճառով էլ արժի այդ «ՄԻ ԲԱՆԸ» ասել: Ինտելեկտուալ ասացի, հիշեցի իմ բարեկամուհիներից մեկին, ում զբաղմունքը իր գլուխը այստեղ ու այնտեղ գովելն էր: Բարեկամուհիս այնքան էր իրեն գովերգում, որ սկսում էր անտանելի շիկնել: Վերջիվերջո մի օր մարդկանց համբերության բաժակը լցվում է, ու որոշում են բարեկամուհուս գլխուխը կտրել՝ պատճառաբանելով, թե՝ «Տեսնենք ինչպես է գլուխը գովելու, երբ ուսերին գլուխ չունենա»: Որոշում ու այդպես էլ անում են: Բարեկամուհիս թեև մնում է առանց գլխի, բայց մինչև հիմա շարունակում է իր գլխուխը գովել: Չգիտեմ, թե ինչու հիշեցի այս սրտաճմլիկ պատմությունը, գուցե և այն պատճառով, որ ստիպված եմ լինում ժամանակ առ ժամանակ հանդիպել «անգլուխ գլուխ գովանների»: Չէ´, հանկարծ չմտածեք, թե ես այդ մարդկանց մեղադրում եմ. ընդհակառակը՝ նրանք այնքան մեղկ են: Տատիկս միշտ սիրում էր կրկնել, որ «Մեծերը համեստ են լինում», իսկ դրանից հետևություն, որ պուճուր մարդիկ իսկական գլուխգովաններ են: 

Կարծես, թե մի փոքր շեղվեցի: Որքան հիշում եմ, հավաքվել ենք, որ ձեզ «ՄԻ ԲԱՆ» ասեմ։ Չէ´, հանկարծ չմտածեք, որ ձեզ անչափ սիրելուց է, որ պատրաստվում եմ այդ «ՄԻ ԲԱՆԸ» ասել, հավատացե՛ք, եթե ասելուց հաճույք չստանայի, երբեք չէի արտահայտվի: Առանձնապես կյանքում մարդու գերնպատակը հաճույք ստանալն է, հապա մի ասացե՛ք ՀԱՃՈԻՅՔ. Օ~ զգացիք, թե որքան հաճույքով եք այդ բառը արտասանում: Գիտե՞ք՝ կյանքում որ երկու գործոններն են առաջնային: Ո՞չ: Հաճույքը պարոնայք: Իսկ երկրո՞րդը: Մի՞թե գլխի չեք ընկնում: Որտեղ հաճույքը, այնտեղ էլ շահը: Չէ՛, չարժե բերանները ծամածռել, շահը այդքան էլ նողկալի երևույթ չէ: Վերջիվերջո, եթե մենք չմտածենք մեր մասին, ապա ո՞վ է մեր մասին հոգ տանելու: Անգամ աշխարհում ամենահայտնի բանը մենք անում ենք մեր շահից ելնելով: Մենք սիրում ենք, քանի որ շահ ունենք՝ հաճույք ստանալու շահ: Չէ´, դուք ինձ սխալ հասկացաք: Ես չեմ ասում, որ ոչ ոք ուրիշ մեկի չի սիրում։ Ընդհակառակը, այնքան ենք սիրում, որքան հաճույք ենք ստանում սիրելուց: 

Ընդհանրապես խորհուրդներ տալ չեմ սիրում, կամ, եթե ստիպված եմ լինում իմ կողմից ինչ-որ մի բան ասել, ապա միշտ ասում եմ` «թեթև տար»: Խորհուրդ եմ տալիս, բայց չեմ պատկերացնում` ինչպես կարելի է «թեթև տանել», երբ, օրինակ ինչ-որ անդաստիարակ կանգնում է հենց նոր լաքած, փայլեցրած կոշիկիս վրա ու կեղտոտում այն: Ինչպե՞ս կարելի է «թեթև տանել», երբ անձրև է տեղում այն ժամանակ, երբ փողոցում զբոսնում ես ու թարսի պես, հարդարած ես լինում վարսերդ: Ինչպիսի~ ողբերգություն, երբ վարսերս սկսում են խճճվել: Ես երկու շատ վատ բնավորություն ունեմ. առաջին՝ ամեն ինչ ծանր եմ տանում, իսկ երկրորդ՝ չեմ կարողանում լեզուս ատամներիս հետևում պահել: Դրա համար էլ ուզեմ, թե չուզեմ, պետք է ձեզ «ՄԻ ԲԱՆ» ասեմ, չասել չեմ կարող: Այնուամենայնիվ ինչ վերաբերում է ամեն ինչ «ծանր տանելուն», ապա դա ունի իր այսպես կոչված հակաթույնը՝ թքելու հակաթույնը: Հիմա ավելի շատ փորձում եմ իմ մեջ զարգացնել բոլորի վրա թքելու ունակությունը, և ասեմ, որ լավ էլ ստացվում է, կարճ ասած՝ իմ թքածը թքած է: Սակայն կան մարդիկ, որոնց վրա ես չեմ կարող թքել, որովհետև նրանց սիրում եմ, չնայած կան և բացառություններ: Բացառություններից մեկն էլ կատարավել է վերջերս, ավելի ճիշտ մի քանի տարի առաջ: Ես սիրում էի մի տղայի, բայց մի օր թքեցի նրա վրա: Ինչու՞ թքեցի: Դե որովհետև նա դմբո էր, իսկ մենք բոլորս էլ գիտենք, որ դմբոները անուղղելի արարածներ են:

Կարծես ձգձգվում է իմ «Մի բան» ասելը: Անկեղծ ասած դիտավորյալ չեմ ձգձգում, այդպես ստացվում է: Առհասարակ ես շատախոսելու տրամադրություն չունեմ, պարզապես չեմ կարողանում չշատախոսել: Լավ, որ հանկարծ ինձ խաբեբա չհամարեք, մի բան էլ եմ ասում ու վերջ: Ուզում եմ ասել, որ հանկարծ չմտածեք, թե այդ «ՄԻ ԲԱՆԸ» ձեզ ասելու եմ:

Աննա Գսպոյան

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 849 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: