Գրիգոր Խանջյանը ծնվել է 1926 թվականին Երևանում: 1945 թվականին Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանն ավարտելուց հետո ընդունվել է Երևանի գեղարվեստի ինստիտուտ(1945-1951թթ), որտեղ ուսանել է Արա Բեքարյանի և Էդուարդ Իսաբեկյանի մոտ: 1951թ.-ից մտել է ստեղծագործական ասպարեզ և 1953 թվականին անդամագրվել է Հակական ԽՍՀ նկարիչների միությանն և ընտրվել միության ղեկավարման անդամ: Գրիգոր Խանջյանն 1961թ արժանացել է Հակական ԽՍՀ վաստակավոր նկարչի կոչման, իսկ 1962թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ: 1963թ ճանաչվել է Հակական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի ԽՍՀ ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով: Վաստակաշատ նկարիչն 1973թ ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի իսկական անդամ, իսկ 1975թ Հայաստանի ԽՍՀ գերագույն խորհուրդի պատգամավոր և նախագահության անդամ: 1982-ին ընտրվել է Հայաստանի ԽՍՀ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ապա ակադեմիկոս: 1983թ արժանացել է Խորհրդային Միության ժողովրդական նկարչի պատվավոր կոչմանը, 1991թ. Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ: Արժանացել է ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների: Գործունեություն Գեղանկարչության ժանրում հանդես է եկել թեմատիկ կտավներով, բնանկարներով, դիմանկարներով ու նատյուրմորտներով, բոլորն էլ մատուցելով գունային նրբերանգ ներկապնակի միջոցով: Նրա ստեղծած կտավների թվին են պատկանում գյուղական կյանքն ու աշխատանքային առօրյան պատկերող «Սևանի ձկնորսները» (1956թ), «Երևանի կառուցողները» (1960թ) կտավները: Բնանկարները մոնումենտալ են՝ «Գառնի», 1962թ, իսկ դիմանկարներում պատկերված է բնորդների հարուստ ներաշխարհը: Նկարազարդել է Հովհաննես Թումանյանի «Լռեցի Սաքոն» (1956թ), Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» (1958թ), Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» (1970թ), «Սասունցիների պարը» (1975թ) գրքերը, Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» (1963-1965թթ) պոեմը: Ընդլայնել է հայ կերպարվեստի կիրառման շրջանակները, մտնելով մոնումենտալ արվեստի այնպիսի բնագավառներ, որպիսիք են` գոբելենային (գորգանկարչություն) արվեստը, փայտարվեստը, որմնանկարչությունը: Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի պատվերով ստեղծել է թեմատիկ գորգանկարներ, որոնցից են «Իջման տեսիլք» (1977թ), «Հայոց այբուբեն» (1981թ), «Վարդանանք» (1983թ) և «Վերածնված Հայաստան» (1994թ) մեծամասշտաբ և բազմաֆիգուր գոբելենները: Առաջինում պատկերված է ծնկաչոք Ս. Գրիգոր Լուսավորիչը, իսկ Միածինը, հրեղեն մուրճը ձեռքին, ցույց է տալիս Աստծո տաճարի կառուցման տեղը: Երկրորդ գոբելենը` հայոց այբուբեն թեմայով պատկերում է Ս.Մեսրոպ Մաշտոցին` այբուբենի տախտակը ձեռքին ու շրջապատված թարգմանիչներով: Առավել բարդ հորինվածք է բազմաֆիգուր «Վարդանանք» գոբելենը: Այն կրում է Եղիշե պատմիչի Վարդանանց պատերազմի մասին «Մահ ոչ իմացեալ` մահ է, մահ իմացեալ` անմահութիւն է» խորհուրդը :Գոբելենի կենտրոնում պատկերված է ճերմակ նժույգին հեծած զորավար Վարդան Մամիկոնյանը` աջ ձեռքին սուր, ձախով մարտահրավերի կոչող: Նա շրջապատված է հայրենիքի ճակատագրով մտահոգ, նրա համար մեռնելու պատրաստ զինված մարտիկների բազմությամբ: Սպիտակ հանդերձանքով ընդգծված է վասն հավատքի պայքարի ելնելու կոչող Ղևոնդ Երեցի ֆիգուրը: Առաջին հայացքից խճողված թվացող բազմաֆիգուր ու մեծաչափ (6.75X5,5մ) այս գոբելենում հայրենիքի պաշտպանության սուրբ գաղափարը լիարժեք մեկնաբանում է ստացել: Գրիգոր Խանջյանը գոբելենների այդ շարքը լրացրեց «Վերածնված Հայաստան»-ով: Հայաստանի վերածնման գաղափարը նրանում արտահայտված է մանուկը գրկին կնոջ ֆիգուրով` շրջապատված հայրենիքի վերածնման գաղափարով տոգորվածների ֆիգուրներով: Ժողովրդական ստեղծագործության ակունքներից սերված տիպիկ ազգային ու գեղեցիկ կահկարասիքի, գեղազարդ դռների ու փայտակերտ այլ իրերի հորինումն առանձին տեղ է գրավում վարպետի ստեղծագործության մեջ: Այդ շարքին են պատկանում Ս. Հռիփսիմե տաճարի վանատան ընդունելության սրահի և Փիթսբուրգի (ԱՄՆ) համալսարանի հայկական ընթերցասրահի կահավորանքը, Դետրոյտում (ԱՄՆ) Ալեք Մանուկյանի թանգարանի գեղազարդ դռները, Ս. Էջմիածնի Մայր տաճարի և նոր վեհարանի համար պատրաստված աթոռներն ու այլ գործերը: Նա գործուն մասնակցություն է ցուցաբերել վանքերի ու եկեղեցիների վերականգնման նախագծերի քննարկմանն ու դրանց իրականացման գործընթացին, անձամբ ղեկավարել Մայր տաճարի բարեզարդման և Ալեք ու Մարի Մանուկյան գանձատան կահավորման ու ցուցադրանքի կազմակերպման աշխատանքները, գրաֆիկական ձևավորումներ կատարել «Էջմիածին» ամսագրի, «Էջմիածնի գանձեր» ,«Արարատ», «Եկայք` շինեսցուք» և այլ գրքերի համար: Նրա վրձնին է պատկանում Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի ավագ խորանի սեղանը զարդարող Տիրամոր հիասքանչ պատկերը: Նույն կարգի գործեր է կատարել Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու, Ստամբուլի հայոց պատրիարքարանի և այլ եկեղեցիների համար:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1555 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: