Էդգար Դեգա (ֆրանսերեն` Edgar Degas, ծննդ. անվանումը` Hilaire-Germain-Edgar De Gas, 1834, հուլիսի 19 – 1917, սեպտեմբերի 27), ֆրանսիացի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ: Պատկանում է 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարասկզբի արվեստագետների այն շարքին, ովքեր բացահայտեցին աշխարհի նոր ընկալում` պատկերելով իրականությունը սուր ու անսպասելի տեսանկյունից: Դեգան ծնվել է հարուստ բուրժուայի ընտանիքում: Մանկությունն անց է կացրել երաժշտական և գրական երեկոների, թատերական ներկայացուցիչների, նկարիչների կոլեկցիոներների միջավայրում: Հրապուրվել է հին վարպետներով, ուսումնասիրել դասական արվեստն ու մշակույթը, հասուն տարիքում հարել է նատուրալիստների շարժմանը, ցուցադրվել իմպրեսիոնիստների հետ: Մասնագիտական կրթությունը Դեգան նախ ստացել է Լուի Լամոտի արվեստանոցում, ապա` 1855-ին ընդունվել Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոց, որը ժամանակի ամենահեղինակավոր կրթօջախներից էր: Սակայն ակադեմիական գեղանկարչությունը չի գոհացրել նրան, և Դեգան թողել է ուսումը և զբաղվել ինքնակրթությամբ: 1856-60 թթ. Դեգան պարբերաբար մեկնում է Իտալիա, ուր ուսումնասիրում և ընդօրինակում է Վաղ վերածննդի ու 16-րդ դարի մեծ վարպետներին: Տարիներ անց նկարիչը խոստովանել է, որ իտալական այս շրջանն ամենաբեղմնավորն էր իր արվեստում: Կյանքի ու ստեղծագործության ժամանակագրությունը 1834 – ծնվել է Փարիզում: Հայրը` Պիեռ-Օգյուստ դը Գա, ծագումով իտալացի փարիզցի բանկիր, մայրը` Մարի-Սելեստին Մյուսսոն, կրեոլուհի Նոր Օռլեանից: 1845 – Ընդունվում է Լյուդովիկոս Մեծի լիցեյ, որտեղ ծանոթանում է Պոլ Վալպինսոնի, Անրի Ռուարի և Լյուդովիկ Ալևիի հետ: 1852 – Ավարտում է լիցեյը. նկարչական առաջին հաջողությունները: Հոր համաձայնությամբ բնակարանի սենյակներից մեկը դարձնում է արվեստանոց: 1853 – Ստանում է բակալավրի կոչում: Ապրիլին ընդունվում է գեղանկարիչ Ժոզեֆ Բարրիասի արվեստանոց, Կայսերական գրադարանի էստամպների կամբինետում ընդօրինակում է Մանտենյայի, Դյուրերի, Ռեմբրանդտի փորագրանկարները: Առաջին գեղանկարչական գործը. մորական պապի` Ժերմեն Մյուսսոնի դիմանկարը: Նոյեմբերին ընդունվում է Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1854 – Ամռանը ճամփորդում է Պրովանսում, ընդօրինակում Դավիդի «Ժոզեֆ Բարի մահը» կտավը: Աշնանը թողնում է համալսարանը և ընդունվում Լուի Լամոտի արվեստանոց: Ընդհարվում է հոր հետ, որը պնդում էր, որ Դեգան շարունակի ուսումը համալսարանում, առանձնանում է ընտանիքից: «Ինքնադիմանկար ածխամատիտով»: 1855 – Գարնանը հաշտվում է հոր հետ: Գրեգորիո Սուտզոյի հսկողությամբ սովորում է փորագրանկարել: Ապրիլին ընդունվում է Փարիզի Գեղեցիկ արվեստների դպրոց, ծանոթանում Լեոն Բոննայի, Անրի Ֆանտեն-Լատուրի, Էլի Դելոնեի հետ: Այցելում է Էնգրի արվեստանոցը: Ամռանը կրկին ճամփորդում է Պրովանսում և Իտալիայում: «Աշիլ դը Գայի դիմանկարը ծովային վարժարանի կադետի համազգեստով»: 1856 – Երկրորդ ուղևորությունը Իտալիա (Նեապոլ, Հռոմ, Ֆլորենցիա): Ուրվանկարներ Սեքստինյան մատուռում: 1857 – Երրորդ ուղևորությունը Իտալիա: Հռոմում այցելում է Ֆրանսիական ակադեմիան, մտերմանում է Գյուստավ Մորոյի հետ: «Հռոմեացի աղքատ կինը», «Դեղին շալով ծեր կինը: «Տուռնիի դիմանկարը», «Ինքնադիմանկար փափուկ գլխարկով» օֆորտներ: 1858-59 – Չորրորդ ուղևորությունը Իտալիա: Ընդօրինակում է Ռաֆայելի «Հրդեհ Բորգոյում» որմնանկարի աջ հատվածը, ուրվանկարներ անում Սինյորելիի որմնանկարներից: Նոյեմբերին սկսում է աշխատել Լաուրա Բելլելլիի և նրա դուստրերի դիմապատկերի վրա, որն արդյունքում դառնում է «Բելլելլիների ընտանիքի դիմանկարը»` արված արդեն Փարիզում: 1860 – Հինգերորդ ուղևորությունը Իտալիա: Պադովայում ընդօրինակում է Տիցիանի որմնանկարները: Փարիզում սկսում է «Պատանիներին մրցման հրավիրող սպարտացի աղջիկները»: 1861 – Ավարտին է հասցնում երկու տարի առաջ մտահղացած «Բաբելոնը կառուցող Շամիրամը», սկսում է «Միջնադարյան պատերազմի դրվագ. Օռլեանի աղետները»: Ամռանը Մենիլ Յուբերում նկարում է ձիարշավի առաջին տեսարանները: Սկսում է հավաքել ճապոնական փայտափորագրանկարներ: Ծանոթանում է Էդուարդ Մանեի հետ: 1862 – Ընդօրինակում է Էժեն Դելակրուայի «Խաչակիրների մուտքը Կոստանդնուպոլիս» ստեղծագործությունը, անում է «Բելլելլիների ընտանիքը»: 1863 – Աշխատում է «հաբեթի դուստրը» և «միջնադարյան պատերազմի դրվագ» գործերի վրա, ստեղծում է Լ. Բոննայի, Թերեզ դը գայի դիմապատկերները և «Ինքնադիմանկար արտիստիկ շապիկով»: 1865 – Առաջին անգամ հանդես է գալիս Սալոնում, ցուցադրում է «միջնադարյան պատերազմի դրվագ»-ը` արժանանալով Պյուվի դը Շավանի դրվատանքին: «Ինքնադիմանկար դը Վալեռնի հետ», «Թերեզ և Էդմոմդո Մորբիլլիների դիմանկարը», «Իր կնոջ նվագը լսող Էդուարդ Մանեի դիմանկարը» և «Քրիզանթեմներով տիկինը (Տիկին Էրտել)»: Ժոկեյները տրիբունայի առջև, 1869-70 1866 – Հաճախում է «Գերբուա» սրճարան, որտեղ հանդիպում է Մանեի, ծանոթանում Ռենուարի, Մոնեի, Բազիլի, Սիսլեյի, Դյուրանտիի հետ: Թողնում է պատմանկարչությունը հօգուտ ժամանակակից սյուժեների: Սալոնում ցուցադրում է «Խոչընդոտներով ձիարշավի տեսարան (Վիրավոր ժոկեյը)»: Տարվում է թատրոնով, աշխատում է «Օր. Ֆիոկրը «Ակունք» բալետում» նկարի վրա: «Ջեյմս Տիսսոյի դիմանկարը արվեստանոցում»: 1867 – Սալոնում ներկայացնում է երկու «Ընտանեկան դիամկար»: «Տիկին Գոժլերի դիմանկարը» և «Երիտասարդ կնոջ գլուխ»: 1868 – Սալոնում ցուցադրում է «օրիորդ Ֆիոկրը «Ակունք» բալետում» ստեղծագործությունը: Ընդօրինակում է Մանտեյայի «Խաչելությունը»: 1869 – «Տիկին Գոժլենի դիմանկարը» ընդունվում է Սալոնում, իսկ «Տիկին Կամյուն դաշնամուրի առջև» ստեղծագործությունը մերժվում է: Ամռանը Մանեի հետ ճամփորդում է Բուլոն-սյուր-Մերից մինչև Սեն-Վալերի-ան-Քյո. պլեներային բնանկարների պաստելների շարք: Սկսում է պատկերել լվացարարուհիների և արդուկող կանանց: «օպերայի նվագախմբի երաժիշտները», «Մարի Դիոյի դիմանկարը դաշնամուրի առջև»: 1869-70 – Հոր դիմանկարի երկու տարբերակ` կիթառահար Պագանսին լսելիս, «Հորտենզիա Վալպինսոնի դիմանկարը» և ձիարշավի թեմաներով նկարներ` «Ֆալստարտ» և «Ժոկեյները տրիբունայի առջև»: Վերջին անգամ ցուցադրվում է Սալոնում («Տիկին Գոբիյարի դիմանկարը» և «Տիկին Կամյուն կարմիր զգեստով»): 1870-71 – Մասնակցում է Փարիզի պաշտպանությանը պրուսացիներից, ծառայում է հրետանիում Անրի Ռուարի հրամանատարության ներքո: Սառեցնում է աչքերը, որի հետևանքով տեսողությունը սկսում է վատանալ: Փարիզի գրավումից հետո մեկնում է Վալպինսոնների մոտ` Մենիլ Յուբեր, և մկարում այնտեղ «Անրի Վալպինսոնի դիմանկարը դայակի հետ», Ձիարշավ գավառում. արշավակառք»: Հուլիսին վերադառնում է Փարիզ, հաճախակի հանդիպում Մանեի հետ: 1872 – Տարվում է բալետով ու կանֆեշանտանով. «Միանձնուհիների բալետ «Ռոբեր-սատանա» օպերայում» (առաջին տարբերակ), «Մերանտի պարի դասարանը Լը Պելետիե փողոցի Օպերայում», «Նվագախմբի երաժիշտները և խնարհվող պարուհին»: Հոկտեմբերին Ռընե եղբոր հետ մեկնում է Ամերիկա` այցելելու նորօռլեանցի ազգականներին: «Կինը արևելյան ծաղկամանով»: Դիմանկար բամբուկի գրասենյակում, 1873 1873 – «Դիմանկար բամբուկի գրասենյակում», «Էստել Մյուսսոնի դիմանկարը», «Պեդյիկյուր»: Ապրիլին վերադառնում է Փարիզ: Սկսում է հաճախել «Նոր Աթենք» սրճարանը, ուր տեղափոխել էին «Գերբուայի» մշտական հաճախորդ իր արվեստագետ ընկերները: Ի հայտ է գալիս Նկարիչների անանուն ընկերություն և անկախ «ռեալիզմի սալոն» ստեղծելու գաղափարը: Դեկտեմբերին մեկնում է Թուրին` խնամելու հիվանդ հորը: 1874 – Փետրվարին Նեապոլում մահանում է Դեգայի հայրը, թողնելով իր բանկի գործերը խճճված վիճակում: Ապրիլի 15-ին բացվում է «Նկարիչների, քանդակագործների և փորագրանկարիչների անանուն ընկերության» 1-ին ցուցահանդեսը: Դեգան ներկայացնում է տասը աշխատանք: Մասնակիցները քննադատների կողմից ստանում են «իմպրեսիոնիստներ» անվանումը: «Բալետի փորձ բեմի վրա» (առաջին տարբերակ), «Էժեն Մանեի դիմանկարը», «Բռնություն (Ինտերիեր)», «Պերրոյի պարի դասարանը» (առաջին տարբերակ), «Պա-դե-դե բեմի վրա»: Երգիչ Ֆորը գնում է Դեգայի մի քանի ստեղծագործություններ: 1875 – Աշիլ դը Գայի սնանկացումը. եղբորը փրկելու համար Դեգան վաճառում է հին վարպետների իր հավաքածուն: «Կոնկորդի հրապարակ. Կոմս Լըպիկը դուստրերի հետ», «տիկին Ժինտոն հայելու առջև»: Տարվում է վիմագրանկարչությամբ: 1876 – Ապրիլին բացվում է «Անանուն ընկերության» 2-րդ ցուցահանդեսը, որին Դեգան ներկայացնում է 24 աշխատանքով: «Սրճարանում. ափսինթ», «Պարի դասարան. Ադաջիո», «Պարուհին բեմի վրա. Աստղը», «Պարուհիները ծաղկեփնջով» (առաջին տարբերակ): 1877 – «Անանուն ընկերության» 3-րդ ցուցահանդեսի բացումը ապրիլին, նկարիչը ցուցադրում է քսանհինգ ստեղծագործություն: Կանֆեշանտանի թեմայով ստեղծում է մի շարք նկարներ («Ամբասսադոր» կաֆեշանտանը»), ինչպես նաև` «Գիշերային սրճարան Մոնմարտրում. Կանայք սրճարանում», «պարուհիները ձողի մոտ», «Փորձ ջութակի նվագակցությամբ», «Սպիտակեղեն տանող լվացարարուհիները»: Մասնակցում է Ալևիի և Մեյակի «Մորեխը» կատակերգության բեմադրության ձևավորմանը: 1879 – Ապրիլ-մայիս ամիսներին տեղի է ունենում «Ընկերության» 4-րդ ցուցահանդեսը, Դեգան ներկայացնում է քսանհինգ աշխատանք: Ծանոթանում է Պոլ Գոգենի հետ: Նկարում է Լ. Է. Դյուրանտիի և Դ. Մորբիլլիի դիմանկարները, «Միսս Լոլոն Ֆեռնանդո կրկեսում», ստեղծում մի շարք պաստելներ ու մոնոտիպիաներ` նվիրված հասարակաց տների կանանց: 1880 – «Ընկերության» 5-րդ ցուցահանդեսը ապրիլին, նկարիչը ցուցադրում է տասնհինգ նկար և օֆորտ: Պիսսարոյի, Կայբոտի և Մ. Կեսսետի հետ պատրաստվում է հրատարակել «Օր և գիշեր» ամսագիրը: «Իջնող վարագույր», «Տեսարան օթյակից. ծաղկեփնջով պարուհին և հովհարով տիկինը» (առաջին տարբերակ), «Սպասում», «Պարուհիների հանգիստ», Լ. Ալևիի «Կարդինալ ընտանիքը» վեպի նկարազարդումներ: Փորձում է էստամպի տարբեր տեխնիկաներ, աշխատում է «Տասնչորսամյա պարուհին» քանդակի վրա: 1881 – «Ընկերություն» 6-րդ ցուցահանդեսը ապրիլին, Դեգան ցուցադրում է «Տասնչորսամյա պարուհին» և յոթ նկար: «Ձիարշավից առաջ. ժոկեյը սյան մոտ»: 1882 – Հրաժարվում է մասնակցել «Անանուն ընկերության» 7-րդ ցուցահանդեսին: Նկարում է առաջին «Գլխակավաճառուհիները», հաճախ է պատկերում լվացվող, սրբվող, սանրվող կանանց: «Արդուկող կինը լույսին հակառակ»: 1883 – Լոնդոնում Դյուրան-Ռյուելը կազմակերպում է իմպրեսիոնիստների ցուցահանդես, որտեղ Դեգայից ներկայացվում է յոթ աշխատանք: 1884 – Մենիլ Յուբերում կերտում է Հորտենզիա Վալպինսոնի կիսանդրին: «Արդուկող կանայք»: 1885 – Հունիսին Բրյուսելում Դյուրան-Ռյուելը կրկին իմպրեսիոնիստների ցուցահանդես է կազմակերպում, որին մասնակցում է նաև Դեգան: Օգոստոսին մեկնում է Հավր և Մոն-Սեն-Միշել, Դիեպում հյուրընկալվում է Լ. Ալևիին ու նկարում Լ. և Դ. Ալևիների, Ու. Սիքքերթի, Ժ. Է. Բլանշի, Ժերվեի և Բուլանժե-Կավեի խմբային դիմանկարը: «Գլխակավաճառուհու մոտ» մեծ նկարը: Տեսողության կտրուկ վաթարացում: 1886 – «Ընկերության» 8-րդ ցուցահանդեսը մայիս-հունիս ամիսներին, Դեգան ներկայացնում է «Գլխակավաճառուհիներ» և «Մերկ, լողացող, չորացող, սրբվող, սանրվող կամ իրենց սանրել տվող կանայք» շարքերը: Նկարներ «Երկվորյակները Բերգամոյից» բալետի մոտիվներով: Դյուրան-Ռյուելին տալիս է իր ստեղծագործությունների ձեռքբերման բացառիկ իրավունքը: 1888 – Ամառն անցկացնում է Կոտըրե առողջարանում և այդուհետև մեկնում է այնտեղ գրեթե ամեն տարի: 1889 – Հրաժարվում է մասնակցել «Համաշխարհային ցուցադրությանը» Փարիզում: Սեպտեմբերին Բոլդինիի հետ ճամփորդում է Իսպանիայում և Տանժերում: Թոռնլեյը ալբոմ է հրատարակում Դեգայի տասնհինգ վիմագրանկարներով: 1890 – Նորից սկսում է հավաքել հին և ժամանակակից վարպետների ստեղծագործություններ: Սեպտեմբերին ու հոկտեմբերին Բարտոլոմեի հետ ճամփորդում է Բուրգունդիայում: Դիենեում հյուրընկալվում է Ժաննիոյի մոտ և հիշողությամբ պատկերում բնանկարների շարք: Ժնևում այցելում է հիվանդ եղբորը` Աշիլին: 1892 – Տեսողությունն ավելի է վաթարանում: Գրեթե դադարում է աշխատել յուղաներկով: Օգոստոսին Մենիլ Յուբերում անում է բիլիարդի սրահի երկու էտյուդ: Տարվում է լուսանկարչությամբ: Տարվա վերջին Դյուրան-Ռյուելի մոտ ցուցադրում է բնանկարների շարք: Դեգայի գերեզմանը Մոնմարտրի գերեզմանատանը 1895 – «Անրի Ռուարի դիմանկարը որդու` Ալեքսիսի հետ» (անավարտ) և պարուհիների ու մերկ կանանց մեծաչափ բազմաթիվ պատկերներ: 1896 – «Կայբոտի նվիրատվության» կազմում Դեգայի վաղ ստեղծագործությունները հայտնվում են Լյուքսենբուրգյան թանգարանում: 1897 – Բարտոլոմեի հետ մեկնում է Մոնտոբան` այցելելու Էնգրի թանգարանը: Միանում է հակադրեյֆուսականներին և խզում կապերը Լ. Ալևիի հետ: 1898 – Սեն-Վալերի-սյուր-Սոմմում հյուրընկալվում է Բրաքվալի տանը և ստեղծում պեյզաժների իր վերջին շարքը` «Գյուղական մեծ բնանկարներ»: Վեց աշխատանք ներկայացվում է (առանց իր համաձայնության) «Քանդակագործների, գեղանկարիչների և փորագրանկարիչների միջազգային ընկերության» առաջին ցուցահանդեսին: 1899 – Հրաժարվում է մասնակցել «Միջազգային ընկերության» ցուցահանդեսին: 1900 – «Ֆրանսիական գեղանկարչության 100 տարի» ցուցահանդեսին ներկայացվում են Դեգայի «Դիմանկար բամբակի գրասենյակում», «Բալետի փորձ բեմի վրա» նկարները և հինգ պաստել: 1904–06 – Գրեթե կուրանում է, բայց շարունակում է ստեղծել պարուհիների մեծաչափ պատկերներ: 1908-12 – Ստիպված է թողնել նկարչությունը, զբաղվում է միայն քանդակագործությամբ: 1912 – Մտերիմ ընկերոջ` Անրի Ռուարի մահից հետո կազմակերպված աճուրդում Դեգայի «Պարուհիները ձողի մոտ» նկարը վաճառվում է 435 000 ֆրանկով: Ստիպված է լքել Վիկտոր Մասսեի իր բնանկարը և տեղափոխվել Կլիշի բուլվար: Այլևս չի աշխատում: 1914 – Լուվր է մտնում Իսահակ Կոմոնդոյի հավաքածուն, որում ընդգրկված էին Դեգայի բազմաթիվ ստեղծագործություններ: 1917 – Մահանում է սեպտեմբերի 27-ին: Աճյունը թաղում են Մոնմարտրի գերեզմանատանը: 1918-19 – Դեգայի արվեստանոցի և հավաքածուի չորս վաճառք:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1115 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: