Սա մտածում է, որ ինքը` դանակ,
Աշխարհն էլ շատ է նման դմակի,
Բայց տանը, տեսե՛ք, ի՜նչ ձև է տալիս
Անստորագիր մի նոր նամակի.
<Այսինչ-այնինչը դմակ է ուտում
Եվ թշնամաբար չի էլ նկատում,
Որ այդ դմակը դիպել է մի օր
Մաքու անմաքուր կեղտոտ քամակին…

*****

Նրա ձեռքը բան չի ընկնում –
Եվ… չհավան է:
Սրա գլխում բան չի մնում –
Ամբարտավան է:
Տանտիրուհին անշնորհք է –
Միսն է այրել թեժ կրակին,
Մեղավորը ո՛չ թե ինքը,
Այլ… խեղճ թավան է:

***

Թե ասես. <Մատըս վարունգ է>,
Աղ կառնի ու մոտ կվազի,
Թե ասես. <Աչքըս դուրս եկավ>,
<Տուր տանեմ խեղճ կատվիս> կասի:
Բայց փորձիր հիմար գտնվել`
Հունվարին մրսել ու հազալ,
Լեղաճաք կփախչի հեռու.
<Նման է թոքախտի հազի>:

***

Իսկ ա՜յս տիպը, հապա տեսեք.
Ձվի մեջ էլ մազ է փնտրում,
Ոչ թե աչքիդ… ակնոցի՜դ մեջ
Վտանգավոր խազ է փնտրում:
Թե սկսես. <Հնում լավ էր…>,
Հո չի հարցնի, թե ինչն էր լավ,-
Նույնիսկ կիսատ քո խոսքի մեջ
Իր դարն ապրած ֆազ է փնտրում…

***

Ձրի պատանք թե լինի`
Ափալ-թափալ կմեռնի,
Ասես <ձուկ է>, հավատա,
Օձ էլ լինի` կբռնի:
Եթե չունի ինքը շահ`
Չի հասկանա ոչ մի բառ,
Եթե մեջը շահ ունի`
Շան լեզուն էլ կըմբռնի:

***

Իսկ ինչո՞ւ, ինչի՞ համար
Այս մեկին ուշք չեք դարձնում.
Մի ասեղ պիտի առնի`
Պողպատի փութն է հարցնում,
Իսկ կողքին թե մարդ չկա`
Էլ ի՜նչ հարց – ի՜նչ պատասխան,-
Թե հավը ձեռքից թռավ`
Անփետուր ճուտն է վերցնում

***

Սա տուն չի շինել`
Գիտի, թե սյունը տան մեջ է բուսել:
Նա, որ չի վազել`
Անցնե՜լ է ուզում, ոչ միայն հասնել:
-Խոսելը հեշտ է, հոսե՜լն է դժվար-
Հո՛ւն է հարկավոր,
Սյունը չի բուսնի,
Ինչքան էլ գոռաս.
<Տո՜ւն է հարկավոր>:

***

Սա, թե տեղն եկավ`
Աջով գրածը ձախով կջնջի,
Սա, թե նեղն ընկավ`
Մոր սիրողին էլ <հայրիկ> կկանչի,
Սա, թե բեղը կա`
Միրուք կսարքի մազից էլ ձկան…
Ճիշտ է, դեղը կա,
Սակայն այս ցեղը բուժելու բան չի:

***

Ականջովը մեկ
Թթու թան չարժե,
Կարծում է` պիտի
Եվ լեռներ շարժե,
Իսկ լեռներն, ինչ խոսք,
Չեն շարժվում տեղից,-
Նա կարող է լոկ
Աթոռներ շարժել:

***

Այս տի՞պը: Քո տանը լակում՝
Ուրիշի դռանն է հաչում,
Ուտում է իր կուտն ա՛յս բակում՝
Ձուն ածում է մեկ ուրիշ քուչում:
Դու, ի՞նչ է, չգիտես ինչո՞ւ:
Զգայուն առագաստ ունի.
Հասկանում, զգում է իսկույն,
Թե քամին ո՛ր կողմն է փչում:

***

Գողի հետ նա գառը աղում,
Տիրոջ հետ` իրեն է ճղում,
Գիշերը` լրբություն անում,
Ցերեկը` սրբություն խաղում:
Թե մեղուն աջ ոտքն է կծել`
Ձախով էլ կաղում է այնպես,
Որ կարծեն` կռիվ էր մղում
Եվ հիմա… արյուն է հեղում:

***

Թե տեղը գա` այս մարդուկը
Հորն ուրանում` <որբանում> է,
Թե տեղը գա` լրբանում է,
Թե տեղը գա` սրբանում է:
Թե <կոմունիստ> կոչված բանից
Նա որևէ նշույլ ունի,
Այն էլ ոչ թե սրտում, գլխում,
Այլ – շա՜տ ափսոս – գրպանում է:

***

Ի՜նչ ասեմ խելքդ.
Ժամանակից շուտ մի խոսք ասացիր,
Քեզ, դրա համար,
Մեղավորների շարքը դասեցին:
Բա ո՞նց, մոռացա՞ր.
-Աքլորը կանչեց ժամանակից շուտ`
Մորթեցին, կերան,
Հետն էլ մատները մի լա՜վ լիզեցին:

***

Հիսուն տարի առաջ ծնվեր`
Նա կդառնար հաջող չարչի,
Բայց դե գիտի` չարչու դար չի:
Էհ, ի՞նչ անի, ինչի՞ց կառչի,-
Ու կարծիք է անվերջ ծախում,
Սակայն – ավա՜ղ – գնող չկա.
Դրանք քաղում է թերթերից,
Բաժանորդն էլ հիմար հո չի:

***

Լավից դժգոհ`
Լավը թողեց, գտավ վատ,
Մետաքս ուզեց`
Շալը թողեց, գտավ լաթ,
Ուզեց մեկից
Ե՛վ հաց, և՛ յուղ ունենալ,-
Ցորենի տեղ
Բռնեց ցանեց կտավհատ…

***

Ի՞նչ ես պահանջում
Այս խեղճ հայելուց,
Հո չես փոխվելու
Երկար նայելուց.
Եթե հագինըդ
Քուրջ է, ցնցոտի,
Քեզ ո՞նց հայելին
Ցույց տա վայելուչ:

***

Ուղտը չի տեսնում
Իր մեջքի կուզը,
Բամբակ է կարծում
Իրեն ընկույզը:
Այս ցավով նաև
Թվերն են հիվանդ.
Ծուռտիկ է հաշվում
<1>-ին <2>-ը:

***

Իմաստուն էր, բայց շատ ձգեց
Ու քաշքշեց այս պարանը,
Մոռանալով, որ պարան է –
Ճիշտ է, հաստ է, բայց գերա՞ն է:
Է՜հ, թող նույնիսկ գերա՜ն լինի,-
Միևնույն է, ո՛վ իմաստուն,
Պիտի հատվեր` թե պարան է,
Պիտի ջարդվեր` թե գերան է:

***

Ախ, ինչպես է, որ չի հոգնում
Նրա անփակ այս բերանը…
Նա ուրիշի շյուղն է տեսնում`
Չհիշելով իր գերանը.
Ուրիշներին դեռ մածունից
Ու պանրից է քարոզ կարդում`
Մոռանալով, որ այլևըս
Չի՜ մակարդում իր մերանը:

***

Դեռ ձմեռ չեկած`
Նա ձյուն է ուզում,
Մի պուտ կաթ չկա`
Մածուն է ուզում:
Ախր էլ ի՞նչ անի
Տնաքանդ թուխսը.
Ձվից ճուտ հանեց –
Դեռ ձուն է ուզում:

***

Չէիր կարող երեկ ասել,
Թե` սև հոնք կա աչքիդ վրա,
Մինչդեռ այսօ՜ր – քաղցր-մեղցըր,
Մեղրածոր է, տեսե՜ք նրան…
Զգուշավո՛ր իմ բարեկամ,
Զգո՜ւյշ, այդքան մի քաղցրացիր,
Մեկ էլ տեսար` ճանճերն ագահ
Վրա տվին ու քեզ կերան:

***

Քո կյանքը ապարդյուն անցավ –
Անօգուտ, իզուր տեղ կորար,
Ինչպես որ բաց ծովի վրա
Տեղացող անձրևը վարար:
Շահեցիր լոկ ծաղր ու ծանակ՝
Միայնակ ցուցարարի պես,
Ո՛չ հասար, ո՛չ էլ ետ դարձար՝
Անհասցե փակ ծրարի պես…

***

Նա այնքան ջահել է դեռ,
Եռանդագին ու խանդավառ է,
Բլրաշատ այս դաշտը դեռ
Նրա աչքին մի հարթավայր է,
Չգիտի, որ ձավարը
Ցորեն է, բայց ծիլ չի տալիս,
Եվ, նայի՛ր, ինքնավստահ,
Մի անլուրջ ամբարտավան է:

***

Գարունն է գալիս, դիմավորեցե՜ք,-
Ահա և նրա պարզ <հեռագիրը>՝
Հին աշտարակին, մի ոտքի վրա
Տնկվել է նորից ծեր արագիլը:
Գարունն է գալիս: Վերադարձել է
Եվ արագիլը օտարությունից,
Իսկ սրա հոգին չի բացակայել,
Չի չվել երբեք, բայց… տարագիր է:

***

Նա դուրս է տալիս
Ծռտի ու պռտի,
Մեկ` խիստ պարզունակ
Ու մեկ էլ` խրթին:
Բայց կարևոր է
Գիտե՞ք, թե որը.
Լեզվին` մի բան է,
Այլ բան է` սրտին:

***

Ինքը մի նոր,
Մի իսկական շնաձուկ է,
Բայց քո՛ մեջ է
Փնտրում հնի մնացուկը:
Եվ գտնում է…
Գիտե՞ք որտեղ – հենց այն բանում,
Որ խորշում ես շնաձկից,
Ինչպես… հնում:

***

Բավական է
Ասես <ջանիկ>`
Իրեն կզգա
Նա երջանիկ…
Վա՜յ քո խելքին,
Վա՜յ քո երգին,
Վանդակ ընկած
Դու դեղձանիկ…

***

Նա սուտ է փչում: Թե սուտը բռնես –
<Որսորդ եմ> կասի:
Անհամի մեկն է: Ասես` անհամ ես –
<Նոր սորտ եմ> կասի:
Մարդ է սպանել: Ու եթե բռնես
Հանցանքի տեղում`
Էլի՜ կգտնի արդարացումը.
<Հերսոտ եմ> կասի:

***

Ականջը սրած` ականջ է դնում,
Ականջի պոչով նա մեզ լրտեսում,
Հետո գնում է իր նման մեկի
Ականջը լցնում` ստեր փսփսում…
Նման մարդուկի ամենախոշոր
Բրդուջը պիտի ականջը թողնել,
Իսկ մենք հայրաբար – և հիմարաբա՜ր –
Այս հանցագործի ականջն ենք քաշում:

***

Հացը դարձրել է ձիավոր,
Ինքը դարձել է ոտավոր –
Ու չի հասնում նրա հետքից,
Բայց քաղցից էլ չի մահանում:
Նա ինքն իրեն և՛ դատավոր,
Ե՛վ իրենից գանգատավոր`
Բողոքում է ինքն իրենից,
Ու վճիռը… չի կայանում…

***

Զարմանքդ զո՜ւր է:
Չէ՞ որ հին խոսք է.
Հացը մի թուր է,
Որ տափակ կողմով նույնպես կտրում է:
Եվ կամ, որ նույնն է.
Շունը որ շուն է`
Ուտելիս նա՛ էլ
Ձայնը կտրում է:

***

Բա՜խտ է հարկավոր, ամեն տգետից
Ախար կադրերի բաժվար դուրս չի գա:
Զգո՜ւյշ քսմըսվիր – շողոքորթվելը
Բոլոր պետերին, դժվա՜ր, դուր չի գա:
Ես հասկանում եմ քո շվարմունքը.
Ոսկե միջի՛նն էլ քեզ ձեռք չի տալիս –
Ոսկե միջինը մի սերմ է հաճախ,
Որ կանաչում է, բայց… բե՜րք չի տալիս:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 3613 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Պարույր Սևակ