Ճնճղուկները կազմում են ճնճղուկանմանների կարգի թռչունների ընտանիք: Հայտնի է 200, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ դաշտային, ժայռային, իսպանական, կարճամատ, ձյան և տնային ճնճղուկներ:
Փոքր և միջին մեծության թռչուններ են: Մարմինն ամրակազմ է, թևերի երկարությունը՝ 14–17 սմ, կենդանի զանգվածը՝ 20–35 գ: Փետրածածկը խիտ է, բաց մոխրագույն, շագանակագույն, դեղնադարչնագույն՝ սպիտակ բծերով: Գլուխը կլորավուն է, պարանոցը՝ կարճ, կտուցը՝ սուր, կոնաձև: Թևերը կարճ են, կլորավուն:
Սնվում են սերմերով, մանր անողնաշարավորներով: Որոշ տեսակներ (ժայռային, իսպանական, կարճամատ) բնադրող-չվող են, մյուսները (դաշտային, ձյան, տնային)՝ նստակյաց:
Դաշտային ճնճղուկը քիչ է տարածված: Բնակվում է ցածրադիր շրջաններից մինչև լեռնային մարգագետիններ: Բնադրում են առանձին զույգերով կամ փոքր գաղութներով՝ ծառի փչակներում, ժայռաճեղքերում, արհեստական թռչնաբներում կամ ագռավի հին բներում: Դնում է 19 մմ տրամագծով սպիտակ՝ մոխրագույն պուտերով 2–7 ձու: 11–12 օր անց ձագերը դուրս են գալիս ձվերից, 16-օրական ձագերը կազմում են ընտանեկան խմբեր, ապա մի քանի հարյուր թռչուններ, միանալով, կեր են փնտրում դաշտերում և բնակավայրերի ծայրամասերում: Օգտակար է. միջատները և գյուղատնտեսական վնասատուները կազմում են կերի 61 %-ը:
Ժայռային ճնճղուկը տարածված է ամենուրեք: Բնակվում է քարքարոտ լեռնալանջերին, ժայռախորշերում, լքված գյուղերում: Բնադրում է ժայռերի ու շինությունների ճեղքերում: Դնում է 21,5 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 4–7 ձու: Հետբնադրման շրջանում ժայռային ճնճղուկները կազմում են երիտասարդ թռչունների փոքր ու մեծ երամներ (20–200 թռչուն), որոնք կերակրվում են ցանքադաշտերում:
Իսպանական ճնճղուկը հանդիպում է հազվագյուտ: Բնակվում է ցածրադիր տարածքներում, բնակավայրերին մոտ, պտղատու այգիներում, հացահատիկի դաշտերում, եղեգնուտներում: Կազմում է նոսր բնադրագաղութներ: Բնադրում է ոչ մեծ խմբերով` ծառերի վրա կամ պատերի ճեղքերում: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ մոխրագույն պուտերով 4–6 ձու: Կլոր տարին երամային է:
Կարճամատ ճնճղուկը քիչ է տարածված: Բնակվում է ցածր թփուտներով հարուստ, չոր, քարքարոտ լեռնալանջերին: Երկչոտ ու թաքնված թռչուն է: Երգը նման է կնճիթավոր ճպուռի արձակած ձայնին: Բնադրման վայրը փոփոխական է: Բնադրում է խիտ թփուտներում: Դնում է 21 մմ տրամագծով սպիտակ՝ մուգ պուտերով 3–5 ձու: 15–18 օրական ձագերը լրիվ տիրապետում են թռիչքին:
Ձյան ճնճղուկը նույնպես քիչ է տարածված: Բնակվում է բարձրադիր լեռնալանջերին: Համարձակ է, մարդու հարևանությանը՝ անտարբեր: Բնադրում է փոքր գաղութներով, հազվադեպ՝ զույգերով՝ ժայռաճեղքերում կամ խորշերում, քիվերին, քարակույտերում: Դնում է 23 մմ տրամագծով սպիտակ 4–5 ձու: Հետբնադրման շրջանում ալպյան մարգագետիններում ձյան ճնճղուկները կազմում են կերակրվող մեծ երամներ:
Տնային ճնճղուկը տարածված է ամենուրեք: Բնակվում է ամենացածրադիր շրջաններից մինչև 2135 մ բարձրությունները: Բնադրում է շենքերի տանիքներում, քիվերին, պատերի ճեղքերում, ծառերին, քարակույտերում, արհեստական թռչնաբներում, խիտ թփուտներում: Դնում է 22 մմ տրամագծով սպիտակ՝ դարչնագույն պուտերով 3–7 ձու: Աշնանային երամները (25–50, երբեմն՝ 100 և ավելի թռչուն) տեղափոխվում են տեղից տեղ և բավականին վնաս են հասցնում հացահատիկի դաշտերին, խաղողի և այլ պտղատու այգիներին: Բարենպաստ պայմաններում բազմանում է կլոր տարին:
Կարճամատ և ձյան ճնճղուկները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում:

Powered by Facebook Comments

www.qezhamar.com - Ամեն ինչ քեզ համար
Կարդացել են՝ 2695 անգամ:

Մեր փոստատարի միջոցով ստացեք նոր նյութերը Ձեր էլ-հասցեին: