2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ջրծաղիկի բարդացումից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի հայր Մովսես Խաչատրյանը անարդար է համարում, որ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանը կալանավորված է ( հոդվածը՝ անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս), իսկ որդուն բուժող մյուս բժիշկը՝ Արմինե Սերոբյանն ազատության մեջ է:
«Հենց նա իմ տունս քանդեց: Երբ Հայկի դեմքին ջրծաղիկի հետք կար, ասաց՝ «պետք ա ուղարկեմ ինֆեկցիոն» ու այդպես էլ չուղարկեց: Վերջում էլ ինչ-որ «կայծակնային« ջրծաղիկ հորինեցին»,- Tert.am-ին հայտնեց Մովսես Խաչատրյանը, որն, ի դեպ, ոստիկանական համակարգի աշխատող է:

Վերջինս տեղեկացրեց, որ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Գուրգեն Հակոբյանը Արմինե Սերոբյանի և իր միջև կազմակերպել է առերես հարցաքննություն, որի ժամանակ բժիշկն, առհասարակ, ժխտել է, որ մահացածի հայրն ու ինքը հանդիպել են, ուր մնաց թե իրենց միջև նման խոսակցություն լիներ:

«Ապացույցն էլ՝ չարաբաստիկ բժշկի՝ իր հեռախոսահամարով գրությունն էլ տվել եմ իրենց, ուղարկել են փորձաքննության»,- ասաց Մովսես Խաչատրյանը: Վերջինս ներկա պահին գտնվում է արձակուրդում, սակայն, ինչպես և տեղեկացրել էր ավելի վաղ, պատրաստվում է դուրս գալ համակարգից: «Եթե ըսենց շարունակվի, ես հրաժարվելու եմ, որովհետև ես ոնց կարամ օրենքի պահապան աշխատել էս անարդարությունների դեպքում»:

Մահացած զինվորի հայրը կասկածներ ունի, որ նախաքննությունը չի փորձում մեղավորներ գտնել որդու նախկին զորամասում: Հիշեցնենք, որ հարազատների պնդմամբ՝ Հայկին հիվանդ վիճակում ստիպել են վազել 11 կիլոմետր, իսկ երբ վերջինս առարկել է, զինվորին մեղադրել են «սիմուլյանտության» մեջ:

Tert.am–ի հարցին, թե նախաքննությունն այս վարկածը ուսումնասիրում է, թե ոչ, ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը դրական պատասխան տվեց: Նրա խոսքով նոր կասկածյալներ այս պահի դրությամբ չկան:
Ինչ վերաբերում է ձեռագրաբանական փորձաքննության արդյունքներին, այդ մասին կհայտնվի ավելի ուշ:

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1446 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: