Կայացավ ևս մի Էլ Կլասիկո, կայացավ ևս մի գեղեցիկ հանդիպում Իսպանիայի ուժեղագույն թիմերի՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև։ Իսպանիայի «Կամպ Նոու» մարզադաշտում ավարտվեց Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի պատասխան հանդիպումը երկու գրանդ-ակումբների և երկու վաղեմի «ախոյանների» միջև։
Խաղն անցավ բավական լարված։ Եթե առաջին խաղակեսի սկզբնամասում աչքի էին ընկնում հիմնականում «Ռեալի» ֆուտբոլիստները և մի քանի անգամ նրանք հնարավորություն ունեին հաջողության հասնելու, ապա խաղակեսի վերջնամասում կտրուկ պատկերը փոխվեց և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հաջողության հասան՝ հակառակորդի դարպասն ուղարկելով միանգամից երկու գնդակ։ Նախ 43-րդ րոպեին Մեսսիի հրաշալի փոխանցումը՝ գոլի վերածեց Պեդրոն, ապա ավելացված ժամանակի 3-րդ րոպեին աչքի ընկավ Դանի Ալվեսը։ 2-0 և կատալոնցիները, թվում էր թե հաղթանակը «գրպանում դրած» գնացին հանդերձարան։
Բայց երկրորդ խաղակեսի սկիզբը ցույց տվեց, որ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, և մադրիդցիները ամենևին էլ մտադիր չեն հեշտությամբ հանձնվել։ «Ռեալին» կրկին վճռականորեն պայքարելու իսկական հույս բերեց Մեսութ Օզիլի փոխանցումը գոլի վերածած Ռոնալդուն՝ 68-րդ րոպեին, որը 4 րոպե անց համալրեց Կարիմ Բենզեման։ Հաշիվը հավասարվեց՝ 2-2։
Բայց այս հաշիվը «Ռեալին» ոչինչ տալ չէր կարող, քանի որ երկու խաղերի արդյունքում ընդհանուր հաշիվը 4-3 է՝ հօգուտ «Բարսելոնայի»։

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում «Բարսելոնայի» դիմակայությունն ավելի ուժեղ գտնվեց՝ չնայած խաղի սկզբնամասում բաց թողած գնդակին։ Արդեն 11-րդ րոպեին Ռոնալդուն օգտվեց «Բարսելոնայի» դարպասապահի անվստահ գործողություններից և գեղեցիկ գոլ գրանցեց իր հաշվին։ Բայց ահա ընդմիջումից հետո կատալոնցիները հետ բերեցին իրենց կորցրածը՝ Կառլես Պույոլի և Էրիկ Աբիդալի խփած գոլերի շնորհիվ խաղն ավարտելով հաղթական 1-2 հաշվով։
«Բարսելոնայից» կրած հերթական պարտությունից հետո մադրիդցիների շարքերում իրարանցում առաջացավ և անգամ սկանդալ գրանցվեց։ Սերխիո Ռամոսը չկաշկանդվեց հանդես գալ ընդդեմ թիմի մարզիչ Ժոզե Մորինյոյի՝ հայտարարելով, որ նա ֆուտբոլի որոշ ասպեկտներ չի հասկանում, քանի որ ինքը ֆուտբոլիստ չի եղել։ Այդ լարվածությունը կարող էր ցրել թերևս կապտանռնագույնների դեմ տարած հաղթանակը, ինչը, ի տխրություն ակումբի և նրա երկրպագուների՝ չստացվեց։

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 656 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: