Ծնվել էր Իգդիրում, 1914-ի նոյեմբերի 8-ին: 1941-ին ավարտել էր Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության բաժինը: 1941-ից ի վեր, մինչեւ 2005-ը ազգային պատկերասրահում կազմակերպվածը, որը փաստորեն եղավ նրա արվեստի վերջին հրավառությունը, մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Նրա գործերը հանգրվանել են Հայաստանի եւ արտասահմանի տարբեր թանգարաններում, ինչպես նաեւ մասնավոր հավաքածուներում: Վերջին տարիներին տեսողության կորստի պատճառով դադարել էր նկարելուց:

1967-86 անընդմեջ 19 տարի ղեկավարել է ազգային պատկերասրահը, հիմնադիրներից էր Երեւանի գեղարվեստի ինստիտուտի, որի պրոֆեսորներից էր, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ պետական մրցանակի դափնեկրի, Մեսրոպ Մաշտոց եւ Թեքեյան մշակութային միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանների ասպետի տիտղոսին վերջին տարիներին արժանիորեն ավելացել էր Երեւանի պատվավոր քաղաքացու վկայականը: Մշտապես կապված հայրենի Իգդիրինՙ հեղինակել էր համանուն վեպը, կարոտի ու ցավի իր պատմությունը:

Վարպետի մասին մեր մի գրվածքի բնաբան ընտրել էինք Սուրբ Մեսրոպ Մաշտոցի խոսքը՝ «Կյանքի ծովը մշտապես ալեկոծում է ինձ»: Իսկ ծովը միայն փոթորիկ չէ, այն լինում է նաեւ հանդարտ: Նկարչի կյանքը «ծով» է: Նրա «Իգդիր» վեպը եւ «Հոգեհանգիստ Իգդիրում» կտավը արարող եւ հունից դուրս եկող ծովն է հիշեցնում: Իր երկար կյանքի ընթացքում Էդվարդ Իսաբեկյանը ստեղծել է եւ հանրահայտ նկարներ, որոնք կապված են հայ ժողովրդի եւ ոչ միայն հայ պատմության հերոսական դրվագների հետ, եւ հարյուրավոր միջին եւ փոքր կտավներ ու գրաֆիկական էջեր:

Վաստակաշստ նկարիչը կյանքից հեռացավ օգոստոսի 21-ին, ժամը 18-ին, Երեւանի Սայաթ-Նովայի 5, բն. 20 հասցեում: Նրա աճյունը վերջնական հանգրվան գտավ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3040 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: