Համաշխարհային առաջատար լրատվամիջոցներն իրենց գլխավոր թեման են դարձրել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքում քրեականացնող օրենքի ընդունումը:

Բրիտանական BBC-ն գրում է, որ օրենքն ընդունվելուց հետո այն ուղղվելու է նախագահ Նիկոլա Սարկոզիի` ում կուսակցությունն էլ նախաձեռնել է օրենքի ընդունումը, ստորագրմանը, ինչից հետո իրավական ուժ կստանա: Բրիտանական լրատվամիջոցը ուշագրավ է համարում այն, փաստը, որ չնայած Ֆրանսիայի կառավարության` օրինագծին դեմ լինելու հանգամանքին, Սենատի զգալի մեծամասնությունը կողմ է քվեարկել: Մասնավորապես, Արտաքին գործերի նախարար Ալեն Ժուպպեն հայտարարել էր, որ օրինագիծն անիմաստ է և ոչ արդյունավետ և լուրջ հետևանքներ է ունենալու ֆրանս-թուրքական հարաբերությունների վրա:

Նշվում է, նաև Անկարայի կողմից իրականացվելիք քայլերի մասին, մասնավորապես Ֆրանսիայից թուրք դեսպանի հետկանչմշտական հիմունքներով, ինչպես նաև Թուրքիայում ֆրանսիական բիզնեսի համար հավելյալ խոչընդոտների ստեղծում:

Իսկ ահա ամերիկյան CNN հեռուստաընկերությունը նշում է, որ ֆրանս-թուրքական հարաբերությունների մակարդակն արդեն իջեցված է դեկտեմբերի 22-ին նույն օրինագծի` ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատում ընդունումից հետո: Լրատվամիջոցը մեջբերում է քվեարկությունից առաջ սենատոր Էրվե Մարսելի խոսքերը, ըստ որոնց Ֆրանսիան արդեն ընդունել է Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված ոճիրը, որպես ցեղասպանություն և Հոլոքոսթին վերաբերող նույն չափանիշները պետք է գործեն նաև Հայոց ցեղասպանության դեպքում:

«Եթե մենք վիճարկում են հրեական ցեղասպանությունը, մենք հնարավոր է պատժվենք: Մինչ այժմ եթե մենք վիճարկում էին Հայոց ցեղասպանությունը, ոչ մի պատիժ չէր հետևում: Ինչու պետք է մեկի համար մենք պատժվենք, մյուսի համար` ոչ: Բոլորը հավասար են օրենքի առաջ» :

Օրինագծին դեմ հանդես եկած սենատոր Ժակ Մեզարն իր հերթին հայտարարել էր, որ օրենքի ընդունումով խոսքի իրավունքը կվտանգվի:

CNN-ը հիշեցնում է նաև, որ ստորին պալատում տեղի ունեցած դեկտեմբերյան քվեարկությունից հետո Անկարայից հնչած քննադատությանն ի պատասխան, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, որ Ֆրանսիան այլ ազգերի հավանության կարիքը չունի իր քաղաքականությունն իրականացնելու համար:

Tert.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 455 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: