Վարդան Մախոխյան. Աշխարհահռչակ հայ ծովանկարիչը «Եթե չսիրենք ծովը, Մախոխյանի կտավները մեզ այն սիրեցնել կտան»: Լուի Պլան )) Արվեստաբանների համար միշտ զարմանալի է եղել, թե ինչու հայազգի նկարիչները, այն դեպքում, երբ Հայաստանը ծով չունի, մշտապես վարպետորեն են ներկայացնել ծովն իրենց կտավներում` իրենց արժանի տեղը գրավելով ծովանկարչության պատմության մեջ: Այվազովսկուց բացի, մենք ունենք մի շարք այլ շնորհաշատ ծովանկարիչներ, որոնց մասին, ցավոք, հայ հանրությունն ըստ արժանվույն տեղեկացված չէ: Նման վարպետներից է Վարդան Մախոխյանը, որը ծնվել է 1869 թվականի մայիսի 31-ին Տրապիզոն ծովափնյա քաղաքում: Վարդանը նախնական կրթություն է ստանում տեղի ազգային դպրոցում, որտեղ խիստ քաղաքակիրթ միջավայր էր, որտեղ էլ պատանին դաստիարակվում էր թե՛ եվրոպական կրթության նորմերով, թե՛ ազգային ոգով: Վարդանը կրթությունը շարունակում է Կարինի Սանասարյան վարժարանում, որտեղ սովորում է նաև ջութակ նվագել: 1891 թվականին արվեստագետը մեկնում է Գերմանիա` Բեռլինի գեղարվեստի ակադեմայում ուսանելու նպատակով, որտեղ էլ աննախադեպ արագությամբ և հեշտությամբ յուրացնում է ծովանկարչության բոլոր գաղտնիքները. Արդյունքում նրա ուսուցիչ, հայտնի նորվեգացի ծովանկարիչ Հանս Գադեյն ասում է. «Էլ ոչինչ չունեմ քեզ սովորեցնելու»: Գերազանց առաջադիմությամբ ավարտելով ակադեմիան` Մախոխյանը մասնակցում է մի քանի հեղինակավոր ցուցահանդեսների, ապա մեկնում ճանապարհորդության դեպի Ռուսաստան, Ղրիմ, Տրապիզոն: 1900-ականներին հայերի նկատմամբ վատ տրամադրված և խստաբարո Վիլհեյմ Բ կայսրը, անտեսելով բոլոր նորմերն ու հանգամանքները, ձեռք է բերում հայազգի Մախոխյանի կտավներն ու նրա գործերի արտատպություններից կազմված ալբոմը, ինչը մեծ աղմուկի առիթ է հանդիսանում: 1915 թվականի Հայոց Ցեղասպանության ահասարսուռ պատկերների, նաև իր հարազատների կորստի տպավորության ներքո` արվեստագետը ստեղծում է «Հայաստանի հեծեծանքը» սիմֆոնիան, որը հիացրել էր հանդիսատեսին` եվրոպական քաղաքների բեմերից հնչելով: Մախոխյանը մասնակցել է 1921 թվականի փարիզյան հայտնի Սալոնին, ինչպես նաև ֆրանսահայ «Անի» գեղարվեստական միության ցուցահանդեսներին: Իր կյանքի վերջում նկարիչը մեծ անհատական ցուցահանդես բացեց Նիցցայում: Մախոխյանը սիրում էր պատկերել ծովը` իր ողջ ուժով, հզորությամբ, հուժկու և ալեկոծվող ալիքներով, ուստի շատ հաճախ ծովը կերպավորվում է նրա կտավներում` վերածվելով մերթ տառապող, մերթ հառաչող, մերթ աղերսող, մերթ ցասման մեջ մռնչացող արհավիրքի:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1139 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: