Դ ՈՒ

Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն,
Եվ ընդամենն այդ քո երկու՛ հատիկ տառով
Այս բովանդակ աշխարհին ես տեր անում…
Դ՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելնում…
Դ՛ւ՝
երկու տա՜ռ
Եվ ահա ես
Երջանկության համն եմ զգում իմ բերանում,
Անջատումին ըմբերանւմ
Եվ թերանում եվ կատարել հրամանը տառամանքի…
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Ու ես, անգի՛ն,
Ինձանից ինքս վերանում՝
Փոշիացած հերոսների
Դասակին եմ ընկերանում…
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու երբ հանկարծ
Թողնւմ ես ինձ ու հեռանում՝
Լքվաց տան պես ճեղք եմ տալիս,
Ծեփըս թափում, անտերանում,
Եվ կսկիծը, ցեցի նման,
Բույն է դնում իմ սյունի մեջ,
Ձեղւնի մեջ ու գերանում…
Դ՛ու՝
երկու տա՜ռ,
Դ՛ու՝
հասարա՜կ մի դերանուն…

Ցտեսություն
Հանդիպումը բաժանումի սկիզբն է հենց…
Հանդիպեցինք այդ ե՞րբ արդյոք,
Որ գնում ես , գնում արդեն:
Իմ գտնված – միակ մակդիր ,
Ամենաճիշտ բաղդատություն.
Դեռ նոր գտած ` թռչու՞մ ես դու մտքիցս արդեն:
Համ չեն զգում միայն բերնով:
Համ զգում են հոգով նաև:
Եվ գնու՞մ ես,գնու՞մ ես արդեն,
Որ հռչակի անհամությունն իրեն արքա
Ու դարձնելով հոգիս ոստան ու տնքացո~ղ աթոռանիստ,
Իշխի նաև իմ կեղեքվող ծայրամասու՞մ…
Եվ համբուրված իմ շուրթերին դողդողում են սիրո խոսքեր,
Ինչպես ցողի կաթիլները այն թփերին,
Որոնց վրա անհոգ քամին դասն է սերտում իր գժտության:
Ու ես անվերջ փորձ եմ անում
Իմ թափանցիկ լռության տակ պահվել մի կերպ:
Քո փեշերը փաթաթվում են գիրգ ծնկներիդ.
Խանգարել են ուզում կարծես , որ չգնաս:
Ծխախոտն է մեջս հազում:
Ստվերները հոտոտում են հողը կրկին.
Կամենում են կարծես զգալ
Անցած տեղիդ բուրմունքն անանց:
Քաղաքային փողոցների լույսերն աղոտ
Փոշոտ քամուց իրենց աչքերն են շուտ թարթում,
Ինչպես մարդը, երբ ուզում է լաց չլինել…

ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ

Լոկ իրե՛նց հատուկ բյուր անուններից
Գալիս է բույրը հին-հին դարերի,
Անգին քարերի,
Պարտեզի, շոգի ու խոնավության,
Երկնքի, հողի ու խոնարհության,
Մինչդեռ փեշերից՝
Բույրը թարմ հացի,
Հոտը խնձորի կամ սերկեվիլի,
Որ քուն են առնում նրանց փոթերի  ու դարսերի մեջ՝
Հայրական տնից բերած սնդուկում…

Ու մեր ճաշերը նախ նրանց տաքուկ շնչով են եփվում:
Իսկ եթե նրանց գլխաշորերից դեղ-դարման սարքվեր՝
Անպարկեշտություն կոչված ախտը հին կբուժվեր իսպառ…

Բարեխառն գոտուց հեռու ապրելով՝
Մենք միշտ բարեխառն օդ ենք ներշնչում մեր տների մեջ՝
Շնորհիվ… նրանց հավատարմության:
Եվ ամեն անգամ նրանք մտնում են անկողինն իրենց,
Ինչպես մտնում են սրբացած տաճար,
Իսկ եթե նրանց այդ նույն բանն ասես,
Կխաչակնքեն երկյուղածորեն՝
Այդ համարելով սրբապղծություն…

Ու երիտասարդ նրանց ձեռքերը նուրբ են առավել,
Քան իրենց սրտի թաղանթը նույնիսկ,
Մինչդեռ մայրական ու մամիկական ձեռքերը նրանց
Գնալով անվերջ փոխվում են-փոխվո՜ւմ
Ու նմանվում են… երկրի կեղևի՛ն.
Սարե՜ր կան այնտեղ, ձորե՜ր, անդունդնե՜ր՝
Կոշտուկի՛ տեսքով,
Կնճիռի՛ տեսքով,
Տեսքով խորշոմի՜…

Խորանի նման լեցուն են նրանք տաք մասունքներով,
Որ միշտ կարող են գավիթ դուրս բերվել ինն ամիսը մեկ
Ու կոչվել «զավակ» կամ «խաչ», ինչ նրանք
Սիրով են կրում բովանդակ կյանքում…

Անցնելով փշոտ ճանապարհները առի և փախի՝
Բոբիկ ոտքերին կծկել են նրանք
Իրենց հայրենի գետակն ու առուն,
Ցավից մշուշված իրենց աչքերում
Տարել են իրենց ծուխը ծխանի
Եվ իրենց հոգնած շալակին առել
Ոչ միայն մանչին կամ մի մագաղաթ,
Այլ մի բովանդակ… բնիկ հայրենի՛ք,
Մի ծա՜նըր, ծանը՜ր, ծանը՜ր հայրենիք՝
Իրենց կանացի թիկունքին կպած
Ա՛յն կուզի նման կամ ա՛յն սապատի,
Որ շտկըվում է լոկ գերեզմանո՜ւմ…

Ինչե՜ր չեն տեսել նրանք այս վերջին հազարամյակում…

Հաճախ են նրանք իրենց պաշտպանել
Տաք խաչերկաթով
Կամ եռման կաթով:
Նրանց հայրենի անխիղճ ու բարի քարափներն անտակ
Ու կամուրջները չար ու ողորմած
Մեկ անգամ չէ, որ նրանց փրկել են անպատվությունից,
Որպեսզի ապրած դժոխքից հետո
Մարտիրոսացած մտնեն դռներից ա՛յն Արքայության,
Որ եթե չկա ու չի էլ եղել,
Ապա անպատճառ ստեղծվեր պիտի
Հենց սրա՜նց համար:

Իսկ եթե մահը եղել է անգութ
Ու ժամանակին չի տարել նրանց,
Ու եթե նրանք ընկել են հարեմ՝
Առևանգիչի, լլկողի համար ծնել են նրանք
Միայն… ապուշնե՜ր և կամ… դահիճնե՜ր…

28.XII.1962թ. Երևան

ԱՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՂԱՏՈՄՍ

Ոչի՛նչ այնպես ինձ չի հուզում,
Ինչպես մի հարց միամիտ.
Խավարն ինչո՞վ մաշեցնել,
Գիշերն ինչպե՞ս լուսացնել,
Եթե սրտիդ ճմլումն էլի
Թույլ չի տալիս մտնել քուն…

Տե՛ս, ջղային այս անտառը
Հանգստացավ ինքն իրեն՝
Իր հերթական նոպան ապրած՝
Տառապած ու պարտասուն:
Իսկ ջրերը
Հար տանջվելով անքնության բիրտ ձեռքից,
Բարձունքներից ցած են նետվում՝
Ինքնասպանի մոլուցքով,
Բայց, կատվի պես,
Միշտ ընկնում են իրենց ճկուն թաթերին
Եվ, մի վայրկյան շնչակտուր, մլավում են քիչ հետո
Ու լռության մեջքի վրա նո՛ր ու նորից փակցընում
Իրենց տենդոտ զառանցանքը՝
Խռովության կոչի պես…

Իսկ ես՝ ներկա, մինչ հայացքըս՝ բացակա,
Օտարվում եմ ինքըս ինձնից,
Ինքըս ինձ չե՜մ ճանաչում:
Ջլախտավոր ինչ-որ խոհեր,
Ինչ-որ մտքեր ընկնավոր
Թպրտում են, ընկնում-ելնում՝
Կարծես ո՛չ թե գլխիս մեջ,
Այլ… հեռավոր Լուսնի վրա կամ Մարսի…
Մեռելներն են ինձ այցելում՝
Կերպարանքով երազի,
Ու չեն թողնում, որ զրուցենք երկուստեք.
Իրենք իրենց մենախոսում են անձայն,
Ապա թողնում-հեռանում են,
Որ ես լսեմ քիչ հետո,
Թե ինչպես է երկախոսում ճեպընթացը բքի հետ,
Թե ինչպես են երկախոսում խոհուն ծերպն ու սուր քամին,
Թե ինչպես են ջղաձգվում ա՛յն գետերը հորդաջուր,
Որոնց երբեք ես չեմ տեսել,
Ո՛չ, տեսել եմ… քարտեզին…
Հետո ինչ-որ արվարձաններ,
Ասես տված իրար խոսք,
Արշավում են,
Որ կենտրոնի տեղը իրենք գրավեն,
Դրանով էլ հենց, իբըր թե, արագացնեն ապագան…
Իսկ նույն պահին
Ինչ-որ ձայներ իմ կենտրոնում սեփական
Ընդդիմախոս այլ ձայների հայրն ու մայրն են անիծում…
Հետո ինչ-որ անո՜ւշ մի ձայն, անվստա՛հ ու տխրագի՛ն,
Հայցելու պես պահանջում է, որ փորձ անենք չսիրել,
Այլ միշտ մնանք բարեկամներ մերձավոր…
Հետո՛… Հետո՛…
Կարծես թե ես պառկած եմ հենց ի՛նձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ինձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանալ եմ ուզում…
Պարզ չէ՞,
Որ ինձ էլ չի հուզում այն հին հարցը միամիտ,
Թե գիշերը ինչպե՞ս պիտի լուսացնեմ,
Թե խավարը ինչո՞վ պիտի մաշեցնեմ,
Երբ աչքերիս չի մոտենում քունն անգութ,
Պարզ չէ՞ արդյոք.
Ինքըս պիտի, այսպե՛ս, պառկե՜մ ինձ վրա
Եվ ինձ վրա ի՛նքըս պառկած,
Ի՛նձ ճմլելով-ճզմելով՝
Հանգստանամ փառավո՜ր ու փառահե՜ղ…

17.III.1964թ.Դիլիջան

ՀԱՍԱՐԱԿ ՊԱՀԱՆՋ

Իմ ուզա՜ծը…
Իմ ուզածը կարծում եք թե շատ մեծ բա՞ն է։
Ես չե՛մ հայցում երջանկություն,
Չէ՛.
Տանջում է ինձ հասարա՜կ մի ցանկություն՝
Պա՛րզ տեսնելու,
Պա՛րզ տեսնելու ցանկությունը։

Ա՜խ, տրվե՛ր ինձ պարզ տեսնելու
Կարողությունն աստվածային…
Եվ ո՛չ միայն խավարի մեջ պարզ տեսնելու,
Այլ մինչև իսկ կրքի պահին
Պա՜րզ տեսնելու ա՛յն ստվերը,
Որ հինավուրց արևային ժամացույցի սլաքի պես
Պիտի նշի ժամանակը մեր հոգեկան՝
Այնշտայնին հաստատելով կամ հերքելով։
Պա՜րզ տեսնելու, ինչպես մե՛ր իսկ,
Այդպես նաև Երկրագնդի ընդերքներում
Մեր ու նրա ա՛յն մարմանջը,
Անանցնելի ա՛յն հին քորը,
Եվ ա՛յն եռքը անտանելի,
Որ տանջում է մեզ ու նրան,
Տանջում սաստի՜կ՝
Ստիպելով անվերջ քսվել ու քսմսվել
Մեր սեփական առաստաղին
Ու երբեմն էլ նու՛յնիսկ ծակել առաստաղը…
Պա՛րզ տեսնելու
Հրահեղուկ այդ մարմաջը-եռքը-քորը,
Ինչպես որ մենք տեսնում ենք պարզ
Խլուրդների խուլ խլիրտը
Ա՛յն խաղալիք – բլուրների ծանոթ տեսքով,
Որ վերև են մղում սրանք հողի տակից…

Բայց ո՞վ կտա ինձ այսքան բան՝ մե՛կ կոպեկով:
Չէ՜, տալիս եմ
Մի հասարա՜կ բանի համար՝
Իմ բովանդա՛կ կարողությունն ու կայքը ես
Պա՛րզ տեսնելու գեթ այն բանուկ ճանապարհը,
Որով քայլում ենք բոլորըս՝
Չիմանալով, թե մինչև ո՞ւր,
Ինչի՞ համար
Եվ արդյոք ի՞նչ նպատակով…

Պատասխանիր ինձ գոնե դո՛ւ, ի՜մ սիրելի.
Պա՞րզ է արդյոք գեթ մեր սիրո ճանապարհը։
Ու՞ր ենք գնում։
Ու՞ր կհասնենք։
Արժի՞ գնալ։

Դու լսու՞մ ես.
Ծտերն ասես ո՛չ թե երգում,
Այլ … «ի՞նչ… ի՞նչ» են ճչում անվերջ
Եվ դրանով պատառոտում երկնի մովը,
Իսկ լորերն էլ ո՛չ թե երգում,
Այլ «չէ՛… չէ՛»-ի իրենց մեխն են մխում անվերջ
Այդ կապույտի պատռվածքում։

Ես նրանցից որի՞ն լսեմ։
Ի՛նձ չես խղճում՝ խղճա նրա՛նց.
Պատասխանի՜ր…

19.III.1964թ.Դիլիջան

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 8585 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին:

Բաժին՝: Պարույր Սևակ