Նա միակ հայ լրագրողն է, ում պրոդյուսինգով զբաղվում են Եվրասիայի լավագույն ժուռնալիստների հետ համագործակցող գերմանական ընկերությունները: Պայմանագրի կնքումով հյուրս պարտավորվել է թղթակցել բացառապես արտասահմանյան լրատվամիջոցներին, իսկ Հայաստանի տարածքում գործել միայն նրանց համաձայնությամբ: Հյուրիս մեկ ամիս փնտրելուց հետո պատահաբար հանդիպեցի սրճարանում: Բացառիկ համեստությամբ ու քնքշանքով, խելքով ու հումորի զգացումով օժտված այս աղջիկն իր լրագրողական կարիերան սկսել է դեռ 11 տարեկանում: Սկզբում նրա ուշադրության կենտրոնում դպրոցն ու կրթությունն էր, այնուհետև շոուբիզնեսը, հետո` սպորտն ու մասսամբ նաև քաղաքականությունը: Այս տարի որոշել է նորից անցնել շոուբիզնեսին: Եկող տարի նա կնշի իր ժուռնալիստական 10-ամյակն ու կմեկնի Գերմանիա.

– Գոհար, ինչու՞ որոշեցիր նորից անցնել շոուբիզնեսին.

– Ավելի վաղ տարիքում էի գրում շոուբիզնեսի մասին, այդ ժամանակ էլ էին մարդիկ բողոքում այս ոլորտից, բայց հիմա այստեղ կատարյալ քաոս է: Երգում են մարդիկ, ովքեր երգից շատ հեռու են, ստեղծագործում են մարդիկ, ովքեր հանգեր ստանալուն պես իրենց թույլ են տալիս երգերի տեքստեր գրել, որոշները չգիտեն արվեստն ինչ է, բայց իրենց արվեստագետ են հռչակել: Այս հարցում ես մեղավոր եմ ճանաչում նաև լրագրողներին: Եթե թեկուզ մի գրամ խելք ունեցող լրագրողները շատ լինեին, կհասկանային, թե ինչ մեծ ուժ ունեն իրենք, ու ոչ թե շոուբիզնեսի աստղերի ոտքերը ընկած հարցազրույց <<կկպցնեին>>, այլ անտաղանդների <<հերը կանիծեին>>: Ժուռնալիստիկան հիպնոսի պես բան է. Եթե ես մի քանի անգամ գրեմ, որ Պողոսը լավ չի երգում, Պողոսը լավ մարդ չի, Պողոսը էսպես, Պողոսը էնպես, ապա դա մարդիկ որպես ճշմարտություն կընդունեն: Բոլոր լրատվամիջոցները գրում են Միհրան Ծառուկյանի մասին: Տեսաք` մի ամիս Արամեի մասին չգրեցին, Արամեն էլ հոլովակներ չհանեց, երկրպագուների բանակը նոսրացավ: Դե, թող Միհրանի մասին չգրեն, տեսնեմ` մեկ ամսից Միհրան Ծառուկյանը կունենա այն հռչակն ինչ այսօր ունի: Լրագրողը պետք է հասկանա, որ իր զրուցակիցն իրենից կախում ունի, ոչ թե ինքը: Որ դիմացինի <<դեմք>> դառնալն իրենից է կախված, ոչ թե դիմացինով լրագրողը պետք է <<դեմք>> դառնա:

–  Հայկական թատրոնից ու կինոյից խոսենք.

– Թատրոնը մարդկային ռեսուրսների խնդիր չունի. Այնտեղ ֆինանսն է խնդիր: Իսկ կինոն… Սերիալներում նկարահանվում են դերասններ, երգիչներ, մարզիկներ, էլեկտրիկներ, սվաղչիներ, մարմնավաճառներ… Միշտ նույն հիմար սցենարները. Բռնաբարություն, գողություն, սպանություններ, դավաճանություն, սեր, հարուստ ու աղքատ: Մեր խնդիրներն առանց այն էլ շատ են, հիմա էլ պետք է ուրիշի դարդով տապակվենք: Հերիք է բռնություն <<քարոզեք>>, թողեք մարդիկ հանգիստ ապրեն: Աշխարհում այնքան պայծառ ու լուսավոր երևույթներ կան, որ հաստատ արժի միանման ու անորակ սերիալների փոխարեն մրջյունների մասին հաղորդում տալ: Մրջյունն իր փոքր մարմնում շատ մեծ խելք ունի, իսկ դա չունեն մեր երկրում շատ մարդիկ: Այն, ինչ տեսնում ենք հեռուստաեթերում, համացանցում, խելքի վկայություն չեն հաստատ: Լավ սերունդ ունենք, բայց սերիալներն ու հաղորդումները, եթերից հնչող խոսքը փչացնում է սերունդը, հետո էլ ասում են, թե սերունդն անդաստիարակ ու անբարոյական է:

– Գոհար, ո՞ր երգիչների գործունեությանը չես հետևում ընդհանրապես.

– Այդպիսիք շատ կան: Այնքան շատ են երգիչները, որ ուղղակի անհնար է բոլորին իմանալ: 3 միլիոնանոց ազգ ենք, որից 2,5 միլիոնը երգիչ, դերասան, հաղորդավար ու պատգամավոր է, մնացածներն էլ մուրացկանությամբ են զբաղված: Չեմ հետևում Ռիփիի երգերին ու հոլովակներին, բայց փոխարենը միշտ հաճույքով դիտում եմ <<Սեքսը փոքր քաղաքում>> հաղորդումը: Պրոֆեսիոնալիզմն ու տաղանդը միշտ ավելի բարձր եմ գնահատում:

– Իսկ իրականու՞մ. Հետևու՞մ ես էրոտիկ բնույթի հաղորդումներին.

– Ոչ: Դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրում. Երբ, որ սերիալը միացնեմ նմանատիպ տեսարաններ եմ տեսնում, փողոցում էլ է նույնը: Զզվելի է արդեն:

– Իսկ չես մտածում, որ գուցե քեզ պետք եկող ինֆորմացիա բաց թողնես.

– Պոռնոգրաֆիան իմ ոլորտը չէ: Իմ գործն ուրիշի սեքսուալ խնդիրները լուծելն ու ինտիմ կյանքին խառնվելը չէ: Իմ գործը հասարակության խնդիրների լուսաբանումն է:

– Բայց ժուռնալիստիկան նաև PR է.

– Այո, իհարկե: Ես արդեն ասացի, չէ, որ եթե անընդհատ խոսում, գրում, պատմում ես այս կամ այն մարդու մասին, երևույթի, իրադարձության մասին, այն մտնում է հանրային օրականգ և բոլորը սկսում են քննարկել դա` սկսած շարքային ունկնդրով, վերջացրած հենց այդ ոլոտի մասնագետներով:

– Աառաջիկայում շոուբիզնեսից ու՞մ մասին ես գրելու.

– Անրիի: Երիտասարդ ու շատ տաղանդավոր երգիչ է: Լսարանը մասամբ  ծանոթ է նրան: Անրին Միհրան Ծառուկյան չէ, բայց հաստատ ավելի տաղանդավոր է, քան Միհրանը: Կուզեի, որ բոլորը ճանաչեն Անրիին, քանի որ նրա կերպարն ունեցող տղաների պակաս շոուբիզնեսում շատ կա: <<Փակ>> մարդ է, հենց այդքանով էլ նա ինձ հետաքրքրում է: Երգելիս չի լացում, չի մլավում, չի ոռնում, շատ փափուկ ու հաճելի ձայն ունի, համակրելի արտաքին, արտիստիզմ, շարժուձևի կուլտուրա: Հենց վերսկսի կարիերան, կասկած իսկ չունեմ, որ կդառնա աղջիկների <<երազանքների ասպետը>>:

– Իսկ եթե մի օր սկսի հաղորդում վարել, սերիալում նկարվել.

– Լավ է մարդ միայն իր ոլորտի լավագույնը լինի, քան իրեն ցույց տա մի քանի բնագավառում ու բոլորում էլ միջակ լինի:

– Գոհար, իսկ դու հավատում ես հայկական շոուբիզնեսի ապագային.

– Ապագա կա քանի դեռ ապրում ենք: Հույս ունեմ, որ եթերը կմաքրվի մի օր. ամեն մարդ իր գործով կզբաղվի: Միջակություն բոլորն էլ կարող են լինել, եկեք ապացուցենք, որ որակ էլ կարող ենք ցույց տալ…

Հեղինակ` Դավթյան Մարիամ

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1113 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: