Հավանաբար մարդն առաջին անգամ իր արտացոլումը տեսել է ջրում: Ըստ հին հունական առասպելի՝ գեղեցիկ պատանի Նարցիսը, կամենալով գետից ջուր խմել, տեսնում է իր պատկերը ջրում և այնքան է տարվում, որ նայելով չի կշտանում, սիրահարվում է ու ծարավ էլ մեռնում:
Հետագա դարերում, նկատելով փայլող կացնի արտացոլող հատկությունը, մարդիկ սկսեցին մետաղից հայելիներ պատրաստել:

Ինչպես ցույց են տալիս եգիպտական հնեագետների հետազոտությունները, մինչև ապակյա հայելիների գործածությունը, հայելիները պատրաստվել են բրոնզե հաստ թիթեղներից, որոնք չունեին պարզ և ցայտուն արտացոլում: Ավելի ուշ սկսեցին հայելիներ պատրաստել արծաթից, իսկ հետո, հազարամյակներ շարունակ պատրաստել են պողպատից:

Մետաղից պատրաստված հայելիների հիմնական թերությունն այն էր, որ դրանք շուտ խունանում էին և շարքից դուրս գալիս: Դրանից խուսափելու համար հայելիների երեսը պետք էր պատել որևէ նյութով, որ պաշտպանեին խոնավությունից: Երկար որոնումներից հետո մարդիկ գտան, որ մետաղյա հայելիները երեսապատելու ամենահարմար նյութն ապակին է: Սակայն դա չհաջողվեց ոչ եգիպտացի, ոչ էլ հռոմեացի վարպետներին, որովհետև ապակյա թիթեղներ պատրաստելու տեխնիկան նրանց հայտնի չէր: Առաջին անգամ թափանցիկ ապակի պատրաստեցին Վենետիկի վարպետները: Երբ միտք հղացավ մետաղյա հայելիները պատել ապակյա թափանցիկ շերտով, պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէր: Սառը վիճակում ապակին թիթեղին ամրացնելը դժվար էր, իսկ երբ տաքացնում էին ու կպցնում, սառելուց հետո մետաղն արագ սեղմվում էր և կոտրում ապակին: Մետաղի շերտը հարկավոր էր անել շատ բարակ: Այդ նպատակով վարպետները մարմարի հարթ կտորի վրա տեղավորեցին անագի մի բարակ շերտ և վրան սնդիկ լցրեցին: Անագը, լուծվելով սնդիկի մեջ, առաջացրեց այն, ինչ կոչվում է ամալգամ: Այնուհետև այդ լուծույթի վրա ապակու հաստ շերտ դնելով` ստացան առաջին ապակե հայելին:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 578 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Գիտական