Նկարիչ, արվեստի տեսաբան Ալբրեխտ Դյուրերը գերմանական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչն է: Նրա արվեստը զգալիորեն ազդել է նաև արևմտաեվրոպական գեղանկարչության վրա: Ալբրեխտ Դյուրերը 1481–82 թթ-ին սովորել է Նյուրնբերգի Սբ Լորենցի եկեղեցուն կից հասարակական լատինական դպրոցում, 1486–89 թթ-ին հայտնի նկարիչ Միխայել Վոլգեմուտի արվեստանոցում ուսումնասիրել է ուշ շրջանի գոթիկայի սկզբունքները: Դյուրերի ստեղծագործության վրա մեծապես ազդել են գերմանացի նկարիչ Մարտին Շոնգաուերի փորագրությունները: 1494–95 և 1505–07 թթ-ին նկարիչն Իտալիայում ծանոթացել է Տիցիանի հետ, ուսումնասիրել իտալական Վերածննդի արվեստը, ստեղծել «Նյուրնբերգուհին և վենետիկուհին» (1494–95 թթ.), «Վենետիկուհու դիմանկարը» (1505 թ.), «Տերողորմյայի տոնը» (1505–07 թթ.) և այլ գործեր: 1520–21 թթ-ին Դյուրերը Նիդեռլանդներում յուրացրել է փորագրության գաղտնիքներն ու նրբությունները: Նա գերմանացի նկարիչներից առաջինն է, որ փորագրել է և՜ փայտի, և՜ պղնձի վրա: Ծանոթանալով հումանիստական ուսմունքներին՝ Դյուրերը դիմել է գեղարվեստական իմացության գիտականորեն հիմնավորված մեթոդների, որոնք արտահայտվել են նրա տեսական աշխատություններում, պատկերներում ու գծանկարներում: Նրա վաղ շրջանի ջրաներկ բնանկարներին բնորոշ են անմիջականությունը, գունային հատկանիշների և լուսաօդային միջավայրի համադրումը («Տնակ լճափին», մոտ 1495–97 թթ.): Դյուրերի բազմաշնորհ արվեստն արտահայտվել է հատկապես ճշգրիտ մանրամասներով ստեղծած գծանկարներում (մոտ 900)` «Ծովաստվածների մարտը» (1494 թ.), «Իմ Ագնեսը» (1494–95 թթ.), «Մոր դիմանկարը» (1514 թ.), «Նեգրուհին» (1521 թ.), «Պարող կապիկները» (1523 թ.) և այլն: Դյուրերը փորագրության բնագավառում ստեղծել է (մոտ 350 փայտափորագրություն, 100 պղնձափորագրություն) համաշխարհային գրաֆիկայի գլուխգործոցներ: Նա փայտափորագրման աննախադեպ վարպետությամբ է ստեղծել «Հայտնություն» նկարաշարը (1498 թ., 15 նկար). առավել հայտնի են «Չորս հեծյալ», «Հրեշտակապետ Միքայելի մարտը վիշապի դեմ» գործերը: Դյուրերը նաև նշանավոր դիմանկարիչ է: Ժամանակակիցների դիմանկարներում պատկերել է անմիջական, ինքնատիպ բնավորություններ. լավագույններից են նկարչի հոր, կնոջ` Ագնես Դյուրերի, Մաքսիմիլիան I-ի, Կառլոս Մեծի և այլոց դիմանկարներ: Առավել ուշագրավ են նրա ինքնանկարները (առաջինն ստեղծել է 13 տարեկանում). «Ինքնանկար մուշտակով» (1500 թ., լորենու տախտակի վրա) գործը ոչ միայն գերմանական, այլև եվրոպական արվեստի գուխգործոցներից է: 1500-ական թվականներին Դյուրերն աստվածաշնչյան թեմաներով ստեղծել է «Մարիամի կյանքը» (1510 թ.), «Քրիստոսի չարչարանքները» (1511 թ.), «Խորհրդավոր ընթրիք» (1523 թ.) և այլ փորագրանկարներ: Նրա «Ադամ և Եվա» (1507 թ.) փորագրանկարը համաշխարհային արվեստի գանձերից է: Դյուրերն իր վերջին խոշոր գործում՝ «Չորս առաքյալներ» (1526 թ.) փորագրանկարում, պատկերել է մարդկային 4 տարբեր խառնվածքներ: Նկարիչն ուսումնասիրել է երկրաչափություն, հեռանկարչություն և անատոմիա: Հայտնի են նրա «Չափումների ձեռնարկ» (1525 թ.), «Չորս գիրք մարդու համամասնությունների մասին» (1528 թ.) տեսական աշխատությունները:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1221 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: