Իսպանացի նկարիչ, քանդակագործ Սալվադոր Դալին սյուրռեալիզմի ամենահայտնի ներկայացուցիչներից է: Սալվադոր Դալին սովորել է Ֆիգերասի նկարչական դպրոցում, 1921– 1926 թթ-ին՝ Մադրիդի Սան Ֆեռնանդո գեղարվեստի ակադեմիայում (1926 թ-ին հեռացվել է ըմբոստ պահվածքի պատճառով): 1916 թ-ին Դալին առաջին անգամ ծանոթացել է մոդեռն արվեստին, իսկ 1919 թ-ին բացվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը: 1926 թ-ին Դալին մեկնել է Փարիզ, ծանոթացել նկարիչ Պաբլո Պիկասսոյի հետ, կրել է նրա ազդեցությունը և նրան համարել իր երկրորդ հայրը: Մտերիմ էր նաև իսպանացի կինոռեժիսոր Լուիս Բունյուելի հետ. Դալին նրա «Անդալուզյան շունը» (1928 թ.), «Ոսկե դարը» (1930 թ.) ֆիլմերի համահեղինակն է: 1929 թ-ին Դալին միացել է գրող Անդրե Բրետոնի ստեղծած սյուրռեալիստների խմբին: Նա հակադրվել է ձախակողմյան սյուրռեալիստներին, 1936 թ-ին հեռացվել է խմբից, որին պատասխան՝ Դալին ասել է. «Սյուրռեալիզմը ես եմ»: 1940–48 թթ-ին նկարիչն ապրել է ԱՄՆ-ում: 1942 թ-ին լույս է տեսել նրա «Սալվադոր Դալիի գաղտնի կյանքը» ինքնակենսագրական գիրքը: Հետագայում վերադարձել է Իսպանիա և մինչև կյանքի վերջն ապրել Կատալոնիայում: Դալիի կտակի համաձայն՝ նրան հուղարկավորել են Ֆիգերասի իր թանգարանի ներսում, այնպես, որ մարդիկ կարողանան քայլել նրա գերեզմանի վրայով: Դալիի նկարների մեծ մասում պատկերված են մղձավանջային ուրվատեսիլներ, որտեղ հակաբնական իրավիճակներն ու իրերի անհեթեթ համադրումներն ունեն երևութական իրականություն և վավերականություն («Անտեսանելին», 1929 թ., «Հիշողության հարատևություն», 1931 թ., «Բոցավառվող ընձուղտը», 1935 թ., «Նարգիզի փոխակերպումը», 1936–37 թթ. և այլն): Նրա «Աշնանային մարդակերություն» նկարը համեմատել են Պ. Պիկասսոյի «Գեռնիկա» ստեղծագործության հետ: Դալին պատկերել է նաև կրոնական թեմաներ՝ դասական կոմպոզիցիայի կառուցվածք ներմուծելով ցնորական արտասովորություն: Հայտնի է նրա «Խորհրդավոր ընթրիք» (1955 թ.) կտավը, որտեղ նկարիչը մոդեռն ոճի սկզբունքներով համադրել է բուն ընթրիքը, Քրիստոսի քայլելը ջրի վրայով, խաչելությունը և աղոթքը Հուդայի դավաճանությունից առաջ: Դալին իր պատկերներում փորձել է Աստծուն գտնել շրջապատող աշխարհում և իր մեջ:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 756 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: