Ծաղրածու և մնջկատակ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը XX դարի կրկեսի նշանավոր արտիստներից է: Վարպետորեն օգտագործելով իմպրովիզացիայի և մնջախաղի նոր ու հետաքրքիր արտահայտչամիջոցներ՝ հարստացրել է կրկեսի ծաղրածուի ավանդական կերպարը: 

Լեոնիդ Ենգիբարյանը 1953–55 թթ-ին սովորել է Մոսկվայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում (զբաղվել է բռնցքամարտով, ստացել 1-ին կարգ): 1959 թ-ին ավարտել է Մոսկվայի պետական կրկեսային և էստրադային արվեստի ուսումնարանը: Նույն թվականից Հայկական կրկեսի կոլեկտիվի արտիստ էր: 1971 թ-ին ստեղծել է մնջախաղի էստրադային թատրոն՝ սկզբնավորելով ինքնատիպ, նոր՝ <ենգիբարյանական ուղղությունը>: Լավագույն ներկայացումներից են <Աստղային անձրևը>, <Ծաղրածուի տարօրինակությունները>: Ենգիբարյանը ստեղծել է ողբերգական և կատակերգական տեսարաններ, բազմազան կերպարներ ու իրավիճակներ, կիրառել բարդ հնարքներ, որոնք ցուցադրել է նաև կրկեսում:

Խոհափիլիսոփայական երանգ ունեն Ենգիբարյանի <Փողոցային ակրոբատ>, <Քայլեր>, <Ողջն ու մեռածը>, <Բռնցքամարտ>, <Սիրտը ափի մեջ>, <Հովանոց>, <Ջութակ>, <Լույս և ստվեր> և այլ մանրապատումներ: 1956 թ-ից նկարահանվել է

կինոյում` <Կոմունիստ> (1958 թ.), <Ճանապարհ դեպի կրկես> (1963 թ.), <Մոռացված նախնիների ստվերները> (1964 թ.), <Մանեժում պատանեկությունն է>, <Այբոլիտ-66> (1967 թ.), <Զարդեր իմ սիրելիի համար> (1972 թ.) և այլն: Նրա գործունեությանն են նվիրված <Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարովն է>, <2-Լեոնիդ-2> կինոնկարները:

Ենգիբարյանը գրել է <Առաջին ռաունդ> (1971 թ.), <Վերջին ռաունդ> (1984 թ.) գրքերը (երկուսն էլ՝ ռուսերեն), արձակագիր և կինոռեժիսոր Վասիլի Շուկշինը նրան համարել է հիանալի գրող: 1964 թ-ին Պրահայում ծաղրածուների մրցույթում շահել է 1-ին մրցանակ: Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում:

1972 թ-ին Երևանում ստեղծվել է Ենգիբարյանի անվան մանկական կրկես-ստուդիան (հիմնադիր և ղեկավար՝ Սոս Պետրոսյան), կրկեսի շենքի առջև կանգնեցվել է նրա հուշարձանը (1995 թ., քանդակագործ` Լևոն Թոքմաջյան):

www.encyclopedia.am

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 1474 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: