Վինսենթ Ուիլլեմ վան Գոգ (հոլանդերեն՝ Vincent Willem van Gogh, 1853թ. մարտի 30 – 1890թ. հուլիսի 29) հոլանդացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմի և Էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Նրա ստեղծագործությունների պահպանվում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում (Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք, Օգյուստ Ռոդենի տուն թանգարան, Իմպրեսիոնիզմի թանգարան, Փարիզի ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխենի Նոր Պինակոտեկ պատկերասրահ)։ Ամենամեծ թվով ստեղծագործությունները ցուցադրվում են Ամստերդամի Վան Գոգի թանգարանում։

Վան Գոգն ապրել և ստեղծագործել է՝ հոգեպես տառապելով։ Նրա հիվանդության հարցը և դրա անդրադարձն իր աշխատանքների վրա առ այսօր վիճաբանություններ են առաջացնում. ավելի քան 150 հոգեբույժներ փորձել են անուն գտնել նկարչի հիվանդության համար և առաջարկվել են 30 տարբեր ախտորոշումներ։

Վան Գոգի հոգեկան տառապանքները հատկապես սրվել են նրա կյանքի վերջին տարիների ընթացքում, ինչը և, ըստ Պոլ Գոգենի ինքնակենսագրության, հանդիսացավ նրա՝ իր ձախ ականջի բլթակը կտրելու պատճառ (1888թ. դեկտեմբերին վիճաբանելուց հետո) Այս վարկածը հերքում են գերմանացի գիտնականներ Հ. Կաուֆմանը (Hans Kaufmann) և Ռ. Ուայլդեգանսն (Rita Wildegans) իրենց «Վան Գոգի ականջը. Պոլ Գոգենն ու լուռ համաձայնագիրը» աշխատությունում)։

Վան Գոգը ծնվել է հոլանդական Զունդերտ գյուղում բնակվող հոգևոր հովվի ընտանիքում, որտեղ սկսած 16-րդ դարից սերնդե-սերունդ զբաղվում էին արվեստի ստեղծագործությունների առևտրով։ Երիտասարդ տարիներին աշխատել է արվեստի գործերի առևտրով զբաղվող ընկերությունում։ Ավելի ուշ՝ ուսուցչի կարճատև աշխատանքից հետո, ուղևորվել է Բորինաժ (Բելգիա) և սկսել է որպես քարոզիչ աշխատել հանքահորային աղքատ մի տարածաշրջանում։ Գեղանկարչության ոլորտում իր ստեղծագործական գործունեությունը սկսել է 1880թ., երբ 27 տարեկան էր։

Վան Գոգը սկսել է աշխատել մռայլ գույներով և դա շարունակվել է մինչև նրա Փարիզ մեկնելը։ Փարիզում նկարիչը ծանոթանում է արվեստի՝ 19-րդ դարում ձևավորված ուղղության՝իմպրեսիոնիզմի հետ, որն արագացրեց նրա՝ որպես նկարչի զարգացումը գեղանկարչության ոլորտում։ Կյանքի վերջին տասը տարիների ընթացքում Վան Գոգը դարձել է ավելի քան 2000 ստեղծագործությունների հեղինակ։ Նրա աշխատանքները ներառում են շուրջ 900 նկարներ և 1100 գծանկարներ և ուրվանկարներ։ Կյանքին հրաժեշտ տալուց առաջ երկու ամսվա ընթացքում նկարել է 90 նկար։

Վան Գոգի կյանքում առանցքային դեր է ունեցել նրա եղբայրը՝ Թեո վան Գոգը, որը զբաղվում էր արվեստի ստեղծագործությունների առևտրով և ֆինանսապես աջակցում էր նկարչին։

Վինսենթ վան Գոգը համարվում է արվեստի էքսպրեսիոնիզմ ուղղության հիմնադիր։ Նրա արվեստը մեծապես ազդել է 20-րդ դարում ձևավորված ուղղությունների, հատկապես՝ ֆովիզմի ևգերմանական էքսպրեսիոնիզմի վրա։

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2971 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: