Պարույր Սևակի ժառանգության մի հատված էլ կարելի է համարել նրա ռադիոելույթները: Ճիշտ է, դրանք մեծ թիվ չեն կազմում, սակայն եղածներն արդեն իսկ որոշակի պատկերացում են տալիս գրողի հրապարակային խոսքի հիմնական շեշտադրումների ու ոճի մասին: Ստորև ներկայացնում ենք դրանցից մեկը` դեռևս անհայտ ու անտիպ մի ելույթ, որ հնչել է Նոր տարվա նախօրեին` 1963 թ. դեկտեմբերի 31-ին:
Այդ օրը ՀՍՍՌ Մինիստրների սովետին առընթեր ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական կոմիտեի արտասահմանի հայերի համար տրվող հաղորդումների խմբագրությունը եթեր է հեռարձակել Սևակի շնորհավորանքի խոսքը: Սևակից առաջ ելույթ են ունեցել Մարտիրոս Սարյանն ու Գոհար Գասպարյանը: Հաղորդումը հնչել է 0 ժամ 10 րոպեին: Խոսքը եղել է նախապես գրված ու ձայնագրված: Մեքենագրված էջի վրա Սևակը ձեռագիր որոշ բառեր է ավելացրել, որոնք տեքստում ներկայացվում են ընդգծված: Իսկ չափածո հատվածը բացակայում է: Ամենայն հավանականությամբ, բանաստեղծն այն անգիր է արտասանել: Էջի եզրին մակագրված է. <<Ձայնագրված >>: Բոլոր էջերը ստորագրված են գլավլիտի լիազորի կողմից: Վավերագիրը պահվում է ազգային արխիվում: <<Սիրելի ազգակիցներ,
Երկրագնդի բոլոր միջօրեականներն ու հորիզոնականները անհայրենիք հայի ոտքերով հատած հեռավոր հարազատներ:
Գալիս է Նոր տարին, Կաղանդը, Ամանորը:
Գալիս է և մեզ համար, որ ժողովուրդ ենք, բայց ժողովված չենք: Ուրեմն թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար՝ աշխարհագրական որ գոտիներում էլ լինենք:
Եթե համբերությունը թել է, մերը պիտի պարան կոչվի և հյուսված լինի ոչ թե թելերից, այլ ջղերից մեր սեփական, մեր մկաններից ու նյարդերից:
Թող Նոր տարին նորոգի ձեր ջղերը, ամրապնդի ձեր մկանները, երիտասարդացնի ձեր նյարդերը: Աչքերը տեսնելու համար են և ոչ թե միայն ճանապարհ պահելու: Բոլորիս աչքերն էլ ճանապարհ են պահում. մենք՝ ձեր ճանապարհը, դուք՝ մեր ու ձեր հայրենիքի:
Թող բոլորիս աչքերն էլ պայծառանան Նոր տարում, և ճանապարհները կրճատվեն, և սպասելիքները մոտենան:
Բարին է առաջնորդել մեզ հազարամյակներ շարունակ: Մեր տվածի գեթ մի մասը պիտի որ մեզ վերադարձնի բախտ կոչվածը, որքան էլ հուլաբար ու ծուլաբար քայլի:
Թող գալիք տարին արագացնի այդ քայլքը, ու բարին հասնի բոլորիդ ու բոլորիս: Թող հայ մանուկներ շատ ծնվեն Նոր տարում և ծնվեն ճակատի այլ գրով. կնունքը՝ որտեղ կուզի, բայց նրանց հարսանյաց հանդեսը կատարվի մեր Մայր Հայրենիքում, ստորոտներում այն լեռների, ափունքներում այն լճերի ու գետերի, որոնց անունն արտասանելիս դողում են մեր շուրթերը և փշաքաղվում է մեր մաշկը…
Թույլ տվեք, և ձեր անունից, Նոր տարվան դիմել նաև չափածո…>>:

Դիտեք նաև:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 984 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: