Արջերը մուլտֆիլմերում ու հեքիաթներում մեզ ներկայանում են բարի, ուժեղ, ընկերասեր ու շատ հաճախ էլ Վինի Թուխի պես միամիտ կերպարներով: Միայն թե իրականում նրանք շատ բանով են տարբերվում մեզ ծանոթ հերոսներից: Ինչպե՞ս: Ասեմ:
Դե օրինակ՝ մեզ թվում է, թե արջերը Վինիի պես միայն մեղր, խտացրած կաթ ու հատապտուղներ են սիրում: Քաղցրավենիք նրանք իսկապես շատ են սիրում և խտացրած կաթի մետաղյա տուփը կարող են բաց անել հաշված վայրկյանների ընթացքում: Բայց պարզվում է նաև, որ նրանք նաև գիշատիչ են, ուտում են գրեթե ամեն ինչ և հատկապես ձուկ: Ի դեպ, շատ զվարճալի է հետևել, թե ինչպես են արջերը ձուկ որսում: Նրանք մտնում են ջրամբարի մեջ, ապա գլուխը մտցնում ջուրը ճիշտ այնտեղ, որտեղ ընկնում է իրենց ստվերը: Այդպես արջերըկարող են ժամեր շարունակ կանգնել, մինչև ձկնիկը լողալով կգա ու կընկնի իրենց ձեռքը: Նրանք նաև արագ են գլխի ընկնում, որ ուտելիք կարելի է խնդրել մարդկանցից:
Նաև կարծում եք, թե արջերը ծուռթաթ ու դանդաղաշա՞ժ են: Բոլորովին էլ ոչ:Արջերը չափազանց արագ են վազում, անգամ ձիուց էլ արագ, մինչև 60կմ/ժ, այնքան, որքան արագ սովորաբար մեքենաներն են երթևեկում: Այնպես որ, նրանից փախչելը շատ դժվար է: Ի դեպ, որքան էլ տարօրինակ թվա, արջերը սարը բարձրանում են ավելի արագ, քան իջնում են: Այ թե մենք էլ կարողանայինք այդպես աստիճաններով վեր սլանալ:

Արջերը լինում են սպիտակ և գորշ: Հյուսիսային բևեռի շրջակայքում և Արկտիկայում ապրում են սպիտակ արջերը: Նրանց մորթին թվում է մեզ սպիտակ, բայց իրականում նրանց մաշկը շատ մուգ գույն ունի, գրեթե սև է: Սև գույնը թույլ չի տալիս, որ նրանք սառչեն: Իսկ նրանց մազիկները զուրկ են գունավորումից և արևի լույսի շնորհիվ են թվում սպիտակ: Սպիտակարջերը երկրագնդի ամենախոշոր գիշատիչ կենդանիներն են:
Ձմռանը քուն են մտնում ոչ թե բոլոր հյուսիսայինարջերը, այլ միայն ապագա մայրիկ արջերը: Ամենից երկար կյանք ունեցել է Դեբբի անունով սպիտակ արջը, որը ծնվել էր դեռ Խորհրդային Միությունում: Դեբբին ապրեց 41 տարի և մահացավ կանադական Վիննիպեգ քաղաքում: Կենդանաբանական այգու աշխատակիցները ստիպված էին նրան քնեցնել, քանի որ Դեբբին տառապում էր անբուժելի հիվանդություններով: Նրա վանդակը մինչև այսօր էլ դատարկ է մնում և կենդանաբանական այգու այցելուները շարունակում են ծաղիկներ դնել նրա դռանը: Դեբբին գրանցվել է նաև Գինեսի ռեկորդների գրքում:
Իսկ Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում ապրում են գորշ արջերը: Նրանք նախընտորւմ են անտառները և հանդիպում են նաև Հայաստանի անտառներում: Գորշ արջերի մորթին կարող է տատանվել բաց շագանակագույնից մինչև մուգ կապտավուն և սև: Այ գորշ արջերն արդեն իսկական քնկոտներ են, նրանք քնում են նոյեմբերից մինչև ապրիլ, 75-ից 195 օր: Բայց այնքան էլ խորը չեն քնում: Վտանգի ձայն լսելով անմիջապես արթնանում են ու ավելի ապահով տեղ փնտրում:
Գորշ արջերը, ի տարբերություն սպիտակ արջերի, լավ են վարժեցվում ու ինչեր ասես, որ չեն անում կրկեսում: Այնտեղ նրանց դիտելը շատ զվարճալի է, իսկ իրական կյանքում հանդիպելը՝ շատ վտանգավոր: Մոտակայքում արջ տեսնելու դեպքում ճիշտ է ընկնել գետնին, «սուտմեռուկ» ձևացնել և սպասել այնքան, մինչև արջը կհեռանա:
Արջերին չի կարելի մոտենալ անգամ կենդանաբանական այգում. վանդակի փոքրիկ անցքից նրանք կարող են իրենց մատները դուրս հանել,որոնք եղունգների հետ միասին կազմում են 10 – 12 սմ, և կարող են լուրջ վնասել ձեզ:
Բոլոր կենդանիներից ամենից շատ հենց արջիհոգեբանությունն է նման մարդու հոգեբանությանը: Կանադական հնդկացիները արջերին մարդկային ցեղի մի տեսակ են համարում: Դա նրանք ահա թե ինչպես են բացատրում. արջերն էլ մարդկանց պես հինգ մատ ունեն ձեռքերին, կարողանում են քայլել հետևի ոտքերի վրա, քաղցրից նրանց ատամները փչանում են, ինչպես նաև նրանք ի տարբերություն կենդանիների մեծ մասին կարողանում են միմյանց իրեր նետել ու բռնել: Ի դեպ,արջերը ունեն նաև հատուկ ծառեր, որոնք գտնվում են անտառի տարբեր կողմերում և ասում են, թե դրանք ծառայում են նրանց որպես կարևոր  հայտարարությունների տախտակ…

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4611 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: