Ծաղրածուն՝ որպես գրական կերպար, երևան է եկել XVI-XVII դարերի եվրոպական թատերագրության մեջ և թատրոնում: Հագել է վառ, խայտաբղետ զգեստ, ձեռքին՝ զանգուլակներով զարդարված տիկնիկ (օրինակ՝ Վիլյամ Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության ծաղրածուն): Նման կերպար կա նաև հայ պատմական պիեսներում (օրինակ՝ Ղարաբաղի պատմական անցյալին նվիրված պիեսների Պըլը Պուղին):

XVII դարում ծաղրածուները հանդես են եկել հիմնականում մնջախաղային և բալագանային (կատակերգական, ֆարսային) ներկայացումներում, իսկ XVI-XVIII դարերից կրկեսում մասնակցել են հեծյալների և լարախաղացների ելույթներին: Լոնդոնի առաջին մշտական կրկեսում (1780 թ.) կատակերգակ Բ. Սաունդերսը հանդես է եկել ձախողակ-հեծյալի դերով, իսկ 1834 թ-ին Ֆրանկոնիի կրկեսում Ժ. Օրիոլը՝ բարդ մարմնամարզական վարժություններով, որոնք ուղեկցվում էին կատակերգական հնարքներով: Հետագայում ծաղրածուներն իրենց ելույթներում օգտագործել են վարժեցված կենդանիներ, երաժշտական գործիքներ և այլն: Նրանց ելույթներում աստիճանաբար ընդգծվել են հրապարակախոսական երանգները: Հանրահայտ ծաղրածուներից էին Ֆուտիտը և Շոկոլադը՝ Ֆրանսիայում, Ս. Ալպերովը և Բեռնարդոն (Բ. Մախնիցկի)՝ Ռուսաստանում:

XIX-XX դարերում եվրոպական և ռուսական կրկեսի հայտնի ծաղրածուներից էին Թ. Բելինգը, Բ. Հայդենը, Ռ. Ռիբոն, Դ. և Վ. Պրայսները, Վիտալի Լազարենկոն, Կարանդաշը, Յուրի Նիկուլինը, Օլեգ Պոպովը և ուրիշներ:

Հայ միջնադարյան թատրոնում ծաղրածու կամ խեղկատակ էին անվանում կատակերգակ դերասաններին: Թագավորներն արքունիքում ունեին խեղկատակներ, որոնք զվարճացնում էին նրանց և պալատականներին:

Ծաղրածուները լարախաղացների հետ ելույթներ են ունենում ցայսօր. նրանք հանդես են գալիս հրապարակներում, հատկապես ժողովրդական տոների ժամանակ: Համաշխարհային ճանաչում ունի հայկական կրկեսի վարպետ, ծաղրածու և մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանը: Լավագույն ծաղրածուներից են նաև Հակոբ Ուզունյանը, Անտոն Փիլոսյանը և ուրիշներ:

 

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1812 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: