Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Եվ ամենից դժվարը հենց հայրենի բանաստեղծական միջավայրում նկատելի դառնալն է, ազգային բանաստեղծների կողքին տեղ ունենալը, իսկ առանց դրա անկարելի է համաշխարհային ճանաչումը: Ուրեմն յուրաքանչյուր նոր բանաստեղծի հայտնություն ենթադրում է նոր խոսք ու ասելիք, նոր գեղարվեստական մտածողությամբ արտահայտված նոր բովանդակություն, որով ազգային գեղարվեստը մրցության գնա համաշխարհայինի հետ: Այլապես Նարեկացու ու Շնորհալու, Թլկուրանցու ու Քուչակի, Սայաթ-Նովայի ու Դուրյանի, Պեշիկթաշլյանի ու Սիամանթոյի, Թումանյանի ու Իսահակյանի, Մեծարենցի ու Վարուժանի, Ռ. Սևակի ու Տերյանի, Չարենցի ու Շիրազի համաստեղության մեջ տեղ ունենալը կմնար անիրականանալի երազանք:

Ո՞վ է Պարույր Սևակը որպես բանաստեղծ, ի՞նչ մնայուն արժեքներով է նա տեղ նվաճել հայ գրականության մեծերի շարքում, ինչո՞վ է նա մեր ժամանակակիցն ու հոգեհարազատը և նոր սերունդների գրական ուսուցիչը: Ահա հարցերի մի շարք, որոնց պատասխաններն է՛լ ավելի կհստակեցնեն բանաստեղծի դիմանկարը, կբացահայտեն նրա նորարարության էությունն ու ստեղծագործության գեղարվեստական արժեքը:

Նախապես ասենք, որ Պ. Սևակը գերագնահատման, առավել ևս նախորդ մեծությունների հաշվին գնահատելու կարիք չունի. ուստի չպիտի խորանանք մասնագիտական մանրամասների մեջ, այլ պիտի ջանանք հանրամատչելի ձևով բնորոշել Պարույր Սևակ երևույթը՝ ըստ նրա գեղարվեստական ու գիտական վաստակի և մեր գրականությանը մատուցած ծառայությունների:

Հայ գրողներից քչերին է վիճակվել իրենց անունով գրական դպրոց ստեղծել, ունենալ հետևորդներ ու հաջորդներ, վճռաբար ազդել սերունդների գեղարվեստական մտածողության զարգացման ընթացքի վրա և ուղղորդել այն. միջնադարում ունեցել ենք նարեկյան դպրոց, նոր ժամանակներում՝ աբովյանական, թումանյանական, տերյանական, նորագույն ժամանակներում` չարենցյան, պարույրսևակյան գրական դպրոցներ: Բոլորովին այլ խնդիր է, որ տաղանդով սրանց մոտ, նույնիսկ ոմանց գերազանցող բանաստեղծներից շատերն իրենց անունով գրական դպրոց չեն ստեղծել: Այդպիսի առանձնաշնորհ տրված է եղել միայն նրանց, ովքեր չեն գոհացել ունեցած գեղարվեստական մակարդակով և ձգտել են հայտնաբերել ու կիրառել ինքնարտահայտման նոր ձևեր ու հնարավորություններ:

Անկասկած է, որ նորագույն ժամանակներում ամենից ինքնատիպ հայ բանաստեղծներից մեկը հետևորդների մեծ բանակով իր գրական դպրոցն ստեղծած և հաջորդ սերունդների համար բնաստեղծական մտածողության նոր ուղի հարթած Պարույր Սևակն է: Եռակի մեծություն է նա. բանաստեղծ լինելով՝ միաժամանակ գիտական լուրջ արժեքներ է ստեղծել գրականության պատմության (մանավանդ՝ սայաթնովագիտության) ու տեսության և գրաքննադատության բնագավառներում, սերունդներին թողել է նաև ռուս ու եվրոպական հեղինակների երկերի բարձրորակ թարգմանություններ: Սրանք իրար բացառող բնագավառներ չեն, ընդհակառակը, սերտորեն շաղկապված են և փոխներթափանցված: Անգամ չպետք է վախենալ ասելուց, որ այն բանաստեղծություններում ու պոեմներում, ուր Սևակ տեսաբանն ու մտածողը գերազանցել են բանաստեղծին, այնտեղ տուժել է պոեզիան: Սակայն Պ. Սևակի գեղարվեստական երկերը չեն ստեղծվել առանց Սևակ տեսաբանի ու մտածողի, և վերջինս էլ՝ տեսաբանն ու մտածողը, հրաշալի գիտեր մեր գրականության արժեքը, նրա անվիճելի ուժն ու ցավալի պակասությունները, չէր հանդուրժում մանավանդ բանաստեղծական մտածողության մեջ հետամնացությունն ու արհեստավորությունը, ուստի նպատակադրված գրում էր՝ մեր գեղարվեստական խոսքի ուժն ավելի զորացնելու և պակասությունները նվազեցնելու, նորագույն ժամանակների համաշխարհային գեղարվեստական մտածողությանը համընթաց քայլելու, մեր ազգային գեղարվեստը պոեզիայում առաջավոր ժողովուրդների նվաճումների հետ մրցության տանելու ազնիվ ձգտումով: Հրաշալի գիտեր նաև բանաստեղծական խոսքի դաստիարակիչ ուժը, գիտեր, որ նոր գաղափարները, մտքերը սերունդների վրա ներգործող մեծ ազդեցություն են ունենում այն դեպքում, երբ ասվում են նախորդներից տարբեր եղանակով, գեղարվեստական պատշաճ հանդերձավորումով, պատկերավոր ու տպավորիչ:

***

 

Պարույր Սևակը (բուն ազգանունը՝ Ղազարյան) ծնվել է 1924 թ. հունվարի 24-ին Արարատի մարզի այժմ Զանգակատուն (նախկինում՝ Չանախչի) գյուղում: Մանկությունից՝ տասնմեկ տարեկանից սկսած՝ տեղի դպրոցում սովորելիս էլ գրել է՝ իր իսկ բնութագրմամբ՝ օրացուցայինե բանաստեղծություններ (Հունվարի 1, Մարտի 8, Մայիսի 1, Նոյեմբերի 7 և այլն)՝ առանց նախապես որևէ իմաստ դնելու նրանց մեջ, անգամ դեռ 7-8-րդ դասարանների աշակերտ՝ ծրագրել էր ողջ հայոց պատմությունը Երկիր Նաիրիե խորագրով շարադրել չափածո: Մայրը մտահոգված էր, որ իր՝ առողջության համար վտանգավորության չափ շատ կարդացող տղան դառնա գոնե էն Գիքորըե գրողիե, այսինքն՝ Հովհ. Թումանյանի պես մարդ: Իսկ սա արդեն կողմնորոշում էր դեպի լուրջ գրականություն, և Պարույրը սկզբից էլ վստահ էր իր գրական ապագա հաջողությանը: Գյուղում չկային սովորելու նվազագույն պայմաններ. առաջին անգամ 10-րդ դասարանում էր հաջողվել հայթայթել բրեզենտե կոշիկ: Ախար ես միջնակարգն ավարտեցի՝ այդպես էլ չիմանալով, թե ինչ բան է աթոռ ու սեղան: – Մորս հացի տախտակն էր իմ սեղանը, պառկում էի բերանքսիվար և հացի տախտակի վրա արտագրում կամ շարադրումե (Էդ. Մեհրաբյան, Պարույր Սևակ, Պարբերականե, Երևան, 1990, էջ 75), – հետագայում խոստովանում է բանաստեղծը: Բայց սրա դիմաց կար ընթերցանության չմարող ծարավ. ոտքով գյուղից գյուղ ընկած՝ գիրք էր փնտրում, կարդում էր անկանոն, ինչ պատահի:

1930-ական թվականները խորհրդային վատագույն տարիներից էին, մանավանդ 37 թվականը, երբ պետական հատուկ ծրագրով երիտասարդ հասակում դաժանորեն ոչնչացվեցին Չարենցի ու Բակունցի նման հանճարները, գլխատվեց հայ մտավորականության ծաղիկը, և մահվան սպառնալիքով արգելվեց ազգային գաղափար ու ոգի պարունակող մեր ողջ գրականությունը: Վտանգը գիտակցող, բայց հանդուգն մարդիկ նահատակված ու արգելված գրողներին կարդում էին գաղտնի՝ խորհրդային ղեկավարների, սոցիալիզմի գաղափարախոսների գրքերի կազմերի մեջ Րաֆֆու և Պատկանյանի, Սիամանթոյի ու Վարուժանի, Չարենցի ու Բակունցի գրքերը թաքցրած: Այս պայմաններում էր բանաստեղծ դառնալու հեռանկարով խանդավառ պատանի Պարույրը կարդացել արգելված Չարենցին: Հետո նա պիտի խոստովաներ. Գյուղում գիտեի Եղիշե Չարենցի անունը: Սուրխաթյանի դասագրքից գիտեի, որ Չարենցը հայ գրականության ողնաշարն է՝ Խանջյանի խոսքով ասած: Իսկ Սուրխաթյանի խոսքերն էլ անգիր գիտեի. Չարենցի հորիզոնը համաշխարհն է, մոտիվները՝ միջազգայինե: Ուստի շատ ցավեցի, երբ իմացա, որ Չարենցի գրքերը հանելու են գրադարանից, և Գիրք ճանապարհիե-ի մի օրինակ գողացա գրադարանից ու տուն տարա: Մինչև լույս կարդացի գիրքը, չհավատացի ո՛չ Խանջյանին, ո՛չ Սուրխաթյանին, որովհետև Չարենցը ըստ իմ ճաշակի բանաստեղծ չէր: Հետո հասկացա, որ Չարենցն այդ ժամանակ ինձ որպես բանաստեղծ սպանել էր՝ հետո հարություն տալու թաքուն մտադրությամբե:

1940-45 թթ. Պարույրը սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքում: Շատ բան է հասկանում այստեղ՝ հայտնվելով գրական ու գիտական միջավայրում. ուներ հմուտ ուսուցիչներ, Հրանտ Թամրազյանի, Վահագն Դավթյանի, Հրաչյա Հովհաննիսյանի նման դասընկերներ: Դասախոսություններին ու գրադարանային ընթերցումներին հաջորդում էին հաճախ մինչև լուսաբաց տևող գրական զրույցներն ու բանավեճերը:

Առաջին բանաստեղծությունները տպագրել է 1942-ին Սովետական գրականություն և արվեստե ամսագրում: Խմբագիր Ռուբեն Զարյանը, տեսնելով տաղանդավոր երիտասարդի թարմ, ինքնատիպ ու հանդուգն մտածողությունը, նրան առաջարկում է Պարույր Սևակ գրական անունն այն բարի մտադրությամբ, որ գուցե Եղեռնի ժամանակ զոհված բանաստեղծներից մեկին, ասենք Ռուբեն Սևակին, նա փոխարինի:

1945-ին գերազանցությամբ ավարտելով համալսարանը՝ Պ. Սևակն աշխատում է Ավանգարդումե, ապա և Գրական թերթումե՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ, ընդունվում է ասպիրանտուրա՝ որոշելով լրջորեն զբաղվել հայոց հին և միջնադարյան գրականության ուսումնասիրությամբ: Սակայն շուտով ամպեր են կուտակվում նրա գլխին. կար բանտարկության լուրջ սպառնալիք, և սրտացավ մտերիմների խորհրդով նա 1951-ին տեղափոխվում է Մոսկվա, ընդունվում Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտ, որն ավարտելուց հետո` մինչև 1959 թ., նույն հաստատությունում աշխատում է որպես դասախոս: Մտերմիկ զրույցների ժամանակ երբեմն իրավացիորեն պարծենում էր. Մարդ այնքան ուժեղ պիտի լինի, որ ռուս գրողներին ու թարգմանիչներին իրենց մայրենի լեզվի՝ ռուսերենի նրբությունները սովորեցնիե:

Դժվարին էր Պ. Սևակ բանաստեղծի ինքնահաստատման ուղին: Առաջին ժողովածուն՝ Անմահները հրամայում ենե խորագրով, լույս տեսավ 1948 թ.: 1953-ին հրատարակեց կոլխոզային կյանքը պատկերող մի պոեմ՝ Անհաշտ մտերմությունե վերնագրով, հետո՝ Սիրո ճանապարհըե (1954) խորագրով մի գիրք: Բայց երիտասարդ բանաստեղծը մինչև 1957 թ. լույս տեսած Նորից քեզ հետե ժողովածուն մնում էր գրեթե աննկատ, որովհետև այդ ժամանակներում մարդկանց հետ միասին բռնադատվում էր միտքը, ազգային գաղափարախոսությունը, կաղապարվում գեղարվեստը, ավելի ճիշտ` բռնադատվում էին հենց միտք ունեցող մարդիկ, մանավանդ նրանք, ովքեր չէին տեղավորվում խորհրդային քանոնով ու կարկինով գծված սահմաններում: Իսկ Պ. Սևակը նախապատրաստվում էր ստեղծագործական մեծ թռիչքների, սակայն ապրում էր մի տեսակ ներքին հարստացման ու կուտակումների շրջան ու դեռևս բացվելու, ընթերցողի հետ անկեղծ խոսելու և իր բանաստեղծական էությունն անկաշկանդ դրսևորելու հնարավորություն չէր ստացել: Իմ կյանքի լավագույն տասնամյակը անցավ ինքնամաքառման մեջ. ամեն ինչ գնաց երկու բանի վրա: Նախ՝ դիմանալու: Դիամացա, բայց ի՞նչ գնով: Իմ տասը տարվա աշխատանքը մնաց գզրոցում. իր ժամանակին՝ չէր կարելի, իսկ հիմա չարժի… Ահա թե ինչու իմ կյանքի լավագույն տասնամյակը գնաց ոչ միայն դիմանալու, այլև … հարկադիր համակերպության վրա: 50-ական թթ. սկզբին ես զբաղված էի սիզիֆյան աշխատանքից էլ դժվարին գործով… աշխատում էի ձայնս փոխել…(նույն տեղում, էջ 73, ընդգծ. մերն են – Ս. Մ.):

Մեծ դահճապետի՝ Ստալինի մահից հետո մթնոլորտը փոքր-ինչ մեղմացավ. հանիրավի բռնադատվածներն ազատվեցին բանտերից ու աքսորից, անտեղի գնդակահարվածները հետմահու արդարացվեցին, մեր ժողովրդին վերադարձվեցին շուրջ 20 տարի արգելված ազգային գրական արժեքները: Եվ առաջիններից մեկը Պ. Սևակն էր, որ ազդարարեց իր գեղարվեստական մտածողության շրջադարձը և խոսեց արդեն առանց սեփական ձայնը փոխելու: Արդեն առնականացել էր բանաստեղծի ձայնը, կայացել նրա ինքնահաստատումը: Երիտասարդ, անգամ հասուն Պարույրի համար, սակայն, 1940-60-ական թթ. միակուսակցական վերին հրամայականով դեռևս կային գաղափարական պարտադրանքներ, գրեթե անհաղթահարելի դժվարություններ, որոնք բանաստեղծին հեռացնում էին այն ժողովրդից, ում համար ստեղծագործում էր ինքը: Պ. Սևակի իսկ բացատրությամբ՝ ինքն իր հետ և ժողովրդի հետ նորից անկեղծ խոսելու մղումով 1957 թ. ժողովածուն վերնագրեց Նորից քեզ հետե: Դրանից հետո գրեց Մարդը ափի մեջե շարքը, այնուհետև 1957-58 թթ. Մոսկվայում իրականացրեց իր վաղեմի երազանքը՝ գրելով Անլռելի զանգակատունե պոեմը: Դրանով նա հանդգնել էր իրականացնել պատմական մեծ առաքելություն:

Նախ՝ ընթերցող հանրությանը նա ինքը ներկայացավ որպես կայացած, ինքնատիպ ու հասուն բանաստեղծ՝ իր ուրույն ձայնով ու ասելիքով:

Երկրորդ՝ այդ պոեմն իր նախադեպը չուներ հենց ժանրի առումով և, որպես գեղարվեստական կառույց, շատ էր տարբեր ժանրի ավանդական ըմբռնումներից՝ գրական այդ տեսակի արտացոլման հնարավորություններն ընդլայնելու իմաստով:

Երրորդ՝ այստեղ միավորվել էին գիտնականի ու գեղագետի լայն իմացություններն ու հնարավորությունները. հայոց պատմությունը, աշխարհագրությունն ու ազգագրությունը, հայ մարդու ողբերգական ճակատագիրն ու հերոսական կյանքը, ազգային բնավորությունն ու մարդկային նկարագիրը, կենցաղն ու սովորույթները, ժողովրդական ու հոգևոր տարաբնույթ երգերը դարձան այնպիսի հենք, որի վրա հյուսվեց մեծագույն հայերից մեկի՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոցե Կոմիտասի կենսագրությունը:

Բայց դա մի թեկուզ խոշորագույն անհատի կենսագրություն չէր միայն, այլ հայության շուրջ հարյուրամյա պատմության գեղարվեստական տարեգրությունը, որը ցնցեց ժամանակի՝ Դ. Վարուժանի խոսքով ասած՝ թմրած ողջերինե ու հարկադրեց այլ հայացքով նայել մոտիկ անցյալի ողբերգական իրադարձություններին:

Ամենուր արտասանվող այդ պոեմն իր բոցավառ էջերով դարձավ ոչ միայն Կոմիտասի կյանքի լավագույն գեղարվեստական պատումը, այլև ունեցավ վիթխարի ճանաչողական նշանակություն՝ նոր սերնդի ազգային ինքնագիտակցությունը, արժանապատվությունն ու հայրենասիրական ոգին արթնացնելու իմաստով: Սրան պիտի հաջորդեր եղեռնի թեման գեղարվեստորեն մարմնավորող ավելի նպատակային գործ՝ Եռաձայն պատարագե պոեմը, որի տպագրությունը, նաև արգելումը տեսավ եղերաբախտ բանաստեղծը:

***

 

Մոսկվայից Պ. Սևակը Հայաստան էր վերադարձել գիտելիքների վիթխարի պաշարով ու ստեղծագործական լուրջ ծրագրերով: Բանաստեղծի, գրականության պատմաբանի, տեսաբանի ու քննադատի կարողությունները իր մեջ համատեղող այդ հզոր անհատականությունը դարձավ նաև ժամանակի գրական կյանքի կազմակերպիչներից մեկը. Հայաստանի գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող էր նա, Հայաստանի գրողների միության քարտուղարներից մեկը, ընտրվել էր ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր: Որպես գրաքննադատ՝ եռանդով մասնակցում էր 1960-ական թթ. գրական կյանքին՝ հանդես գալով հայ դասական ու արդի գրականության մասին բազմաթիվ ելույթներով, տեսական ու բանավիճային ծանրակշիռ հոդվածներով, որոնք այսօր էլ արդիական են: Եվ դրանց մեջ՝ մեր գրականության ապագայի մասին բացառիկ ուժով, խոր սրտացավությամբ ու ազնիվ կրքով գրված հոդվածներ՝ Հանուն և ընդդեմ ռեալիզմի նախահիմքերիե, Դժվարը իրենից հասուն լինելն էե, Քննադատությունն այլևս հավելված չէե խորագրերով: Գր. Նարեկացու, Նահապետ Քուչակի, Սայաթ-Նովայի, Մկրտիչ Պեշիկթաշլյանի, Պետրոս Դուրյանի, Հովհ. Թումանյանի, Սիամանթոյի, Դ. Վարուժանի, Վ. Տերյանի, Եղ. Չարենցի, Ս. Կապուտիկյանի, Գևորգ Էմինի և 60-ական թթ. երիտասարդ սերնդի ստեղծագործության բնութագրման ու արժևորման մեջ անուրանալի է Պ. Սևակի կողմնորոշիչ դերը: Ավելին. հենց այդ շրջանում էլ նա հանդես եկավ բանաստեղծական մտածողության բարեփոխման իր ծրագրով ու դարձավ գրական երիտասարդության ուսուցիչն ու առաջնորդը:

Այս ամենին նա զուգակցում էր նաև գիտական-բանասիրական գործը. 1967-ին նա հրապարակային պաշտպանության ներկայացրեց Սայաթ-Նովաե աշխատությունը՝ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցելու համար, սակայն մասնագիտական խորհուրդը, նկատի ունենալով այդ աշխատության բացառիկ արժեքը, նրան միանգամից շնորհեց բանասիրության դոկտորի գիտական աստիճան, մի բան, որ հազվադեպ երևույթ էր ողջ խորհրդային գիտական աշխարհում:

Պ. Սևակը գնալով զորեղացավ, դարձավ ժամանակի հայ իրականության կարևորագույն դեմքերից մեկը և հայ գրական մտքի գերազանցությունը, բարձրագույն մի մտավորական, որն անհանդուրժող էր հնացածության, միջակության, կիսատ-պռատության, ստի ու կեղծիքի հանդեպ: Նրա նախորդներից մեկը՝ Հովհաննես Շիրազը, գրական հզոր ընդդիմություն էր, իր սեփական օրենքներով կառավարվող մի ուրույն ազգային պետություն՝ խորհրդային պետության մեջ: Պ. Սևակը, չնայած գրական դպրոցի, ստեղծագործական սկզբունքների և գեղարվեստական մտածողության ակնհայտ տարբերություններին, կանգնեց նրա կողքին որպես ե՛ւ գրական, ե՛ւ գիտական ընդդիմություն, որն առանձին՝ հայ մարդու, հզոր քաղաքացու իր հերոսական կռիվն էր մղում պետական կեղծիքի դեմ, և պետությունը վախենում էր ե՛ւ այս բանաստեղծներից յուրաքանչյուրից առանձին-առանձին, ե՛ւ մանավանդ նրանց միավորվելուց: Ահա թե ինչու խորհրդային պետական մեքենան նրանց հակադրում ու գժտեցնում էր տարբեր պատրվակներով ու եղանակներով, որովհետև նրանց համերաշխության մեջ իր համար գաղափարական պարտության մեծ վտանգ էր տեսնում: Բայց ի պատիվ Պ. Սևակի պետք է ասել, որ նա չդարձավ պետության կամակատարը, ընդհակառակը, դարձավ հայության և հայ գրականության շահերի իրավապաշտպանը: Երբ ամենուր, անգամ պետականորեն փորձում էին վարկաբեկել Հովհաննես Շիրազին, նա ազնվորեն հրապարակավ պաշտպանում էր իր մեծ նախորդին՝ հայտարարելով, թե նրա՛ ողնաշարի վրա է բարձրացել հետչարենցյան շրջանի մեր ամբողջ գրականությունը, բայց պետությունը նրա 50-ամյակը նշեց ամոթալի լռությամբ այն դեպքում, երբ միջակություններին փառաբանեց հատորյակների հրատարակումով ու պետական բարձրագույն պարգևներովե: Նման դառնացնող ու զայրացնող, ատելի երևույթներ շատ կային խորհրդային իրականության բոլոր ոլորտներում:

Բանաստեղծին, քաղաքացի գիտնականին զայրացնող երևույթներից մեկն էլ խորհրդային պատմագրության բացահայտ կեղծարարությունն էր և հայ ժողովրդի պատմության նենգափոխումն ու աղավաղումը հայրենի և օտար պատմաբանների կողմից: Հիմա նոր-նոր խոստովանում են, թե խորհրդային ժամանակներում գրված հայ ժողովրդի պատմությունը 70-80 %-ով պետք է վերափոխվի, որ լիարժեք ասվի ճշմարտությունը: Այս առումով ժամանակին սկզբունքային նշանակություն ունեցան Պ. Սևակի ելույթները՝ ուղղված զորավար Անդրանիկին և առհասարակ հայ ազատագրական պայքարի գնահատմանը, ինչպես նաև ոխերիմ հարևան ազերի պատմաբանների զեղծարարությունների մերկացմանը: Նաև իր մասին էր ասում բանաստեղծություններից մեկում.

Վախ են ներշնչում պետություններին

Միչև իսկ իրենց կամքին հակառակ:

Արքաների հետ խոսում են դուե-ով,

Եթե, իհարկե, լսում են նրանց:

Պ. Սևակը թարգմանվել էր Խորհրդային Միության ու աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով, արժանացել միջազգային ճանաչման: Վերջին շրջանում, մանավանդ Եղիցի լույսե գրքի արգելումից հետո ապրում էր մարդկային ծանր դրամա, հոգեկան խոր ճգնաժամ, այնքան, որ 1971 թ. հունիսի 3-ին՝ մահից ընդամենը 14 օր առաջ, հրաժարվեց ԽՍՀՄ գրողների միության 5-րդ համագումարի պատգամավոր լինելուց` պատճառաբանելով, թե մինչ այդ ես ֆիզիկապես գոյություն չեմ ունենաե: Կյանքից անժամանակ հեռանալը՝ նրա ըմբռնումով՝ դարձել էր այնքան անխուսափելի, որ բնական մահը պիտի շեղում լիներ օրինաչափությունից:

Մեծ բանաստեղծները նաև մեծ պայծառատեսներ են, ունենում են գալիքի զարմանալի, հաճախ մռայլ կանխազգացում: Այդպիսի գալիքնատես ու կանխասաց բանաստեղծներ էին Սիամանթոն ու Չարենցը, այդպիսին էր գրական ազգակցությամբ նրանց հաջորդող Պ. Սևակը: Նա թողեց շատ բան՝ բանաստեղծական ու գիտական մեծ ժառանգություն, բայց շատ բան էլ տարավ իր հետ. անավարտ թողեց Սայաթ-Նովան և հայ միջնադարըե ուսումնասիրությունը, Նարեկացու Մատյանիե ի՛ր թարգմանությունը գրաբարից, երազում էր ստեղծել մեր ժողովրդական Սասնա Ծռերե էպոսի՝ իր գեղարվեստական մշակումը…

Այսքանի մասին գոնե արտահայտվել էր:

Մնացածը՝ չգիտենք:

Դեռ 1960 թ. գրում էր.

Ապրելու կեսն էլ պատվով մեռնելն է:

Ա՜խ, երանի՜ թե ես այնպես մեռնեմ,

Որ դու … ինձ սգաս:

Տասնյակ անգամներ նա իր ստեղծագործություններում խոսում է կանխահաս անբնական մահվան մասին, իսկ բնական մահը հնարավոր էր համարում միայն արդարությանը միամտաբար հավատալու դեպքում.

Միամիտ եմ դառնում նորից,

Հավատում եմ արդարության,

Ու թվում է, թե ես պիտի

Իմ բնական մահո՜վ մեռնեմ…

Նրա կյանքն ընդհատվեց 47 տարեկան հասակում՝ ստեղծագործական ուժերի բուռն ծաղկման շրջանում՝ 1971 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած առեղծվածային ու խորհրդավոր ավտոարկածի հետևանքով: Բուն ճշմարտությունը հենց սկզբից կանխվեց ու թաքցվեց, ամեն ինչ վերագրվեց նրա վարորդական անփորձությանը: Ցավոք, այդպես գրեցին նաև նրա ընկերները (Լևոն Հախվերդյան և ուրիշներ), որոնց հավաստիացումները ներկայացվեցին որպես անհերքելի ճշմարտություններ, մինչդեռ կանխամտածված վթարային դրություն ստեղծելու և սպանություն կազմակերպելու առթիվ հարուցված քրեական գործը մի քանի անգամ կարճվել է Մոսկվայի հրամանով: Այսօր վերացված են բոլոր փաստաթղթային հիմքերը, և մնացել են միայն ժամանակակիցների հիշողություններն ու իրար հակասող ենթադրությունները:

***

 

Տարածությամբ ու ժամանակով մեզ այսքան մոտ Պ. Սևակի կյանքն ուներ լեգենդային մշուշով պարուրված առեղծվածներ: Սակայն առավել ճիշտը, անգամ առեղծվածներից ավելի, անհրաժեշտ է այդ հզոր երևույթի ստեղծագործության խորունկ շերտերի մեջ ներսուզվելը, Պ. Սևակի գեղարվեստական մեծ աշխարհի հետ անմիջաբար հաղորդակցվելն ու նրան համզգալը: Իսկ այդ աշխարհում հայ կյանքի մի ողջ պատմաշրջանի խտացված պատկերն է. այնտեղ գեղագիտական նոր ծրագրերի հետ միասին առաջադրված են մեր ժողովրդի կենսակերպի, անցյալի, ներկայի ու գալիքի գրեթե բոլոր հիմնախնդիրները, և, որ նույնքան կարևոր է, դրանք ներկայացված են գերազնիվ հայի սրտացավությամբ, պարույրսևակյան ուրույն ոճով և նրան բնորոշ՝ կոփածո հստակ բանաձևումներով:

Պ. Սևակի բանաստեղծական աշխարհը քննելիս նախ անհրաժեշտ է պարզել պոեզիայի նրա ընկալումը, պատկերավորման նրա սկզբունքները և գնահատման չափանիշները. այլապես չի հասկացվի՝ ինչի՞ց էր նա դժգոհ, ո՞ւմ դեմ էր կռվում, բանաստեղծությամբ հարուստ և առատ Հայաստանում ինչո՞ւ էր ներմուծում ռուսական, եվրոպական, ամերիկյան ու մանավանդ իսպանալեզու պոեզիայի ձևերը, ինչպես Սահարայի ավազների անսահմանությունն ունեցող Աֆրիկան նույն Սահարայում շինարարության համար պիտանի ավազ է ներմուծում այլ երկրներից (այս համեմատությունը նա արել է հոդվածներից մեկում և չբավարարվելով դրանով՝ ձևակերպել է նաև չափածո), և ո՞րն է իր նորարարության էությունը: Այստեղ է, որ պիտի դիմենք իրեն՝ Պ. Սևակին՝ տեսնելու համար, թե ի՛նքն ինչպես էր գնահատում իր նախորդներին ու ժամանակակիցներին:

Պեշիկթաշլյանին նա արդարացիորեն համարում էր մեր նոր քնարերգության առաջին դասականը, Պ. Դուրյանին՝ մեր նոր քնարերգության Վահագնը, առաջին մեծը, որ միշտ լինելու է վերջինի կողքին, Սիամանթոյին անվանում էր ասպետորեն անկրկնելի բանաստեղծ, բայց միևնույն ժամանակ զգուշացնում էր, թե բանաստեղծ ածականը քիչ է գալիս Սիամանթոյի համար, ինչպես որ Րաֆֆու համար՝ գրող մակդիրըե: Չարենցի կապակցությամբ էլ ասում էր, թե որ տարիքում էլ մենք նրան կորցնեինք՝ մեծ բանաստեղծ կորցրած կլինեինքե: Վարուժանի առիթով նա բանաձևում էր, թե ամեն բանաստեղծ նման է մի ամրոցի, որին հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց գրավել կարելի է միայն մեկ կողմիցե:

Պ. Սևակին էլ հնարավոր է մոտենալ բոլոր կողմերից, բայց ո՞ր կողմից է հնարավոր գրավել նրա բանաստեղծական ամրոցը, պարիսպների՞ց, արդյոք, թե՞ դարպասներից. բայց չէ՞ որ դրա համար անհրաժեշտ է լավ ճանաչել այդ կառույցի ամրություններն ու թուլությունները:

Իրականության մեջ հակառակորդի ամրոցը գրավելու ելած խելամիտ զորավարն անմատչելի ամրությունների ու անխորտակելի դարպասների վրա չի հարձակվի, այլ իր ուժերը կնպատակամղի թույլ պաշտպանված կետերի վրա: Մարզաշխարհում և մանավանդ շախմատում էլ է այդպես. մրցակիցները հետախուզում են միմյանց պաշտպանական ամրությունները, հակառակորդի ճամբարում հայտնաբերում են պաշտպանական թուլություններ և գրոհում են թույլ թևի, վատ պաշտպանված զինվորների կամ ֆիգուրների վրա:

Գրականության մեջ, սակայն, գործում են ուրիշ օրինաչափություններ. գրողին հնարավոր է գրոհով նվաճել ու արժևորել նախ և առաջ նրա ուժեղ, դարակազմիկ գործերով, որոնք նրա գրական աշխարհի միջնաբերդն են և ոչ թե թույլ պարիսպները կամ օժանդակ շինությունները: Այդպես էլ Պ. Սևակը պիտի գնահատվի իր իսկական նվաճումներով, գեղարվեստական ուժ ու կշիռ ունեցող մնայուն երկերով և ոչ թե ստեղծագործական որոնումների և հասունացման ճանապարհի այն գործերով, որոնք նույնիսկ կարող են ունենալ քանակական գերազանցություն, բայց ոչ որակական: Սակայն մի ճշմարտություն էլ կա. առանց այդ երկրորդական գործերի՝ լավերը՝ արվեստի տեսակետից ուժեղ գործերը, չէին ծնվի, որովհետև նրանցով է հարթվել գրողի հասունացման ու վարպետության ճանապարհը:

Ստեղծագործական խառնվածքի և գրական հասունացման տևողության խնդիրն էլ կա: Բանաստեղծներն՝ իբրև երևույթ, ըստ Սևակի՝ պտղատու ծառերի են նման: Միանգամից, առաջին իսկ գրքով համընդհանուր ճանաչման արժանացած վաղահասե բանաստեղծներ կան, ինչպես Հովհ. Հովհաննիսյանն իր Բանաստեղծություններե գրքով, Իսահակյանն իր Երգեր ու Վերքերովե, Մեծարենցն իր Ծիածանովե ու Նոր տաղերովե, Սիամանթոն իր Դյուցազնորենովե, Տերյանն իր Մթնշաղի անուրջներովե, Չարենցն իր 1910-ական թթ. բանաստեղծություններով ու պոեմներով, Շիրազն իր Գարնանամուտովե: Սրանք, ինչպես Պ. Սևակն է ասում, վաղահաս բանաստեղծներ են: Կան նաև աշնանահաս ու ձմեռնուկ բանաստեղծներ, որ աստիճանաբար են հասունանում, աճում ու զորեղանում, ինչպես Թումանյանը, Վարուժանը, Պ. Սևակն ինքը, Վահագն Դավթյանը, Համո Սահյանը և ուրիշներ, էլ չենք խոսում անդադար գրող և աճի միտում բնավ չդրսևորող բանաստեղծների մասին, որոնք, դժբախտաբար, բոլոր ժամանակներում և ամենուր ունեն քանակական գերազանցություն:

Պ. Սևակը հռչակվեց Անլռելի զանգակատունե պոեմով, որի բերած փառքն ու նրա շուրջ ծագած աղմուկը, սակայն, դյուրավ մարսելի չէր: Նա հայտնվեց գրական կյանքի և պետական աչալուրջ մարմինների ուշադրության կենտրոնում: Դրանից հետո այլևս Պ. Սևակի համար շատ էր դժվարացել Երևանում գիրք հրատարակելը, որովհետև հայրենասիրական ախտանիշներ ու ազգային մտածողություն ունեցող գրական առաջատար ուժերին՝ Հ. Շիրազին, Պ. Սևակին, հետո նաև Հր. Մաթևոսյանին (նրան էլ՝ Ահնիձորե հանդուգն ակնարկից հետո) առանց գլավլիտային-գրաքննչական միկրոսկոպով խուզարկելու և մկրատով խուզելու չէին հրատարակում: Այս էր պատճառը, որ ե՛ւ Պ. Սևակը, ե՛ւ Հր. Մաթևոսյանը, քանի որ Մոսկվայում ունեին լայն կապեր, իրենց գրքերը նախ այնտեղ էին հրատարակում ռուսերենով, որպեսզի երևանյան գրաքննիչներին կարողանան ասել՝ տեսե՛ք՝ ռուսները տպել են, դո՞ւք ինչու չեք տպում… Այսպես, Մոսկվայում 1959 թ. տպվելուց հետո, 1963-ին Երևանում որոշ համալրումներով լույս տեսավ Մարդը ափի մեջե ժողովածուն, որով հեղինակը բերում էր արվեստի նոր ըմբռնում, նոր տեսակի քնարական հերոս, բանաստեղծության մեջ դառնում էր նոր օրենսդիր՝ սահմանելով նոր օրենք, նոր կարգե, այսինքն՝ բերում էր որակապես նոր բանաստեղծություն ու գեղագիտություն, որը այն ժամանակներից ի վեր կոչվում է պարույրսևակյան բանաստեղծական աշխարհ:

Քամին երգում է ինչ-որ եղանակ,

Որ Բեթհովենին պատիվ կբերեր:

 

Մութ հորիզոնին աղոտ ցայգալույս՝

Մի ռեմբրանդյան նորահայտ նկար:

 

Շեքսպիրին է կյանքը ձեռ առնում՝

Իր ողբերգական դրամաներով…

 

Իսկ մե՛նք՝ ե՛ս ու դո՛ւ… արվեստ ենք խաղում

Եվ…մի այնպիսի՜ համոզվածությամբ,

Որ Սերվանտեսի հերոսն էլ չուներ…

Ահա և հեղինակի հետ նույնացած պարույրսևակյան քնարական հերոսը.

Ե՛ս, որ ինքս ինձ կարող եմ կոչել

Եկած ապագա,

Ես նաև քայլող հիշողություն եմ՝

Ապրո՜ղ պատմություն:

Թող ներվի ասել,

Որ իմ արյունը

Հենց համարյա թե նույն ծագումը ունի,

Ինչ ունի նավթը.

Հյութն ու ավիշն է բյուր սերունդների

Մարդ ու կենդանու,

Ու թե արյանս լուցկի մոտեցնես՝

Արյունս նույնպես կարող է վառվե՜լ:

Բնականաբար, ընթերցողը պիտի կենտրոնանա Պ. Սևակի ստեղծած իրական գեղարվեստական արժեքների վրա, որոնք հիմնականում Մարդը ափի մեջե և Եղիցի լույսե ժողովածուներում են ընդգրկված: Իսկ եթե նկատի ունենանք, որ վերջին գրքի բանաստեղծությունների զգալի մասը գրվել է նախորդին համարյա զուգահեռ կամ ժամանակային քիչ տարբերությամբ՝ 1960-66 թթ., ապա հասկանալի կդառնա, որ հատկապես 1957-67 թվականներն են եղել բանաստեղծի ամենից բեղմնավոր ու որակական տեսակետից ամենից արդյունավոր տարիները:

Այդ որակական կշիռն ստեղծվել էր համաշխարհային բանաստեղծության նորագույն ձևերի յուրացումով ու ազգային գեղարվեստական մտածողության հետ համադրելով: Նույնիսկ որոշ գրական մարդիկ (Նաիրի Զարյան, Աբրահամ Ալիքյան, Գուրգեն Մահարի, Հրաչյա Հովհաննիսյան և ուրիշներ) օտար, մանավանդ ռուս և իսպանալեզու պոեզիայի ձևերի չարաշահման վտանգ էին տեսնում և լրջորեն կշտամբում էին բանաստեղծին: Ավանդական բանաստեղծության սովոր ընթերցողը, սակայն, անգամ որոշ քննադատներ էլ, որոնք բանաստեղծի մահից հետո շտապեցին ներկայանալ իբրև նրա մտերիմ ընկերներ ու բարեկամներ, մի որոշ շրջան դեռևս պատրաստ չէին նրան հասկանալու և արժանավորապես գնահատելու. ոմանք Զանգակատնիցե հետո Մարդը ափի մեջե-ը նույնիսկ նահանջ էին համարում, մինչդեռ բոլորովին այլ կարծիքի էր հեղինակն ինքը: Ականջդ բեր ասեմե, Թռուցիկ երգերե, Վերնագիրը վերջումե շարքերը, ինչպես պարզվում է հեղինակային բացատրություններից, նախապես ծրագրված են եղել որպես պոեմներ: Եվ հենց այդ շարքերն էր նա համարում բանաստեղծական հայտնություններ, մանավանդ Վերնագիրը վերջումե-ը: Ավելին. պարզվում է նաև, որ Ականջդ…ե շարքը, իրոք, սկզբնապես նույնիսկ գրված է եղել որպես պոեմ՝ Ինքներգությունե խորագրով, հետո դարձրել է Մարդերգությունե՝ Ռ. Սևակից փոխառությամբ, և վերջնական տարբերակում է դարձել Ականջդ բեր ասեմե: Սակայն այդ պոեմները մասնատվել, առանձին բանաստեղծություններ են դարձվել՝ ընթերցողի ընդհանուր մակարդակը նկատի ունենալով և մատչելիության նկատառումներով (Պ. Սևակ, Երկերի ժողովածու 6 հատորով, հ. 6, Երևան, 1976, էջ 426):

Մարդը ափի մեջե գրքի բանաստեղծական շարքերին իր նամակներից մեկում Պ. Սևակը տալիս է հետաքրքիր մեկնաբանություն: Նա դժգոհ է ազգային-հայրենասիրական բովանդակություն ունեցող Անլռելի զանգակատունե, Եվ այր մի՝ Մաշտոց անունե պոեմներով ու Հարկ հոգեկանե շարքի բանաստեղծություններով իրեն գնահատողներից՝ դրանց համընդհանուր հաջողվածության գաղտնիքը համարելով հայկական թեման, հայի հոգուց խոսելըե, ա՛յն, որ, միջակ ու դրանից բարձր ու ցածր ընթերցողները համագումարվում են, համաճաշակավորվում, և … Պ. Սևակը շահում է … Իսկ աշխատել միմիայն հայկական թեմայով՝ նշանակում է ոչ միայն կամովին ինքնասպան լինել, այլև ինքնասպանության տանել հենց ողջ հայկականըե (տե՛ս նույն տեղը, էջ 416-417): Իր մասին և ազգային բովանդակությամբ գեղարվեստի մասին անարդարորեն այսպես էր մտածում Պ. Սևակը, որովհետև ինքն էլ էր ձգտում Չարենցի նման ունենալ համաշխարհային հորիզոն ու լսարան: Քիչ ավելի ուշ՝ Եղիցի լույսե գրքում, նա յուրովի է լուծում հայկական համամարդկայնության խնդիրը: Արվեստագետները, մանավանդ բանաստեղծները, նրա համոզմամբ՝ հիվանդ են մի տեսակ ճառագայթային ախտով. աշխարհում այդ ախտով հիվանդ իրական մեծությունները մերն են, մերն էլ՝ աշխարհինը.

Ճառագայթային այս ախտը բնավ նո՜ր չէ, բարեկա՛մ.

Նա նորածի՛ն չէ,

Այլ առնվազն ութ հազար և ութ հարյուր տարեկան:

Այդ ախտով էին տակավին հիվանդ

Հին հելլենացիք, հնդիկները հին:

Եվ Հոմերոսի կուրությունն իրոք այդ ախտից էր հենց:

Եվ այդ նույն ախտով գերեզման իջան

Ձե՛ր Նարեկացին, Շեքսպիրը մե՛ր,

Ու բոլո՜ր նրանք, ովքեր թոք ունեն՝

Մեր մոլորակի կիսագնդերի մեծության չափով

Կամ այնքան մեծ սիրտ,

Որ գրավում է տեղն էլ թոքերի…

… Ճառագայթային այս հիվանդությամբ տանջվում են նրա՛նք,

Լոկ նրա՛նք,

Ովքեր մենակության մեջ

Միանգամից են ողջ մարդկության հետ նստում զրույցի.

Լոկ նրա՛նք,

Ովքեր այս Երկրագնդի պտույտն զգում են կրունկո՜վ իրենց,

Եվ արմըտիքի աճումն զգում են իրենց ափերո՛վ,

Եթե մինչև իսկ իրենց ափերը պահում են օդում.

Լոկ նրա՛նք,

Որոնց չեն կարողանում ոչ մի կերպ սիրել

Բոլո՜ր դարերի արքաներն ամեն

Եվ կործանում են սրանց ո՛չ միայն աքսորով, բանտում,

Այլ նաև սրանց պալատ բերելով

Ու …սուտ սիրելով …

Պ. Սևակ բանաստեղծը պիտի լուծեր իր և ժամանակի հարաբերության խնդիրը: Չարենցյան Թե ուզում ես երգդ լսեն՝ ժամանակիդ շունչը դարձիրե պատգամը դեռ վաղ հասակից յուրացրած Պ. Սևակը հասունացել էր այնքան, որ առաջադրում էր իր բանաձևը Լինել Ժամանակակից՝ չի նշանակում լինել ժամանակին կիցե: Եվ իրոք, Պ. Սևակը ժամանակի գերին չէր, այլ դարին ու ժամանակին ուղի և ընթացք տվող, ժամանակից առաջ ընկած հզոր անհատականություններից մեկը, որը գեղագիտականի հետ միասին առաջադրում էր համազգային խնդիրներ:

Անլռելի զանգակատնովե նա աշխարհին ներկայացրեց Կոմիտասին, Եվ այր միե պոեմով՝ Մեսրոպ Մաշտոցին, իր դոկտորական ատենախոսությամբ՝ Սայաթ-Նովային, մտադիր էր ներկայացնել նաև Նարեկացուն ու միջնադարի մյուս տաղերգուներին: Մաշտոցը և Նարեկացին հասկանալի են, բայց արտաքուստ կարող է տարօրինակ թվալ Կոմիտասի և Սայաթ-Նովայի նկատմամբ գրեթե հավասար բուռն հետաքրքրությունը: Տարօրինակ՝ զուտ այն իմաստով, որ խնդիրն առնչվում է աշուղական բանաստեղծությանն ու երաժշտությանը:

Կոմիտասյան դասականություն և սայաթնովյան աշուղականություն թվացյալ հակադրությունը ինչպե՞ս էր համատեղում ինքը՝ Պ. Սևակը: Դա իրոք թվացյալ հակադրություն էր, որովհետև բանաստեղծության մեջ հնացած աշուղականության դեմ մարտնչող Պ. Սևակը կողմնակից էր աշուղականի մեջ բանաստեղծությանը և հիացած էր Սայաթ-Նովայի՝ աշուղական ձևերի մեջ դրսևորած բանաստեղծական հանճարով: Այս պատճառով է, որ Սայաթ-Նովայի կենսագրության, մանավանդ նրա ծննդյան տարեթվի շուրջ Պ. Սևակի հետ վիճողներ եղան (թեև Լ. Դուլյան սայաթնովասերը երգչի թուրքերեն խաղերի ծածկագրերի՝ թուրքական տառերի հենց թուրքական, ո՛չ արաբական թվահամարների կիրառմամբ՝ նոր վերծանումներով հաստատում է Պ. Սևակի ճշմարտացիությունը), սակայն նրա խաղերի գեղագիտական վերլուծման ու արժևորման հետ ոչ ոք չի վիճում ու հակադրում:

Մարդը ափի մեջե գրքով հեղինակն ընթերցողին ներկայանում էր որպես մեծ մարդագետ՝ մարդուն առնելով ափի մեջ, այսինքն` իր համակողմանի տեսադաշտում, և իր պոետական հզոր լուսարձակով զննում ու դիտարկում էր նրան բոլոր կողմերից, բացահայտում մարդկային էության բոլոր խորշերն ու շերտերը՝ արժևորելով նրա հոգևոր էությունը, մտածողությունն ու նկարագրի հատկանիշները` սիրելն ու ատելը, կասկածելն ու մեծամտանալը, հրավիրել-ուրախանալն ու ողբալը, հիասթափվելն ու հավատալը, խոստանալն ու հպարտանալը, գժվելն ու խանդելը:

Ի՞նչ կարող էր խոստանալ խորհրդային երկրի պատացած օրենքները ճանաչող քաղաքացին.

Խոստանում եմ

Բաց ճակատով զուր չխփվել հաստ պատերին:

Ինչի՞ համար,

Էլի՝ պատը կմնա պատ,

Կպակասի մի լավ ճակատ:

Գեղագիտական ծրագիր ներկայացնելը և առհասարակ որպես հանդուգն, ինքնատիպ բանաստեղծ ներկայանալը համեմատաբար անվտանգ էր, թեև այստեղ էլ կային լուրջ բարդություններ՝ կապված խորհրդային կաղապարներից ու պարտադրանքներից ակնհայտ շեղումների հետ: Ավելի դժվար էր հա՛յ բանաստեղծ և մանավանդ ազգությա՛ն բանաստեղծ ներկայանալը, մեր ազգային ցավերն ու երազանքները բանաստեղծությամբ արտահայտելը: 1963 թ. լույս տեսած գրքում բանաստեղծություններ կան, որոնք կարող էին նույնիսկ այսօր գրվել ու լինել արդիական: Ահա դրանցից մեկը՝ Մատնիչ ցանկությունե խորագրով.

Ի՞նչ դառնամ:

Դառնամ

Ոչ միայն խորունկ հանքահորերում

Օդափոխություն,

Շքանշանի գունեղ ժապավեն՝

Իմ հողը փրկող հերոսի կրծքին,

Այլ նաև դառնամ գերհզոր թևեր՝

Սիրամարգերի՜ն,

Որ երկի՜նք սուրան

Եվ ոչ թե քայլեն լոկ հողի վրա:

Ուշադրություն եմ հրավիրում բանաստեղծի բացորոշ արտահայտված երազանքի վրա. ուզում էր դառնալ շքանշանի գունեղ ժապավեն՝ իր հողը փրկող հերոսի կրծքին. այդպես մենք այսօ՛ր կարող ենք մտածել, Պ. Սևակը՝ կես դար առաջ: Իսկ Եվ այր մի՝ Մաշտոց անունե պոեմն ու Հարկ հոգեկանե խորագրով շարքը, որը ներառում է նրա ազգային ոգու և մտածողության բարձրագույն և առնական դրսևորումներից մեկը` Խոսք հավաստիքիե բանաստեղծությունը, նվիրված են Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին: Իսկ հիշյալ բանաստեղծությունը 1960-ականների սկզբին ուներ առանձնահատուկ սուր հնչողություն, ճանաչողականի հետ միասին՝ նաև քաղաքական արժեք ու կշիռ և հնչում էր որպես ազգային զարթոնքի և համայն հայության համախմբման կոչ.

Աշխարհազբոսիդ համեմատությամբ

Ես՝ մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս,

Ի լրո՛ գիտեմ,

Որ քեզ ծին տված բնիկ գավառում

Կար մի մենաստան՝

Սուրբն Կարապետե,

Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ:

Մենք կին չենք,

Այր ենք,

Տղամարդ ենք մենք,

Սակայն անօրեն մի նոր օրենքով

Փակ է մեր առջև

Ո՛չ միայն դուռն ու գավիթը վանքի,

Այլ գավա՜ռն ամբողջ

Եվ ողջ մի երկիր,

Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա:

Մենք կին չենք,

Այր ենք,

Տղամարդ ենք մենք,

Եվ ընդդեմ այս բաց անարդարության

Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում,

Բայց փակում այնպես,

Ինչպես փակում են մարդիկ մատները,

Եվ ստացվում է դրանից … բռունցք:

Իր գեղագիտական ու գաղափարական հարցադրումներով Մարդը ափի մեջե գիրքը գրական շրջաններում առաջ բերեց մի քանի տարի տևող բուռն բանավեճեր, ուր շոշափվում էին բանաստեղծության էության, ավանդապահության ու նորարարության, ինչե-ի և ինչպեսե-ի և որպեսե-ի, այսինքն՝ պոեզիայի մեջ ձևի և բովանդակության հարաբերակցության խնդիրները:

Հենց այդ բանավեճերի թոհուբոհի մեջ էլ ծնվեց Պ. Սևակի վերջին՝ Եղիցի լույսե ժողովածուի բանաստեղծությունների զգալի մասը, ժողովածու, որը տպագրվեց 1969-ին, բայց ունեցավ ճիշտ ու ճիշտ Չարենցի վերջին մատյանի՝ Գիրք ճանապարհիե ժողովածուի ճակատագիրը: Չարամիտ զրպարտիչների մի հնգյակի հրահրմամբ՝ այն տպարանից ուղարկվեց ոչ թե ընթերցողին, այլ արգելվեց ու վերցվեց կալանքի և մի քանի բանաստեղծությունների հանում-հոշոտում-կրճատումով լույս տեսավ 1971-ին՝ հեղինակի եղերական մահից հետո:

Եղիցի լույսըե ստեղծագործական մեծ խիզախում էր, պոեզիայի պարույրսևակյան տեսական ըմբռնումների գործնականը, ուր դրսևորվում էին նրա պատկերավոր մտածողության բոլոր էական ու կարևոր առանձնահատկությունները՝ զգացմունքով շաղախված մտքի ուժգնությունը, դարի արատների՝ խավարի և անորոշության դեմ ազնիվ ու մոլեգին կռիվը, լույսի հաղթանակով մութը հերքելու նարեկացիական ձգտումը, մեր ժողովրդի մարդկային արժանապատվության ու ազգային պահանջատիրության բանաստեղծականացումը:

***

 

Հայաստանի գրականագետներից ոմանք առաջներում բանաստեղծներին բաժանում էին երկու խմբի՝ հուզական և դատողական, և Պ. Սևակին էլ դասում էին դատողական բանաստեղծների շարքը: Արհեստական ու բռնազբոսիկ այս բաժանումը Պ. Սևակի համար ոչ միայն ընդունելի չէր, այլև վրդովեցուցիչ էր, որովհետև նա իր բանաստեղծությամբ մարտահրավեր էր նետել հենց կեղծ հուզականությանն ու հեքիաթա-նաղլականությանը: Նամակի նման՝ ավելորդ մանրամասնություններ պարունակող բանաստեղծությունը նոր ժամանակներում նա համարում էր հնացած, իսկ նորե բանաստեղծությունը, նրա համոզմամբ, իր բնույթով պիտի լիներ հեռագրի նման, այսինքն՝ ավելորդություններից զերծ, կարճ ու դիպուկ, կես խոսքից հասկանալի: Բայց սրա հետ միասին առաջադրում էր նաև սիմֆոնիզմի կամ համանվագայնության խնդիրը, որով պիտի չեզոքանային միագիծ պարզունակությունն ու կենսական աղքատությունը, ասելիքը բխեր կյանքից ու նրա բանաստեղծական ընկալումից, իսկ բանաստեղծական պատկերը լիներ ընդգրկուն ու բազմաշերտ, խելքը չբացարձակացվեր ու չվերածվեր տրամախոսության ու ճառաբանության: Այսպես պիտի իրականացվեր առօրեականի, անբանաստեղծականի պոետականացման, մտքի և հույզի ներդաշնակ պատկերման ծրագիրը: Իրեն միայն դատողականե բանաստեղծ համարողներին նա հակադրվում էր՝ իր մի բանաստեղծությունը վկայակոչելով.

Ես հոգնել եմ, այո՛,

Ես աչքերս եմ փակում:

Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի

Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել.

Այդ ապրե՞լ է կոչվում, ի՜նչ իմանամ…

Սա դատողական հո՞ւյզ է, թե՞ հուզական դատողություն. այստեղ մտքի՞ գերակշռությանն է զգալի, թե՞ զգացմունքի. որակումը չէ կարևորը, այլ այն, որ իրականում ճիշտ այդպես էր ապրում խորհրդային ժամանակների մարդը՝ ենթարկվելով մարմնի տարբեր մասերը բեմի ետևից ձգող անտեսանելի թելերի ամենազոր իշխանությանը, և արդարացի էր բանաստեղծի զայրույթը. Սա՞ է դատողական… Բա դա քննադա՞տ է, չի էլ պատկերացնում, թե էս խեղճ Պարույր Սևակը ինչքա՜ն տառապած պիտի լինի այսպիսի տողեր գրելու համար…ե:

Ավելին. հանուն ազգային օրախնդիր հարցերը բացախոսությամբ հնչեցնելու՝ երբեմն իր կոշկի հետ խոսողե, անգամ կամավոր խեղկատակի ու ծաղրածուի դեր ստանձնած դյուրավառ արյամբ բանաստեղծը, որն իրեն անվանում էր եկած ապագա, վառվող արյուն, ապրող հիշողություն կամ քայլող պատմությունե, Եղիցի լույսե գրքում ոչ միայն մեր ազգային ցավն էր բանաստեղծում սարքովի ճշմարտությանե փոխարեն, այլև խորհրդային կայսերապետության մեջ ապրող բոլոր ժողովուրդների ու համայն աշխարհի մարդկության ցավը: Նրա կռիվը գերտերությունների դեմ էր, մանավանդ խորհրդային գերտերության: Այն պետությունը և մանավանդ այն ժամանակը, որի մեջ ապրում և ստեղծագործում էր Պ. Սևակը, ընդամենը մեկ տասնամյակ հետո նույն այդ պետության ղեկավարների կողմից պիտի կոչվեր լճացման դարաշրջանե, և նրանք էլ պիտի վճռական միջոցներ ձեռնարկեին վերակառուցման՝ պերեստրոյկայի համար, իսկ այդ միջոցների գործադրումն էլ ի վերջո հանգեցրեց կայսերապետության ջլատմանն ու վերջնական փլուզմանը:

Իսկ բանաստեղծն ավելի շուտ՝ տասնամյակներ առաջ էր զգացել ու նկատել փլուզման գործընթացը, անգամ գիտեր դրա ողջ պատճառահետևանքային համակարգը, ուստի ահազանգում – զգուշացնում էր վերևից ներքև ու ներքևից վերև: Երկնքում չկան աստվածներ, իսկ երկրի վրա բազմած հողեղեն աստվածները, որ խորհրդային ղեկավարներն էին, մարդկանց հոգիներում ոտնագնդակ էին խաղում ու նրանց կոկորդում թխմվել էին իբրև խորխ, որից շուտափույթ ազատվել էր պետք շնչել կարողանալու համար: Այս իրավիճակից փրկվելն անկարելի էր դարձել, որովհետև այդ հողեղեն աստվածները դարձել էին անտանելի մի բեռ՝ ուղտի համբերությամբ դիմացող այն ժողովրդի ուսերին, որը, համբերության բոլոր պաշարները սպառած, հասել էր բեռը թոթափելու գիտակցության: Հենց այդ բեռ-աստվածներն էլ հյուսել էին համառորեն չպատռվող այն ցանցը, որի մեջ թպրտում էր իրավազուրկ ու հպատակ մարդն ու մարդկությունը.

Եվ մեր լեզվից կախ են տվել կեռերով

Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ…

Պատկերն ավելի ըմբռնելի կդառնա, եթե հիշենք, որ Եղիցի լույսըե լույս էր տեսնում համայնավարների կուռքի 100-ամյակի տոնակատարության օրերին, իսկ Ռուսաստանում թեև այժմ արդեն մերկացրել ու բացահայտել են երկիրը քանդող այդ օտարերկրյա գործակալի իրական դեմքն ու էությունը, բայց մինչև օրս էլ վիճում են, թե ինչ անեն Կրեմլի հարևանությամբ կառուցված դամբարանում պահվող անթաղ դիակը, որ կեռերեվ կախված էր խորհրդային մարդկանց լեզվից: Նույն Կրեմլից էին տարածվում խորհրդային երկիրը կառավարող բոլոր հրահանգները, նրա պալատներում էին հնչում մեդալներն ու շքանշանները իրենց կրծքերի վրա տողադարձած ապրող կուռքերի ու քաղաքական դիակների համագումարային ճառերը: Իսկ այս ճշմարտությունն իրոք անկարելի էր ասել բաց տեքստով, ուստի բանաստեղծը, որ իրեն նաև Աստծու քարտուղար էր համարում, դեռ հին աշխարհից հայտնի խոսքի այն եղանակն էր ընտրել, որով ծաղրածուներն ու խեղկատակներն էին ճշմարտությունն ասում արքաների երեսին.

– Որտե՞ղ են ապրում քամիները:

– Պալատների մեջ:

Եվ, անշո՛ւշտ, մեր ռունգներում:

 

– Որտե՞ղ է մեռնում լռությունը:

– Քարոզների մեջ:

Եվ բռնադատված մեր իսկ ունկերում:

 

– Որտե՞ղ է պահված արյունը մեր տաք:

– Մեր հին թշնամու եղունգների տակ,

Մկրատի՜ կարոտ կեռ եղունգներում:

– Որտե՞ղ են մեռնում բոլոր կուռքերը:

– Ծափ ու ծնծղայի ծանրության ներքո,

Նաև խունկերում:

 

– Իսկ զորանում է մեր խելքը որտե՞ղ:

– Ո՛չ մեր գանգում,

Այլ մեր վերքերո՜ւմ:

 

– Իսկ որտե՞ղ է մեր փրկությունը:

– Մե՛ր,

Եվ, ավա՜ղ, ո՛չ մեր ձեռքերում…

Մարդը ափի մեջե ժողովածուի զննումներն ու բացահայտումներն ավելի էին ուժգնացել Եղիցի լույսե գրքում: Բայց դրանցով պարզվում էր, որ հացի փոխարեն մութ կուլ տվածե մարդը նաև անցանկալի ստվերներով ու խավարով էր շրջապատված.

Եվ իսկապես էլ՝ մեր թիկունքն է մութ,

Անցյալը գիտենք գրքերով միայն:

Գուցե առավել մեր ճակատն է մութ.

Գրքերն են ճառում գալիքից նաև:

Մո՜ւթը առւջևից – մո՜ւթը ետևից,

Մենք՝ երկու մթան նեղլիկ արանում,

Էլ ի՞նչ է մնում, որ էլ ի՞նչ անենք, –

բանաձևում էր բանաստեղծը: Այդ հուսահատեցնող ու հեղձուցիչ մութը, անորոշությունը միայն լույսով էր հնարավոր հերքել ու ցրել. ահա ինչու խավար ու ստվեր պոզահարողե մեծ լուսերգուն իր, ավա՜ղ, վերջին ժողովածուն կոչեց Եղիցի լույսե:

Պ. Սևակը, որ բանաստեղծության համանվագայնության կամ սիմֆոնիզմի կողմնակից էր, Սիամանթոյի, Տերյանի ու Չարենցի նման կենսական երևույթներն առավել համակողմանի ներկայացնելու և բանաստեղծության արտահայտչական հնարավորություններն ընդլայնելու նպատակով կիրառում էր չափածոյի ուրույն ձևեր, բանաստեղծական տողը և խոսքի երաժշտական համաչափությունը կառուցում էր տրամաբանական շեշտով, բառիմաստի ընդգծմամբ, կենսական երևույթը, մարդկային խոհն ու ապրումը ներկայացնում բազմաչափ տարածության մեջ, մտածում էր բանաստեղծական շարքերով՝ դրանց դնելով բնորոշ վերնագրեր:

Լինելով հայ բանաստեղծական խոսքի զարգացման նախանձախնդիր՝ այդ մեծ մարդագետը ազգային և համաշխարհային գեղարվեստական ձևերի համադրումով նոր ու անսովոր գրական որակ ստեղծեց, որին բնորոշ են թեմատիկ բազմազանությունը, ժամանակից մարդու խոհերի ու զգացմունքների նորովի մարմնավորումը, խիզախ հարցադրումներն ու մտքի հզոր թռիչքները, դարի ցավերի թակարդն ընկած մարդուն ազատելու և իր լուսավոր ձգտումների ու երազների սանդուղքով վեր բարձրացնելու առաքելությունը: Իր մարդկային ու բանաստեղծական էության, իր սխրանքի խոր ըմբռնումով նա սերունդներին պատգամել է.

Մտածե՛ք նաև ձեր որդո՛ւ մասին.

Խոսում եմ նաև նրա՛ անունից.

Դուք գնալո՜ւ եք,

Իսկ նա գալու է:

Մարդը ափի մեջե գրքում, սակայն, Պ. Սևակը համեմատաբար լավատես էր. գալիքի և սերունդների վերելքի մասին արտահայտվում էր անթաքույց հավատով: Իսկ Եղիցի լույսե-ի շարքերում, մանավանդ առանձին մի քանի բանաստեղծություններում կարծես նրան անդադար ճնշում է ժողովրդի ընդհանուր վիճակից եկող մի անփարատելի թախիծ: Դարի մութին ու պնդերես խավարի թագավորությանը բանաստեղծը թեև հակադրվում էր լույսի, բարության ու գեղեցկության փառաբանությամբ, սակայն պատացած մութըե դրանով չէր հերքվում, ծանր խավարը չէր թողնում հեռանում: Արշալույսն էլ պիտի գար զոհաբերությամբ, բանաստեղծի՛ ինքնազոհությամբ.

Թողություն տուր, Տե՛ր, ծանըր խավարին,

Միայն թե թող նա թողնի հեռանա,

Թող ծառե՛րն անգամ (առանց և քամու)

Հարգանքով Նրա առջև կեռանան,

Միայն թե թող Նա թողնի հեռանա:

Մենք պահանջ չունենք,

Մենք գոհ ենք նույնիսկ,

Միայն թե թող նա թողնի հեռանա:

Մենք խոստանում ենք,

Եվ մենք իսկապե՛ս

Նրան չենք կարող ու չե՛նք մոռանա,

Միայն թե թող Նա թողնի հեռանա ….

Իսկ թե հարկ լինի, նամանավանդ պետք,

Ես Խավարի հետ կմեկնեմ ինքըս՝

Դառնալով Նրա թագավորության

Հին Հպատակն ու նոր Քաղաքացին՝

Անդարձ կմեկնեմ Խավարի հետ Ես,

Միայն թե մեր այդ մեկնումից հետո

Ժամանի ինքը՝ Արշալույսը, Գա,

Ու եթե մի քիչ տխրի, որ չկամ,

Բայց մի քիչ հետո

Եվ ուրախանա՜, որ իմ կորստով

Կորել է նաև ինքը Խավարը…

 

Պ. Սևակը դարձել էր իր դարաշրջանի զգայնաչափը. դեպի ո՞ւր էին տանում միակուսակցական խորհրդային երկրում կատարվող գործընթացներն ու զարգացումները, բազմազգ ու բազմալեզու այդ քայքայվող կայսերապետության՝ զառամախտով տառապող ղեկավարներն իրենց դիմակներով, սուտ ու փուտ հոբելյաններով ո՞ւր էին առաջնորդում ժողովուրդներին, ի՞նչ էր սպասվում հայ ժողովրդին ապագայում, Հայաստան աշխարհում և այլուր վաղն ի՞նչ լեզվով էին խոսելու, ինչո՞վ էր ավարտվելու Խավարի դեմ նրա մղած պատերազմը, արդյոք հաղթանակելո՞ւ էին Լույսը և Բարին:

Մահն արհամարհող աներկյուղ բանաստեղծի գաղափարական այս հարցադրումները՝ իրենց գեղագիտական լուծումներով, առավել սուր հնչողությամբ արծարծվեցին Եղիցի լույսե գրքում: Դարակեսի պարգևներըե, Ողջույնի քմայքներըե, Իրերի բնույթըե շարքերը քիչ է ասել` ժամանակից ու հարաբերություններից դժգոհ բանաստեղծի բողոքն են մարմնավորում. սրանք արդեն մարդու ներաշխարհը բացահայտող գեղարվեստական այն որակն են, որ չի ունեցել նախորդ շրջանի մեր բանաստեղծությունը:

20-րդ դարի պարույրսևակյան բնութագիրը. հոբելյանական, հյուլեական, կարծես ավելի քան բանական, բայց նաև նույնքան խելագար դար: Այդ դարի Մարդը՝ անզոր ու հզոր քաղաքացին, հայտնվել է անբուժելի ցավի, խավարի ճնշող թագավորության և անլուծելի հանելուկներով հանգուցված անորոշության հորձանուտում. ինչպե՞ս ազատել նրան այդ մղձավանջային իրավիճակից.

Դու՝ 20-րդ և, անտարակույս, հոբելյանական,

Դու՝ հյուլեական,

Կարծես էական

Եվ ավելի քան կարծես բանական,

Բայց նաև նույնքան խելագար դարի

Ո՛վ քաղաքացիդ անզոր ու հզոր,

Անորոշության ցավով ես հիվանդ,

Անորոշության անդարման ցավով,

Որ բողբոջում է բջիջներիդ մեջ,

Ծաղկում է անգամ քո զույգ բիբերում,

Նյարդերդ է խեղդում ճյուղերով իր պիրկ

Եվ իր թունավոր սաղարթն է բերում՝

Խառնելու գլխիդ մազերին անգամ:

 

Անորոշության ցավով ես հիվանդ,

Անորոշության ահարկո՜ւ ցավով…

Եվ ինչպե՞ս ապրես միայն անցյալով,

Եթե ներկադ էլ

Արդեն չի ծախսվում այլ բանի վրա,

Քան վաղվա մասին պարապ խորհելու…

Ի՞նչ է սպասվում այս մոլորակին,-

Ի՞նչ պատասխանես:

Ի՞նչ է լինելու այս աշխարհի հետ,-

Ինչպե՞ս իմանաս:

Ի՞նչ է բուսնելու այս թշվառ հողին:

Եվ ի՞նչ լեզվով են խոսելու այստեղ…

Կրակն ես ընկել մտքերի ձեռքից:

Ազատո՜ւմ չկա: Եվ պրծո՜ւմ չկա:

Կա մի վիթխարի՜ անորոշություն,

Որ տորիչելյան դատարկության պես

Երբեք չի՛ լցվում:

 

Կա մի անսահմա՜ն անորոշություն,

Որ սողոսկում է օդի պես այնտեղ,

Ուր կա ծակոտիք:

Կա մի որոշյա՜լ անորոշություն՝

Կրկնակաղապար՝ ընկույզի նման:

Էլ ինչպե՞ս ապրել

Թունոտ ու ծանր կաղապարների

Անշունչ արանքում,

Էլ ինչպե՞ս ապրել…

 

Աղն էլ է ծանոթ արցունքոտվելուն

Ու կուրանալուն՝

Խոնավությունի՛ց,

Ինչպես որ մարդը՝ անորոշության

Օվկիանին անափ:

Իսկ ո՞ւր է ցամաքն ու չորությունը…

 

Ցեմենտ կոչվածը

Կարգին շնչում է միայն ջրի մեջ.

Մինչդեռ այս խեղճը շնչահեղձվում է

Հենց ի՛ր իսկ փոշով,

Ինչպես որ մարդը՝ անորոշությամբ:

Իսկ ո՞ւր է ջուրը…

 

Արևի շողերն ուզում են մտնել

Նույնիսկ եղնջի թփուտի մեջ թավ,

Բայց դաղդղվելով՝ բեկվում են կողքի:

Թող ցույց տան նույնիսկ եղնջի թփուտ,

Որ չի ստվերվում անորոշությամբ,

Եվ բնակավայր դու կդարձնես

Այդ եղնջո՜ւտը….

 

Թե ծառ լինեիր՝

Դու կարտասվեիր սեփական խեժով

Եվ քո կեղևով քեզ շրջափակած՝

Քեզ կբուժեիր:

Բայց քո արցունքը

Քեզ կրծոտում է… սնդիկի՜ նման,

Եվ այս աշխարհի ցավերի դիմաց

Դու կեղևահան ծառ ես մարդաձև,

Եվ կեղևահան այդ ծառի վրա մնում են հիմա

Քիչ թե շատ առողջ այս քո աչքե՛րը՝

Լեցո՜ւն – լեփ-լեցուն անորոշությամբ…

 

Անորոշության ցավով ես հիվանդ,

Անորոշության ոխերի՜մ ցավով,

Որ մահդ է տենչում:

Բայց մահ էլ չունես.

Կարգին մեռնելու համար էլ

Պիտի մարդ բախտ ունենա…

 

Եվ զուր մի՛ հարցրու. Ուրեմն ի՞նչ անելե:

Այս պատասխանը քեզ ե՛ս չեմ տալու:

Ինձնմանները եկել են աշխարհ

Եվ այսուհետև աշխարհ են գալու,

Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանե՜լ:

Այսքա՛նը միայն:

Իսկ մնացածի համար դիմեցեք

Դուք դարձյա՛լ ցավին,

Անորոշության անորոշ ցավին…

Այո՛, կարգին մեռնելու համար էլ պիտի մարդ բախտ ունենա: Իսկ ի՞նչ է մահը, հեռացո՞ւմ աշխարհից, ե՞լք, թե՞ փրկություն անորոշությունից: Պ. Սևակ բանաստեղծը կամ նրա հետ նույնացած քնարական հերոսը ուրույն մտածելակերպ ու աշխարհայացք ունի, որ շատ էլ տարբեր չէ հայ դասական գրականության գաղափարաբանությունից, աշխարհայացքային ու գեղագիտական հարցադրումներից: Թումանյանին մտատանջում էր բնության հավերժության և մարդու անցողիկության կսկիծը. Սարոյի մահից հետո աշխարհում ամեն բան փոխվել է նրա մոր ու համագյուղացիների համար, խախտվել է մարդու և աշխարհի հավասարակշռությունը, և մայրը մնացել է ողբերգական անորոշության մեջ.

Որ հով սարերին սովորած նանը

Էլ սար չի գնա առանց Սարոյի,

Ծանր չոմբախը՝ գլուխը մեխած՝

Պիտի օճորքում մնա, մրոտի,

Երկար խանչալը՝ պատիցը կախած,

Պատենում մնա ու ժանգը պատի…

Չէր տարբերվում Իսահակյանի աշխարհայացքից, որի հերոս Լի Թայի Պոն …հայացքը հառած մահվան տեսիլին, շրթունքները՝ կնոջ և բաժակի շրթունքներին, երգում էր արագաթռիչ գեղեցկությունը կյանքի և հավիտենական կսկիծը բոլոր գոյություններիե:

Պ. Սևակն էլ մի զարմանալի կենսասիրությամբ շաղկապված էր իր իսկ ստեղծած, իր իմաստավորած ու բովանդակավորած աշխարհին, շաղկապված էր՝ ոչ որպես իր օր ու արև, կյանք ու ջանե որդուն կորցրած մայր, այլ ինչպես անմայր մնացած մինուճար որդուն սիրող հայրե: Այդ սերն է իր ձգողական զորությամբ պահում բանաստեղծի ու աշխարհի համակշռված վիճակը, իսկ նրա մատները, նյարդերն ու ջղերը ամուր հանգուցված են նույն այդ աշխարհի բոլոր առարկայական ու կենդանական գոյաձևերին.

Ամեն մի ծառիդ ու ամեն խոտիդ,

Ամեն էակիդ մագիլ ու մատին,

Շոշափուկներին, բեղին ու թաթին,

Եվ իրար ձգում փոխադարձորեն

Ու ձգձգում ենք նորից ու նորեն,

Որ… ինքըդ ապրես համակշռված:

Այդ ինքնաստեղծ աշխարհն ապրում է բանաստեղծի մեջ, ամեն մարդու ներաշխարհում, ինքը գոյատևում է միայն իր տիրոջով, որի մեջ ապրում է, բայց ոչ մի օր, ոչ մի անգամ չի էլ մտածում նրա մասին, ոչ մի բերան չի հարցնում իր տիրոջից: Իսկ համակշռված վիճակը կա, պահպանվում է, քանի դեռ մահը չկա. միայն նա կարող է խախտել համակշռությունը, եղծել ու խաթարել ամեն բան.

Իսկ չե՞ս վախենում, որ հանկարծ… մեռնեմ:

Ես վախենում եմ, շա՜տ եմ վախենում,

Բայց ո՛չ ինձ համար,

Այլ լոկ քե՜զ համար.

Իսկ եթե հանկարծ իմ մահով խախտվի

Համակշռված այդ վիճակը քո,

Ո՞նց պիտի լինես,

Ի՞նչ պիտի անես:

Տե՛ս, որ իմ մահով քեզ չկործանե՜ս,

Սո՛ւտ ու փո՜ւտ աշխարհ,

Փո՛ւչ ու ո՜չ աշխարհ:

Ուրեմն իսկապես մահը փրկություն չէ, բայց ինչպե՞ս ապրել, մանավանդ երբ նույն այդ իրականությունը պարտադրում է մի եզրահանգում.

Այսպես ապրելը անկարելի է…

Եվ սա այն սխալաշատ ժամանակներում, երբ չէր կարելի անկեղծ խոսել ու մտածածն ասել, երբ երկրի առանցքն անգամ ուղիղ չի անցնում, այլ ինչ-որ թեքությամբ, երբ անկարելի էր մի գլխով անսխալ ապրելը, սխալ էր կոշկատակը, որ մարդուն կտրում էր հողից, սխալ էր և հողը, որ առնվում-ծախվում էր: Այդ ժամանակն էր բնութագրում ամեն ինչի փիլիսոփայական բարձունքներից նայող բանաստեղծը.

Կան խայտառակ ժամանակներ,

Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,

Ապա նրա ձեռք ու ոտին

Ուրիշներն են դնում կապանք:

Ճշմարտության, Լույսի ու Բարության բանաստեղծն էր Պ. Սևակը, որի կարգախոսներից մեկն էլ սա էր՝ Աշխարհին, այո՛, մաքրություն է պետք: Եթե մաքրություն լիներ աշխարհում, ցեղասպանություն ու պատերազմներ չէին լինի, և եթե աշխարհը չմաքրվի, դրանք չդատապարտվեն, եղեռնագործ ցեղասպանները չպատժվեն, դրանք ամեն պարագայում կրկնվելու են: Այս մտահոգությունը 1965 թ. Պ. Սևակին մղեց գրելու Եռաձայն պատարագե եռամասնյա պոեմը՝ Ողբամ մեռելոցե, Բեկանեմ շանթերե և Կոչեմ ապրողացե գլուխներով: Այս խորագրերը՝ վերցրած շվեյցարական Շաֆհաուզեն բնակավայրի 1486 թ. տաճարի զանգի լատինատառ փորագրությունից, որ բնաբան էր դարձրել Շիլլերը իր Զանգակի երգըե բանաստեղծության համար, դարձել են Եռաձայն պատարագե պոեմի կառույցը թելադրող գործոններ ու հեղինակի ռեքվիեմ-մենախոսությունն ուղղորդող բանաձևեր:

Դարձյալ չենք խորանում մանրամասների մեջ, բայց եթե նկատում ենք՝ ի՛նչպես էր 1965 թ. Պ. Սևակը մատնացույց անում, որ ֆաշիզմի ստեղծած համակենտրոնացման մահաճամբարների՝ Օսվենցիմի, Բյուխենվալդի, Մայդանեկի հիմքերը դրվել էին Դեր Զորում ու հարակից վայրերում, ուր 2 միլիոն մարդ ի խաչ բարձրացավ, ու 2 միլիոն անուն տապանաքարին չփորագրվեց, և հասկանում ենք, թե՝ օտար աշխարհում ազատ լինելը այլ գերություն է, եվ տան մեջ նույնիսկ գերի լինելը՝ այլ ազատություն, –  առավել ըմբռնելի է դառնում ապրողներիս ու գալիք հայ սերունդներին ուղղված Եկեք միանանքե պարույրսևակյան բանաձևը:

Պ. Սևակն այն բանաստեղծներից է, որին պետք է ընթերցել նորից ու նորից: Նրա ստեղծագործությունն ինքներս մեզ ճանաչելու բանալի է, հայոց ազգային անկախ պետականության շուրջ համախմբվելու պատգամախոսություն, մեր փոքրիկ հողի մեծ երազանքի իրականցման երաշխիքներից մեկը:

 

 

 

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 4685 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Պարույր Սևակ