Իտալացի նկարիչ Ջոտտոն Նախավերածննդի արվեստի նշանավոր 
ներկայացուցիչներից է և Վերածննդի արվեստի նախակարապետը: Նրա ստեղծագործությամբ եվրոպական գեղանկարչության մեջ սկզբնավորվել է նոր փուլ: 

Ջոտտոն հավանաբար 1280–90 թթ-ին սովորել է իտալացի հայտնի նկարիչ Չիմաբուեի (Չեննի դի Պեպո) արվեստանոցում: 1300-ական թվականներին աշխատել է Պադուայում, Ֆլորենցիայում, Հռոմում, Նեապոլում, Միլանում և այլ քաղաքներում, մեծ հեղինակություն վայելել ժամանակակիցների շրջանում: 1327 թ-ին անդամագրվել է ֆլորենտական գեղանկարիչների համքարությանը: 1334 թ-ից ղեկավարել է Ֆլորենցիայի Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի (զանգակատան նախագիծը վերագրվում է Ջոտտոյին, կառուցվել է 1334–59 թթ-ին՝ ընդհատումներով) և քաղաքային ամրությունների շինարարությունը: Նա առաջինն է հրաժարվել միջնադարյան իտալա-բյուզանդական արվեստի կանոններից ու ավանդույթներից և աշխարհիկ երանգներ մտցրել կրոնական սյուժեներում. աշխարհը ներկայացրել է իրականին համարժեք՝ ըստ նրա հիմնական հատկանիշների՝ նյութեղենության և տարածականության: Ջոտտոն մշակել է գունային լուսաստվերի հնարքներ, որոնք նրա գործերին հաղորդել են քանդակին բնորոշ ծավալայնություն՝ միաժամանակ պահպանելով գույնի մաքրությունն ու դեկորատիվությունը:
Ջոտտոյի վաղ շրջանի գործերից են Ասսիզիի Սան Ֆրանչեսկո համալիրի Վերին եկեղեցու որմնանկարներից մի քանիսը (1290–99 թթ., որոշ հետազոտողներ ժխտում են Ջոտտոյի հեղինակ լինելը): Նրա արվեստի վրա նկատելի է ուշ անտիկ շրջանի գեղանկարչության ազդեցությունը: 1304–06 թթ-ին Ջոտտոն ստեղծել է Պադուայի Սկրովենյիի կապելլայի (փոքր կառույց կամ առանձնացված սենյակ՝ ընդհանուր կառույցում) եռաշարք որմնանկարները, որոնք պատկերում են Մարիամի և Քրիստոսի երկրային կյանքի ուղին. դրանք կառուցվածքի պարզությամբ ու շարժումների արտահայտչականությամբ, պայծառ, տոնական գուներանգով Նախավերածննդի գեղանկարչության գլուխգործոցներից են:
XIV դարի սկզբին Ջոտտոն ստեղծել է Ֆլորենցիայի Բադիա եկեղեցու որմնանկարները (1300–02 թթ.), ինչպես նաև Ավագ խորանի մի շարք պատկերներ, որոնցից առավել նշանավոր է «Տիրամոր փառաբանումը» (1310–20 թթ.): Ջոտտոյի ուշ շրջանի գործերից են Հովհաննես ավետարանչի, Հովհաննես Մկրտչի, Ֆրանցիսկ Ասսիզացու (Ֆրանցիսկյանների միաբանության հիմնադիր) վարքագրությունների թեմաներով Ֆլորենցիայի Սանտա Կրոչե եկեղեցու Պերուցցի (մոտ 1320 թ.) և Բարդի (1320–25 թթ.) կապելլաների որմնանկարները, որոնք խաղաղ հանդիսավորությամբ, կուռ հորինվածքով և զուսպ գունաշարով օրգանապես միահյուսված են կառույցների ճարտարապետական առանձնահատկություններին:
Առավել հայտնի են նաև նրա «Հուդայի համբույրը» (1305 թ.), «Պիետտա» («Ողբ Քրիստոսի», 1303–06 թթ.) որմնանկարները. առաջինում պատկերված են 2 հակադիր կերպարներ՝ Քրիստոսը և Հուդան. Աստծու որդուն հայտնի է իր ճակատագիրը, նա հանգիստ նայում է դավաճանի չար աչքերին, իսկ Հուդան հազիվ է դիմանում այդ փորձությանը՝ չկարողանալով թաքցնել իրեն համակող սարսափը: «Պիետտան» նույնպես լի է դրամատիզմով. Քրիստոսի մահը ողբում են նրա շուրջը հավաքված մարդիկ, իսկ երկնքից նրանց են հետևում արտասվող հրեշտակները:
Ջոտտոյի գործերից են նաև Սբ Պետրոս եկեղեցու ճակատի «Նավիչելլա» խճանկարը և «Նշանավոր մարդիկ» գեղանկարների շարքը (չեն պահպանվել):

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1505 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: