Որմնանկարչությունը գեղանկարչության տեսակ է, պատերին, առաստաղներին կամ ճարտարապետական շինության տարբեր մակերեսների վրա պատկերներ ու զարդանախշեր ստեղծելու արվեստը: Որմնանկարը մեծ մասամբ ստեղծվում է խոնավ, չչորացած սվաղի վրա. կիրառում են սոսնձաներկեր, տեմպերա (ներկի տեսակ է), յուղաներկեր, օգտվում են նաև մոմանկարչության հնարավորություններից: Որմնանկարչության հնագույն օրինակներից են քարանձավային պատկերները, որոնք ի հայտ են եկել ուշ քարի դարի շրջանում, և ժայռապատկերները: Հին Եգիպտոսում, հատկապես մ. թ. ա. III–I հազարամյակներում, տարածված էին պաշտամունքային, կենցաղային և այլ թեմաներով հարթապատկերային, իսկ Հին Հունաստանում, հետագայում նաև Հին Հռոմում՝ տարածականության պատրանք ստեղծող որմնանկարները: Միջին Ասիայի, Իրանի և Առաջավոր Ասիայի միջին դարերի մահմեդական արվեստում տարածված էր անխառն զարդապատկերային որմնանկարչությունը. VII–VIII դարերում միջինասիական շինությունները հարդարվել են ֆիգուրատիվ պատկերներով: Միջնադարյան Չինաստանում և Հնդկաստանում վիմափոր շինությունները հարուստ էին որմնանկարներով: Բյուզանդիայում, Բալկաններում, Վրաստանում և Հին Ռուսիայում նույնպես որմնանկարչությունը գեղանկարչության կարևոր տեսակներից էր: Հին ռուսական որմնանկարչության վաղ շրջանի լավագույն նմուշներ կան Կիևի, Նովգորոդի և Վլադիմիրի (X–XI դարեր) եկեղեցիներում. այն նոր վերելք է ապրել XIV–XV դարերում (Թեոֆան Հույն, Անդրեյ Ռուբլյով և ուրիշներ): Որմնանկարչությունը Վերածննդի շրջանում բարձր մակարդակի է հասել Եվրոպայում, մասնավորապես՝ Իտալիայում, որտեղ նկարիչները (Ռաֆայել, Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի և ուրիշներ) ստեղծել են բացառիկ արտահայտչականությամբ որմնանկարներ: XVII–XVIII դարերում որմնանկարները հաճախ փոխարինվել են գոբելեններով, հայելիներով, պաստառներով, իսկ գեղանկարչության միջոցներով զարդարվել են առաստաղները (առաստաղանկար): XIX դարի վարպետները վերականգնել են թեմատիկ որմնանկարչությունը, երբեմն դիմել են նաև իտալական վաղ Վերածննդի ավանդույթներին: Որմնանկարներ ստեղծել են մոդեռն ոճին և ռոմանտիկական ուղղությանը հարող գեղանկարիչներ Մորիս Դենին՝ Ֆրանսիայում, Ֆերդինանդ Հոդլերը՝ Շվեյցարիայում, Էդվարդ Մունկը՝ Նորվեգիայում, Միխայիլ Վռուբելն ու Միխայիլ Նեստերովը՝ Ռուսաստանում, և ուրիշներ: XX դարում որմնանկարչության մեջ ի հայտ են եկել աբստրակտ արվեստին և սյուրռեալիզմին բնորոշ միտումներ (Մարկ Շագալը՝ Ֆրանսիայում, Ստենլի Սպենսերը՝ Մեծ Բրիտանիայում, Ռուֆինո Տամայոն՝ Մեքսիկայում): Հայկական որմնանկարչության մեզ հայտնի հնագույն օրինակներն ուրարտական դարաշրջանից են, օրինակ՝ Էրեբունի պալատի (մ. թ. ա. VII դար) որմնանկարները (աստվածների երթ, որսի և այլ տեսարաններ): Որմնանկարների բազմաթիվ բեկորներ են հայտնաբերվել հելլենիստական շրջանի Արտաշատում: Սակայն որմնանկարչությունն առավել զարգացել է միջնադարում. պահպանված նմուշների անկրկնելիությունն ու գեղարվեստական կատարելությունը վկայում են որմնանկարչության զարգացման բարձր մակարդակը Հայաստանում: Հայկական որմնանկարչության պատկերագրական և գեղարվեստական բնորոշ առանձնահատկությունները ձևավորվել են VII դարում. մշակվել է ինքնատիպ տեխնիկա (հղկված քարին նուրբ շերտով հիմնաներկ են քսել), որի շնորհիվ որմնանկարները պահպանվել են դարեր շարունակ: Հայկական մշակույթի զարգացման ընթացքն ընդհատվել է արաբական տիրապետության շրջանում (VII–IX դարեր), վերականգնվել և նոր վերելք է ապրել X–XI դարերում: Այդ շրջանի որմնանկարչությունից համեմատաբար լավ պահպանված նմուշներ կան Աղթամարի Սբ Խաչ և Տաթևի վանքի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցիներում: Անիի եկեղեցիների որմնանկարչության բեկորները վկայում են, որ Անիում գոյություն է ունեցել հրաշալի արվեստանոց: Այդ շրջանի որմնանկարների բեկորներ են պահպանվել Գնդեվանքի, Հաղպատի և Կապուտկողի Սբ Հակոբ վանքերի եկեղեցիներում: Որմնանկարչության զարգացումը շարունակվել է նաև XIII–XIV դարերում. պահպանվել են Ախթալայի Սբ Աստվածածին և Կիրանց վանքերի, Անիի Սբ Առաքելոց եկեղեցու և այլ շինությունների որմնանկարները: Որմնանկարները վատ են պահպանվել Կիլիկյան Հայաստանում: Բացի եկեղեցիներից՝ որմնազարդվել են նաև աշխարհիկ շինություններ, հիմնականում՝ թագավորական պալատները (Գագիկ Արծրունի թագավորի պալատը՝ Աղթամար կղզում, Բագրատունիների պալատը՝ Անիում, և այլն): Հայաստանում պաշտամունքային կառույցները որմնանկարներով զարդարվել են նաև ուշ շրջանում՝ XVII–XIX դարերում: Հատկապես նշանակալի է Հովնաթանյանների դերը այդ բնագավառում (Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներ՝ Թիֆլիսում, Ագուլիսում, Երևանում): 1920-ական թվականներից որմնանկարչությունը՝ որպես մոնումենտալ արվեստի կարևոր ոլորտ, նոր վերելք է ապրել, որին նպաստել են Հովհաննես Զարդարյանը, Հովհաննես Մինասյանը, Մինաս Ավետիսյանը, Սարգիս Մուրադյանը, Ռաֆայել Աթոյանը, Հենրիկ Սիրավյանը, Հենրիկ Մամյանը, Գրիգոր Խանջյանը և ուրիշներ:

Tigran honenc

Անիի Տիգրան Հոնենց
եկեղեցու (XIII դար)
որմնանկարներից.

Lmbatavanq

Քառակերպ էակի
պատկերով որմնանկար Լմբատավանքի
Սբ Ստեփանոս եկեղեցում (VII դար).

Tatev

Բարդուղիմեոս առաքյալի որմնանկարը` Տաթևի վանքի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցում (995–906 թթ)

Axtala

Ախթալայի
Սբ Աստվածածին վանքի (XIII դար) որմնանկարներից.

Haxordutyun

Քոբայրավանքի մեծ եկեղեցու (XII–XIII դարեր) «Հաղորդություն» որմնանկարը.

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 898 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: